Translate

понедельник, 14 апреля 2014 г.


              Յայտնութիւն   Յովհաննէսի    (դ)





 Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար։ Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար։ Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը. եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»։ 

Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»։ Ապա ինձ ասաց. «Գրի՛ր, այս խօսքերը ճշմարիտ եւ վստահելի են»։Դարձեալ ինձ ասաց. «Եղաւ. ես Ալ`ան եւ Օմեղան եմ, Սկիզբը եւ Վախճանը. ես ծարաւածներին ձրի պիտի տամ կեանքի ջրի աղբիւրից։ Ով յաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ։

 Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հայողներին եւ բոլոր ստախօսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրուող լճի մէջ է, որ երկրորդ մահն է»։ 

Եւ ինձ մօտ եկաւ մէկն այն եօթը հրեշտակներից, որոնք ունէին եօթը սկաւառակներ՝ լցուած եօթը վերջին պատուհասներով. եւ նա խօսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցոյց տամ հարսին՝ Գառան կնոջը»։ Եւ առաւ տարաւ ինձ, Հոգով, դէպի մի բարձր ու մեծ լեռ եւ ցոյց տուեց ինձ մեծ եւ սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ իջել էր երկնքից, Աստծու մօտից։

Այն ունէր Աստծու փառքը. եւ նրա մէջ կար մի լուսաւորութիւն՝ նման թանկագին գոհարեղէնի, ինչպէս բիւրեղեայ եւ կենդանի յասպիս քարը։ Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած էր դռների վրայ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների։ 


Արեւելեան կողմից՝ երեք դուռ, հիւսիսային կողմից՝ երեք դուռ, հարաւային կողմից՝ երեք դուռ, եւ արեւմտեան կողմից՝ երեք դուռ։Եւ քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր. նրանց վրայ՝ Գառան տասներկու առաքեալների տասներկու անունները։ Եւ նա, ով խօսում էր ինձ հետ, իր ձեռքում ունէր ոսկէ եղէգ, որպէսզի չափի քաղաքը եւ նրա դռներն ու նրա պարիսպները։ 


Եւ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարութիւնն էր, նոյնչափ էլ՝ նրա լայնութիւնը. բարձրութիւնն էլ՝ նոյնը։ Նրա երկարութեան չափը շուրջ երկու հազար հինգ հարիւր կիլոմետր էր, նրա լայնութիւնն ու բարձրութիւնը՝ միաչափ խորանարդ։ Հրեշտակը չափեց նաեւ նրա պարիսպը, որի բարձրութիւնը եօթանասուն մետր էր. հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր։

Եւ քաղաքի պարիսպների շինուածքը յասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ ապակու։Եւ քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին։ Պարսպի առաջին հիմքը՝ յասպիս, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ կարկեհան, չորրորդը զմրուխտ, հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիւսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ։ 

Եւ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձեւ մարգարիտներից. ամէն մի դուռ մէկ մարգարտից էր։ Եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու։ Եւ քաղաքի մէջ տաճար չտեսայ, քանզի Ամենակալ Տէր Աստուածն էր տաճար նրա մէջ, նաեւ՝ Գառը։Եւ քաղաքին պէտք չէին արեգակ ու լուսին, որպէսզի լուսաւորեն այն. քանզի Աստծու փառքն էր լուսաւորում քաղաքը ամէն ժամ, եւ Գառը ճրագ էր նրա մէջ։ 

Եւ ազգերը ընթանում էին նրա լոյսով, ու երկրի թագաւորները լոյս էին հագնում նրա փառքից։ Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ.այն փառք ու պատիւ էր ազգերին։ Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախօս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրուած են Գառան կեանքի գրքում։ 


Հրեշտակն ինձ ցոյց տուեց նաեւ սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու եւ Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով։ Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր։ Եւ այնտեղ այլեւս նզովք չի լինելու. Աստծու եւ նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. եւ նրա ծառաները պաշտում էին նրան.նրանք տեսնում էին նրա դէմքը, եւ նրա անունը գրուած էր իրենց ճակատների վրայ։ 


Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ մի կարիք չկար ճրագի եւ արեւի լոյսի, քանզի Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. եւ նրանք պիտի թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։ Հրեշտակն ինձ ասաց. «Այս խօսքերը վստահելի են եւ ճշմարիտ. սուրբ մարգարէների Տէր Աստուածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մօտ՝ ցոյց տալու այն, ինչ որ շուտով լինելու է»։ «Ահա գալիս եմ շուտով։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խօսքը»։ 

Եւ ես՝ Յովհաննէսը, լսեցի եւ տեսայ այս բոլորը. եւ երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ եւ երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց էր տալիս ինձ այս բոլորը։Բայց նա ասաց ինձ. «Իմ առաջ ծնկի մի՛ իջիր եւ մի՛ երկրպագիր, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարէութեան խօսքը։ Երկրպագիր Աստծո՛ւն»։ 
Եւ դարձեալ ինձ ասաց. «Այս գրքի մարգարէական խօսքերը կնքուած մի՛ պահիր, քանզի ժամանակը մօտ է։ Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող 
կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի եւ ով
սուրբ է, թող սուրբ լինի»։ «Ահա գալիս եմ շուտով, եւ ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի։ Ես եմ Ալ`ան եւ
Օմեղան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»։ Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատուիրանները։ Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով։ Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն»։ «Ես՝ Յիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ եւ սերունդ եմ Դաւթից, պայծառ աստղը առաւօտի, Հոգին եւ Փեսան, որ գալու եմ»։


 Եւ ով լսում է, թող ասի՝ ե՛կ։ Եւ թող գայ, ով ծարաւ է. նաեւ՝ ով ուզում է առնել կենաց ջուրը՝ ձրի»։Վկայում եմ ես՝ Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնի սրա վրայ, Աստուած էլ նրա վրայ պիտի աւելացնի այս գրքում գրուած եօթը պատուհասները. եւ եթէ մէկը բան պակասեցնի այս գրքի մարգարէութեան խօսքերից, Աստուած պիտի պակասեցնի եւ պիտի կտրի նրա բաժինը կենաց ծառից եւ սուրբ քաղաքից՝ ինչպէս որ գրուած է այս գրքում։ Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»։ Ամէն։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը լինի բոլոր սրբերի վրայ։ Ամէն։


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.