Translate

четверг, 10 апреля 2014 г.

                         Սիրաք  (ա)




Բովանդակ իմաստութիւնը Տիրոջից է, եւ այն յաւիտեան կը մնայ նրա հետ։ Ո՞վ կարող է հաշուել երբեւէ ծովի աւազը, անձրեւների շիթերը եւ յաւիտենութեան օրերը։ Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրութիւնը, երկրի լայնութիւնը եւ իմաստութեան խորքերը։

Իմաստութիւնն ստեղծուեց ամէն ինչից առաջ, զգօնութիւնը եւ հանճարը ի յաւիտենից կային։
Իմաստութեան աղբիւրը բարձրեալ Աստծու խօսքն է, եւ նրա ճանապարհները յաւիտենական պատգամներ են։Իմաստութեան արմատները նրա մէջ յայտնուեցին։Ո՞ւմ տրուեց իմաստութեան գիտութիւնը, եւ ո՞վ հասկացաւ նրա արուեստը։Իմաստութիւնը մէկ է եւ խիստ ահեղ, որ նստում է իր գովութեան աթոռին։

Ինքը՝ Տէրը հաստատեց այն, տեսաւ եւ չափեց այն ու հեղեց իր գործերի վրայ, ամէն մարմնի վրայ, ըստ իր պարգեւի, եւ այն բաշխեց իր սիրելիներին։ Տիրոջ հանդէպ երկիւղը փառք է ու պարծանք, ուրախութիւն է եւ ցնծութեան պսակ։Տիրոջ հանդէպ երկիւղը զուարճացնում է սիրտը եւ պարգեւում ուրախութիւն, խնդութիւն ու երկար կեանք։ Ով երկիւղ է կրում Տիրոջից, նա բարիք կը ստանայ յետոյ եւ իր վախճանի օրը կ՚օրհնուի։

Տիրոջ հանդէպ երկիւղը Տիրոջ պարգեւն է, որ հաստատւում է սիրոյ ճանապարհներին։Տիրոջ հանդէպ սէրը փառաւոր իմաստութիւն է, եւ ում կամենում է՝ Տէրը շնորհում է համաձայն իր հայեցողութեան։Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջից, որ հաւատացեալների համար հաստատուել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնաւորուել է յաւիտենական հիմքից եւ հաւատարիմ կը մնայ նրանց սերնդի հետ։

Իմաստութեան լրումը երկիւղն է Տիրոջից. այն կը սնի մարդկանց իր պտուղներով,մարդու ամբողջ տունը կը լցնի ցանկալի բաներով եւ շտեմարանները՝ նրա վաստակով։Իմաստութեան պսակը Տիրոջ հանդէպ երկիւղն է։Նա է, որ ծլեցնում է խաղաղութիւն եւ կատարեալ առողջութիւն, տեսնում եւ քննում է ամէն բան։Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը եւ գիտութիւնը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։

Իմաստութեան արմատը երկիւղն է Տիրոջից, եւ նրա ոստերը՝ երկար կեանքը։
Տիրոջ հանդէպ երկիւղը վանում է մեղքը,իսկ երկիւղ չունեցողը չի կարող արդարանալ։Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում.համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, եւ յետոյ դարձեալ ուրախութիւնը տիրում է նրան։ 

Նա միառժամանակ կը թաքցնի իր խօսքերը, եւ շատերի շուրթերը կը պատմեն նրա իմաստութեան մասին։
Իմաստութեան գանձերի մէջ խրատի առակներ կան։Մեղաւորի համար աստուածապաշտութիւնը գարշելի է։Եթէ իմաստութեան ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատուիրանները, եւ Տէրը քեզ կը պարգեւի այն։

Արդարեւ, իմաստութիւնն ու խրատը երկիւղն է Տիրոջից, եւ հաւատն ու հեզութիւնը հաճելի է Տիրոջը։ 
Մի՛ անտեսիր Տիրոջ հանդէպ երկիւղը եւ նրան մի՛ մօտեցիր երկբայութեամբ։ Կեղծաւորութիւն մի՛ արա մարդկանց առջեւ եւ զգո՛յշ եղիր քո շրթունքներից։Մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի չընկնես, քո վրայ անարգանք չբերես, եւ Տէրը չնուաստացնի քեզ,քանզի նրան չմօտեցար Տիրոջ երկիւղով, եւ քո սիրտը լի է նենգութեամբ։ 


Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր։ Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ։ Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս։ 


 Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլուխը եւ մեծամեծների մէջ է բազմեցնում նրան։Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։Մեղուն փոքր է թռչողների մէջ, սակայն նրա պտուղը քաղցրութեան սկիզբն է։

Մի՛ պարծեցիր զգեստների պերճութեամբ եւ փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը եւ դրանք ծածկուած են մարդկանցից։Բազում բռնակալներ գետին նստեցին, եւ նա, որից չէին սպասում, թագ ստացաւ։Բազում հզօրներ խիստ անարգուեցին, եւ անուանի մարդիկ մատնուեցին այլոց ձեռքը։Քանի դեռ չի քննուել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ յետո՛յ պատժիր։

 Տէրը մարդուն ստեղծեց հողից եւ դարձեալ նրան վերադարձրեց հողին։Նա մարդկանց տուեց հաշուած օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանութիւն տուեց այն ամենի վրայ, ինչ կայ երկրում։ Ըստ իրենց բնոյթի, զօրութեամբ զգեստաւորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց։Մարդու ահը դրեց ամէն կենդանի էակի վրայ՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին։Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ եւ սիրտ տուեց՝ դրանցով իմացութիւն ստանալու համար։

Նրանց լցրեց գիտութեան հանճարով եւ նրանց ցոյց տուեց չարն ու բարին։Իր աչքը դրեց նրանց սրտի մէջ՝ ցոյց տալու համար նրանց իր գործերի մեծութիւնը, որպէսզի օրհնեն իր սուրբ անունը.նաեւ, որպէսզի պատմեն իր գործերի մեծութիւնը։Աւելացրեց նրանց գիտութիւնը եւ նրանց ժառանգութիւն տուեց կեանքի օրէնքը։



Յաւիտենական ուխտ հաստատեց նրանց հետ եւ իր դատաստանները ցոյց տուեց նրանց։Նրանց աչքը տեսաւ նրա փառքի մեծութիւնը, եւ նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տէրը նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք ամէն մի անիրաւութիւնից»։ Նա նրանցից իւրաքանչիւրին պատուիրեց հոգ տանել մերձաւորին։Նրանց ճանապարհները միշտ նրա առջեւ են եւ չեն վրիպում նրա հայեացքից։

Իւրաքանչիւր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Տիրոջ բաժինը Իսրայէլն է։Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջեւ են, եւ նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրայ է։Նրանց անիրաւութիւնները չծածկուեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջեւ են։Մարդու ողորմածութիւնը կնիք է նրա համար, եւ մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։

Սրանից յետոյ Տէրը պիտի ելնի ու հատուցի նրանց եւ նրանց արածների փոխարէնը պիտի բերի իրենց գլխին։Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում եւ մխիթարում նրանց, որոնց համբերութիւնը նուազել էր։Դարձի՛ր դէպի Տէրը եւ թո՛ղ մեղքերդ։ Աղերսի՛ր նրա առջեւ, եւ նա կը նուազեցնի յանցանքներդ։Դարձի՛ր դէպի Բարձրեալը, յե՛տ դարձի՛ր անիրաւութիւնից եւ խի՛ստ ատիր գարշութիւնը։ 

Բարձրեալին ո՞վ գոհութիւն կը տայ գերեզմանում նրանց փոխարէն, ովքեր ողջ են եւ գոհութիւն են տալիս նրան։Մեռեալից, իբրեւ անգոյից, կորած է փառաբանութիւնը։ Կենդանի եւ ողջ մարդը միայն կը գովի Տիրոջը։Որքան մեծ է Տիրոջ ողորմութիւնը,նոյնքան էլ՝ քաւութիւնը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դէպի Տէրը։ 

Ամէն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։Ի՞նչն է աւելի լուսաւոր, քան արեգակը, բայց նա էլ է նուազում. մարդու մարմինն ու արիւնը չարի մասին են մտածում։Տէրն ինքն է հետեւում երկնքի բարձր զօրքերին. բոլոր մարդիկ հող եւ մոխիր են։ 



Նա, որ կենդանի է յաւիտեան, ամէն ինչ ստեղծեց հաւասարապէս, եւ միայն Տէրն է արդար համարւում։ Ոչ մէկին չի տրուած պատմել նրա գործերը։Ո՞վ կը քննի նրա մեծագործութիւնները։Ո՞վ կը չափի նրա հզօրութեան մեծութիւնը,եւ ո՞վ կը համարձակուի պատմել նրա ողորմութեան մասին։Հնարաւոր չէ ո՛չ նուազեցնել, ո՛չ աւելացնել եւ ո՛չ էլ հետազօտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։ 

Տէրը յանդիմանում, խրատում եւ ուսուցանում է եւ, իբրեւ հովիւ, նրան իր հօտն է վերադարձնում։Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը եւ շտապում են լսել նրա վճիռները։ 

Տէ՛ր, Հա՛յր եւ Իշխա՛ն իմ կեանքի, մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մէջ։ Ո՞վ կապանք կը դնէր իմ մտքերի վրայ եւ իմաստութեան խրատ իմ սրտի վրայ, որպէսզի դրանք չխնայեն իմ տգիտութեանը եւ թոյլ չտան, որ մեղք գործեմ, որպէսզի չծանրանան իմ զանցանքները, եւ չմեծանան իմ մեղքերը, որպէսզի չընկնեմ հակառակորդների առջեւ, եւ իմ թշնամին ինձ ոտնատակ չանի։ 

Տէ՛ր, Հա՛յր եւ իմ կեանքի՛ Աստուած, մի՛ տուր ինձ աչքերի ունայն խաղ եւ հեռացրո՛ւ ինձնից սրտի ցանկութիւնը։ Թող ինձ չհասնեն որովայնի ցանկութիւնն ու անառակութիւնը, եւ մի՛ մատնիր ինձ անամօթ մարդու ձեռքը։ 








Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.