Սիրաք (գ)
պիտի պարծենայ իր ժողովրդի մէջ։Բարձրեալի տաճարում պիտի բացի իր բերանը եւ նրա զօրութեան առջեւ պիտի պարծենայ.«Ես դուրս ելայ Բարձրեալի բերանից եւ մշուշի նման ծածկեցի երկիրը։ Ես բնակուեցի
բարձունքներում, եւ իմ Աթոռը ամպի սեան մէջ է։ Միայն ես պտտուեցի
երկնքի ծիրով մէկ, գնացի անդունդների խորքերը,իշխեցի ծովի ալիքներին, բոլոր երկրներին
եւ բոլոր ժողովուրդներին ու ազգերին։
Այս բոլորի մէջ հանգիստ փնտռեցի եւ այն երկիրը, ուր ես հանդարտուեմ։ Այն ժամանակ բոլորի Արարիչը պատուիրեց
ինձ, եւ նա, ով ստեղծեց ինձ, ցոյց տուեց իմ խաղաղութեան խորանը։Նա ասաց. «Դու բնակուի՛ր
Յակոբի տոհմի մէջ եւ Իսրայէլի
մէջ ժառանգութի՛ւն ստացիր»։ Սկզբից, յաւիտենութիւնից առաջ Տէրն ստեղծեց ինձ, եւ ես յաւիտեան չեմ նուազելու։ Ես պաշտամունք
մատուցեցի
նրա սուրբ խորանի առջեւ, ապա հաստատուեցի Սիոնի մէջ, Տէրը նոյնպէս բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, եւ իմ իշխանութիւնը Երուսաղէմի մէջ է։
Ես արմատաւորուեցի փառաւոր ժողովրդի մէջ, Տիրոջ բաժնում՝ նրա ժառանգութեան մէջ։Բարձրացայ
Լիբանանի
նոճու պէս եւ Ահերմոնի
լեռների դափնու նման։ Բարձրացայ
ինչպէս արմաւենին
Ենգադիում
եւ ինչպէս վարդենու
տունկը Երիքովի մէջ։Բարձրացայ դաշտի վայելուչ ձիթենու պէս, բարձրացայ սօսու նման։Բուրեցի իբրեւ կինամոն եւ խնկի ծառ, իբրեւ քաղբան, խունկ, ստաշխ եւ իբրեւ կնդրուկի
անուշ հոտ վրանում։ Բեւեկնի նման արձակեցի
իմ ոստերը, եւ իմ ոստերը փառքի եւ շնորհների
ոստեր են։ Ես իբրեւ այգի շնորհներ
եմ բխում, եւ իմ ծաղիկները
փառքի եւ հարստութեան պտուղներ են։
Մօտեցէ՛ք ինձ ամէնքդ, որ ցանկանում էք ինձ, եւ ճաշակեցէ՛ք իմ արմատներից, քանզի իմ յիշատակը
մեղրից քաղցր է, եւ իմ ժառանգութիւնը աւելի քաղցր է, քան մեղրի խորիսխը։ Ովքեր ուտեն ինձ, տակաւին պիտի քաղցած մնան, եւ ովքեր ըմպեն ինձ, տակաւին պիտի ծարաւեն։ Ով ինձ լսի, չի ամաչի, եւ ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի։Այս ամէնը բարձրեալ Աստծու ուխտի Գիրքն է եւ Օրէնքը, որ մեզ պատուիրեց
Մովսէսը իբրեւ Յակոբի ժողովուրդների ժառանգութիւն։
Նա իմաստութիւնը հեղում է Փիսոն գետի նման եւ ինչպէս Տիգրիսը՝
նորահաս բերքի օրերին։ Նա գիտութիւնը
լցնում է Եփրատի նման եւ ինչպէս Յորդանանը՝
հնձի օրերին։ Նա խրատը սփռում է իբրեւ լոյս եւ տարածում
ինչպէս Գեհոնը՝ բերքահաւաքի օրերին։ Նրան չհասցրեց
ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը եւս, քանզի նրա խոհամտութիւնը ծովից անհուն է, եւ նրա խորհուրդը խոր է մեծ անդունդներից աւելի։
Ես իբրեւ ջրմուղ ելայ գետից եւ իբրեւ վտակ ելայ դրախտից։Ասացի՝ ջրեմ պարտէզը եւ ջրեմ ածուն։ Եւ ահա ինձ համար ջրմուղը գետ դարձաւ եւ ինձ համար գետը՝ ծով։ Տակաւին ես գիտութիւնը
պիտի լուսաւորեմ
ինչպէս առաւօտ եւ նրա լոյսը պիտի տարածեմ մինչեւ հեռաստանները։ Եւ տակաւին ուսմունքը
պիտի սփռեմ իբրեւ մարգարէութիւն եւ այն յաւիտեանս պիտի թողնեմ ազգերի մէջ։ Տեսէ՛ք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի,
այլեւ բոլոր նրանց համար, ովքեր փնտռում են այն։
Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տիրոջ եւ մարդկանց առջեւ։Դրանք են՝ եղբայրների միաբանութիւնը, մերձաւորների սէրը եւ՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց եւ խիստ գարշեց նրանց կեանքից։ Դրանք են՝ հպարտ աղքատը, ստախօս հարուստը եւ վաւաշոտ ու պակասամիտ ծերը։
Եթէ պատանեկութեանդ ժամանակ չհաւաքեցիր, ինչպէ՞ս կը գտնես ծերութեանդ ժամանակ։Որքա՜ն պատշաճ է ալեհեր մարդուն՝
դատելը եւ ծերերին՝
խորհուրդ
տալը։ Որքա՜ն գեղեցիկ է ծերերի իմաստութիւնը եւ պատուաւոր մարդկանց իմացութիւնն ու խորհուրդը։ Ծերերի պսակը բազմահմտութիւնն է եւ նրանց պարծանքը՝ երկիւղը Տիրոջից։

Կարելի է տանել ամէն տեսակ վէրք, բայց ոչ՝ սրտի վէրքը, ամէն տեսակ չարութիւն,
բայց ոչ՝ կնոջ չարութիւնը, ամէն տեսակ հարուած, բայց ոչ՝ ատելիների հարուածը, ամէն տեսակ վրէժ, բայց ոչ՝ թշնամիների
վրէժը։ Օձի գլխից չար գլուխ չկայ եւ ոչ էլ թշնամու ցասումից
աւելի մեծ ցասում։ Նախընտրեցի
բնակուել
առիւծի եւ վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ Կնոջ չարութիւնը
այլափոխում
է նրա տեսքը եւ քուրձի նման սեւացնում
նրա երեսը։ Նրա ամուսինը
կը նստի իր ընկերների
հետ եւ, լսելով, հոգոց կը հանի։
Ամէն տեսակ չարութիւն փոքր է կնոջ չարութեան մօտ. թող նրան ընկնի մեղաւորի վիճակը։ Աւազուտ զառիվերը
ծերունու
ոտքերի տակ նոյնն է, ինչ հեզ ամուսնու
համար լեզուանի
կինը։ Մի՛ նայիր կնոջ գեղեցկութեանը եւ մի՛ փափագիր։Բարկութիւն
է, լրբութիւն
եւ մեծ ամօթ, եթէ կինն է ամուսնուն հրամայողը։ Թշուառացած
սիրտ, խոժոռ դէմք եւ սրտի վէրք է չար կինը։ Թուլացած ձեռք եւ կթոտած ծունկ է այն կինը, որ երանի չի տալիս իր ամուսնուն։ Մեղքի սկիզբը կնոջից է, եւ նրա պատճառով
ենք մեռնում բոլորս։ Ելք մի՛ տուր ջրին եւ չար կնոջ համարձակութեանը. եթէ նա չի գնում ըստ քո ձեռքի ցոյց տուած ուղղութեան, կտրի՛ր քո մարմնից եւ հեռո՛ւ նետիր նրան։
Երանելի է բարի կնոջ ամուսինը, եւ բազում է նրա օրերի թիւը։Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն եւ նրա տարիները լցնում խաղաղութեամբ։ Բարի կինը մի բարի բաժին է, որ Տէրը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թէ աղքատ՝ նրանց սիրտը գոհ է նրանից, եւ նրանց դէմքը միշտ ուրախ է։
Երեք բանի վրայ կասկածեց
իմ սիրտը, բայց կայ մի չորրորդը,
որի համար աղօթում եմ վախից։
Դրանք են՝ քաղաքի բանսարկութիւնը, ամբոխի վրդովմունքը եւ սուտ չարախօսութիւնը, որոնք մահից աւելի դաժան են։ Բայց սրտի ցաւ եւ սուգ է այն կինը, որ չարանախանձ
է մէկ այլ կնոջ,լեզուանի
գազան է, որ խոցում է բոլորին։ Չար կինը եզան երերացող
լուծ է. ով բռնի այն՝ իժ է բռնում։ Մեծ խայտառակութիւն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամօթը։ Կնոջ պոռնկութիւնը իմացւում է նրա շարժուձեւերից, նրա աչքերի հայեացքից եւ նրա արտեւանունքներից։

Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին։Շնորհների վրայ շնորհ է ամօթխած կինը, եւ համարժէք
կշիռ չկայ նրա զուսպ հոգու համար։ Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է բարի կնոջ գեղեցկութիւնն իր տան յարդարանքի մէջ։ Ինչպէս լուսատու
ճրագն է մաքուր աշտանակի
վրայ, այնպէս էլ երեսի գեղեցկութիւնն է հանդարտ հասակի վրայ։ Ինչպէս ոսկեղէն սիւներն են արծաթեղէն
խարիսխների
վրայ, այնպէս էլ գեղեցիկ ոտքերն են խոնարհ գարշապարների վրայ։
Սիրտս տխուր է երկու բանի համար, եւ կայ մի երրորդ բան, որից իմ մէջ ցասում առաջացաւ։Դրանք են՝ պատերազմող մարդը, որն աղքատութեան պատճառով է թշուառ, եւ իմաստուն մարդիկ, որոնք արհամարհուած են։ Բայց ով արդարութիւնից դառնում է դէպի մեղքը, Տէրը նրա համար սուր է պատրաստում։ Դժուար թէ վաճառականը
խուսափի յանցանքներից, եւ պանդոկապանը արդարանայ մեղքերից։
Շատերը մեղանչում
են կայքի համար, եւ ով ուզում է շատացնել
այն, դէմքը շրջում է։ Ինչպէս իրար կից քարերի միջեւ ցից է խփւում,այնպէս էլ մեղքն է տեղ գտնում վաճառելու
եւ գնելու միջեւ։ Եթէ մէկը նախանձախնդրութեամբ հաստատակամ չէ Տիրոջ երկիւղի մէջ, արագ կը կործանուի նրա տունը։ Մաղելիս մաղի մէջ աղբն է մնում, ինչպէս մարդու կղկղանքը՝
նրա մտքերի մէջ։ Բրուտի անօթները
փորձւում
են կրակի մէջ, իսկ մարդը փորձւում
է իր խորհուրդների մէջ։
Ծառերի մշակութիւնը երեւում է նրա պտղից, ինչպէս խօսքից՝ մարդու սրտի խորհուրդները։ Մի՛ գովիր մարդուն նրա խօսելուց
առաջ. այսպէս են փորձում մարդկանց։ Եթէ արդարութեան յետեւից գնաս, կը հասնես նրան, եւ այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ։Թռչունները
հանգստանում են իրենց նմանների մօտ, եւ ճշմարտութիւնը վերադառնում է իրեն փնտռողների մօտ։ Ինչպէս առիւծն է դարանակալ
որսին, այնպէս էլ մեղքը՝ անիրաւութիւն անողին։
Բարեպաշտի զրոյցը յարատեւ իմաստութիւն է, իսկ անզգամը լուսնի պէս այլափոխւում է։ Խնայի՛ր ժամանակդ,
երբ անմիտների
մէջ ես, բայց տեւապէ՛ս
մնա խելացիների
հետ։Յիմարների զրոյցները ձանձրալի են, եւ ծաղրելու համար նրանք պիտի մեղքեր գործեն։Շատ երդուողի խօսքից ցցւում են լսողի մազերը, իսկ նրանց վէճը ականջ է խլացնում։ Ամբարտաւանների վէճն արիւնահեղութիւնն է, եւ նրանց բամբասանքը ձանձրալի է լսել։Ով յայտնում
է գաղտնիքները, կորցնում է հաւատարմութիւնը եւ չի գտնի բարեկամ իր հոգու համար։
Երկա՛ր մնա բարեկամի մօտ եւ հաւատարի՛մ եղիր նրան. իսկ եթէ յայտնես նրա գաղտնիքները, չես գնայ նրա յետեւից։Ինչպէս մարդ կորցնում է իր թշնամուն, այնպէս կորցնում է մերձաւորի սէրը։ Ինչպէս թռչունին,
որ քո ձեռքից բաց ես թողնում եւ էլ չես կարող բռնել, այնպէս էլ չես բռնի մերձաւորին,
որին բաց ես թողնում։ Մի՛ գնա նրա յետեւից,
քանզի նա հեռացաւ եւ այծեամի պէս փրկուեց որոգայթից։
Վէրքը կարելի է կապել, եւ հայհոյանքից յետոյ հաշտութիւն կայ։ Ով յայտնում
է գաղտնիքները, նա կորցնում է հաշտութեան յոյսը։ Ով ակնարկում
է աչքով, չարիք է նիւթում,
եւ ով տեսնում է այն, թող հեռու մնայ նրանից։ Քո աչքի առջեւ նա կը քաղցրացնի
իր բերանը, կը զարմանայ
քո խօսքի վրայ, իսկ յետոյ կը ծռի իր բերանը եւ քո խօսքը գայթակղութեան առարկայ կը դարձնի։
Շատ բան ատեցի, բայց ոչ մի բան այնպէս չեմ ատել, ինչպէս նրան. Տէրը նոյնպէս ատելու է նրան։ Ով քարը երկինք է նետում, այն իր գլխին կ՚ընկնի.
նենգաւոր
մարդու հարուածները բացում են վէրքերը։ Ով հոր փորի, նրա մէջ կ՚ընկնի,
եւ ով որոգայթ լարի, կը բռնուի նրա մէջ։ Ով չարութիւն
անի, կը գլորուի նրա մէջ եւ չի էլ իմանայ, թէ այն որտեղից հասաւ իրեն։ Ամբարտաւանների ծաղրն ու նախատինքը, նաեւ վրէժխնդրութիւնը առիւծի նման դարանակալ է նրանց։ Որոգայթով
կը բռնուեն նրանք, ովքեր ուրախանում
են բարեպաշտների անկումով. իրենց մահից առաջ հեծութիւնը պիտի մաշի նրանց։ Ոխը եւ բարկութիւնը նոյնպէս գարշելի են, եւ մեղաւոր մարդը ամուր կառչում է նրանցից։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.