Սիրաք (բ)
Իմաստունի գիտութիւնը հեղեղի նման կը սաստկանայ, եւ նրա խորհուրդները ակնաղբիւրի նման են։Տգէտի փորը նման է ծակոտկէն ամանի. ոչ մի գիտելիք այնտեղ չի մնայ։Եթէ գիտունը իմաստուն խօսք լսի, կը գովի այն եւ կ՚աւելացնի այն, մինչդեռ թեթեւամիտը լսեց ու նրան հաճելի չթուաց այն եւ նետեց իր թիկունքի յետեւը։Տխմարի խօսքը ճանապարհի բեռան նման է, սակայն իմաստունների շուրթերի վրայ այն շնորհ է ստանում։
Մեղքի ժանիքները առիւծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։ Ամէն տեսակ անօրէնութիւն նման է երկսայրի սրի. նրա տուած վէրքերին բժշկութիւն չկայ։ Արհաւիրքն ու թշնամանքը աւերում են հարստութիւնը. այդպէս էլ կաւերուի ամբարտաւանների տունը։
Խոնարհների խնդրուածքները հասնում են մինչեւ Տիրոջ ականջները, եւ նրա արդարութիւնը փութով կը հասնի։Ով որ ատի յանդիմանութիւնը, նա կը լինի մեղաւորների շաւիղների մէջ, եւ ով որ երկիւղ է կրում Տիրոջից, սրտով նրան կը դառնայ։Լեզուով հզօրը հեռուից է ճանաչւում, իսկ ով գիտուն է, տեսնում է իր սայթաքումը։ Ով իր տունը կառուցում է այլոց ունեցուածքով, նման է
նրան, որ քարեր է հաւաքում ձմռանը։
Անօրէնների խումբը նման է դիզուած վուշի, եւ նրանց վախճանը կրակի բոցի մէջ է։Մեղաւորների ճանապարհները հարթ են՝ քարերից մաքրուած, բայց վերջը դժոխքի խորխորատն է։Ով պահում է օրէնքը, իշխում է իր մտքերին,եւ Տիրոջ երկիւղի վերջը իմաստութիւնն է։Ով խորագէտ չէ, չի սովորի։ Բայց խորագիտութիւն էլ կայ, որ շատացնում է դառնութիւնը։
Իմաստունների խօսքերը փընտռուելու են ժողովրդի մէջ, եւ դրանց մասին խորհելու են իրենց սրտում։Աւերուած տան նման է
յիմարի իմաստութիւնը, եւ տխմար մարդու գիտութիւնը անմիտ խօսք է։Անմիտների համար խրատը ոտնակապ է եւ աջ ձեռքի ձեռնակապ։Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագէտ մարդը հազիւ ժպտում է հանդարտ։ Գիտունի համար խրատը նման է ոսկեղէն զարդի եւ աջ բազկի ապարանջանի։
Տխմարի ոտքը արագ դիմում է դէպի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։Անմիտը դռան արանքից է տան մէջ նայում, իսկ բարեկրօն մարդը մնում է
դրսում։Մարդու համար անվայել բան է դռան մօտ ականջ դնելը, իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից։
.jpg)
Ծոյլը նման է շաղախուած կղկղանքի. ամէն ոք զզուանքով կը թքի նրա վրայ։ Ծոյլը հաւասար է աղբի եւ թրիքի. ամէն ոք, ով այն վերցնի, թափ կը տայ իր ձեռքը։Անդաստիարակ որդու ծնունդը հօր ամօթն է, իսկ դստեր ծնունդը՝ նրա նուաստացումը։Ողջախոհ դուստրն իր ամուսինը կ՚ունենայ, իսկ անամօթը տրտմութիւն է ծնողների համար։Անառակը ամօթով կը թողնի իր հօրն ու մօրը եւ երկուսից էլ կ՚անարգուի։
Տարադէպ պատմութիւնը նոյնն է,
ինչ որ երաժշտութիւնը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստութիւն է ամէն ժամանակ։Յիմարին սովորեցնողը նման է
կոտրած խեցի կպցնողի եւ քնածին խոր քնից արթնացնողի։Ով պատմում է
յիմարին, նոյնն է թէ պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է՝ «Ի՞նչ»։Լա՛ց եղիր նաեւ տխմարի վրայ, քանզի նրա համար չքացաւ իմաստութիւնը։
Մեղմ լա՛ց եղիր մեռելի վրայ, քանզի նա գտաւ իր հանգիստը, իսկ յիմարի համար ապրելը մահից վատ է։Մեռելի վրայ սուգը եօթն օր է, իսկ անմիտ եւ ամբարիշտ մարդու համար՝ իր կեանքի բոլոր օրերին։ Անզգամի հետ շատ մի՛ խօսիր եւ անմիտ մարդու մօտ մի՛ գնա։Զգո՛յշ եղիր նրանից, որպէսզի տանջանք չկրես եւ նրանից հեռանալիս կեղտով չշաղախուես, այլ զատուի՛ր նրանից, եւ հանգիստ կը գտնես ու չես ձանձրանայ նրա անմտութիւնից։
Կապարից աւելի ծանր ի՞նչ կայ, եւ ի՞նչ է նրա անունը, եթէ ոչ՝ յիմար։Աւելի դիւրին է
տանել աւազը, աղը եւ շիկացած երկաթը, քան անմիտ մարդուն։ Ինչպէս փայտէ պահանգով ամրացուած շինուածքը ցնցումներից չի խախտւում, այդպէս էլ անխախտ է մնում իմացութեան խորհրդով հաստատուած սիրտը։Իմաստութեան խորհրդով հաստատուած սիրտը վախի ժամանակ չի վհատուի։

Թէ սուր էլ քաշես բարեկամի վրայ, անյոյս մի՛ եղիր, քանզի դարձ կայ։ Թէ բարեկամի վրայ բերան էլ բացես, մի՛ վախեցիր, քանզի հաշտութիւն կայ, միայն թէ դա չլինի նախատինք, ամբարտաւանութիւն, գաղտնիք յայտնել եւ նենգ վիրաւորանք։Ամէն տեսակ բարեկամ փախչում է սրանցից։ Մերձաւորի մօտ հաւատարմութի՛ւն ունեցիր նրա աղքատութեան ժամանակ, որպէսզի նրա հարստութեան օրօք ուրախ լինես։Նեղութեան ժամանակ մօ՛տ եղիր նրան, որպէսզի դու էլ ժառանգես նրա ժառանգութիւնից։
Ինչպէս հնոցում կրակից առաջ գոլորշի եւ ծուխ է դուրս գալիս, այդպէս էլ արիւնահեղութիւնից առաջ՝ բամբասանքը։Ես չեմ ամաչի բարեկամիս պաշտպանել եւ նրա երեսից չեմ թաքնուի, թէկուզ ինձ չարիք պատահի նրա պատճառով, մինչդեռ ամէն ոք, ով լսի այդ մասին, պիտի խորշի նրանից։ Ո՞վ ինձ կը տար պահապան իմ բերանի վրայ եւ խորագիտութեան կնիք՝ իմ շուրթերին, որպէսզի չխորտակուեմ, եւ իմ լեզուն չկործանի ինձ։
Մի՛ ընտելացրու քո բերանը երդումի։ Մի՛ վարժուիր Սրբի անունով երդուել։ Ինչպէս այն ծառան, որ յաճախ պատժի է ենթարկւում, անպակաս չէ վէրքերից, այնպէս էլ ով երդւում եւ մշտապէս Սրբի անունն է տալիս, չի մաքրւում մեղքերից։Շատ երդուող մարդը անօրէնութեամբ է լցւում, եւ հարուածներն անպակաս կը լինեն նրա տնից։Եթէ յանցանք գործի, իր մեղքն իր վրայ է, եւ եթէ շփոթուի, կրկնակի մեղք է գործում։
Եթէ ի զուր երդուեց, չի արդարանայ, որովհետեւ նրա տունը տանջանքով է լցուելու։ Խօսք կայ, որ հաւասար է մահուան. թող այն չգտնուի Յակոբի տոհմի ժառանգութեան մէջ։Թող այս ամէնը բարեպաշտներից հեռու մնայ, եւ նրանք մեղքի մէջ չեն թաւալուի։Մի՛ ընտելացրու քո շուրթերը տգիտութեան, քանզի դրա մէջ մեղաւոր խօսքեր կան։

Երկու բան կայ, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ՝ որ բարկութիւն է առաջ բերում։ Ցասկոտ հոգին բորբոքուած կրակի նման է՝ չի մարի մինչեւ չսպառուի։ Բոզաբարոյ մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակութիւն անել, մինչեւ որ կրակը վառի նրան։Պոռնիկ մարդուն ամէն տեսակ հաց քաղցր է,
նա չի դադարի, մինչեւ որ մեռնի։
Մարդը, որ մեղք է գործում իր մահճի դէմ, իր սրտում ասում է.
«Ո՞վ կը տեսնի ինձ։Իմ շուրջը խաւար է, պատերը ծածկում են ինձ, ոչ ոք չի տեսնում ինձ. ինչո՞ւ կասկածեմ, չէ՞ որ Բարձրեալը չի տեսնում իմ մեղքը»։ Նրա երկիւղը մարդկանց աչքն է։ Նա չգիտի, որ Տիրոջ աչքը բիւր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է
մարդկանց բոլոր ճանապարհները եւ նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը։
Մինչեւ նրանց ստեղծուելը ամենայն ինչ ծանօթ էր նրան, այդպէս էլ կը լինի նրանց վախճանուելուց յետոյ։Այդպիսին կը պատժուի քաղաքի հրապարակներում եւ կը բռնուի այնտեղ, ուր չէր ենթադրի։ Այդպէս կը պատժուի նաեւ այն կինը, որ թողել է իր ամուսնուն եւ օտարից ժառանգ է
բերել։ Նախ՝ որովհետեւ Բարձրեալի օրէնքին չհնազանդուեց, երկրորդ՝ յանցանք գործեց իր ամուսնու դէմ, եւ երրորդ՝ շնացաւ պոռնկութեամբ եւ օտար մարդուց որդի բերեց։
Նա ժողովրդից պիտի վտարուի, եւ նրա որդիներին պիտի հոգ չտանեն։ Նրա որդիները արմատներ պիտի չարձակեն, եւ նրա ոստերը պտուղ չպիտի տան։Նա անէծք է թողնելու իր յիշատակին, եւ նրա նախատինքը չի ջնջուելու։ Աւելի լաւ բան չկայ, քան երկիւղը Տիրոջից, եւ չկայ աւելի քաղցր բան, քան անսալ Տիրոջ պատուիրաններին։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.