Յայտնութիւն Յովհաննէսի (բ)

Եւ ոչ ոք կար,
ո՛չ երկնքում,
ո՛չ երկրի վրայ,
ո՛չ էլ երկրի տակ,
որ կարողանար բանալ գիրքը,
որովհետեւ չէին տեսել այն։
Եւ ես ուժգին լաց էի լինում,
քանի որ չգտնուեց մէկը,
որ արժանի լինէր բաց անելու գիրքը եւ նայելու նրա մէջ։ Եւ երէցներից մէկն ինձ ասաց.
«Լաց մի՛ եղիր.
ահա՛ յաղթեց առիւծը,
որ Յուդայի ցեղից է,
Դաւթի արմատից,
որ բաց է անելու գիրքը եւ քանդելու է նրա եօթը կնիքները»։
Եւ տեսայ,
որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած.
նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք,
որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից։Եւ երբ առաւ գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երէցներն ընկան Գառան առաջ. եւ իւրաքանչիւրն ունէր քնար եւ խնկով լի ոսկէ բուրվառ, որ սրբերի աղօթքներն են։
Եւ նոր երգեր էին երգում ու ասում. «Արժանի ես առնելու այդ գիրքը եւ բաց անելու դրա կնիքները, քանի որ մորթուեցիր եւ գնեցիր մեզ Աստծու համար, քո արիւնով, բոլոր ցեղերից եւ լեզուներից ու հեթանոսների բազմութիւններից։ Եւ նրանց թագաւորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծուն,
որպէսզի թագաւորեն երկրի վրայ»։
Տեսայ նաեւ ու լսեցի ձայնը բազում հրեշտակների,
որոնք կանգնած էին աթոռի եւ չորս կենդանիների ու քահանաների շուրջը.
եւ նրանց թիւը բիւր բիւրաւոր եւ հազար հազարաւոր էր։Նրանք ասում էին բարձր ձայնով. «Արժանի է այդ մորթուած Գառը ընդունելու մեծութիւն, իմաստութիւն, զօրութիւն, պատիւ, փառք եւ օրհնութիւն»։
Լսեցի նաեւ, որ երկնքում, երկրի վրայ եւ ծովում եղած բոլոր արարածները, ինչպէս նաեւ դրանց մէջ եղած ամէն ինչ ասում էին. «Նա, որ նստած է աթոռի վրայ, ինչպէս եւ Գառը, թող օրհնեալ, բարձրացեալ եւ փառաւորեալ լինի յաւիտեանս յաւիտենից»։Եւ չորս կենդանիներն ասում էին՝ Ամէն։Եւ երէցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում։
Տեսայ նաեւ, որ Գառը բացեց եօթը կնիքներից մէկը. եւ չորս կենդանիներից մէկից լսեցի մի ձայն, նման որոտի ձայնի, որ ասում էր՝ գալիս եմ։ Եւ ահա տեսայ մի սպիտակ ձի. եւ նա, ով հեծել էր նրա վրայ, աղեղ ունէր. եւ նրան պսակ տրուեց. եւ եկաւ յաղթողը, որ յաղթի։
Եւ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։ Եւ ելաւ ուրիշ, մի կարմիր ձի. եւ ով հեծել էր նրա վրայ, նրան արտօնուած էր վերացնել խաղաղութիւնը երկրից, որպէսզի միմեանց սպանեն։ Եւ նրան տրուեց մի մեծ սուր։
Եւ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։
Եւ տեսայ ահա մի սեւ ձի. եւ ով նստել էր նրա վրայ, իր ձեռքին կշեռք ունէր։ Եւ չորս կենդանիների միջից ձայն լսեցի. «Մի կապիճ ցորեն՝ մէկ դենարի, եւ երեք կապիճ գարի՝ մէկ դենարի. եւ ձէթ ու գինուն վնաս չտաս»։
Եւ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ գալիս եմ։

Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսայ հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանուել էին Աստծու խօսքի եւ այն վկայութեան համար, որ պահում էին։
Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տէր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես եւ մեր արեան վրէժը չլուծես երկրի բնակիչներից»։Եւ նրանց տրուեցին սպիտակ զգեստներ. եւ ասուեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահուան պիտի ենթարկուեն, ինչպէս իրենք։
Եւ երբ բացեց վեցերորդ կնիքը, տեսայ, որ մեծ երկրաշարժ եղաւ. եւ արեգակը սեւ դարձաւ ինչպէս այծի մազից հիւսուած կարպետը, եւ լուսինն ամբողջովին դարձաւ ինչպէս արիւն։Եւ երկնքի աստղերը թափուեցին երկրի վրայ ինչպէս տերեւը թզենու, որ ուժգին շարժւում է հողմից.եւ երկինքը գալարուեց ինչպէս մագաղաթեայ գիրք. եւ բոլոր լեռներն ու կղզիները շարժուեցին իրենց տեղից։
Եւ երկրի թագաւորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզօրներն ու բոլոր ծառաները ու բոլոր ազատները թաքնուեցին քարայրներում եւ ժայռերի ծերպերում։Եւ լեռներին ասում էին՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ.որովհետեւ եկաւ նրա բարկութեան մեծ օրը. եւ ո՞վ կարող է կանգնել նրա առաջ։
Եւ դրանից յետոյ տեսայ չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկիւններին եւ պահել էին երկրի չորս հողմերը, որպէսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի եւ ո՛չ էլ ծառերի վրայ։Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ ելաւ արեւելքից եւ ունէր կենդանի Աստծու կնիքը. եւ բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանութիւն էր տրուած վնասելու երկրին եւ ծովին։Եւ ասում էր. «Վնաս մի՛ տուէք երկրին. ո՛չ ծովին, ո՛չ ծառերին. սպասեցէ՛ք, մինչեւ որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների վրայ»։
Եւ լսեցի, որ կնքուածների թիւը հարիւր քառասունչորս հազար է՝ իսրայէլացիների բոլոր ցեղերից կնքուած.Յուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ռուբէնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Գադի ցեղից՝ տասներկու հազար կնքուած,Ասերի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Մանասէի ցեղից՝ տասներկու հազար կնքուած,Շմաւոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ղեւիի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար կնքուած,Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Յովսէփի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար կնքուած։
Եւ դրանից յետոյ տեսայ մի մեծ բազմութիւն, - որին թիւ չկար, - բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ եւ Գառան առաջ՝ իրենց վրայ սպիտակ զգեստներ գցած եւ արմաւենու ճիւղեր իրենց ձեռքերին։ Բարձր ձայնով աղաղակում էին եւ ասում. «Փրկութիւնը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրայ, ինչպէս եւ՝ Գառա՛նը»։

Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են եւ կամ որտեղի՞ց են գալիս»։ Ես նրան ասացի. «Տէ՛ր, գիտես դու»։ Եւ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղութիւններից եւ իրենց զգեստները լուացին ու սպիտակեցրին Գառան արիւնով։Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ եւ զօր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարի մէջ։Եւ նա, որ նստում է աթոռի վրայ, բնակւում է նրանց մէջ։Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարաւելու են. եւ նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տօթը։ Եւ Գառը, որ իր աթոռի մէջտեղում է, պիտի հովուի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դէպի կեանքի աղբիւրը կենդանի ջրի, քանզի Աստուած նրանց աչքերից սրբեց ամէն արտասուք»։
Եւ երբ բացեց եօթներորդ կնիքը, երկնքում լռութիւն եղաւ մօտ կէս ժամ։ Եւ տեսայ եօթը հրեշտակներ, որ կանգնած էին Աստծու առաջ. եւ նրանց եօթը փող տրուեց։ Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ ու կանգնեց խորանի մօտ. նա ունէր ոսկէ խնկաման. եւ նրան շատ խունկ տրուեց, որպէսզի աղօթք մատուցի բոլոր սրբերին ոսկէ խորանի վրայ, աթոռի առաջ։ Եւ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպէս աղօթք սրբերի, ելաւ Աստծու առաջ։ Եւ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից ու այն գցեց երկրի վրայ. եւ եղաւ որոտ եւ ձայներ եւ փայլատակում եւ մեծ երկրաշարժ։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.