Translate

воскресенье, 13 апреля 2014 г.

             Յայտնութիւն   Յովհաննէսի    (գ)



 Եւ երբ բացեց եօթներորդ կնիքը, երկնքում լռութիւն եղաւ մօտ կէս ժամ։ Եւ տեսայ եօթը հրեշտակներ, որ կանգնած էին Աստծու առաջ. եւ նրանց եօթը փող տրուեց։ Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ ու կանգնեց խորանի մօտ. նա ունէր ոսկէ խնկաման. եւ նրան շատ խունկ տրուեց, որպէսզի աղօթք մատուցի բոլոր սրբերին ոսկէ խորանի վրայ, աթոռի առաջ։
 Եւ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպէս աղօթք սրբերի, ելաւ Աստծու առաջ։ Եւ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից ու այն գցեց երկրի վրայ. եւ եղաւ որոտ եւ ձայներ եւ փայլատակում եւ մեծ երկրաշարժ։Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստուեցին դրանք հնչեցնելու։ 

Եւ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը. եւ եղաւ կարկուտ եւ հուր՝ արիւնով խառնուած. եւ գցուեց երկրի վրայ. եւ երկրի մէկ երրորդ մասը այրեց. այրեց եւ ծառերի մէկ երրորդ մասը. այրեց եւ ամբողջ դալար խոտը։ 

Փող հնչեցրեց նաեւ երկրորդ հրեշտակը. եւ մի բան, ինչպէս մի մեծ հրդեհուած լեռ, ընկաւ ծովը, եւ ծովի մէկ երրորդ մասը արիւն դարձաւ. եւ ծովային կենդանիների մէկ երրորդ մասը կոտորուեց, եւ կենդանի ինչ շունչ որ կար, ոչնչացաւ։ 
Փող հնչեցրեց նաեւ երրորդ հրեշտակը. եւ երկնքից ընկաւ մի մեծ աստղ՝ հրաբորբոք ինչպէս ջահ. եւ ընկաւ գետերի ու աղբիւրների մէկ երրորդ մասի վրայ։Եւ աստղի անունն էր Դառնութիւն. եւ ջրի դառնութիւնից շատեր մեռան։

Փող հնչեցրեց նաեւ չորրորդ հրեշտակը. եւ զարկուեց արեգակի մէկ երրորդ մասը, լուսնի մէկ երրորդ մասը եւ աստղերի մէկ երրորդ մասը։ Եւ խաւարեց նրանց մէկ երրորդ մասը, նոյնպէս եւ՝ գիշերուայ մէկ երրորդ մասը։ Եւ տեսայ ու լսեցի երկնքի մէջ թռչող հրեշտակի ձայնը, որ ասում էր բարձր ձայնով. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրայ բնակուողներին, երբ կը հնչի նաեւ միւս երեք փողերի ձայնը, որը պիտի հնչեցնեն հրեշտակները»։ 

 
Փող հնչեցրեց նաեւ հինգերորդ հրեշտակը. եւ տեսայ, որ մի աստղ ընկաւ երկնքից։ Եւ նրան տրուեց անդունդների գբի բանալին։ Գբից ծուխ էր բարձրանում, ինչպէս մեծ հնոցի ծուխը։ Խաւարեց արեգակը, ինչպէս նաեւ՝ օդը։ Գբից մորեխ էր դուրս գալիս երկրի վրայ. եւ նրանց տրուեց զօրութիւն՝ նման կարիճի խայթոցների զօրութեան. եւ նրանց ասուեց, որ չվնասեն երկրի խոտին, ոչ էլ ծառերին, այլ միայն՝ երկրային այն մարդկանց, որոնք իրենց ճակատի վրայ չունեն Աստծու կնիքը։ 

Եւ նրանց հրաման տրուեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ ամիս չարչարեն. եւ նրանց չարչարանքը նման էր կարիճի խայթոցների, երբ նա խայթում է մարդուն։ Եւ այն օրերին մարդիկ մահը պիտի փնտռեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։ Եւ մորեխը նման էր պատերազմի պատրաստուող ձիուն. եւ նրանց գլուխների վրայ կարծես ոսկէ պսակ կար. նրանց երեսները նման էին մարդու երեսների, եւ նրանց մազերը՝ կնոջ մազերի, եւ նրանց ատամները՝ առիւծի ատամների։ 
Եւ նրանք ունէին զրահներ, որոնք նման էին երկաթէ զրահների. եւ նրանց թեւերի ձայնը նման էր կառք քաշող բազում ձիերի ձայնին, որոնք արշաւում են պատերազմի։ Նրանք ունէին պոչեր՝ նման կարիճների պոչերի, եւ խայթոցներ՝ իրենց պոչերին. եւ իշխանութիւն ունէին հինգ ամիս չարչարելու մարդկանց։ Եւ իրենց վրայ որպէս թագաւոր ունէին դժոխքի հրեշտակին. եւ նրա անունը եբրայերէն Աղբադոն էր, որ հայերէն լեզուով կոչւում է՝ Կորուստ։Ահա՛ւասիկ անցաւ մէկ վայը, եւ գալու են դեռ երկու վայեր։ 

Փող հնչեցրեց նաեւ վեցերորդ հրեշտակը. եւ այն չորս կենդանիներից, որ Աստծու խորանի առաջ էին, լսեցի մի ձայն,որ ասում էր վեցերորդ հրեշտակին, որը փող ունէր. «Եփրատ գետի վրայ կապուած չորս հրեշտակներին
արձակի՛ր»։ 


Եւ արձակուեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամուայ, օրուայ, ամսուայ եւ տարուայ համար, որպէսզի սպանեն մարդկութեան մէկ երրորդ մասը։Եւ նրանց հեծեալ զօրքերի քանակը բիւր բիւրաւոր եւ հազար հազարաւոր էր. իմացայ նրանց թիւը։Եւ տեսիլքում տեսայ ձիեր ու նրանց վրայ՝ հեծեալներ, որոնք ունէին հրէ զրահներ եւ ծծմբով հրդեհուած յակինթներ. եւ ձիերի գլուխները նման էին առիւծների գլուխների. եւ նրանց բերանից ելնում էր կրակ, ծուխ եւ ծծումբ։ 

Եւ մարդկութեան մէկ երրորդ մասը կոտորուեց այս հարուածներից՝ այն կրակից, ծխից եւ ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.որովհետեւ ձիերի զօրութիւնը իրենց բերաններում է եւ իրենց պոչերի վրայ. եւ նրանց պոչերը նման էին օձի. եւ ունէին գլուխներ, որոնցով սպանում էին անիրաւներին։

Եւ մարդկութեան մնացած մասը, որ չմեռաւ այս հարուածներից, չապաշխարեց, ոչ էլ յետ կանգնեց իր ձեռքի գործերից՝ դեւերին եւ ոսկէ, արծաթէ, պղնձէ, քարէ եւ փայտէ կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ոչ տեսնել կարող են, ո՛չ լսել եւ ո՛չ էլ քայլել։Եւ նրանք չապաշխարեցին իրենց մարդասպանութիւնից, կախարդութիւնից, պոռնկութիւնից եւ գողութիւնից։ 

 Տեսայ նաեւ մի այլ զօրաւոր հրեշտակ, որ իջնում էր երկնքից՝ ամպի մէջ փաթաթուած եւ իր գլխին՝ ծիածան. եւ նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղէն սիւների։Եւ նա իր ձեռքում ունէր մի բացուած գրքոյկ. նա իր աջ ոտքը դրեց ծովի վրայ, իսկ ձախը՝ ցամաքի վրայ։Եւ աղաղակեց բարձր ձայնով, ինչպէս մռնչում է առիւծը. եւ երբ աղաղակեց, եօթը որոտները թնդացին իրենց ձայներով.եւ երբ եօթը որոտները թնդացին, ուզում էի գրել. բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկի՛ր, ինչ որ խօսեցին եօթը որոտները եւ մի՛ գրիր»։

Եւ այն հրեշտակը, որին տեսել էի եւ որն իր ոտքը դրել էր ծովի վրայ, իսկ միւս ոտքը՝ ցամաքի վրայ, իր աջ ձեռքը բարձրացրեց երկինք. նա երդուեց Նրանով, որ յաւիտեան կենդանի է, որ ստեղծեց երկիրը եւ ինչ որ կայ նրա մէջ, թէ այլեւս չկայ ժամանակ.այլ այն օրը, երբ եօթներորդ հրեշտակը իր փողը հնչեցնի, պիտի կատարուի Աստծու խորհուրդը, որ աւետարանուեց իր ծառաների՝ մարգարէների միջոցով։ 

Եւ այն ձայնը, որ լսել էի երկնքից, դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասաց. «Գնա՛, ա՛ռ այն գրքոյկը, որը, բացուած, իր ձեռքում ունի հրեշտակը եւ կանգնած է ծովի ու ցամաքի վրայ»։Եւ ես, գնալով հրեշտակի մօտ, նրանից խնդրեցի գրքոյկը. եւ նա ինձ ասաց. «Ա՛ռ սա եւ կե՛ր, եւ քո որովայնում դառն պիտի դառնայ այն, իսկ քո բերանում՝ քաղցր ինչպէս մեղր»։Եւ հրեշտակից վերցրի բացուած գրքոյկը ու կուլ տուի. եւ իմ բերանում մեղրի պէս էր այն. իսկ երբ կերայ, իմ որովայնը դարձաւ դառն։ Եւ հրեշտակն ինձ ասաց. «Պէտք է, որ դու վերստին մարգարէանաս ժողովուրդների, այլ ազգերի, լեզուների եւ երկրի թագաւորների մասին»։ 

 Այնուհետեւ ինձ տրուեց չափելու մի եղէգ, որ նման էր գաւազանի. եւ հրեշտակը կանգնած էր ու ասում էր ինձ. «Վե՛ր կաց եւ չափի՛ր Աստծու տաճարն ու զոհասեղանը եւ հաշուի՛ր այն երկրպագողներին, որ նրա մէջ են։Իսկ այն գաւիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն եւ մի՛ չափիր, քանի որ այն տրուել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։ 
Եւ իմ երկու վկաներին պիտի պատուիրեմ, որ մարգարէանան հազար երկու հարիւր վաթսուն օրեր՝ քուրձ հագած»։Սրանք երկու ձիթենիներն ու երկու ճրագներն են, որ կան Աստծու առաջ՝ երկրի վրայ։Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, կրակ պիտի ելնի նրանց բերանից եւ պիտի լափի իրենց թշնամիներին։ Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, այսպէ՛ս պիտի կործանուեն։ Երկու վկաներն իշխանութիւն ունեն փակելու երկինքը, որպէսզի իրենց մարգարէութեան օրերում անձրեւ չտեղայ. իշխանութիւն ունեն եւ ջրերի վրայ՝ դրանք արիւն դարձնելու, ինչպէս նաեւ հարուածելու երկրին բոլոր հարուածներով, քանի անգամ որ կամենան։ 

Եւ երբ նրանք աւարտեն իրենց վկայութեան բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դէմ, պիտի յաղթի եւ պիտի սպանի նրանց։ Եւ նրանց դիակը ընկած պիտի մնայ իրենց մեծ քաղաքի հրապարակների մէջ, որ խորհրդանշականօրէն կոչւում է Սոդոմ եւ Եգիպտոս, ուր եւ խաչուեց նրանց Տէրը։Եւ նրանց պիտի տեսնեն բոլոր ցեղերն ու ժողովուրդները եւ բոլոր լեզուներն ու ազգերը, որովհետեւ նրանց դիակը ընկած պիտի մնայ երեք օր. եւ թոյլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։ 

Եւ երկրի վրայ բնակուողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահուան վրայ, նոյնիսկ ընծաներ եւ նուէրներ պիտի տանեն միմեանց, որովհետեւ այս երկու մարգարէները երկրի բնակիչներին պիտի չարչարեն։ Երեքուկէս օր յետոյ կենդանութեան հոգին Աստծուց պիտի մտնի նրանց մէջ, եւ նրանք պիտի վեր կենան կանգնեն իրենց ոտքերի վրայ։ Եւ ահ ու մեծ երկիւղ ընկաւ բոլոր նրանց վրայ, ովքեր տեսան նրանց։ 

Եւ լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր նրանց. «Վե՛ր ելէք, եկէ՛ք այստեղ»։ Եւ նրանք ելան երկինք՝ ամպերով. եւ իրենց թշնամիները տեսան նրանց։ Այդ իսկ ժամին մեծ երկրաշարժ եղաւ, եւ քաղաքի մէկ տասներորդ մասը գետնի տակ թաղուեց. երկրաշարժից մեռաւ եօթը հազար մարդ։ Դրանից յետոյ բոլորի մէջ մեծ ահ առաջացաւ. եւ փառք էին տալիս երկնաւոր Աստծուն։ Ահա՛ւասիկ անցաւ երկրորդ վայը, եւ երրորդ վայը գալու է շուտով։


Եւ երբ եօթներորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսուեց մի ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագաւորութիւնը եղաւ մեր Տիրոջը եւ իր Օծեալինը. եւ նա պիտի թագաւորի բոլորի վրայ յաւիտեանս յաւիտենից»։ Եւ քսանչորս երէցները, որ նստած էին իրենց գահերին, Աստծու առաջ, ընկան իրենց երեսների վրայ, երկրպագեցին Տէր Աստծուն ու ասացին. «Գոհութիւն ենք մատուցում քեզ, Ամենակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես, ձեռքդ առար քո մեծ զօրութիւնը եւ թագաւորեցիր։ 

Հեթանոսները զայրացան. բայց հասաւ քո բարկութիւնը, ժամանակը՝ դատելու մեռելներին, տալու վարձը քո ծառաներին՝ մարգարէներին եւ սրբերին, քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին եւ ոչնչացնելու երկրի կործանիչներին»։ Եւ երկնքում բացուեց Աստծու տաճարը, ու երեւաց Աստծու տապանակը իր տաճարի մէջ. եւ եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ եւ՝ ուժեղ կարկուտ։ 

 Եւ տեսայ երկնքում մեծ եւ զարմանահրաշ մի այլ նշան. տեսայ եօթը հրեշտակներ, որոնք ունէին վերջին եօթը պատուհասները, քանի որ Աստծու բարկութիւնը դրանցով էր աւարտւում։Տեսայ նաեւ ապակէ ծովի նման մի բան՝ խառնուած կրակով. եւ նրանք, որ յաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անուան թուին եւ նրա դրոշմին, կանգնած էին ապակէ ծովի վրայ եւ ունէին Աստծու քնարները. նրանք Աստծու առաջ երգում էին Մովսէսի երգերը եւ Գառան երգերը՝ ասելով. «Տէ՛ր Աստուած Ամենակալ, մեծամեծ եւ սքանչելի են քո գործերը, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, դո՛ւ, Թագաւո՛րդ բոլոր ազգերի։ Եւ ո՞վ է, որ չի երկնչելու եւ չի փառաւորելու քո սուրբ անունը, որովհետեւ դու ես միայն սուրբ եւ արժանի երկրպագութեան. բոլոր ազգերը պիտի գան եւ պիտի երկրպագեն քո առաջ, Տէ՛ր, երբոր քո արդարութիւնը յայտնուի»։ 

Եւ ապա տեսայ, որ բացուեց վկայութեան խորանի տաճարը, որ երկնքում էր։ Եւ տաճարից դուրս էին ելնում եօթը հրեշտակներ, որոնք ունէին եօթը պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտաւ եւ իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկէ գօտիներ։ Եւ չորս կենդանիների կողմից եօթը հրեշտակներին տրուեցին եօթը սկաւառակներ՝ լի ցասումովն Աստծու, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։ Եւ տաճարը լցուեց Աստծու փառքի եւ նրա զօրութեան ծխով։ Եւ ոչ ոք չէր կարող մտնել տաճարը, մինչեւ աւարտուեցին եօթը հրեշտակների եօթը պատուհասները։  Եւ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր եօթը հրեշտակներին. «Գնացէ՛ք, Աստծու ցասման եօթը սկաւառակները թափեցէ՛ք երկրի վրայ»։ 



Առաջին հրեշտակը գնաց եւ իր սկաւառակի պարունակութիւնը թափեց երկրի վրայ. եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրայ, որ ունէին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին։ 

Երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովի մէջ. եւ ջրերը փոխուեցին ու դարձան ինչպէս մեռելի արիւն։ Եւ ծովի մէջ եղած ամէն կենդանի արարած սատկեց։ 

Երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ. եւ նրանք արիւն դարձան։ Եւ լսեցի հրեշտակից, որ ասում էր. «Արդար է նա, որ Է-ն է եւ է եւ սուրբ է իր գործերում, քանի որ այսպէ՛ս դատաստան արեց. որովհետեւ սրբերի արիւնը եւ մարգարէների արիւնը թափեցին ամբարիշտները, դրա համար էլ արիւն խմել տուեց նրանց, մի բան, որին արժանի էին»։ Ապա լսեցի այդ զոհասեղանից մի ձայն, որ ասում էր. «Այո՛, Տէ՛ր Աստուած Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»։ 

Չորրորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց արեւի վրայ։ Եւ նրան թոյլատրուեց մարդկանց խորշակահար անել կրակով. եւ մարդիկ այրուեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանութիւն ունի այս պատուհասների վրայ, եւ սակայն չապաշխարեցին, չփառաբանեցին Աստծուն։ 

Հինգերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց գազանի գահի վրայ. եւ գազանի թագաւորութիւնը խաւար դարձաւ. մարդիկ ցաւից իրենց լեզուներն էին կծոտում։ Եւ իրենց ցաւերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, եւ սակայն չապաշխարեցին իրենց գործերից։ 



Վեցերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց մեծ Եփրատ գետի վրայ. եւ ցամաքեցին նրա ջրերը, որպէսզի ճանապարհ պատրաստուի Արեւելքի թագաւորին։ Եւ տեսայ, որ վիշապի բերանից, գազանի բերանից եւ սուտ մարգարէի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի. քանզի նրանք դիւական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագաւորների մօտ՝ նրանց պատերազմի հաւաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ համար (քանզի այսպէս ասաց Տէրը. «Ահա՛ գալիս եմ ինչպէս գող. երանի՜ նրանց, որ արթուն են եւ պահում են իրենց զգեստները, որպէսզի մերկ ման չգան, եւ իրենց ամօթոյքները չերեւան» )։ Ապա ոգիները թագաւորներին հաւաքեցին մի տեղ, որ եբրայերէն կոչւում է Արմագեդոն։

Եօթներորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց օդի մէջ. եւ երկնքից ու գահից ելաւ մի բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛ւ»։ Եւ իսկոյն եղան փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ եղաւ մի մեծ երկրաշարժ, որպիսին չի եղել մարդու ստեղծուելուց ի վեր։Եւ մեծ քաղաքը երեք մասի բաժանուեց. եւ ընկան ազգերի քաղաքները. եւ Աստուած յիշեց մեծ Բաբելոնը եւ դրան տուեց իր սաստիկ բարկութեան գինու բաժակը։ 


Եւ բոլոր կղզիները հեռու փախան, ու մէջտեղից վերացան լեռները։ Մարդկանց վրայ երկնքից թափուեց խոշոր կարկուտ՝ յիսուն կիլոգրամ կշռով։ Եւ մարդիկ հայհոյեցին Աստծուն, - որ երկնքում է, - կարկուտի պատուհասի համար, քանի որ պատուհասը մեծ էր եւ սաստիկ։ 



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.