Translate

суббота, 21 июня 2014 г.





ԲԱՆ ԿԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Արդ, ամէն ինչում բացարձակապէս ուղիղ ես, Աստուա՛ծ,
 Իրաւունքով դատում ես եւ արդարութեամբ կշռում,
 Ճշմարտութեամբ չափում ես եւ օրհնութեամբ հետեւում,
 Ընթանում ես ուղիղ եւ ստուգութիւն ես սիրում,
 Յստակութիւն ես կամենում դու եւ լուսաւորութիւն համբուրում,
 Փորձելով յանդիմանում ես, երկայնամտութեամբ քննում:
 Չունես նենգութիւն եւ ոչ էլ գոռոզութիւն,
 Այլ հեզութիւն համակ, հանդարտութիւն եւ ողորմութիւն:

Բ
 Արդարացար, ո՜վ անայլայլ, վերին իմաստութիւն հանճարեղ քո Հօր,
 Ինչպէս որ անզիղջ գովեստով վկայեցին շնորհովդ քեզ որդեգրուածները,
 Քո մեզ պարգեւած աւետարանի այն սուրբ խօսքի համաձայն, թէ`
 "Չողբացի ես, երբ կոծեցին, ոչ էլ կաքաւեցի, երբ փող հնչեցրին":
 Մի՛ անօրինիր, ասացիր անօրէնիս,
 Բայց ես ամրացա նոյն չարութիւնների մէջ.
 Մի բարձրացնիր եղջիւրդ դէպի վեր, մեղաւորիս ասացիր,
 Եւ ես քեզ հակառակ գործեցի.
 Չզգացի խոտորեալս երբէք, թէ քո ձեռքումն են
 Բարձրամիտ հպարտների եղջիւրներն արքայական
 Խոնարհեցնել կամ բարձրացնել, ըստ Ամբակումի, Դաւթի եւ Զաքարիայի,

 Դու ինձ օրհնութիւն կամեցար. ողորմա՛ծ,
 Իսկ ես անիծեալս` մեծ տարագրութեամբ խոտորուեցի դէպի ինձ արժանին:
 Սիրեցի բարկութիւն եւ ո՛չ բարութիւն.
 Շոշափեցի խաւարն ու ոչ թէ լոյսը.
 Կենդանի ձայնիդ, գթա՜ծ, անզգամօրէն պատասխանեցի.
 "Որդն անմահ է" եւ "Կրակն անշէջ",
 Կշտամբանքն անվերջ, տեղը յաւերժական, եւ օրինակը սոսկալի է,- ասացիր խօսքով Եսայու,
 Եւ ես չիմացայ, ըստ սաղմոսողի, որ չըմբռնեցի,
 Այլ ընթացայ մտաւոր մռայլ կուրութեան մէջ:

Գ
 Դու մարգարէի խօսքով ցոյց տուիր,
 Թէ` օրհնութիւն կստանայ նա, ով օրէնք է դնում,
 Եւ ես փութացի այդ համառօտել:
 Դաւթին իր խօսքերով, Տէ՜ր Յիսուս Քրիստոս,
 Հոգեւոր վէմի վրայ քո մատով արձանագրուած`
 Կանգնեցիր որպէս յիշատակարան, ինչպէս որ նաեւ ինքն է վկայում,
 Թէ` "Ես պահեցի քո օրէնքները ամէն ժամանակ, յաւիտեան".
 Այդ միեւնոյնը հաստատում է նա երկրորդ անգամ`
 Վերջին բառի անդրադարձութեամբ
 "Եւ յաւիտեանս յաւիտենից".
 Որոնց հետ եւ այլ պանծալի խօսքեր խրախուսեցին ինձ,
 Բայց ես անզգա` աճապարեցի տօնին
 Բահաղու եւ ո՛չ Աստծոյ,
 Եւ երկմտութեամբ զոյգ ճամփաների վրայ կաղացի,
 Ձեռք վերցնելով բարի գործերից, ինչպէս ծաղրելով ասում է Եղիան:
 Ունեմ Մովսէսին իր օրէնքներով` մեռելների աշխարհից եկած,
 Նաեւ գրքերը մարգարէների` հոգուս մէջ գրուած,
 Եւ մատեանները առաքեալների, շարուած իմ մտքի մատների վրայ,
 Եւ Տիրոջդ` բոլորին հաւասարապէս` աւետեաց կտակով,
 Թաղուելուց յետոյ յարութիւն առած` անթիւ-անհամար ննջեցեալներով:
 Բայց ես աւելի՛ անհաւատ, քան այն մեծատան եղբայրները հինգ,
 Որոնք մի տեսակ իսկապէս յարմար օրինակներ են
 Ողորմելի յղփացածների զգայարանքներին,-
 Դարբնի սալի պէս մնացի անոստ իմ անչափ յամառ քարացած սրտով.
 Բելիարի նման եւ չապաշխարեցի:

Դ
 Բայց դու վերստին շնորհի՛ր քո ողորմութիւնը լքուածիս,
 Ո՜վ բարի, ահաւոր, մարդասէր, խնամակալ,
 Կենդանի, սուրբ, լուսաւոր եւ անվախճան թագաւոր,
 Պանծալի խաչիդ խորհրդի ազդելով
 Հիմար երիկամներիս եւ յուսալքուած անպտուղ սրտիս
 Մեղքերով կորդացած անբերրի անդաստանիս վրայ,
 Որպէսզի հզօր ամենակալիդ գթառատ կամքի օժանդակութեամբ
 Որոտայ հոգիս, եւ վշտագնածիս աչքերից յորդեն,
 Վազեն ոռոգող արտասուքների վարար վտակներ,
Եւ ինձ մեղքերից մաքրելով` փրկեն,
 Քեզ մօտ հաճելի եւ ընդունելի լինելու համար,
 Ամենապարգեւ Տէ՜րդ բոլորի, փառաւորեալդ յաւիտեան. ամէն:

ԲԱՆ ԿԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, ես նախնիս ամբարիշտների,
 Գլխաւորս մեղաւորների, պէտս անիրաւների,
 Առաջինս պարտաւորների, պատկերս յանցաւորների,
 Ատտիկեցիս` ըստ վատթարութեան եւ ո՛չ ըստ բարեբաստութեան,
 Անպատումներն իմ պատմեցի ահա,
 Ամօթալի արարքներս նշաւակեցի,
 Գաղտնիքներն հրապարակեցի,
 Ծածուկներն յայտնեցի,
 Թաքցրածներն ի ցոյց հանեցի,
 Ամփոփուածներն տարածեցի,
 Դառնութեան մաղձը ժայթքեցի,
 Գործակցութիւնս չարին` մատնեցի,
 Վէրքիս թարախն ամբարուած` քամեցի,
 Մեղքերիս խորութիւնը ծանուցեցի,
 Կեղծիքների ծածկոյթը մի կողմ քաշեցի
 Տգեղութեան քողը վերցրի,
 Ամօթանքի զգեստը մերկացրի,
 Գարշելիներն ի յայտ հանեցի,
 Մրուրը մահուան փսխեցի,
 Պալարներն հոգուս խոցերի քահանայապետ Քրիստոսիդ բացի:
 Անձս անխնայ չարչարեցի,
 Մարմնիս նկատմամբ սէր ցոյց չտուի,
 Հին արմատներն ի տես հանեցի,
 Բնութեանս կարիքներին չընդառաջեցի,
 Միաբանութեան կապը նրանց հետ խզեցի,
 Սրտիս դղեակը քանդեցի,
 Որսացուած կամքիս հետ, իբրեւ մահուան դարանակալի հետ, կռուեցի,
 Պահուստն անյայտ իմ մեղքերի արտաքս հանեցի:
 Մթերուած ախտերի գանձը մեծիդ առջեւ դրեցի,
 Դատախազին դատաւորի հանդէպ կանգնեցրի,
 Ապառնիների փորձն այժմից առա,
 Կործանողի հետ դաշինքն իմ բեկանեցի,
 Խաբեբայի հետ ուխտս խափանեցի,
 Մարտի յաղթական աւարտը,
 Յիսուս, քե՜զ վստահեցի,
 Ռազմիկ գնդերը շարժման մէջ դրի,
 Հարձակումներին դիմադրելու յոյսն Աստծոյ խօսքի վրայ հիմնեցի,
 Խաւարասէրների փաղանգը` լուսեղէնների զէնքին մատնեցի:

Բ
 Եւ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Քրիստոս,
 Որդիդ բարձրեալ Աստծոյ,
 Մի՛ մեղադրիր ինձ` դատելով խստիւ մեծ օրն հատուցման,
 Ինձ, որ ա՛յժմ արդէն պարսաւուած եմ խիստ խօսքերով այսպէս
 Եւ ստացել եմ գանակոծութեան այսքա՜ն հարուածներ:
 Ուրեմն, հզօ՜ր անքնին, անճառ. բարերար թագաւոր անմահ.
 Այսպիսի ամօթալից ինքնապարսաւ խոնարհութեանս համար,
 Որով ինքըս ինձ անողոք կերպով դատափետեցի,-
 Նվագներով այս մատեանի,
 Ծածկիր՛ սատանայի դէմքն ամօթի անարգանքով
 Եւ խաչիդ նշանով զօրացրո՛ւ երեսն ամօթահարիս:
 Լուսեղէն կնիքդ տեսքիս գեղեցկութեանը թող միանա,
 Նշանդ ամրութեան թող որ դրոշմուի իմ կերպարանքին,
 Թող կենաց փայտիդ ձեւը պատկերուի այտերիս վրայ,
 Արուեստն հրաշքներիդ որպէս շուք թող որ տպուի ճակատիս,
 Թո՛ղ չաղաւաղուի քո լուսապաճոյճ դրոշմն ինձ վրայ,
 Աչքիս բիբերից թող չվերցուի ճաճանչդ օրհնութեան,
 Չհեռացուի գլխիցս քո վստահութեան առհաւատչեան,
 Տյառնագրութեանդ փառքը բերանիս ամուր սեմերիցն թո՛ղ չսասանուի,
 Երկրպագելի պահպանակդ թող միանա սրտիս զգայարանքին,
 Գոյակցութեանս չորս նիւթերի մէջ քառաթեւիդ լո՜յսը թող թափանցի,
 Փրկչիդ իշխանութիւնն օժանդակի թող կարկառուող ձեռքիս,
 Մատուցման համար ստեղծուած մատներիս
 Համարձակութեան խորհրդարանդ թո՛ղ բարեգործե:

Գ
 Աշխարհից մեկնելիս` սրբութիւնդ ինձնից թող չհեռանայ,
 Երբ պատանեն պարտապանիս` պատիւս թող չպակասի,
 Փրկութիւնդ անդաւաճան թող չլքի հոգիս,
 Ու չջնջուեն քոնը համարուող շնչիցս գրերն կենդանատուիդ,
 Զօրեղ արիւնիդ նկարը թող չեղծուի խորանից իմ աստուածատիպ,
 Եւ բնակուի ինձ հետ գերեզմանիս մէջ:
 Թշուառ մարմնիս մաշուելուց յետոյ շնորհիդ օծումն ինձ մօտ թող պահուի,
 Որ նորոգութեան օրը նրանով ես ներկայանամ փառաց փեսայիդ,
 Ճանաչուեմ թող ես այդ նշաններովդ ու վաստակներովդ պճնուեմ,
 Ու մեծագոյնիդ երախտիքներով գնահատուե՛մ թող,
 Եւ ողորմութեամբդ քաւուած` աւազանի զգեստով պերճանա՜մ,
 Տո՛ւր ինձ, բարեգութ, վերարկուդ անապական,
 Որ տառապում եմ մարմնիս մեղքերով:
 Թող որ քոնոնց դէմ չելնի՛ բանսարկուն,
 Հոգիս հնացնողը թո՛ղ ոչնչանա,
 Խաւարաբնակների խաբկանքները թող հանդէս չգան,
 Թող քո անունով օրհնուի, գթա՛ծ, վիհն իմ հանգստեան,
 Թող ողորմութեամբդ լցուի լիուլի գուբն իմ գերութեան,
 Թող որ քեզանով ընդարձակուի տեղն իմ թշուառութեան,
 Թող խաղաղ լինի, խնամո՛ղ, ինձ համար բանտը բարկութեան,
 Թող արգանդը մութ` սնի ինձ իր մէջ յանուն յարութեան,
 Յոյսովդ թող ինձ իր մէջ ամփոփի տունը անձկութեան,
 Թող ես քո ձեռքով պահուեմ խշտեակում այդ տարտամութեան,
 Թող որ ընդունուեմ ես քո թեւերով տագնապի տան մէջ,
 Եղի՛ր դու, գովեա՜լ, ինձ հետ վտանգով լեցուն սենեակում,
 Աւա՜ղ ինձ այստեղ բիւր-հազար անգամ,
 Զի երբեմն վերնային էի եւ այժմ անդնդային,
 Տօնելի երբեմն եւ այժմ եղկելի:

Դ
 Բայց եւ դու դարձեալ օրհնուած ես բոլոր արարածներից`
 Երկնայիններից, երկրայիններից եւ մեռելներից սանդարամետի,
 Անպարտականդ այս տարագրութեան:
 Ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացայ, ե՛ս յիմարացայ,
 Ե՛ս պարտուեցի եւ դարձա խոտան:
 Ե՛ս վհատուեցի, ե՛ս կարկամեցի եւ կործանուեցի.
 Ե՛ս մոլորուեցի, ե՛ս մատնուեցի, ե՛ս մերժուեցի.
 Ե՛ս խորթացայ, գերուեցի եւ գայթակղուեցի.
 Ե՛ս նզովուեցի, ե՛ս թշուառացայ, հարբեցի եւ վատթարացայ,
 Ե՛ս ընկղմուեցի, ե՛ս խաբուեցի, ե՛ս անօրէնացայ.
 Ե՛ս ապականուեցի, մահացայ եւ իսպառ եղծուեցի:
 Այս բոլորի մէջ դու չարութեան մատ չունես,
 Մնում ես դու միշտ միա՜յն ու միայն անփոփոխ բարի:

Ե
 Երբ կամքդ ինձ հետ է` խաւարը ճառագայթ է ինձ համար.
 Յոյսիդ ճրագն երբ կայ, գիշերն արշալոյս է.
 Հաղորդուելով մարմնիդ` կասկածների ամօթանքից զերծ կլինեմ.
 Իսկ ես ինքս ինձ կենդանի չեմ համարում, յիշելով վախճանն անխուսափելի,
 Եւ ոչ էլ կորած եմ կարծում ես ինձ,
 Քանզի անկասկած հաւատում եմ ես նորոգման հրաշքին:
 Կեանքիդ դուռն առջեւս համարում եմ փակ` իմ անքաւելի մեղքերի համար,
 Բայց ես տեսնում եմ միաժամանակ դրախտն իմ առջեւ բաց,
 Որ աւետում է փրկութիւնդ ինձ:
 Քանզի ո՛չ այնքան վհատութեան գոյժն է տագնապեցնում,
 Որքան փրկութեան համար կարկառած ձեռքդ է խրախոյս քաջալերական:
 Ուստի, տո՛ւր դու, Տէ՜ր, տո՛ւր ողորմութիւն
 Գոհաբանութիւն կարդացող բոլոր բանականներին,
 Օրհնեա՜լ յաւիտեան. ամէն:

ԲԱՆ ԿԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Արդ, ով որ առնի այս համեստ մատեանի մաղթանքների սպեղանին,
 Նրանով աղօթելու համար, եթէ այդպիսին մեղաւոր է մի`
 Ե՛ս էլ թող նրան մասնակից լինեմ իմ այս խօսքերով.
 Իսկ եթէ երբէք լինի ոմն արդար այր աղօթարկու,
 Ես էլ նրա հետ թող այս մատեանով գտնեմ գթութիւն:
 Եւ ապա, եթէ այդպիսին իրեն զգա երջանիկ, ինձ համարելով միայն եղկելի,
 Այդ նոյնը նաեւ հաստատում եմ ե՛ս,
 Բայց նա էլ յիշի թող Սողոմոնին եւ այս հոգեշունչ խօսքերը նրա,-
 "Ո՜վ վստահօրէն կարող է ասել, թէ ունի սուրբ սիրտ,
 Եւ կամ պարծենալ, թէ մաքուր է մեղքերից".
 Եւ թէ` "Չի եղել երկրածին մի մարդ` զերծ իրեն համար պատասխան տալուց".
 Ինչպէս եւ ոչ ոք` յաղթող համարուած` ինքնարշաւ վազքով,
 Եթէ մինչեւ իսկ ունենայ թեւեր նա բարձրաթռիչ:
 Ուստի նաեւ նա՛ թող զգուշանա, երկիւղ կրելով,
 Որ հաստատ վէմի վրայ է նոյնիսկ,
 Պօղոսից ուսած.
 Որպէսզի միգուցէ գետին ընկնելով`
 Նմանուի այս իրաւադատ կանոնը սահմանողին:
 Այլ նոյնիսկ եւ նա՛, որ մաքուր է, թող այս կշտամբանքը դաս անի իրեն,
 Չիջնելու համար անխոհեմ կերպով իր բարձրութիւնից.
 Իսկ պատժապարտն էլ թող ընդունի այն` առիթ ազատութեան:
 Որով հոգեւոր մահուան կործանումից վեր բարձրանալով` ապրի լիայոյս:
 Իսկ ինձ համար այս պատգամները թող լինեն փորագրուած արձանագրութիւն յաւերժ անեղծանելի,
 Որ իմ եղկելի եւ մահկանացու անձի փոխարէն`
 Հեծութեան, լացի անդադար հնչմամբ, առանց լռելու միշտ աղաղակի:
 Եւ թող որ լինի, որ բեկբեկուած ոսկորներս հողապատեան շիրմի ծածկոյթի տակ
 Անմռունչ ձայնով` խոստովանական այս աղօթքներս եղանակեն.
 Ինչպէս եւ հողում լուծուած մարմինս անլուր բարբառով
 Այս պաղատանքներս թող որ առաքի քեզ` ծածկատեսիդ:

Բ
 Տէ՜ր գթութեանց, աղբիւր ողորմութեանց, պարգեւաբաշխ բարի,
 Որդիդ բարձրեալի Տէ՛ր Յիսուս Քրիստոս,
 Ողորմի՛ր, խնայիր, մարդասիրիր,
 Նայիր վշտերիս եւ տե՛ս սրտաբեկութիւնս,
 Խոնարհուի՛ր թշուառութեանս վրայ,
 Տե՛ս տարակուսական տագնապս անձեռնհաս,
 Կարեկից եղիր ի կորուստ տանող ցաւերիս մէջ ինձ,
 Շոշափի՛ր բժշկապէս վէրքերն իմ թշուառագոյն,
 Ականջ դիր քաղցրութեամբ ողորմագին հեծեծանքներիս,
 Լսի՛ր գերեզմանի խորունկ անդունդից հնչող անմռունչ հառաչանքներս,
 Թող քո ամենալուր ականջներից ներս մտնի
 Հիւծուած անդամներիս ձայնը պաղատագին:
 Եւ քանզի անապական է կենդանութեանս գրաւական հոգին,
 Ուստի թող անփոփոխ լինի սիրոյդ գթութիւնը նաեւ,
 Կցորդ եղիր դու հեզութեամբ` տկարութեանն իմ տաժանելի:

Գ
 Մեռեալ պատկերիս դէմ ոխ մի՛ պահիր,
 Անշունչ կերպարանքիս հետ մի՛ մտնի դատաքննութեան,
 Մահով տանջուածիս դու նոր հարուածներ մի՛ աւելացնի,
 Կոտրուած խեցեղէն անօթիս հետ մի՛ մարտնչիր ուժգնութեամբ,
 Վճռով խոշտանգուածիս վրայ մի՛ բարկանայ կրկին,
 Կործանուած շինուածքիս մի՛ տար նոր պատուհաս,
 Սպանուած շանս վրայ քարեր մի՛ արձակիր,
 Ջախջախուած լուիս վրայ մի՛ որոտայ սաստկապէս,
 Անարգ հողիս դէմ իբր անբարհաւաճի` մի՛ մռնչա ուժգին,
 Մոխրիս մերժելի մի՛ կանչիր դատաստանի քննութեան,
 Ցնդելի փոշուս մի՛ համարիր դու քեզ ընդդիմամարտ,
 Տիղմս տաղտկալի մի՛ կարծիր դու քեզ որպէս ոսոխ,
 Գարշութեանս անգոսնելի մի՛ վանիր իբրեւ բռնամարտիկի,
 Դուրս շպրտուելիք կոճղիս մի՛ պահիր գեհենի համար որպէս վառելիք,
 Այսքան խօսքերով բազմաթիւ անգամ կշտամբուածիս
 Դու էլ վերստին մի՛ յանդիմանիր:

Դ
 Սրանք են ահա այն սրտաբեկիչ ու հոգնաթախիծ աղաչանքները,
 Որոնք իմ թշուառ ու խաւարարգել շիրմից պիտ հնչեն.
 Եւ թող քո օրհնեալ խօսքը հաստատի, թէ աղօթողիս սրտի համաձայն
 Պիտի մնամ ես անայլայլելի:
 Քանզի հիմա էլ, մինչդեռ խօսում եմ դեռեւս կենդանի`
 Մեռած եմ արդէն անհասիդ համար.
 Ինչպէս եւ մահվամբ կոչելիս անգամ
 Անեղծ կմնամ ես իմ հաւատքով, ըստ հրամանի ամենազօրիդ:
 Արդ, աղաչում եմ, Տէր Յիսուս Քրիստոս, ողորմութեամբ նայիր դու ինձ
 Եւ մի՛ թողնի, որ բնակակից լինեմ Բելիարին:
 Թշվառիս թաղման ժամանակ, տապանի անկենդանական թնդիւնը մահազեկոյց,
 Որպէս աղաղակ լալահառաչ` քեզ ինձ հետ հաշտեցնող,
 Արժանացրու քո լսողութեանը, միա՜կ բարեգործ,
 Հոգեսէր, հզօր եւ մի՛շտ մարդասէր.
 Եւ քո բարի հոգին թող բնակուի ինձ հետ, լոյս տալով ինձ խաւարի մէջ,
 Թող մնան ինձ հետ քո կենարար չարչարանքների մասունքները պաշտելի,
 Որպէսզի, իբրեւ գանձարանի աւանդ, պահելով ինձ քո մէջ, կենսանորոգեն.
 Որպէս զինուորական սարք անվատնելի թող պատկանեն ինձ
 Ու մնան ինձ հետ իբրեւ մնայուն պարսաքարեր` հոգու հնարքների,
 Չարի գնդերը հալածելու համար:
 Նրա իմ դէմ մղած մարտը թո՛ղ քեզանով վանուի, Տէ՜ր,
 Զի եթէ նա ելնի իմ դէմ պատերազմելու,
 Տեսնելով քաղաքն առանց զինուորի եւ ազդարարող գործիքը` անձայն,
 Քե՜զ կունենամ, Տէ՛ր, անքուն պահապան մշտնջենապէս:

Ե
 Զի եթէ շտապի չարն այժմ եւեթ, առաջ քան օրը կատարածի,
 Եւ պատրաստի ինձ համար անելանելի արգելարան,
 Ես տէրունական աղօթքն իմ կուղղեմ նրա դէմ, որպէս մահացու հարուած.
 Եթէ կարենայ ինձ գցել գետին,
 Արարչին արած իմ ծնրադրութեամբ նրան կխոցեմ.
 Եթէ յաջողի երկրի մոխրի մէջ գլորել նա ինձ,
 Աստծոյ երեսնիվայր ընկնելը թող հալածի նրան.
 Եթէ տանջալից ցաւեր նիւթէ ինձ,
 Աշխարհի փրկչի քրտինքը առատ արեամբ շաղախուած` թող նեղի նրան.
 Եթէ շունչս նա պատանդ վերցնի, որպէսզի բարի ճամփով չընթանամ`
 Ամենաստեղծի կապանքը թող ինձ ազատ արձակի.
 Եթէ բռնադատի ինձ ուրանալու լոյսի պարգեւները,
 Համբերութիւնդ` աստուածամարտների հայհոյութեան դէմ`
 Թող որ նրան էլ նրանց հետ մէկտեղ պապանձեցնի.
 Եթէ գաղտնապէս հարուած հասցնող զէնքերի նետեր արձակի վրաս,
 Կապարճների հօր շքեղ աղեղի խոցող սլաքը թող դիպչի նրան.
 Եթէ խաւարած լոյսի շղարշով անամօթաբար աչքիս մէջ մտնի,
 Ամենակատարեալի ծածկուած գլխի կռփահարումը թող տանջի նրան.
 Եթէ մոլեգնի ձեռքիս վստահութիւնը կաշկանդել,
 Թող ստեղծողի ձեռքը տրուած եղեգնը չարչարելով նրան լռեցնի.
 Եթէ անամօթ ծաղր ու ծիծաղով ինձ հետ կատակի,
 Ամենազօրի` ծաղրանք տանելը թող հեգնի նրան.
 Եթէ պէս-պէս հուռութքների բժժանքով խորամանկի,
 Հզօր Աստծոյ երեսին տրուած ապտակը նրան ամաչեցնի թող.
 Եթէ գիշերուայ մութը իջնելիս խաբեութեան խաւարով կռուի լկտիաբար,
 Տէ՛ր, լոյսիդ պայծառ ճառագայթման հետ` թող խայտառակուի.
 Եթէ հաւակնի, թէ կկարենայ փորձութիւնների արեգակնակեզ
 Վատնիչ խորշակի կեսօրուայ տապով ինձ բոլորովին արմատից խախտել,
 Թող քո լուսեղէն նշանի զօրութեամբ արմատախիլ` չորանա.
 Եթէ փորձի նա փչումով տրուած շնորհից ինձ զրկել,
 Այն թուքը, որ մեղաւորիս փոխարէն քերոբեների տէրն ընդունեց,
 Թող ամօթահար անի նրան:

Զ
 Եթէ կծոտող ժանիքներ ցոյց տայ ինձ,
 Երկնաւորի բերանի լռութիւնը թող նրան պապանձեցնի.
 Եթէ ցանկական խայթուածքներ պատճառի հոգուս,
 Ամենաստեղծին զարնուած բեւեռները նրան կսկծեցնե՛ն թող.
 Եթէ անիրաւ խորհուրդների ճանապարհով ինձ մոլորեցնի,
 Անհասանելու ոտքի մեխերը թող նրան կապեն.
 Եթէ հարբեցնի ինձ դժնաբարոյ հրապոյրներով,
 Թող բարերարին տրուած լեղիով խառնուած քացախը նրան դառնացնի.
 Եթէ ծառի առաջին պտղի ճաշակման մէջ գտնի ինձ,
 Խաչի սոսկալի խորհուրդով բռնուած` թող ի՜սպառ դատապարտուի.
 Եթէ Տիրոջ հրամանին հնազանդուելու դէմ ընդվզել սովորեցնի ինձ,
 Անսահմանելու պարանոցի բերումն թող կործանի նրան.
 Թէ սատակամահ անելու համար հալածի նա ինձ եւ վիրաւորի,
 Ադամին ստեղծողի կողքը մխուած ահագին տեգը թո՛ղ պատռի նրան.
 Եթէ դժոխային վշտերի երկունքներով պաշարի նա ինձ,
 Ամենակալի պատանքի կտաւը թող կաշկանդի նրան.
 Թէ խարդախութեամբ փորձի ինձ մահուան յատակը ձգել,
 Մահուան վէմի մէջ կենդանի Աստծոյ բնակուելը թող նրան մեռցնի.
 Եթէ մարդկային իմ գայթակղութեան վրայ նա խնդա,
 Թող կարկամ կամքով կորանայ կրկին.
 Զի Աստուածն անմահ յարութեան փառքով`
 Բոլոր մեռելներին նորոգեց իր հետ:
 Թէ հազարամեայ փոքր կապանքի լուծումով բերկրի,
 Բայց թող որ իսկոյն դողայ վերստին
 Անվերջ-անվախճան տանջարանի մէջ սաստիկ կաշկանդող յուսկ շղթաների անզերծ տագնապից
 Եթէ առաջին իսկ հարուածի հետ նա դժուարանայ,
 Մեծ դատաստանի մեծ օրը ահեղ, կորստեան գո՜յժը թող տրուի նրան`
 Նրա եւ իր հրեշտակների համար պատրաստուած անշէջ գեհենով:

Է
 Իսկ ինձ, որ քեզ եմ ապաւինել,
 Տէ՜ր Յիսուս,
 Միակ թագաւոր, ինքնակալ, զօրեղ, արարիչ երկնի եւ երկրի,
 Եւ նրանց մէջ եղած բոլոր զարդերի,
 Ինձ, որ աչքս քո գալստեանն եմ յառել
 Եւ փրկչիդ ողորմութեանն եմ սպասում յոյսով,
 Քո ոտքն եմ ընկնում եւ համբուրում եմ հետքերը գարշապարիդ,
 Պարտութիւնս եմ խոստովանում եւ մեղքերս հրապարակում,
 Կշտամբանքների քարերով ծեծկւում եմ եւ սրտիս հառաչանքներով այրւում,
 Խղճիս խայթերով խոցոտւում եմ եւ շնչիս բոցով տոչորւում,
 Այրւում եմ արցունքներիս աղի ցողով ու երիկամներիս կսկծանքով կիզւում,
 Յուսակտուր հոգով ցամաքում եմ եւ դառնաշունչ հողմով մարում.
 Թախանձանքի խօսքերով երերւում եմ եւ կողկողագին հեծութեամբ դողում,
 Տաժանելի տանջանքներով տուայտում եմ եւ հոգուս տագնապներով տատանւում,
 Մրրիկների կոծով ծփում եմ եւ ալիքների բախումից սասանւում,
 Ի լուր համբաւի սարսում եմ եւ վախի յիշատակով` կորչում,
 Ատեանի տեսարանով հալւում եմ եւ մեծիդ սպառնալիքներով մեռնում,-
 Լսի՛ր, բազմագո՜ւթ, քաւիչ, մարդասէր եւ երկայնամիտ,
 Քաղցրութիւն անճառ, օր բարի եւ տիւ տենչալի,
 Զի կարող ես դու ամէն ինչի մէջ
 Ինչպէս եւ վերջին շունչս փչելիս ինձ փրկագործել:
 Քեզ Հօր եւ սուրբ Հոգուդ հետ փա՜ռք յաւիտեանս. ամէն:


ԲԱՆ ԿԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ սակայն Քրիստոս Աստծոյ իրաւունքի խօսքը արդարացի է յոյժ իմ նկատմամբ,
 Քան սատանայի, որ սկզբնահայրն է չարիքների.
 Քանզի յայտնուեց նա նրա համար, որպէսզի քանդի գործերը նրա,
 Իսկ ինձ համար, որպէսզի իմ հնացած պատկերը նորոգի
 Աստծոյ կերպարանքով,
 Առնելով մեր իսկ նմանութիւնը կատարելապէս
 Եւ միացնելով իր բնութեանը խառնուածքը մեր:
 Բազում շնորհներից ոչինչ չտուեց նա սատանային,
 Այնինչ ինձ վրայ հեղեց առատօրէն.
 Նրա համար երբէք չչարչարուեց,
 Իսկ ինձ համար զոհւում է նա հանապազ.
 Սատանան անհաղորդ է կեանքին,
 Իսկ ես փրկութիւն եմ վայելում միշտ.
 Նա հալածուած է խաչով,
 Իսկ ես զօրացած եմ այդ նո՛յն նշանով.
 Նա մերժուած է լոյսից,
 Իսկ ես միացած եմ նրա փառքի հետ.
 Նրան երկրի վրայ անգամ հանգիստ չխոստացաւ,
 Իսկ ինձ երկինքը տուեց սեփականութիւն.
 Կտրեց նրա յոյսի առհաւատչեան,
 Եւ իմը հաստատեց առանց խզելու.
 Նրան խոզերի երամակում արգելափակեց,
 Եւ իմ մէջ ի՛նքը զօրացաւ.
 Կարիճների հետ համեմատեց նրան,
 Եւ ինձ ճառագայթ յայտարարեց.
 Սողունների նմանեցրեց նրան,
 Եւ ինձ իր անունով կնքեց:

Բ
 Իսկ ես լքեցի երախտիքն այսքան բարիքներ անող Աստծոյ
 Եւ չարին հետեւեցի` նրա հետ մէկտեղ դժոխքի յատակը հայելու համար:
 Ուստի արժան եմ բարիքների ապերախտս անշնորհակալ եւ անընդունակ սիրո,
 Մեղքի պարանով եմ ձգուած` երիկամունքիցս խոցուած խորապէս.
 Ճիւղակոտոր ծառ եմ արմաւենու,
 Քացախացած գինի, հեղեղուած ցորեն,
 Ջնջուած մուրհակ, պատռուած վճիռ, աղաւաղուած կնիք,
 Ձեւ այլափոխուած, վերարկու կիզուած, կորած ըմպանակ,
 Ընկղմուած նաւ, մանրուած մարգարիտ, սուզուած անգին քար,
 Տունկ եմ գոսացած, նեցուկ խորտակուած, փայտ իսպառ փտած,
 Խամրած մանրագոր, փլատակուած տուն, խարխլուած խորան,
 Բոյս արմատախիլ, ձէթ` թափուած աղբոտ հրապարակում,
 Մոխրակոյտերի վրայ հոսած կաթ,
 Քաջերի գնդում մահապարտ եմ մի:

Գ
 Զի անձն իմ ողբալի, Բաբելոնի առակի համաձայն` մարգարէներից ասուած`
 Երուսաղէմի հետ եւ նրա նման յորդոր լսեց միշտ եւ չխրատուեց:
 Պատճառն ա՛յն է, որ այստեղ անգոսնուած եմ, այնտեղ` խայտառակուած,
 Այստեղ պարսաւուած եւ այնտեղ կշտամբուած,
 Այստեղ ծաղրուած եւ այնտեղ նախատուած,
 Այստեղ անարգուած եւ այնտեղ յանդիմանուած,
 Այս կողմը ապշած եւ այն կողմը` լքուած,
 Այստեղ հեծութիւն, այնտեղ հառաչանք,
 Այստեղ կասկածներ եւ այնտեղ վախճան,
 Այստեղ վախ ու վիշտ եւ այնտեղ հատուցում,
 Այստեղ արկածներ եւ այնտեղ դատաստան,
 Ուր ո՛չ խօսելու իրաւունք կա եւ ո՛չ պաղատելու,
 Ո՛չ օրերը թիւ ունեն եւ ո՛չ ժամանակը վախճան,
 Ո՛չ յոյսի կամուրջ եւ ո՛չ ողորմութեան դուռ,
 Ո՛չ աջ պաշտպանող եւ ո՛չ օգնող ձեռք:

Դ
 Սակայն ապաւէն ես դու, դու ինքդ փրկութիւն,
 Դո՛ւ այցելութիւն, դու քաւութիւն, դու երանութիւն,
 Դո՛ւ ես բժշկում, դու ես ողորմում, միա՜յնդ հզօր,
 Կենդանի անճառ, Տէր Յիսուս Քրիստոս բարերար Աստուած,
 Օրհնեա՜լ, օրհնեա՜լ եւ դարձեալ օրհնեալ,
 Յաւէտ բարձրացած քո սուրբ Հոգու հետ
 Մեծիդ իսկակից Հօր փառքի համար`
 Յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ԿԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, յիշելով ահարկութիւնը վերոգրեալների,
 Որոնք Աստծոյ կողմից ինձ հասած սպառնալիքներ են ահագնապէս,
 Ինչպէ՞ս դադարեմ նոր ողբերգութեան տողեր հիւսելուց,
 Եւ կամ ինչպէ՞ս ցամաքեն հեղեղներն արցունքիս:
 Զի եթէ քառավտակ գետերի ճիւղաւորումները բոլոր,
 Որոնք յորդահոս ծաւալուելով ոռոգում են ողջ եդեմն ու երկիր,
 Լիառատ, լրիւ բաւականութեամբ ջուր տալով նրանց,
 Իրենց ուղխերով ու ակունքներով աչքերս լցուեն, -
 Չեն կարող երբէք զովացնել սաստիկ բոցն իմ մեղքերի:
 Կամ եթէ նոյնիսկ, ըստ մարգարէի ըղձականութեան,
 Գլուխս լցուի ջրերի առատութեամբ,
 Եւ տեսողութեանս ճրագարանները աղբիւրներ կայլակեն`
 Չեն կարող չափել վշտերն անպատում կոտրուած հոգուս.
 Եւ ոչ էլ սրտով կարեվեր խոցուած, եղերապատում բանահիւսութեամբ
 Լալկան կիների ջայլերը բոլոր` կարող են ցաւերս
 Ու աղէտներս երգի վերածել եւ կամ նուագել ձայնով ողբական:

Բ
 Ի՛մ արշխարհ գալու օրն է նզովուած եւ ոչ թէ Յոբի կամ Երեմիայի.
 Զի տօնելի է նրանց ծննդեան օրը բարեբախտ եւ ո՛չ մերժելի,
 Եւ աշխարհն ամբողջ չարժէ նրանցից թեկուզ եւ մէկին:
 Ապա ուրեմն ինձ է վերաբերում նրանց անիծած օրը,
 Երբ ես` անարժանս լոյսի եւ ամէն տեսակ բարիքի` աշխարհ եմ եկել,
 Դառնալով այստեղ կորստեան որդի եւ մահուան դրկից,
 Մշակ մեղքերի եւ արբանեակ անօրէնութեանց:
 Եղո՜ւկ ինձ, զի ես չմնացի հաստատ կեանքի այն ուխտին,
 Որ, ո՜վ բարերար, դո՛ւ սահմանեցիր:
 Չհետեւեցի քո կենդանարար եւ անմահացնող պատուիրաններին,
 Չաշխատեցի ես արմտիք հնձել,
 Որ խռովալից ձմռան օրերին ուտեստ ունենամ.
 Ո՛չ ամուր պատեր կառուցեցի ես եւ ոչ էլ ձեղուն կապեցի յարկիս,
 Որպէսզի մրրկաշունչ քամիներից պաշտպանուեմ:

Գ
 Երկար ճանապարհի համար նշխար մի պաշար ես չամբարեցի,
 Որ դարմանէի տագնապը սովի.
 Աղերսագին աղօթքներ չպատրաստեցի քեզ համար,
 Որոնցով քո առաջ ելնել համարձակուեցի.
 Չհաւաքեցի փրկութեան պաշար մաքրակեաց վարքով,
 Որ նորոգութիւնս երաշխաւորեր.
 Աշխարհում հաշիւս ճիշտ չբռնեցի իմ մատնիչի հետ,
 Որ դատաւորի ձեռքից այժմուանից իսկ պրծնէի.
 Օրհնալիր ձեռքով չներկայացայ,
 Որով սրբուելով մասնակից լինէի օրէնսդրին.
 Ո՛չ դէմքս պահպանեցի, ո՛չ էլ թիկունքս պատսպարեցի,
 Ո՛չ աջ ձեռքս զէնք առայ եւ ո՛չ էլ ձախս` վահան,
 Որ պատերազմում մնայի անվտանգ,
 Զրահ չհագցրի երիվարիս, ոչ էլ մարտիկներիս սպառազինեցի,
 Որ կարենայի ճակատ յարդարել.
 Վաղահաս պտուղը չքաղեցի, եւ ուշհասուկին չժամանեցի
 Եւ ահաւասիկ շուարել եմ ես բարիքներից զուրկ:
 Չունեմ մաքրութեան ծաղիկ եւ ոչ էլ իւղ ողորմութեան,
 Եւ գիշեր է մութ, մռայլ ու անշող.
 Մահուան նիրհով եմ քնել ես,
 Եւ կոչողի փողի տագնապն ստիպում է ինձ.
 Զարդը հարսանեաց մերկացրի կրկին եւ ձէթը վարքի լքեցի դարձեալ
 Եւ հարսանիքի դուռն ահաւասիկ փակւում է:

Դ
 Եւ արդ, այսքա՜ն վշտերի մէջ ես ինչպէ՞ս մխիթարուեմ,
 Կամ խաւարամած տարակոյսներիս կենսաւետ յոյսին որքա՞ն լոյս խառնեմ.
 Եւ կամ ո՞ւր արդեօք ոտքս հաստատեմ,
 Ո՞ր վստահութեան աչքերս յառեմ,
 Եւ կամ ո՞ւր տեսնեմ անդորրութիւնը իմ ծփանքների,
 Կամ ո՞ր ըղձալի հանգստութեանը ձեռք կարկառեմ:
 Եթէ երկնքի բարձր ձեղունին պարզեմ ձեռքս ես,
 Այնտեղից տեղաց հուրը Սոդոմի, ինչպէս ասուած է:
 Իսկ եթէ երկրի խորունկ յատակին`
 Նա՛ բացեց երախն իր հափշտակիչ ու կուլ տուեց Դաթանին`
 Աբիրոնի բանակներով:
 Եթէ հանդգնեմ փախչել բռնողից`
 Գուցէ բռնի ինձ վիշապն ահագին:
 Գազանների հետ եթէ թափառեմ`
 Նրանք առաւե՜լ շտապեն պիտի արարչի վրէժն ինձնից առնելու,
 Քան մի ժամանակ Եղիսէինը`
 Բեթելացի մատաղատի քրմորդիներից:
 Եթէ աչքս ամենատարած օդի պարզութեանն յառեմ`
 Եգիպտացոց համար շոշափելի խաւար դարձաւ այն.
 Թէ թռչուններին` բարձունքում ճախրող`
 Մորթուած զոհերի արիւնաբոսոր դիերն ուտելու են կոչուած նրանք:

Ե
 Տկարների դէմ եթէ խիզախեմ`
 Կսպառուեմ պիծակներից, եւ ինձ ի՞նչ պէտք են առիւծներ այլեւս:
 Պատառօտող արջերից եթէ ճողոպրեմ`
 Արիւնածարաւ մժեղները ինձ պատահեն պիտի:
 Եթէ ինչ-որ տեղ ես անհոգ նստեմ`
 Ամենաչնչին մժղուկները վառուող կրակի մոծիրների պէս շուրջս կմաղուեն:
 Միեղջիւրանու եղջիւրից եթէ փախչեմ ու պրծնեմ`
 Մորմոքեցուցիչ մանր մուների ճիրանները ինձ պիտի կեղեքեն:
 Շտեմարանի մի խորշը եթէ թաքնուեմ, կուչ գամ`
 Մեղքի նմանակ գարշ ու տաղտկալի գորտերը պիտի ինձ զզուեցնեն:
 Անդաստաններում եթէ ինչ-որ տեղ գտնեմ ինձ համար ու տեղաւորուեմ`
 Շնաճանճերի տարմերը պիտի իմ շուրջը պատեն:
Մի կողմ եմ թողնում մորեխն ու մարախ - զօրքեր զօրաւոր,
 Ժանգը անկենդան, ուտիճը անտես, թրթուր թունաւոր,
 Ջուր թուացող կարկուտով ու ոչնչացնող եղեամով հանդերձ,
 Որոնք մեր աչքին թւում են թէեւ անզէն ու անզօր, չնչին, չքոտի,
 Բայց եւ Աստծոյ մի ակնարկութեամբ նրանք խիստ գոռոզ եւ ուժգնաբար
 Զարկեցին, դուրս հանեցին ու հալածեցին յաղթականօրէն
 Իր գաւազանով հպարտ եւ ամբարտաւան բռնաւոր Փարաւոնին:
 Սրանք են ահա մահացու խոցող, գաղտնի վնասող, լլկող ու թաքուն
 Տեսակները այն հոգեւոր անտես չարչարանքների,
 Որոնք որպէս պատիժ ուղարկուեցին եգիպտացոց` նրանց անօրէն գործերի համար:

Զ
 Բայց դու, ամենազօ՛ր, արարիչ եւ տէր բոլորի,
 Յաղթող հանդիսացիր թշնամիներիս` հալածելով նրանց.
 Եւ ինձ ողորմի՜ր կրկին գթութեամբ` փրկարար ձեռքդ մօտեցնելով ինձ,
 Որ վարանած եմ եւ տարակուսած, խոշտանգուած եւ մահապարտ.
 Զի դու ես միայն ճանաչւում Աստուած`
 Միշտ փառաւորուած Հօր եւ սուրբ Հոգու հետ
 Յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ԿԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ քանի որ ես, իմ գոյացութեան ամենահնար արուեստաւորիդ`
 Տիրոջդ ու Աստծուդ ձեռքով, քո սիրոյ մէջ, ինչպէս զտող քուրայում,
 Եռում եմ շարունակ ու չեմ պարզւում երբէք,
 Խառնւում եմ միշտ ձուլուելու համար ու չեմ միանում,-
 Ուստի, երկնաւո՛ր դու արծաթագործ, ճարտարապե՛տ իմ,
 Ի զո՜ւր ես հոգնում եւ ընդունայն ես ջանում ինձ համար,
 Ըստ մարգարէի յայտնի առակի` չարութիւնս չհալուեց,
 Եւ ահա, ես ինքս կամովին չարաչար մոլեգնելով,
 Մի ողորմելի եւ դիւահար խելագարի պէս
 Խօսում եմ հանդգնաբար անկարգ` աւելի մեղքերս աճեցնելու,
 Քան թէ հաշտութեան մի ճար գտնելու:
 Եւ որպէսզի հանդերձեալում պատրաստուող տանջանքները
 Չերեւան ինձ անընտել դէպքեր, անսովոր պատահարներ եւ անօրինակ հանդիպումներ,-
 Ընդմիշտ անմոռաց պահեց իմ մարմնում, այստեղից իսկ,
 Նախկին անէծքներից մնացած հազիւ նկատելի հետքերը,
 Որպէսզի փոքր ու չնչին տարրերից մեծին սովորենք:

Բ
 Որովայնի մէջ են առաջանում ինքնաբերաբար ու բազմանում
 Շարժուն ու պէս-պէս ճապուկ ճճիներ,
 Աղիքների գաղտնակուր որդեր, այրող այտուցներ,
 Բշտիկներ բազում բոցի պէս կիզող
 Եւ անկերպարան, անձեւ անիծներ,
 Եւ այլ քրտնածին ու զազրաթորմի`
 Կսկիծ, եռ ու քոր պատճառող անիծ, ե՛ւ լու, ե՛ւ ոջիլ,
 Ու վայրենական այլ ասպատակներ,
 Որոնք գիշերամարտ դեւերի եւ խաւարասէր, զինուած բարբարոս գնդերի նման,
 Եւ արաբական քանասար գայլերի գազանութեամբ,
 Կորակոր ընթացքով, արջնաթոյր գոյնով,
 Կրկնոլոր ու կեռ կտուցով` կարճի խայթոցի նման,
 Խոցելով, ինչպէս դժնիկ փշով` ծծում են, քաշում արիւնը մեր թաց
 Եւ հանգստարան անկողնում չարչարում են մեզ:
 Եւ երբ մէկը իր ձեռքը երկարի նրանց` արժանի պատիժը տալու,
 Զգում են իսկոյն մարդուն պատճառած վնասը իրենց
 Եւ իսկոյն եւեթ, լերկամարմին ու փոքրիկ հասակով
 Թռչում են, կարծես թէ թեւեր առած,
 Եւ մարախի պէս ոստոստելով` այս ու այն կողմ ընկնում,
 Աղուէսների նենգ ու խաբեպատիր բարքի համաձայն
 Փախուստ են տալիս ամէն ուղղութեամբ խորամանկելով
 Մտնում ծակուծուկ, մահուան երկիւղից փրկուելու համար:
 Եւ իրենց չնչին չքոտի տեղով ոչ միայն ռամիկների ու խառնիճաղանջների,
 Այլեւ ահագին հզօր թագաւորների կփախցնեն նրանք,
Կհանեն վերը` դստիկոնը բարձր ապարանքների
 Եւ կամ բացօթեայ կբնակեցնեն:
 Շատ քաջեր անգամ, որոնք իշխեցին ամբոխների վրայ
 Եւ ժողովուրդների տիրեցին, եւ ազգերի քաղաքներ առան,
 Խոստովանում են պարտութիւնն իրենց զօրեղ ձեռքերի,
 Թէ` "Որովհետեւ չկարողացանք մեզանից հզօրների բռնութեանը դիմադրել,
 Այդ պատճառով էլ խոյս տուինք ահա եւ հասանք այստեղ:

Գ
 Բայց ինչո՞ւ եմ ես խօսում այդ չնչին, աննշա՜ն այնպէս ու ծիծաղելի գոյութեանց մասին,
 Նրա համար, որ նրանք զօրաւոր եւ անհերքելի ջատագովներ են աստուածութեան
 Եւ հանդերձեալներն են յիշեցնում ինձ,
 Որոնք անօրէն իմ մարմնի մէջ ծնւում են իբրեւ դառն պտուղներ:
 Դրանց նման են եւ դրսից եկող ախտերն սպանիչ
 Եւ ուտիչների կոյտերն անողոք, որոնցից անհնար է ազատուել,
 Որոնց մեր մարմնին պատճառած ահարկու ցաւերով
 Կարողանում ենք գալիք տանջանքներն իմաստասիրել:
 Եւ կարելի չէ գտնել որեւէ ապաստանարան,
 Որ կարողանանք խոյս տալ նրանցից եւ ազատ մնալ.
 Զի առանց կամքիդ եւ ակնարկութեանդ
 Ի չիք են անցել մարդկային բոլոր ճար ու հնարանք:
 Իսկ դու, բարերա՛ր, կեանքի ամէն դեղ ու դարմանն ունես բաւականապէս,
 Եթէ կամենաս փրկել, նորոգել, քաւել, բժշկել եւ կենագործել:
 Եւ քեզ փա՜ռք յամենայնի յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԱՆ Հ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Ստեղծուածների մէջ անդասելի այս մանրուքներից յետոյ երկրային`
 Խօսքիս ընթացքը բարձրացնեմ պիտի մինչեւ մեծագոյն արարածները,
 Ահաւորի արդար եւ անաչառ գործերի մասին ճառաբանելով,
 Բայց եթէ նոյնիսկ շատ մօտիկ լինեն նրանք Աստծոյ,
 Ինչպէս որ էին նահապետները մեր աստուածամերձ,
 Եւ կամ մաքրագոյն, ինչպէս եղել են մարգարէները,
 Կամ անբծագոյն, ինչպէս առաքեալները,
 Կամ ընտրելագոյն, ինչպէս մարտիրոսները,-
 Զո՜ւր է նրանցից հոգու փրկութիւն յուսալ ինձ համար,
 Եթէ դու, ո՜վ աննուազ բարի եւ անփոփոխ խնամակալութիւն
 Եւ անպակաս ողորմութիւն, ցոյց չտաս ինձ քո մարդասիրութիւնը:

Բ
 Զի եթէ նոյնիսկ Աբրահամին իրե՛ն ձայն արձակեմ,
 Ինչպէս ընչեղի ողորմագին առակն է ինձ ուսուցանում,
 Տապից պապակուելիս անգամ նա մի կաթիլ ջուր չի կարող տալ ինձ,
 Քանի որ նա էլ մարդ է` մարդկային անճարակութեամբ:
 Եթէ Մովսէսին դիմեմ` նա էլ է համակուած դարձեալ նոյն տկարութեամբ,
 Զի անզօր եղաւ փրկել այն մարդուն,
 Որն իր վառելիք ցախի պաշարը շաբաթ օրն էր հաւաքում:
 Եթէ Ահարոնին` նա եւս ուրիշին աղաչելու կարիք զգաց,
 Իսկ եթէ Դաւթին իր բոլոր բարի գործերով հանդերձ` նա էլ չմնաց անմեղադրելի.
 Իսկ եթէ Նոյին, Յոբին դիմեմ ես, կամ Դանիելին`
 Եզեկիէլ մարգարէն նրանց անուններն յիշատակելով,
 Այսպէս խօսեց նրանց մասին`
 Աստծուց ներշնչուած.-
 "Կենդանի եմ ես, ասում է Տէրը, թէ նրանք չպիտի կարողանան
 Ազատել իրենց ուստրերին ու դուստրերին վերահաս բարկութիւնից,
 Այլ միայն իրենք պիտի ազատուեն":
 Իսկ եթէ դիմեմ հաւատքի վէմին` Պետրոսին,
 Քո խնամքներից դոյզն-ինչ խորթացած` նա՛ եւս ենթարկուեց իմ մոլորանքին,
 Թողնում եմ այստեղ յիշել մէկ առ մէկ այն շատ-շատերին,
 Որոնք անձնատուր եղան զանազան տեսակ կրքերի,
 Թէեւ յաւիտեան երջանիկ լինեն:
 Դրանցից մէկն է Հովաս անունով ոմն մարգարէ,
 Որի աստուածառաք սպասաւորութեան մէջ մարդկօրէն գայթակղութիւնը
 Անբացատրելի է մնում շատերին, ինչպէս էլ որ մեկնաբանուի:

Գ
 Եւ քանզի սահմանափակ է մարդկանց փրկութեան կարողութիւնը,
 Նրանք իրենք էլ ողորմութիւն գտան բարերարիդ կողմից եւ ամենակալիդ շնորհիւ զօրացան,
 Կոչուեցին պաշտպանողիցդ եւ հնարաւորիցդ քաւուեցին,
 Ներուեցին աազատարարիցդ եւ անախտականիցդ բժշկուեցին,
 Կենսագործուեցին անապականիցդ եւ նորոգողիցդ լուսաւորուեցին:
 Հետեւապէս, գիտենալով չափն ու սահմանը հողածին բնութեանս,
 Որպէս հարազատ նմանակիցներ`
 Ի վստահութիւն յուսահատներին եւ ի խրախոյս`
 Ահա եւ քեզ եմ դիմում ես միայն,
 Որդի՛դ կենդանի Աստծոյ` Քրիստոս, օրհնեալ ամէն ինչի մէջ:
 Եւս առաւել կճշմարտուեն վերոգրեալ օրինակները,
 Եթէ այստեղ, այս աղօթքի մէջ յիշենք նմանօրինակ
 Եւ այս խօսքն արդար, որ երջանիկ իմաստուններից մէկն է ասել,
 Թէ` "Բարի է Տիրոջ ձեռքն ընկնելը, եւ ոչ թէ մարդկանց.
 Զի, ինչպէս որ մեծ է նա, այդպէս էլ մեծ է նրա ողորմութիւնը":
 Ու թէեւ այս խօսքով Դաւթին էր ակնարկում,
 Բայց երբ որ երեք աստուածային հարուածներ էին առաջադրւում նրան,
 Նա ինքը յօժար, կամաւոր կերպով սատակիչ մահուան դատավճիռն ընտրեց,
 Ընդունելով այն իբրեւ կենդանութիւն, որ Քրիստոսի հաւատքով կաճի եւ կզօրանա,
 Քան թէ միւս երկու այն հարուածները, որոնք տանջում են ու չեն ողորմում:
 Եւ սակայն անյարմար չի լինի, որ ես էլ այդ խօսքից օրինակ վերցնեմ իմ կորած հոգու համար,
 Որ տոչորւում է ապրելու հնար գտնելու տենչով:
 Այսպիսով, սակայն, իմ ողբերգական այս մատեանի մէջ,-
 Առանց որի չի կարելի մօտենալ Տիրոջը,-
 Ես ոչ թէ նուաստացնում եմ փրկուածներին, այլ փրկչի անունն եմ պսակում
 Եւ նրա շնորհն եմ բարեհռչակում բոլորին.
 Ու խոստովանում եմ հաստատ խօսքով, թէ նոյնիսկ նրանք,
 Որոնք շա՜տ բարձր են թռչում իրենց սուրբ վարքի թեւերով,
 Կարօտ են դարձեալ քո ողորմութեան դեղ ու դարմանին:

Դ
 Ուստի եւ ահա, դու կեանք, փրկութիւն ու բժշկութիւն,
 Դու անմահութիւն, լուսաւորութիւն ու երանութիւն,
 Անդորրացրո՛ւ ինձ իմ մեղքերի չարչարանքներից,
 Որպէսզի ինքս ինձ ընդմիշտ մեղադրող հեծութիւնների
 Ձանձրացուցիչ թախանձանքներից հանգստանաս եւ դո՛ւ
 Որ ոչ այլ ինչով, այլ միայն մարդկանց փրկութեամբ ես պարարւում,
 Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ՀԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Երջանիկ եւ փառաւորեալ են սրբերի դասերը,
 Որոնցից ոմանք դոյզն-ինչ գայթեցին թէեւ, բայց աւելի յաճախ հաստատուեցին
 Սասանեցին փոքր-ինչ, բայց վառուած` հոգու շողերով պայծառ`
 Մաքրութեամբ դարձեալ լուսաւորուեցին:
 Մէկը ցոյց է տալիս նրանց խառնուածքի տկարութիւնն հասարակաստեղծ,
 Իսկ միւսը` բնութեան օրէնքին յաղթող վարքն առաքինի, հրեշտակային:
 Ուստի եւ նրանք օրհնուած են Քրիստոսի Հօր ամէնիշխան եւ աստուածային բերանով,
 Եւ ընտրեալներ են հռչակուած, խնկուած ու բարեբանուած,
 Պաշտուած են իբրեւ անդամներ Քրիստոսի,
 Եւ իբրեւ սուրբ Հոգու օթեւաններ են պատրաստուած.
 Չունեն իրենց մէջ խաւարի նշմարներ կամ հետքեր անգամ,
 Այլ անկեղծութիւն են ամբողջովին եւ լուսաւոր արդարութիւն`
 Եւ որքան հնարաւոր է Աստծոյ մարդուն
 Աստծուն նմանեցնել,
 Պարզերես են նրանք եւ վարքով, բարձր ու անխոնարհելի,
 Նրանց կեանքն զգաստ է եւ անըստգիւտ,
 Աստուածպաշտութիւնն ամուր, անհեղելի,
 Ընթացքն արիական եւ անկասելի,
 Ճշմարտութիւնը միատարր եւ անցնդելի,
 Դիմագրաւութիւնը զօրեղ եւ անյաղթելի,
 Տեսողութիւնը պայծառ եւ անապշելի
 Իմաստասիրութիւնը երկնային եւ անկոխելի,
 Պատկերը մաքուր եւ անաղարտելի:
 Նրանց անուններն յիշատակել եւ աղօթքը հայցել`
 Աստուած ինքն էր, որ մեզ սովորեցրեց:

Բ
 Իսկ ես անպէտք եմ ամէն ինչի մէջ,
 Եւ պարսաւելի, որքան հնար է ասել խօսքերով,
 Նիրհում եմ` մինչդեռ արթուն եմ,
 Թմրում եմ` մինչդեռ զգաստ եմ երեւում,
 Բարեպաշտութեանս մէջ գայթակղւում եմ,
 Եւ վրիպում` մինչդեռ աղօթում եմ,
 Ընթանալիս` հանկարծ կանգ եմ առնում,
 Հազիւ արդարացած` մեղանչում եմ,
 Ու դեռ նոր խաղաղուած` վրդովւում դարձեալ,
 Մինչդեռ արշաւում եմ առաջ` դէպի ետ եմ հակամիտում,
 Ու քայլելիս` կրունկիս վրայ դառնում եմ ետ,
 Լոյսի հետ` մի մաս խաւար եմ կցում,
 Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
 Բարիքների կուղի հետ ե՛ւ չարիքներ եմ հիւսում,
 Հազիւ կանգնած` կրկին գլորւում եմ,
 Ծաղկում եմ ու չեմ տալիս պտուղ,
 Ասում եմ ու չեմ գործադրում,
 Խոստանում եմ ու չեմ կատարում,
 Ուխտում եմ ու չեմ վճարում,
 Կարկառում եմ ձեռքս ու ետ քաշում դարձեալ,
 Ցոյց եմ տալիս ու չեմ ընծայում,
 Մօտեցնում եմ ու չեմ մատուցում:
 Վէրքս հազիւ թէ դարմանած` վիրաւորւում եմ նորից,
 Հաշտեցնում եմ ու վերստին խռովում,
 Դատի եմ դիմում հանիրաւի` եւ իրաւամբ դատապարտւում,
 Գրւում եմ եւ իսկոյն ջնջւում,
 Նաւում եմ ու շեղւում գծից,
 Սկսում եմ ու չեմ հասնում հանգստի:
 Հաստատւում եմ եւ սասանւում դարձեալ,
 Լցւում եմ ու կրկին թափւում,
 Շարակարգւում այստեղ` եւ այնտեղ վար հոսում,
 Բարդւում եմ ու տեղնուտեղ վառւում:
 Հիմնարկում եմ ու չեմ հանում գլուխ,
 Վաստակում եմ սակաւ եւ վատնում եմ բիւր,
 Դոյզն-ինչ գանձում եմ ու սպառում անհաշիւ,
 Խրատում եմ ուրիշներին, եւ ինքս անփորձ եմ,
 Սովորում եմ միշտ, եւ ճշմարիտ գիտութեան չեմ հասնում երբեք:
 Մարած չարիքները արծարծում եմ նոյնչափ,
 Քաջալերւում եմ փոքր-ինչ եւ առաւելապէս յուսալքւում,
 Լարւում եմ եւ իսկոյն թուլանում,
 Կարկատում եմ այս` եւ այն պատառօտում,
 Եղինջը հանում եմ եւ տնկում եմ տատասկ:
 Հազիւ վեր բարձրացած` ցած եմ իջնում դարձեալ,
 Մտնում եմ բոյնն իբրեւ աղաւնի ու դուրս գալիս այնտեղից իբրեւ ագռաւ,
 Գալիս եմ սակաւ ինչ սպիտակ եւ գնում եմ բոլորովին սեւ,
 Ասում եմ, որ քոնն եմ ես, եւ սպանողին եմ նուիրում ինձ,
 Հազիւ եմ ելնում քո դէմ-յանդիման եւ ահա թիկունք եմ դարձնում քեզ:

Գ
 Մաքրւում եմ, եւ սակայն դարձեալ մրոտւում,
 Լուացւում եմ եւ աղտոտւում իսկոյն,
 Դաւթի կերպարանքն առած, եւ Սաւուղի գործերն եմ կատարում:
 Շուրթերովս շիտակ եմ խօսում եւ սրտովս ստում,
 Աջ ձեռքովս տնտեսում եմ եւ ձախովս` ցրում:
 Ցորեն ցանելու հետ սերմանում եմ ե՛ւ որոմ,
 Իմաստութեան բարձունքից ի վայր իջնելով, դառնում եմ ես այն, ինչ էի առաջ,
 Հրեշտակ եմ դառնում երեսանց եւ խորհուրդների մէջ դիւանում,
 Ոտքերովս մնում եմ հաստատ եւ մտքովս տատանւում եմ,
 Սուտ ձեւեր եմ առնում եւ իրօք խոտորում եմ,
 Արդարութիւն եմ կեղծում եւ ամբարշտանում եմ գործերով:
 Հեզերի դասն եմ դասւում եւ դեւերի հետ կաքաւում եմ,
 Գովաբանւում եմ մարդկանցից, եւ տեսանողիցդ պարսաււում,
 Հողածիններից երանւում եմ, եւ լոյսի որդիներից աւաղւում,
 Հաճոյանում եմ հետին ռամկին եւ աչքից ելնում մեծ թագաւորիդ:
 Դատաւորի ատեանը թողած` խառնակրօններին եմ աղերսում.
 Վեհերից վռնդուելով` խաժամուժների մէջ եմ սպրդում.
 Արտաքուստ մարմնովս պճնւում եմ, եւ հոգովս` ճայի գոյնով եմ ճանաչւում.
 Մօտենում եմ դաշն հաստատելու, եւ ուխտակորոյս դուրս եմ վտարւում:
 Այսօր մաքուր հոգեկիր` եւ վաղը մոլի խելագար.
 Տէրունի պատուէրը թողած` հետեւում եմ օձի թելադրանքին.
 Արիանում եմ հզօրապէս, եւ ընկրկում եմ վատթարաբար.
 Վերցնում եմ օրուայ ծանրութիւնը, եւ վարձքի ժամին մնում անմասն.
 Խօսում եմ հեռուից ճոռոմ, եւ պատասխանելու պահին պապանձւում եմ.
 Արեւածագին հարուստ եմ երեւում, եւ արեւամուտին դատարկ դեգերում եմ:
 Ծերերի աթոռին բազմած` խելայեղների հետ եմ ընկերակցում.
 Ննջում եմ կասկածներով` եւ արհաւրալից զարթնում զարհուրած:
 Անդաստանները կամքիս հերկում եմ վատթարապէս
 Չարիքների մէջ փութաջան եմ ես` մշտապէս անառակ որդիս,
 Տարագրեալս անդարձ եւ մոլորեալս անզղջում,
 Տրտումս անմխիթար, ինքնագրաւ գերիս,
 Մահուան եւ ապականութեան ծառաս,
 Անողոքելի տանջուածս, մատնուածս անփրկելի,
 Անպատուաստելի կոտրուածս, անարծարծելի հանգածս,
 Անկազդուրելի խորտակուածս, անվերականգնելի կործանուածս:
 Եւ եթէ պէտք է աւելի սաստիկ նախատել այստեղ հոգիս անօրէն,
 Գրում եմ ահա, գրում անխնայ գեհենի խռիւներ պատրաստելով ինձնից
 Ես երկնայինի նոր Ադամի նախանձոտ ծնունդը հանդիսացայ,
 Ինչպէս Կայենը առաջնին` հնին եւ հողեղէնին:
 Ուստի նաեւ ե՛ս այստեղ հոգուս մէջ կրում եմ նշանը ամբաստանութեան,
 Ոչ թէ շնչառութիւնս, այլ կշտամբանքը իմ այս խօսքերի:

Դ
 Եւ արդ, ո՞ւր փնտրեմ փրկութիւնս ես,
 Երբ որ հաւատքի սկզբնահայրը յուսահատութեան վայրում
 Իմ անգթութեան չարիքներն է յիշեցնում ինձ.
 Մարգարէների մեծը խօսքի քարերով է ինձ կոշկոճում,
 Արին բարեփառ` նիզակի սայրով է սատակեցնում ինձ.
 Ճշմարտի պատկերն է բնաջնջում ինձ
 Աքարի հետ,
 Վեհն աստուածարեալ յարագողների վրէժին է մատնում ինձ
 Մարգարէածին տեսանողը ամաղեկացու հետ
 Տիրոջ առջեւ է սպանում ինձ,
 Աստծոյ նախանձաւորը` երկնատեղաց բոցով է սպառում.
 Հնի լրումն ու նորի սկիզբը դատաստանի հեծանոցով է երանում,
 Առաքեալների պետը Սափիրայի հետ է կենաց գրաւում,
 Զարմանալին քննող` հոգով` կեանքի քարոզին մահուան բուրմունք է խառնում ինձ համար:
 Արդ, անաչառ են իմ նկատմամբ նաեւ կաճառներն երջանիկների,
 Որոնք վվերնայնի ուժգին հրամանի սպառազէններն են արիակամ.
 Հրեշտակների հետ նաեւ մարդիկ,
 Տիեզերքի հետ երկրի` ե՛ւ տարերքը,
 Անզգաների հետ ե՛ւ շարժունները,
 Որոնցով ես միշտ դատապարտւում եմ լլկիչ տանջանքների,
 Իբրեւ օրինակ եւ յիշեցուցիչ գալիք սոսկալի չարչարանքների.
 Եւ իմ այս կեանքի անդորրը խաղաղ
 Ինչպէս հողմակոծ փոթորկումներից յաւէտ մրրկուած` միշտ կալեկոծուի:
 Եւ եթէ մէկն իմաստութեամբ քննել ուզենայ
 Եւ հետազօտել մանր ու մեծամեծ եւ բազմատեսակ, զանազանակերպ
 Անթիւ-անհամար լուղակներն ամէն, որոնք խլրտում են երամներով,
 Սուրում-սլանում են եռուզեռով մարմնիս ծովի մէջ,-
 Վկայի պիտի եւ յուսահատի, թէ
 Ճշմարիտ է այն ամէնը, ինչ որ այստեղ գրեցի:

Ե
 Բայց դու, ո՛վ հզօր եւ օրհնաբանուած անմահ թագաւոր,
 Բարի, երկնաւոր, մարդասէր Քրիստոս,
 Կենդանի Աստծոյ Միածին Որդի,
 Բարձրեալ անքնին, քաւիչ ահաւոր եւ անճառելի,
 Սաստի՛ր ձեռքովդ խռովայոյզ հոգուս ծփանքները.
 Դադարեցրու վրդովուած սրտիս մոլեգին հուզման ծաւալումները,
 Զսպիր ամրապինդ սանձահարումով վայրագութիւնը իմ ցնդած մտքի:
 Թող խաղաղուի մեծիդ հրամանով սասանող բուքը ամենավարան,
 Ջնջիր, խափանիր գաղտնի, ուրվային եւ ամօթալի եւ բազմագլխեան
 Անդամներս ողջ այդ երկրակենցաղ հէներին բոլոր,
 Համարիր աղօթք մշտամատոյց` ողորմաղերս տողերն այս նորընծա,
 Որ ողբերգական թախծագին ձայնով կան այս մատեանում:
 Հանիր ինձ մահուան խոր անդունդներից,
 Որպէսզի փրկուած` մարգարէի հետ վերապրեմ եւ ես գեղեցիկ կեանքով:
 Ընդունիր խօսքերն իմ այս անձնադատ խոստովանութեան, որպէս անուշ հոտ,
 Շնորհիր սփոփանք դառն վշտերին ուժգին հեծութեամբ յուսահատուածիս:
 Եւ քեզ` քո Հօր եւ քո սուրբ Հոգով`
 Փա՜ռք, պատիւ եւ իշխանութիւն յաւիտեանս. ամէն:


ԲԱՆ ՀԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Ձե՛զ եմ ասում արդ, ո՜վ մենակեացների խմբեր
Եւ աշակերտներ մենաստանների,
Դուք, որ անբաւ բարի պարգեւների յուսալիցակնկալութեամբ
 Ձեր ձեռքերի մերկ մատներով զինուորագրուած էք Տիրոջը`
 Ձե՛զ ընծայեցի խօսքի խորտիկներով պատրաստուած սեղանն այս ահա,
 Ընդունեցե՛ք աւանդն այս խոստովանութեան` ի նորոգութիւն եւ ի փրկութիւն հոգիների:
 Ճանաչեցե՛ք սրանով մարմնի պարտութիւնը,
 Յիշեցէ՛ք առաքելականի հետ միասին` մարգարէական խօսքերը մեզ ի խրատ,
 Թէ` "Ոչ մի մարմին թող չպարծենա
 Աստծոյ առջեւ",
 Ինչպէս եւ` "Չկայ ոչ իսկ մի արդար":
 Մի՛ մոռացէք նաեւ այս խօսքը տէրունական,
 Թէ` "Պատուիրանը կատարելիս էլ համարեցէք ձեզ անպիտան ծառայ",
 Եւ թող չլինի, որ խաբողը ձեզ կարենայ որսալ:
 Յիշեցէք դուք այն գրուածքը նաեւ,
 Թէ` "Ընտիրներն են նրա կերակուրները":
 Զի մինչեւ իսկ ես, որ այս մասնաւոր, նուազ պտուղը ձեզ մատուցեցի,
 Վկայում եմ, թէ ես ինքս էլ ունեմ բիւր բամբասանքի,
 Ինքնադատութեան արժանի մեղքեր անբժշկելի,
 Սկզբնահօրից սկսած մինչեւ սերունդները յուսկ.
 Յօժարակամ մի յանձնառութեամբ`
 Բոլորիդ գործած յանցանքները ես վրաս առնելով:

Բ
 Լսեցի անպարտ մէկի բերանից ու չհաւանեցի
 Խօսքն այս անյարմար` ուղղուած Նրան,
 Որի առաջ ոչ մի երկրածին չի կարող արդարանալ,-
 Թէ` "Չշնացայ երբէք ու չպոռնկացայ,
 Ոչ էլ աշխարհիկ մահաբոյր քաղցրութիւններ ճաշակեցի":
 Սա էլ է կոչւում անօրէնութիւն,-
 Թող ների Աստուած այդ խօսքը նրան,-
 Զի եթէ նոյնիսկ ճիշտ լինի ասուած` սայթաքում է դարձեալ:
 Այդպէս նաեւ Զաքարիայի` ի դէմս Իսրայէլի ժողովրդի ասուած
 Խօսքն այս անվայել, որ փարիսեցու խօսքին է նման,
 Թէ` "Օրհնեալ լինի Տէրը, զի հարստացանք":

Գ
 Բայց քանի որ ես ամենագէտ
 Աստծոյ դատաստանին եմ յանձնել ինձ,
 Որը սրտի աներեւոյթ մեղքերը կշռելով`
 Ուզում է դատել ինձ նրանց համար ամենաիրաւ հատուցմամբ,-
 Չպիտի ձեւանամ տեսանողի առաջ,
 Չպիտի կեղծեմ քննողի մօտ,
 Չպիտի ստեմ ամենայն ինչ նկատողին,
 Չպիտի մտնեմ խաբեբայութեամբ Մեծի աչքը ես,
 Չպիտի ցոփութիւններս քողարկեմ առերեւոյթ բարութեամբ,
 Չպիտի երբէք ապիկարիս ներկայեմ որպէս ընտանի պատկեր,
 Չպիտի խենեշանամ օտարոտի զարդարանքով,
 Չպիտի պճնուեմ ուրիշների պայծառութեամբ,
 Ոչ էլ տգեղութիւնս պիտի պարտակեմ պաճուճանքներով:
 Չկայ ոչ ոք մեղաւոր ինձ պէս, ոչ ոք` անօրէն,
 Ոչ ոք ամբարիշտ, ոչ ոք անիրաւ, ոչ ոք չարագործ,
 Ոչ ոք խոտորուած, ոչ ոք սխալուած, ոչ ոք մոլեգնած,
 Ոչ ոք խարդախած, ոչ ոք շաղախուած, ոչ ոք ամօթահար,
 Ոչ ոք դատապարտուած,-
 Ես ինքս եմ միայն եւ ուրիշ ոչ ոք.
 Ես եմ այդ բոլորը, եւ բոլորի յանցանքներն իմ մէջ են:
 Ո՛չ հեթանոսները, զի չգիտէին,
 Ո՛չ հրեաները, քանզի կուրացան,
 Ո՛չ տգէտներն ու գռեհիկները, քանզի զուրկ էին իմաստութիւնից:

Դ
 Վարժապետ կոչուեցի ես, որ ամբաստանութիւն է իմ դէմ.
 Ռաբբի, ռաբբի անուանուեցի ես, եւ Աստծոյ վայել գովեստը եղծեցի.
 Բարի ասուեցի` եղկութիւն ժառանգելուս համար.
 Սուրբ վկայուեցի մարդկանցից, որ անմաքուր եմ Աստծոյ առջեւ.
 Արդար ճանաչուեցի` ամբարիշտս ամէն ինչով.
 Հրճուեցի մարդկանց գովեստով, որ Քրիստոսի ատեանում ծաղրելի լինեմ.
 Աւազանից Արթուն կոչուեցի, եւ ննջեցի մահուան քնով,
 Հսկող հորջորջուեցի փրկութեան օրը, բայց զգաստութեան դէմ աչք փակեցի:
 Ահա՛ դատաստան, ահա յանդիմանութիւն,
Ահա՛ նոր կշտամբանք եւ հին դատապարտութիւն,
 Ահա՛ ամօթանք դէմքի եւ տագնապ հոգու,
 Ահա՛ քննութիւն մանր մեղքերի, որոնք մեծամեծների կշիռ ունեն:

Ե
 Բայց դու, միայն Տէր Աստուած մարդասէր, անոխակալ եւ երկայնամիտ,
 Ինքնադատական կսկծեցուցիչ նախատինքներն այս, վերջին օրն ահեղ`
 Մեղապարտիս դատապարտութեան փոխարէնը համարիր,
 Քանի որ դրանք ինքս իմ բերանով ինձ վերագրեցի,
 Թող որ չլսեմ այդ բոլորն այլեւս քեզանից, գթա՜ծ,
 Արդ, վերցրու իմ վրայից դատապարտութեանս պահակին,
 Զի ես քեզ հետ եմ կապուած հոգուս տենչանքներով:
 Հանի՛ր խայտառակութեանս նախատինքներն ամօթալի.
 Քո կարող աջով ծածկի՛ր մերկ մարմնիս տգեղութիւնը.
 Հանգիստ պարգեւիր մեղքերի բեռով սաստիկ հոգնածիս,
 Բարի մի ճամփա սահմանիր դու ինձ` դէպի քեզ գալու.
 Յիշիր անմոռաց` ինձ ողորմելու, տալով հետ մահու կեանք ամէն կերպով:
 Օրհնեալ ես դու երկնքում եւ գովեալ` երկրի վրայ.
 Եւ բարեբանուած միշտ ամէն ինչում, յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ՀԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Թագաւոր, բարձրեալ, հզօր, ահաւոր,
 Օրհնեա՜լդ միայն, Տէր Յիսուս Քրիստոս,
 Լոկ դո՛ւ կարող ես յուսահատ կեանքի անյուսութեան մէջ
 Սատակիչ անէծքներն ապրեցնող օրհնութեա՜ն փոխել,
 Եւ վհատեցուցիչ պարսաւանքները զուարթարար գովքի.
 Ամօթի փոխարէն համարձակութիւն շնորհել,
 Պատկառանքի փոխարէն` պատիւ,
 Տարագրութեան փոխարէն` բարութեան յոյս.
 Բաժանման փոխարէն` միութեան ակնկալութիւն,
 Սպառնական խօսքի փոխարէն` ողոքական սփոփանք
 Եւ մէկ անգամ դատապարտութեան փոխարէն` կրկնակի ազատութիւն:

Բ
 Ողորմիր, Տէ՛ր, մահուան արժանի մեղապարտիս,
 Ողորմի՛ր այնօր, երբ կենդանութեան շունչս կարձակեմ.
 Երբ նայուածքս խեղճ դէպի վեր կուղղեմ ես կողկողագին,
 Յոյժ տագնապահար հոգուս տեսութեամբ աչքի առջեւ բերելով
 Այն վտանգաւոր ճամփան, որտեղ անխուսափելի կերպով անպայման պիտի ընթանամ.
 Եւ բնակելի իմ տան երդիկից ելքիս շաւիղը դիտելով թշուառ կիսամեռութեամբ,
 Այլայլուած դէմքով, մատների տարտամ տատանումներով,
 Կարկամ հառաչմամբ, նուազ հեծութեամբ, ձայնով նուաղած,
 Եւ բազմապիսի տարակոյսներով լի տխուր հոգով`
 Սրտիս խորքերից իմ գործած բազում մեղքերի համար ողբով հառաչեմ:
 Բայց դու, բարեգո՛ւթ, կարող ես նոյնպէս եւ ա՛յդ ժամանակ
 Զօրաւորապէս հրաշագործել, ասելով ինձ.-
 "Թող փրկուի հոգին քո խորտակումից եւ առողջանա",
 Եւ կամ` "Թող ներուեն քո մեղքերը քեզ",
 "Գնա՛ խաղաղութեամբ` մեղքերից մաքրուած":
 Այն պաղատանքները, որ չպիտի կարողանամ հասցնել քեզ այդ ժամին,
 Ընդունիր այսօ՛ր մարդասիրաբար,
 Ո՜վ երկայնամիտ եւ բազմաշնորհ ամենակեցոյց:

Գ
 Եւ մինչդեռ այժմ պերճախօս եմ ես խրոխտաձայն, սիգացող եւ բարձրապարանոց`
 Այնժամ դիակի պէս պիտի պառկեմ ես անկենդան, անխօս,
 Կաշկանդուած ձեռքով, թոյլ անդամներով,
 Խուփ շրթունքներով, փակուած աչքերով,
 Իբրեւ տախտակ անշարժ, կոճղ կիսավառ,
 Արձան անզգայ, պատկեր անբարբառ, անշունչ գոյութիւն,
 Ողորմելի տեսիլ, ողբալի կերպարանք, տխրալի տիպ,
 Եղկելի դէմք, արտասուելի նմանութիւն, համրացած լեզու,
 Չորացած խոտ, թոթափուած ծաղիկ, ծիւրած գեղեցկութիւն,
 Շիջած լապտեր, դատարկ կոկորդ, խոպանացած սիրտ,
 Թալկացած մարմին, քայքայուած որովայն,
 Քանդուած տաղաւար, կոտրտուած ոստեր, անջատուած յօդեր,
 Կտրուած ծառ, սղոցուած արմատ,
 Լքուած տուն, հնձուած արտ, արմատախիլ բոյս,
 Օտարացած բարեկամ, մոռացուած պահեստ, թաղուած գարշութիւն,
 Մերժուած ատելի, վերացուած խոչընդոտ, անարգուած կմախք,
 Եւ իբր անպիտան ոտնակոխ եղած` կարօտ ուրիշների աղօթքներին,
 Որոնք թշուառիս հաւատքի ձայնով հառաչալից աղերս նուագեն պիտի
 Արցունքի ցողով տարածելով այն քո բարձունքն ի վեր`
 Բարերարիդ գթութեա՜նը:
 Նրանք լալագին զղջումով պիտի երգեն դարձը դէպի քեզ, որ օրհնում եմ ես,
 Նշանը փրկարար խաչիդ, որին երկրպագում եմ,
 Ճշմարտութիւնը յարութեան, որին հաւատում եմ,
 Փառքիդ յայտնութիւնը, որը փառաւորում եմ,
 Դատաստանիդ ահաւորութիւնը, որ խոստովանում եմ,
 Խօսքերիդ յանդիմանութիւնը, որից զարհուրում եմ,
 Սուրբ հոգուդ ուղեկցութիւնն ինձ, որ պաշտում եմ,
 Մկրտութիւնը քո օծման, որ եւ համբուրում եմ,
 Քեզ հետ թագաւորելը, Տէ՜ր Յիսուս, որի համար պաղատում եմ:
 Եւ այսպէս ահա, թէեւ թուլացաւ, հեռացաւ, վերացաւ,
 Մասնատուեց, փախաւ, սլացաւ
 Եւ տեղի տուեց կենդանութիւնն իմ կենցաղի,
 Բայց քո պարգեւած յոյսը հաստատուն` պահուած է իմ մէջ,
 Որպէս մնայուն եւ անջնջելի յիշատակարան:

Դ
 Տե՛ս ողորմութեամբ տարակուսանքները վտանգեալիս,
 Միա՜յն բարեգութ ու փառաբանուած
 Որդիդ Աստծոյ,
 Որպէսզի քաւես, բժշկես դու ինձ եւ կենագործես,
 Պաշտպանես, նորոգես, նկարես, կանգնես, հաստատես
 Եւ վերստին ստեղծագործես երջանիկ անարատութեամբ:
 Քոնն են` կարողութիւնը, փրկութիւնն ու ողորմութիւնը.
 Չունես դու անկարողութիւն, այլ` լիուլի զօրութիւն.
 Բարձրութիւն, իշխանութիւն, անվախճան թագաւորութիւն,
 Իսկութիւն, ինքնութիւն, ամէնուրեք բացարձակութիւն,
 Բարերարութիւն, լուսաւորութիւն:
 Փառաւորեալ ես դու տիրապէս, անպակաս եւ անյաւելուած,
 Խնկուած` խորհուրդով անբացատրելի սուրբ Երրորդութեամբդ,
 Նաեւ առյաւէտ գովաբանուած`
 Հաւասարազօր եւ համապատիւ համագոյութեան երկրպագութեամբ,
 Երեկ եւ այսօր եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ՀԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Արքա՛ երկնաւոր, դու Տէ՜ր բոլորի,
 Ամէն բանի մէջ եւ ամէն դէպքում միշտ երկայնամիտ,
 Կենդանի Աստծոյ անքնին որդի:
 Այնտեղ պէտք է ողորմել իսկապէս,
 Ուր կտրուած է յոյսը վաստակի.
 Այնտեղ պէտք է բարեգործել,
 Ուր խափանուած է մտքի տեսողութիւնը.
 Ա՛յնժամ պէտք է մարդասիրել,
 Երբ տկարութեան վտանգն է պաշարել ներքուստ եւ արտաքուստ.
 Այնտե՛ղ է անհրաժեշտ ձեռքիդ բժշկութիւնն աստուածային,
 Ուր տեղի է տուել բոլորովին անդամների կենդանութիւնը.
 Այնտե՛ղ պէտք է լինի այցելութիւնը,
 Ուր ելքի հնար չկայ.
 Այնժա՛մ է քո մեծութիւնը,
 Երբ անյուսալի վէրքն առողջացնես.
 Ա՛յն է հարազատ քո բնութեանը,
 Որ անակնկալ ժամին փրկութեան համար հրաշագործես,
 Ա՛յն ժամանակ հանդէս կգա քո յաղթանակը,
 Երբ վերջին շնչիս` կեանքի փակուած դուռն իմ առջեւ բանաս.
 Այն են շնորհներդ վայելչական,
 Որ մոռանալով իմ չար գործերը` քո բարիները յիշես.
 Նրանո՛վ ես դու անոխակալ,
 Որ ապերախտիս երախտագէտի հետ խնամարկես.
 Այնժամ ես միայն պիտի հասկանամ,
 Թէ ընդունեցիր բանաւոր նուէրս` նախկին գթութեամբդ,
 Եթէ վերացնես իմ չար սովորութիւնները:

Բ
 Այս պատճառով են հիւսւում ճառեր ու նուագերգութիւններ եղանակւում,
 Երբ Տէրը բարի` բարեգործներին հասանելիքից պարգեւատրում է ե՛ւ չար ծառային:
 Այնպէս որ մինչ նա բանտի է սպասում իրաւամբ`
 Տէրը նրան արքայական ապարանքի մէջ է նստեցնում.
 Մինչ կանչուած է նա տղմուտ գուբի մէջ բնակուելու,
 Նրան ամէն տեսակի կոչունքների մէջ գահերի վրայ է բազմեցնում.
 Մինչ նայում է նա, որ աչքերը փորեն,
 Նայուածքը նրա ուղղում է դէպի ուրախ բարձունքներ.
 Մինչ սպասում է նա իր մատների ծայրատումին,
 Համարձակութեան մատանի է մատուցում նրան.
 Մինչ վախենում է գանակոծուելուց,
 Նրան գթառատ իր գիրկն է առնում.
 Մինչ կորստեան է պատրաստւում ահով,
 Բազմութեան առաջ, ի տես բոլորի` վեր է բարձրացնում.
 Մինչ նա սատակիչ մահվա՛ն աչք ունի,
 Նրան կեանքի հետ տալիս է ե՛ւ փառք.
 Մինչ սպասում է իրեն գլխատեն,
 Նրան պսակով է պայծառացնում:
 Սրանք են, գթա՜ծ, պտուղներն օրհնեալ քո սքանչելարմատ շառաւիղների.
 Սրանք են կեանքի արգասիքները քո արարչական հրամանների.
 Սրանք են ըղձալի խորհուրդները քո խոստովանուած տենչանքների.
 Սրանք են լոյսի ճաճանչները քո ամենասփիւռ ճառագայթների.
 Սրանք են ախորժելի ճաշակները քո բարեբանեալ քաղցրութեան:

Գ
 Եւ այս բոլորը քոնն են միայն, Տէ՜ր,
 Քո ներշնչումով եմ գրել սրանք.
 Ուստի ես, օրհնեալ, աղաչում եմ քեզ, այդ պարգեւներիցդ ի՛նձ էլ շնորհիր.
 Բա՛ց, Տէր, քո բարիքների գանձարանը, ըստ առակողի աղերսանքների:
 Բարիքներիդ ամբարներում չխառնես դու իմ չարիքներից.
 Չշտեմարանես քեզ համար սիրելի գթութեան եւ ողորմութեան հետ ատելի ոխեր եւ բարկութիւններ.
 Քո պաշտելի ստացուածքներում չպահե՜ս քեզ համար անախորժ մթութիւններ ու դժնութիւններ,
 Եւ ինձ վնասող մեղքեր ու թշուառութիւններ:
 Կեանքիդ մատեանում քո օրհնեալ աջով չգրե՜ս դու պարտամուրհակն իմ անէծքների,
 Այլ ինձ համար անհնար համարուածները դիւրին ու հեշտ ցոյց տալով`
 Կրկնակի անգամ եւ է՛լ աւելի մեծացնես դու քո անունը, ո՜վ Տէր:

Դ
 Տալիքներս շատ են եւ անհաշիւ,
 Բայց քո հրաշալի ողորմութիւնն անհամեմատ աւելի է.
 Բազում են մեղանչանքներս,
 Բայց ներողութեանդ հետ համեմատած` շա՜տ քիչ են նրանք,
 Հաճախակի են չարութիւններս,
 Բայց յաղթող է միշտ ամէն բանի դէմ մարդասիրութիւնդ, ո՜վ ամենակալ.
 Անձիս արատներն ի՛նձ համար են ծանր եւ անթուելի,
 Բայց քեզ համար խիստ թեթեւ են նրանք եւ սահմանափակ.
 Ամօթապարտիս պտղաբերած մեղքերի զէնքերն այնքան զօրեղ չեն կենդանանալու,
 Որքան յիշատակն անմահիդ մահուան` կործանողի բռնութիւնը վանելու համար:
 Փոքրիկ խաւարն ի՞նչ կարող է ազդել
 Աստծուդ լոյսին.
 Դոյզն աղջամուղջը ինչպէ՞ս դիմանայ ճառագայթներիդ.
 Քո խաչելութեան չարչարանքի հետ ինչպէ՞ս կշռուի
 Իմ տկար մարմնի հեշտասէր խակութիւնը.
 Ամենակալիդ առատութեան աչքին ի՞նչ են որ մեղքերի կոյտերը ողջ տիեզերքի,
 Եթէ ոչ հողի դիւրափխրուն կոշտ, որ իսկոյն եւեթ կփոշիանայ քարի հարուածով,
 Եւ կամ անձրեւի պղպջակ, որ կամքիդ յորդառատ հոսմամբ կպայթի իսկոյն եւ կչքանա:

Ե
 Քո ամենազօր եւ ամենահնար կարողութիւնը
 Իմ յանցանքները քաւելու համար ժամանակի պէտք չունի բոլորովին,-
 Ո՛չ ակնթարթի,
 Ո՛չ թռուցիկ ակնարկի տեւողութեան,
 Ո՛չ կայծակնային կարճատեւ նայուածքի,
 Ո՛չ ամենափոքր ուշացման,
 Ո՛չ փութագնաց ոտքի քայլափոխի,
 Ո՛չ կանգունաչափ բարձրութիւնից կաթիլի անկման,
 Ո՛չ մտքով քաշուած մի գծի,
 Ո՛չ լոյսի արագութեան,
 Ո՛չ շնչառութեան չափ միջոցի:
 Այս բոլոր անձեւ, աննշան եւ անկայուն օրինակներից
 Ո՛չ մէկը այնքան առժամեայ արագ եւ փութանցիկ չէ,
 Որքան մեղքերիս կուտակուած սառոյցների հալուելը, ցնդելն ու վերանալը քո զօրութեամբ,
 Աստուա՜ծ բոլորի Տէր Յիսուս Քրիստոս,
 Որդիդ անքնին` կենդանի Աստծոյ:
 Դո՛ւ, որ քաղցր արեւ ես պարգեւում բարիների հետ նաեւ չարերին,
 Եւ անձրեւում ես ամէնքի վրայ անաչառօրէն,
 Կշռում ես իրաւամբ եւ չափում նրանց վշտերն ու հոգսերն հաւասարապէս.
 Փորձութեան փոքրիկ խթանով ես դու վճարել տալիս պարտքերը նրանց այստե՛ղ իսկ,
 Որոնք մեծ համբերութեամբ սպասում են վերին հանգստին:
 Իսկ ովքեր երկրային կենցաղն ընտրեցին,
 Դու ողորմութեամբ ներո՜ւմ ես նրանց,
 Սրանց էլ տալով դարման նրանց հետ` սպասում ես դու միշտ նրանց դարձին:
 Փա՜ռք ամենազօրիդ`
 Բարեխնամ երկայնամտութեամբ գործած քո բոլոր հրաշքների համար,
 Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:


ԲԱՆ ՀԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Այժմ ընկղմուած, զմայլուած
 Եւ իսպառ ծածկըուած մեծիդ երախտիքների առաւելութիւնից`
 Բազմամասնեայ, շարունակական եւ անճառելի,
 Որ աջուձախից առատագոյն ու աննուազելի լրումով,
 Դիմացից ու թիկունքից կուտակուած են անբաւօրէն,
 Մատուցում եմ, վերընծայում
 Ճշմարիտ դաւանման գովեստի աւանդ:
 Որովհետեւ ինչպէս երբեմն հերձուածի չարափառութեամբ,
 Ամենապատիր խաբեութեամբ նենգողի կարթով զատուած` մերժուեցի,
 Ելնելով դրախտից,
 Այժմ միաւորիչ այս ուղիղ անբծութեամբ
 Իրական շնորհի աւանդման համար
 Երկրորդ անգամ վերստին համբարձած,
 Լոյսի թեւերով թռչելով, ահա, երկինք կհասնեմ:
 Բայց քանզի արգանդից, ուր յղացայ,
 Ծնուած հոգեւոր երկունքով,
 Մեծ եւ երջանիկ անարատ դժխոյ,
 Իսկուհի բոլոր կոյսերի,
 Գովելի ու պանծալի իմ մօրը հարկ է
 Սահմանուած կարգով արձանագրել այս մատեանի մէջ,
 Որպէսզի ծնուի եւ ցուցադրուի,
 Նաեւ այլ գալիք ազգերին պատմուի
 Խնկելի փառքի որքանութիւնը`
 Արժանի պաշտումով պատւուած`
 Իբրեւ մաքուր մարմին
 Բան-Աստծոյ մարդեղութեան գլխի հետ`
 Ի յիշատակ հաւատի այս ճառի
 Երրորդութեան դաւանութեան:

Բ
 Հոգենկար բանի պատկերի այս օրինակով,
 Որ յարմարւում է լոյսի խորանին,
 Գթած, օրհնեալ, ընդունի՛ր ինձ`
 Քաւուած ու սրբուած սրա մէջ:
 Հանի՛ր սրանով հոգուցս մեղքի նախատինքները,
 Բազմեցրու սրա հովանու ներքոյ` անմեղ ու անբիծ,
 Տկարիս Դաւթի տանը գումարիր,
 Այնտեղից Աստծոյ տունըդ փոխադրիր,
 Ըստ մարգարէի, Յիսուս, որ քեզ է ակնարկում,
 Սոսկ մուտքի եւ անօգուտ ելքի չհետեւես,
 Ջերմութիւնն հաւատիս քեզ պաղ չթուայ,
 Եւ ողջոյնի համբոյրս անարգ չհամարես:
 Պաշտամունքս ապաշնորհ չորակես,
 Երկրպագութիւնս իբր անխորհուրդ չլքես:
 Պատկերի տեսիլն անպտուղ չլինի,
 Իսկ սքանչելի կերպարանքը` աննշոյլ:
 Չմոռացուի սպանդն անկրակ ողջակեզի,
 Ճառիս ուխտի պատարագը վտարուելով չցրուի.
 Լոյսի ճաշակըդ ինձ մահ չբերի,
 Կողերիդ արեան բաժակը
 Դատապարտութիւն չլինի:

Գ
 Աղաչում եմ քեզ, Տէր Յիսուս, մէկդ այդ Էութիւնից,
 Որի ճաշակմամբ քո Հօր եւ սուրբ Հոգու
 Գիտութիւնը ճանաչեցինք,
 Զի կարգերը ամենապարգեւ [սուրբ] եկեղեցու
 Հէնց քեզանից սովորեցինք
 Կեանքի փրկութեան ու բարիքների
 Աղոթանըվեր այս լուսարանում,
 Տարածելով սիրտս, ձեռքերս պարզած`
 Խօսքի կնդրուկն այս, սրանում բնակուողիդ,
 Ամէն ինչի տիրողիդ,
 Երեքսրբեանիդ մատուցելով`
 Յաւերժ ընծայում ենք բարեշնորհութեան այս բարբառով:

Դ
 Հաւատոյ պաշտամունքին,
 Օրհնութեան երգերի վերաձայնած նուագներով
 Փառաբանում ենք եղածների բարեհրաման պատճառին`
 Անսկիզբ Երրորդութեանը, անհամեմատ բարձրութեամբ,
 Անհաս խորհուրդների ու անըմբռնելի իմաստների,
 Անզննելի զգայութիւնների,
 Անբերելի արարածների,
 Որ իր մէջ ամփոփում է վերնական երկնքի
 Եւ անսահման ներքին խորութիւնների քանակութիւնը,
 Սպառումների վերջն ու սկիզբների նախադրութիւնը,
 Մէկը երեք անշփոթելի կերպարներից,
 Եւ երեքը մի անբաժանելի իսկութիւն,
 Վեր քան մտքի ազատութիւնը`
 Հրաձգուած ամէնուր բովանդակապէս:
 Անփոփոխ բարի, անսասանելի ուղղութիւն,
 Սիրոյ անխառն կերպարանք, անյաջորդ մեծութիւն,
 Անխոնարհելի բարձրութիւն, անվատնելի տեսութիւն,
 Աննուազելի բարերարութիւն,
 Կայուն կամք, կենդանի հրաման,
 Փրկչեան ակնարկութիւն, ճշմարիտ երանութիւն,
 Հաւաստի ակնկալութիւն, անստելի խոստում,
 Արգասաւոր աւանդ, ըստոյգ աւետիս,
 Աներեւակայելի բարձրութիւն,
 Անձեռնարկելի վերասլացութիւն:
 Մի Հայր միակ Որդու` միակ Հոգով պատւուած,
 Ամենահարուստ բարութեամբ, ամբողջովին չարից զերծ,
 Օրհնաձայն գոհաբանութեամբ,
 Անքնին ներբողով գովերգուած:

Ե
 Միակ բարձրեալ ահաւոր անուն` կցորդութեանց համապատիւ,
 Ազգականութիւններին անպատում,
 Եռալոյս զուգակցութիւն,
 Անյաւելուածը կատարելութիւններից,
 Ինքնիշխան կամաւորութեամբ պատուասիրուած
 Հանգունատիպ Հօր մօտ,
 Երկնքից իջած
 Խոնարհուելով սուրբ Հոգու գործակցութեամբ,
 Ընտանի փառքից աննուազ,
 Հաճեց մտնել մաքրութեան կոյս
 Աստուածածնի մայրական արգանդը,
 Ուր օրհնութեան բոյսն աճեցրեց
 Անարատութեան լուսասահման անդաստանում:
 Համասնունդ ամենակատարեալ էութեանը`
 Անանջրպետ միասնութեամբ,
 Թափանցիկ խառնումով աստուածութեան Ոգուն,
 Հրաշապէս բաղկացրեց շնչիս գոյութիւնը:
 Անստամբակելի կրթութեան սանձերի այդ երասանով
 Ստահակութիւնս հանդարտեցրեց
 Եւ կամովին նուիրուելով [սուրբ] խաչին`
 Անմահական տունկի լրութեան ծայրը բարձրացաւ
 Կեանքի պտղի ծաղիկը,
 Վիրաւորուեց մահացու մերազնեայ մարմնով
 Անընդմիջելի աստուածութեամբ,
 Դատապարտման գործիքին դրանով կեանք տուեց,
 Արարչական իսկութեան` նրա վրայ
 Յաւէտ անբաժանօրէն վշտացած
 Նիւթական մարմնի հետ:
 Իջաւ խաւար դժոխքի վայրերը`
 Իր աւարն հանեց խոտորողի կապանքներից,
 Եւ ասես քնի նիրհից արթնացած,
 Մահուան դիմեցումն իր մէջ նահանջեց,
 Կանգնեց, կենդանացաւ աստուածօրէն,
 Ելաւ երկրից կեանքի հացն ու բանական հօտերի հովիւը:
 Հաւատարիմ եղաւ աշխարհում
 Եւ երեւաց նոյնութեամբ, բոլորովին աննուազ,
 Ինչպէս եկաւ ամբողջական,
 Նոյնպէս եւ համբարձաւ,
 Բազմեց գերունակ գահոյքին`
 Նախնական պարզութեամբ եւ արարչական փառաւորութեամբ:
 Ում որ բարերար Աստուած եւ բոլորի տէր ենք ճանաչում`
 Մեծ օրը կդատի ամբողջ երկիրը արդար ընտրութեամբ,
 Ինքն է սկիզբը եւ ինքը` կատարածը,
 Նոյն եւ առաջինը, նոյն եւ գալիքը,
 Անպակաս բովանդակութեամբ
 Թագաւորելով անմատոյց լոյսին:

Զ
 Օրհնում ենք Հօր եւ Որդու հետ
 Նաեւ բխումը անբաժանելի`
 Նրանց փառակից Հոգին տէրունի,
 Որ ստեղծեց ամէնը եւ կենդանագործում է բոլորին,
 Որ սկզբից եւեթ շրջում էր
 Համապարփակ աշխարհակալ մէգի մէջ,
 Նկարում էր, կերպաւորում
 Երկրատարած ծովի անբաւութեան ամէնունակ ջրերով`
 Լոյսի սուրբ աւազանը
 Ի կատարումն այժմեան խորհրդիս:
 Նախ ստեղծեց եւ այժմ գործում է,
 Գոյացրեց եւ մշտապէս կատարում է հրաշքներ,
 Սքանչելիքներ, սրբակեացների կանխատեսումներ,
 Աստուածային ներշնչումներ, զարմանալի զօրութիւններ,
 Մարգարէներ, առաքեալներ, վարդապետներ`
 Հանճարի կրթութեան վարժողներ:
 Յարդարեց Քրիստոսի արեան մատուցման սրբարանը,
 Անձերի քաւութիւնները, մարմինների առողջութիւնը,
 Քրիստոսի նման ողորմութեամբ կարգադրեց
 Մարմինների առողջութիւն:
 Մկրտեց եւ` ջրից գերազանց,
 Իրմով միայն նորոգեց ու լուսաւորեց,
 Մշտապէս նոյն բարեգործութեամբ է զօրանում:
 Յորդանանի հոսանքի մէջ վկայեց
 Միածնի աստուածութիւնը,
 Ամպի տեսիլով ցոյց տուեց
 Թափոր լեռան վրայ, Հօր ձայնով:
 Համանման եղանակով հովանի եղաւ
 Յակոբի տոհմի ելքին Եգիպտոսից
 Մովսէսի զօրավարութեան ուղեգնացութեանը
 Սաստիկ հողմով ընկղմեց փարաւոնին:
 Նուիրագործում է քահանաներ, իմաստուններ կազմում,
 Թագաւորներ զօրեղացնում,
 Քաւութիւն ընձեռում,
 Մահացածներին շնորհում է կեանք`
 Նորոգուելու յարութեամբ:
 Նոյն ինքը մարդացած Աստծոյ օծումն է,
 Մշտնջենական հաւասարութեամբ
 Երկրպագուած Հօր հետ` ի պատիւ Որդու մեծութեան,
 Անսահման փառաւորութեամբ օրհնեալ յաւիտեանս:
 Ամէն:

Է
 Դաւանում ենք ուղիղ, անշեղ, անբիծ հաւատով,
 Ողջունում ենք մեր շրթունքի համբոյրով
 Աստծոյ բնակութեան եկեղեցին,
 Անշունչ վէմերով կառուցուած խորանն այս,
 Որ կատարելապէս զարդարուած` երկնքից գերազանց եղաւ,
 Որ հէնց նրանցից` առաքելական դասերից հիմնուեց,
 Եւ խնկուեց բարձրեալի աշակերտներից,
 Պաշտուեց Բանի սպասաւորներից:
 Կեանքի այս գանձը
 Իր սկիզբն առաւ վերնայարկ սրահից,
 Այն վայրից, ուր խորհուրդը կատարուեց,
 Որը լցրեց Աստծոյ Հոգին,
 Նրանում զօրութիւն փայլեցնելով Հոգեգալստեան մեծ օրը.
 Նախ` բարետես տունը` նախամեծար առաւելութեամբ,
 Իբրեւ օրինակ այս եկեղեցում
 Սրբութիւնների շնորհաբաշխման,
 Եւ ապա նրա բնակիչները բարեզարդուեցին նորոգ մի լոյսով:
 Ուր հզօր Աստծոյ արիւնն է բաժանւում,
 Առաւել քան մահ գուժող Հաբելի [արիւնը],
 [Որ] սրանում մեծագոչ բարբառով
 Աւետում է յաւերժական կենդանութեան բերկրանքի ձայնը:
 Քանի որ ոչ ոք զօրութիւն չունի ծառայելու այս ահեղ խորհրդին,
 Երկնքի տակ եւ արեւին յանդիման,
 Թէ չապաւինի սրա թեւերին,
 Անգամ երկինքը չի բաւարարի տէրունի մարմնի այս սրբութեանը,
 Թէ իբրեւ ծածկոյթ օրհնութեան ձեղունը այս չունենա:
 Որովհետեւ ըստ օրէնքի մահուան անէծքի նա կարժանանայ,
 Ով այս խորանի վկայարանից դուրս
 Աստուածային պատարագը մատուցէ:
 Եւ մանաւանդ արիւնապարտ կհամարուի`
 Հոգու օրինակ արիւնը այստեղ եթէ չընծայէ:
 Աստ մէկ անգամ է լոկ լուացումը արեամբ Քրիստոսի,
 Որ անգիտաբար չանարգուի աստուածութիւնը
 Կրելով մկրտութիւնն հաւատացեալին
 Մէկ անգամ է եւ ձեռնադրութիւնը
 Ի պատիւ լոյսի օծութեան,
 Որ անբծութեանը խաբեութիւն չխառնուի.
 Մէկ է եւ քաւութիւնը շնորհքով, քան ապաշխարութեամբ,
 Որպէսզի ճշմարտութիւնը խորամանկութեամբ չկերպափոխուի.
 Մէկ է հաւատը գալիքի ընտրութեան,
 Որ հատուցումի սպառնալիքը
 Օտարահամբաւ զրոյց չկարծուի:
 Մէկ է մեր երկու գոյութիւնների կշտամբութիւնը իրաւացի,
 Որ չկարծուի, թէ բարի եւ կամ չար հատուցման համար
 Ներքին մարդն անջատ է արտաքինից,
 Որ արժանանայ արքայական որդեգրութեան,
 Որպէսզի նաեւ երկրային մարմնի հաղորդակցութեամբ
 Ակնյայտօրէն հաստատուի առաւելութիւնը վերին թագաւորութեան,
 Մէկ է եւ յոյսը կենդանութեան` անեղծութիւնը սրբերի,
 Որ ունկնդրողները առանց կասկածի հաւատան:

Ը
 Պաշտելի այն դժխոն` անշունչ եկեղեցին,
 Կեանք է բաշխում եւ իշխում է մահին,
 Ինչպէս պտուղը Ադամի ճաշակելիք,
 Անշունչ է, բայց բանականից էլ գերազանց
 Հրաշքներ է գործում, որ դարձնում է կատարեալ
 Եւ հաստատում է վերստին,
 Փառքի լոյսի կերպարանքը դրոշմելով մեր մէջ:
 Գրուած է նաեւ վերին կամարի մեծութեան կերպը,
 Որ սկզբնական է, եւ նախակառոյց
 Քան իր բնակիչ հոգեղէն զօրքը:
 Նա նոր թռիչք է նուիրում մարմնին`
 Հոգեկան ինչ-որ մի թեթեւութեամբ,
 Այս պատուաւորի հարստութիւնով
 Անարգը դարձնում յարգելի:
 Ինքնակիր մեղքով չի զազրանում նա,
 Եթէ չար մարդիկ, անհաւատները չը ոտնահարեն:
 Նա ինչ-որ տիպ է մի զարմանալի,
 Որ յաղթում է մեր պատկերացումը,
 Անբան` կառուցուած է բանականից,
 Օգնում է նրան, ինչպէս վեհագոյն` անչափ նուաստին:
 Մեծ է քան մարդը`
 Յաղթող ցուպի պէս ընտրեալ Մովսէսի.
 Բարձր` առաւել, քան բանականը,
 Ինչպէս խորհրդաւոր ծաղկած գաւազանը` Ահարոնի,
 Եւ գերազանց է, քան մտաւորը,
 Ինչպէս Եղիայից ու Եղիսեոսից`
 Սքանչելահրաշ արուեստով փայլած
 Մաշկեակը, որ գետը հերձեց:
 Սրբասուն ձեռքին օգնում է կրկնակ կատարելութեամբ,
 Ոչ թէ զինելով քարից ու հողից նիւթուած մարմինը,
 Այլ հարազատ ու գոյակից է նա
 Թէ զգայականներին եւ թէ սրբերին:
 Ինչպէս կենդանի եւ անմահ վէմը
 Թէ կործանող է, եւ թէ կանգնեցնող,
 Ինչպէս դատաւորն ամենայն հոգւոց`
 Հրաշապէս օրհնող եւ անիծող է,
 Աներեւոյթը տեսնողի նման`
 Մէկին կշտամբում, միւսին խնամում,
 Կանչում է իր մօտ, արձանագրում,
 Որպէս հրամայողն արարածներիս:
 Դիմամարտներից անհարուածելի,
 Հաւիտենական [այն] լեռը ինչպէս.
 Մեծի հրաշագործ ուռկանի նման
 Հոգի է որսում.
 Առանց մեղքերի ու վրիպանքի
 Նա Քրիստոսի հետքով է գնում`
 Բարձր ճոխութեամբ ու բաց ճակատով,
 Գլուխը բարձր` ինչպէս Գովեալը:

Թ
 Եւ այնքան մեծ է իր սրբութիւնը`
 Աստծոյ պատկերով ստեղծուածներին
 Զանազանում է ըստ իր կանոնի.
 Ընտրութեան բազում փորձերից յետոյ
 Սխալուած մէկը թէ համարձակուի
 Գաւիթը մտնել` չի պղծուի [բնաւ],
 Այլ դժկամում է անպատրաստների թերութիւններից.
 Նա չի նզովւում, այլ զիջանում է
 Շնորհի չափը չիմացողներին.
 Չի վհատւում իր մեղքն համրելով,
 Այլ մեր գործերից մթագնում է լոկ
 Եւ չի թողնում, որ կրկին մօտենան,
 Փարուեն ոտքերին Կենդանատուի,
 Ինչպէ՜ս տիրական խորհուրդը անճառ
 Միեւնոյն օրը կրկնել չի լինի,
 Որ չապականուի անխոհեմաբար:
 Նա զօրեղապէս կարեկցում է մեզ`
 Ազատ լինելով մեր արատներից,
 Դատում է անձայն, Տիրոջ հրամանով, առանց խօսքերի:

Ժ
 Նաեւ տապան է նա մի մաքրական
 Եւ երջանկագոյն,
 Որ պահպանում է կեանքի ալեաց մէջ մեզ` չխեղդուելու.
 Ոչ թէ բազմաթիւ անբան գազանների
 Եւ սակաւ մարդկանց,
 Այլ հաւաքում է երկրայիններին ու վերիններին,
 Հաւասարապէս ամփոփում իր մէջ,
 Չի տրւում ջրի ալեկոծութեան,
 Այլ բարձունքներն է ելնում երկնքի:
 Իբրեւ աշակերտ
 Որ հրահանգուած է Աստծոյ Հոգուց,
 Խուսափում է նա նենգութիւններից
 Չի բողոքում նա մահու հարուածից,
 Բռնում տանում է կեանքի աւետման,
 Ոչ թէ Նոյի ձեռնարկումով է կազմւում,
 Այլ Հաստողի հրամանով է կառուցւում,
 Ոչ Մովսէսն ու Բեսելիելը,
 Այլ Աստծոյ Միածինն է
 Սուրբ Հոգու հետ պատրաստում,
 Ոչ թէ յարաշարժ կամ յարափոխ,
 Այլ մշտակառոյց անսասան հիմքով
 Հաստատում է այն:
 Ինչպէս փայտեղէն տապանակն անխօս -
 Չի տեսնում, բայց մեզ առաջնորդում է.
 Իբրեւ անքանակ Էի կերպարանք առաջ գնալով
 Հանդերձեալի մէջ լուսաւոր կեանքի տեղ է պատրաստում:
 Ոզիելի հետ կսատկի այնտեղ,
 Թէ խաչի նման հոգիների մէջ չդրոշմուի,
 Տեղնուտեղը, նոյն պահին կսպանի`
 Երկրասիրաբար եւ անասնային մի լծակցութեամբ
 Գետընթաց սայլով, իբրեւ մի անօթ`
 Թէ վերցնեն տանեն:
 Մարմնի լեզվով չէ, այլ հրեշտակների
 Նման է խօսում:
 Եւ ոչ ականջով,
 Մտքի շարժումով լսում է արագ.
 Չունի յստակ ձայն խօսքի ու բանի,
 Բայց պատգամները Յիսուսի գործի
 Պատմում, հասցնում է բոլոր ազգերին,
 Չունի խոսափող ու ձայնալարեր,
 Բայց եւ ազդում է մի աստուածային կենդանի շնչով.
 Առանց ջիլերի ու ոսկորների`
 Եւ երկու հազար կանգուն լայնութեամբ
 Ինչպէս անհամար գնդից բարձրեալի,
 Այն եբրայական զինեալ ամբոխի վերապրած գունդը
 Առաջ էր գնում, այժմ նրանց հետ,
 Ինչպէս եւ նրանք, որ պիղծ են, անսուրբ,
 Մեղքերի աղտով այրուած, հեռացած,
 Տաժանակրութեամբ աղիւս սարքելուց ազատուածներին
 Ուղեկցում է նա:
 Մարմնացած Աստծոյ էութիւնն անգամ
 Ահա այս վէմի անունով կոչուեց,
 Կողի պատռումով խմցրեց բոլորիս:
 Ոչ երակների արիւն ընթացքը,
 Այլ վերին Լոյսի շառաւիղները
 Թափանց միութեամբ կենդանացնելով
 Նորոգ է պահում: Կանխանշում է
 Ոչ Սողոմոնի, Զօրաբաբելի հսկողութիւնը,
 Այլ իմաստութիւնն Ամենակալի.
 Նա չի պարուրւում աննուիրագործ ու սովորական
 Իւղով` Յակոբի կողմից,
 Այլ փառքով Մեծի եւ Ահաւորի արեամբ է օծւում:
 Երկրային նիւթից տուն չէ, այլ մարմին երկնային լոյսից,
 Սրա զաւակներին Աստուած կնքում է ու ձեռնադրում,
 Ոչ թէ երկրածին յղացումների,
 Այլ երկնային արքայութեան ժառանգներ է պատրաստում,
 Որ իր ծոցում գրկուածներին
 Աբրահամի գոգին նուիրաբերէ:
 Սրա հարսնութեան փեսան է
 Որդին կենդանի Աստծոյ
 Հայրապետների խմբերն են նրա հարսնաքոյրերը.
 Սա կմոռացնի կռամոլութեան բարձունքը դիւոտ,
 Քանզի ծանօթ է երկնային Աստծուն,
 Ամբողջապէս մերժելի են արձանները կուռքերի,
 Եւ Քրիստոս է երկրպագւում նրա բոլոր քարերի մէջ.
 Ակնյայտ քակտումն է անտառների ուրվական իղձի,
 Քանզի աշխարհի ողջ մայրիներից
 Կենաց փայտի նմանութեամբ
 Տէրն այստեղ է զոհաբերւում:
 [Եկեղեցին] խորտակումն է
 Դիւապատիր հմայական արձանների,
 Չէ՞ որ գովական կարկեհան քարն է
 Ապրող վէմերով ու գոհարներով
 Իր մէջ հաստատւում:

ԺԱ
 Այս աստուածընկալ եւ չքնաղ յարկը
 Ազատ է ամէն ծառայութիւնից:
 Օրինակը չէ Վերին Սիոնի,
 Այլ նրանով է, որ ճանաչում են ճշմարտութիւնը.
 Ո՛չ կապուած բագին կռապաշտութեան,
 Եւ կամ պատժարան օրէնքի լծով,
 Այլ` պարգեւարան Տիրոջ բարութեան,
 Երկրպագում ենք:
 Երբէք չի սասանւում ձեւափոխուելով,
 Այլ փառքի նոյն շուքով ընդարձակւում է.
 Սա երկինքն է երկնի, ե՛ւ երկրի վրայ,
 Հռչակւում է նա շողարձակելով:
 Ինչպէս չէ հնար Քրիստոս առանց Հօր,
 Նոյնպէս առանց այս մօր արգանդի
 Կատարեալ Հոգի հնարաւոր չէ:
 Անընդգրկելին շրջում է անտուն
 Եթէ այս տան մէջ չտաղաւարուի.
 Գլուխ դնելու տեղ անգամ չունի
 Տէրն ամենայնի,
 Թէ կեանքի այս կայարանում չօթեւանի:
 Հպարտանում է աւելի շատ այս նիւթեղէն տնով,
 Քան թէ երկնային վերին կամարով:
 Աստուածային լոյսի անբաւութիւնը
 Մարգարէի դէմքի նման
 Օրինակն այս նոյնպէս ծածկեց.
 Եւ ինչպէս փախան երեսի փայլից,
 Այս նմանութեամբ տաճարի մարդիկ չհանդարտուեցին,
 Մեծ գովերգութեան տօնահանդէսին,
 Երբ որ դասերը բանականներիս
 Ի մի հաւաքուած նուագերգում են,
 Այստե՛ղ են կրկին բաղձանքով օրհնւում,
 Քան վայելչական այն դրախտի մէջ:

ԺԲ
 Այս մայրն երկնաւոր, երկնային լոյսով
 Աւելի քան մայրը երկրաւոր,
 Շնչող, մարմնաւոր, ինձ գգուեց որդու պէս:
 Նրա կրծքի կաթն արիւնն է Քրիստոսի:
 Եթէ մէկը սա պատկերն համարի
 [սուրբ] Աստուածածնի`
 Օրէնքին դէմ չէ:
 Որպէս փրկական խաչի զօրութեան
 Զարմանազան նշաններ ու սքանչելիք է հրաշագործում,
 Եւ դատաստանի բեմը այստեղ է հաստատուած ահա,
 Սրանով է, որ խորթ բարք ունեցող հերձուածողների
 Մոլեգին ճառող բերանն է սանձւում:
 Նա ունի նաեւ իմանալի եւ բանական քարեր,
 Որոնցով անսուրբ գազանամիտներ
 Վտարում է նա, դարձնում տարագիր
 Նաեւ աստուածներ է ծնում եղական
 Միակ Աստծու` Քրիստոսի պատկերով:
 Եւ դարձած դէպի մեզ խոստացած
 Ունի եւ գիրն իր արեւելք հայող`
 Նախ մեզ խոստացուած բնակատեղի,
 Կարծես թէ ձեռքով նա յստակօրէն մեզ ցոյց է տալիս
 Աստծոյ գալստեան ճանապարհները,
 Մեզ քարոզում է փայլակի տիրական առակը,
 Յիշեցնում բոլոր արարածներին,
 Թէ արեւելքից պիտի յայտնուի փրկութիւնը մեր:
 [Նա] հալածում է ցաւերը, բուժում ախտաժետներին,
 Յաղթահարում է բռնութիւնը դեւերի:
 Նրա արգանդը աւազանն է կենդանարար,
 Եւ նրա հարսանքին առաքեալների դասերն են պարում:
 Այնքան է ճոխացել բարգաւաճ երանութեամբ,
 Մինչեւ իսկ վայելչապէս
 Տիրոջ անուամբ հորջորջուեց.
 Լոյսի Տիրամօր տիտղոս ստացաւ
 Միածին Որդու մերձաւորներից:
 Նա հանդարտիկ նաւահանգիստն է
 Խռովահուզեալ մեղաւորների,
 Եւ վերին դասուց խրախճանարան,
 Եւ տարակուսեալ յանցապարտների անվրէպ բուժարան,
 Անպատմելի Երրորդութիւնն իր մէջ է, որ
 Փառաբանւում է` բոլորից օրհնուելով:

ԺԳ
 Իսկ եթէ մէկը չարութեան ձեռքը
 Հանդգնի պարզել վերին արքայութեան
 Եւ մարմնաւոր գիւտ, մարդկային հնարք,
 Կամ երկրակենցաղ արուեստ համարի
 Ձեռակերտ տաճարի վերաբերեալ աւանդները
 Եւ ոչ` առաւել կեանքի մի շնորհ եւ աստուածային ակնկալութիւն,
 Եւ կամ սուրբ Հոգու յայտնած նորալոյս նախագրութիւն,
 Եւ բարձրեալի երախտիքի ամենատուր լրիւութիւն,
 Եւ խնկարկուած խորհրդարան արարչական կամքի,
 Առաքեալների աջի բարեհանճար հիմնարկութիւն,
 Կարճ` երկնքի դուռ եւ կենդանի
 Աստծոյ քաղաք,
 Եւ անպարտ ողջերի մայր` ճշգրիտ պատկեր բանական կերպիս,
 Հոգուս խորհուրդն իմանալի,
 Իսկ շոշափելին` պատկերը մարմնիս,
 Այնտեղի անճառ սրբութիւնները գերազանցող
 Մի նոր սրբութիւն.
 Եւ Քրիստոսի փառաշուք նշանով պսակուած,
 Այդպիսի չխոստովանողներին զրկում է իր տեսութիւնից
 Հայրն ամենակալ իր էակից Բանի ձեռքով,
 Վերցնելով նրանից եւ փառակից Հոգու շնորհի աւանդը,
 Եւ փակուելու է կեանքի առագաստի դուռը նրա առջեւ:
 Իսկ մենք վկայում ենք այն` որ գրեցինք,
 Հաւատալով մեր ասածին
 Ի փառս եւ յանուն ամենակալ Երրորդութեան,
 Եւ մէկ աստուածութեան,
 Յաւիտեանս յաւիտենից, ամէն:

ԲԱՆ ՀԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Աստուա՜ծ ողորմած, բազմագութ, հզօր,
 Ահաւոր, մարդասէր, օրհնեալ, կենդանի, անճառ,
 Չկայ ոչ մի բան քեզ համար բնաւ անձեռնարկելի,
 Նոյնիսկ եթէ նա մեր մտքի համար լինի անհնար:
 Դժնի փշի տեղ դու քաղցր պտուղ կարող ես տալ,
 Սկզբնահա՜յրդ այս նոր ու զարմանալի կենաց կանոնի.
 Քանզի բարիք անել ատելիին եւ աղօթել հալածչի համար,
 Փրկութիւն հայցել խոցողին եւ սպանողին ներումն խնդրել`
 Դո՛ւ էիր, որ ընծայեցիր մեզ պտուղն այս հրաշալի,
 Որի քաղցրութիւնն է անճառելի եւ անօրինակ,
 Քո բարեբանուած կամքին հաճելի
 Եւ ճաշակելի գովեալ շուրթերիդ:
 Հոգի՛դ մեր երեսի եւ զօրութիւնդ մեր գեղեցկութեան,
 Դու Տէ՜ր Քրիստոս, օրհնեալ ի բարձունս:
 Բայց ամենավրէպ երկրածին մարդիկ
 Քո բարեմատոյց ձեռքերին անգամ չարութեամբ հատուցեցին:
 Իսկ դու լինելով լոյս ու լուսատու,
 Չես լսում անէծք ու չես ախորժում չարից,
 Չես ուզում կորուստ, չես ցանկանում մահ,
 Չես հուզւում խռովութիւնից,
 Չես ենթարկւում ցասման,
 Չես հարկադրւում բարկութիւնից,
 Չես մթագնում սիրուց,
 Չես այլայլւում գթութիւնից,
 Չես փոփոխւում բարութիւնից,
 Ո՛չ թիկունքդ ես շուռ տալիս եւ ո՛չ էլ երես ես դարձնում,
 Այլ լո՜յս ես համակ եւ փրկութիւն ամբողջովին:

Բ
 Եթէ ուզենաս քաւել` կարող ես.
 Եթէ բժշկել` զօրաւոր ես.
 Եթէ կենդանացնել` ձեռնհաս ես.
 Եթէ շնորհել` առատաձեռն ես.
 Եթէ առողջացնել` հնարաւոր ես.
 Եթէ պարգեւել` ամենալեցուն ես.
 Եթէ արդարացնել` ամէնարուեստ ես.
 Եթէ մխիթարել` ամէնիշխան ես.
 Եթէ նորոգել` ամենակալ ես.
 Եթէ հրաշագործել` գերահզօր ես.
 Եթէ վերստեղծել` արարիչ ես.
 Եթէ կրկին գոյացնել` Աստուած ես.
 Եթէ հոգալ կամենաս մեզ` ամենատէր ես.
 Եթէ մեղքերից կորզել` գթասիրտ ես.
 Եթէ անարժանիս ընձեռել` օրհնեալ ես.
 Եթէ որսացողից ազատել` փրկիչ ես.
 Եթէ շնորհներդ մեր մէջ զեղել` հարուստ ես.
 Եթէ նախքան մեր խնդրելը ձեռք կարկառել` անկարօտ ես.
 Եթէ նեղուածիս լայն տեղ դուրս բերել` անդորրիչ ես.
 Եթէ հետ մնացածիս կոչել` խնամակալ ես.
 Եթէ սասանեալիս հաստատել` վէմ ես.
 Եթէ ծարաւեալիս հագեցնել` աղբիւր ես.
 Եթէ ծածուկներին երեւան հանել` լոյս ես.
 Եթէ օգտակարին ինձ ծանօթացնել` բարի ես.
 Եթէ արատներն անտեսել` երկայնամիտ ես.
 Եթէ փոքրիս հետ դատի չմտնել` բարձրեալ ես.
 Եթէ ծառայիս ձեռք տալ` ստեղծող ես.
 Եթէ աջովդ պաշտպանել` հոգածու ես.
 Եթէ վհատածիս դարման մատուցել` կերակրող ես.
 Եթէ անգէտիս մտքին հագուրդ տալ` վարդապետ ես.
 Եթէ քեզ դիմողիս ընդունել` ապաւէն ես.

Գ
 Արդ, այս բոլորը քո ձեռքումն են լոկ, տէ՜ր ողորմութեան,
 Ոչ միայն գրուած, այլեւ կատարուած ու գլխաւորուած,
 Ո՜վ առաջամարտիկդ համբերութեան նահատակների մէջ,
 Որ իմ փրկութեան համար` հզօրաբար հանդէս եկար ճակատամարտի ասպարեզում,
 Որպէսզի գոռոզ մարմնիս բռնութեան կարծրութիւնը դու
 Վշտի եւ տառապանքի վարժութիւններով կակղացնես:
 Մեր բնութեան յատուկ տոյժի տագնապը տաժանագին
 Քո անմեղօրէն չարչարուած մարմնով չափեցիր դու,
 Որպէսզի այն քո մէջ որպէս օրինակ ունենալով`
 Գթութիւնդ մեր նկատմամբ առաւելապէս ցուցաբերես,
 Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ՀԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Օրհնեալ եւ լուսանորոգ օր է մեծ պասեքի ուրբաթը սարսափելի,
 Երբ եղան երկու արդարակշիռ ընտրութիւնները սասանած բոլոր արարածների`
 Վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էութեան,
 Բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին:
 Եւ բարեպատեհ ժամն եկաւ հասաւ,
 Գրելու ինձ այս նուագն ողբաձայն` զուարճախառն երկիւղով.
 Չարչարանքներիդ մասին եմ ուզում խօսել այժմ ես,
 Որոնք կրեցիր դու իմ փոխարէն,
 Աստուա՜ծ բոլորի:

Բ
 Կանգնեցիր իմ կերպարանքով` ստեղծածիդ ատեանի առաջ
 Չխօսեցիր դու` տուիչդ խօսքի,
 Չբարբառեցիր` ստեղծո՛ղդ լեզուի,
 Ձայն չարձակեցիր` սասանիչդ երկրի,
 Չմռնչացիր` ամէնազդու փո՛ղդ մեծաձայն,
 Ո՛չ երախտիքովդ յանդիմանեցիր
 Եւ ոչ էլ նրանց իրենց չարութեամբ պապանձեցրիր.
 Չմատնեցիր դու նրանց ամօթի, որ քեզ մատնեցին մահուան տանջանքին.
 Չդիմադրեցիր, երբ կապեցին քեզ, ոչ էլ նեղացար, երբ ապտակեցին.
 Չնախատեցիր, երբ թքեցին ու չխռովեցիր, երբ բռունցքներով խփեցին քեզ,
 Չսրտմտեցիր, երբ կատակեցին, չխոժոռուեցիր, երբ ծաղրեցին:
 Պատմուճանը քո վրայից հանեցին, իբրեւ տկարից
 Ու դարձեալ հագցրին, իբր կալանաւոր անզերծանելի:
 Եթէ լեղիով խառն քացախը չխմեր կամա նա երկու անգամ,
 Չէր թափուի մաղձն իմ նախկին դառնութեան:
 Համտես արաւ նա յուսահատութեամբ ու մի կողմ տարաւ տարակուսանքով.
 Առան նրանից այն մոլեգնաբար եւ տուին դարձեալ անպատկառօրէն.
 Եւ խառնիճաղանջ ամբոխի առջեւ գանահարելով նրան սաստկապէս`
 Խիստ անարգանքի դատապարտեցին.
 Ծնրադրեցին` ծաղրելու եւ պսակ դրին հեգնելու համար:

Գ
 Հանգիստ չտուին կենդանարարիդ,
 Այլ պատրաստեցին քեզ համար գործիք, որ կրես:
 Ընդունեցիր այն իբրեւ երկայնամիտ, առար իբրեւ հեզ,
 Ու վերցրիր այն որպէս համբերող,
 Եւ շալակեցիր փայտը վշտալից, իբրեւ յանցապարտ:
 Տարար ուսամբարձ այդ զէնքը կենաց, զերթ հովտաշուշան,
 Որ գիշերային արհաւիրքներից պահպանես դու մեր քո ձեռքով կերտուած գահը մարմնեղէն`
 Դատապարտութեան վայրում, որպէս թէ խրախճանքի մէջ:
 Դուրս հանեցին քեզ որպէս ողջակեզ.
 Կախեցին, ինչպէս Սաբեկա խոյը, որին քարշ տուին իր եղջիւրներից.
 Տարածեցին խաչի սեղանի վրայ իբրեւ պատարագ,
 Բեւեռեցին որպէս չարագործի, կապկապեցին իբրեւ ապստամբի
 Երկնաւոր խաղաղութեանդ` իբրեւ աւազակ,
 Անկապտելի մեծութեանդ` իբրեւ խղճալի,
 Քերովբեներից պաշտուածիդ` իբրեւ քամահրելի,
 Կենաց պատճառիդ` իբր արժանաւոր` սատակիչ մահուան,
 Աւետարանի նկարչիդ իբրեւ օրէնքի հայհոյիչ,
 Մարգարէների տիրոջդ ու կատարելութեանդ` իբրեւ գրուածքներն համառօտող,
 Փառքի ճառագայթներիդ եւ Հօր անքնին խորհուրդների կնիքիդ իբր հակառակորդ ծնողիդ կամքին,
 Իսկապէս օրհնեալիդ` իբրեւ տարագրեալ.
 Օրէնքի կապն արձակողիդ` իբրեւ այր նզովեալ,
 Սպառող կրակիդ իբր յաղթահարուած մի կալանաւոր,
 Ահաւորիդ երկնի եւ երկրի` իբրեւ հաւաստի պատժապարտ,
 Անմատոյց լոյսով պարածածկեալիդ` իբրեւ հողածին մի ձերբակալուած:

Դ
 Ո՜վ դու քաղցրութիւն եւ երկայնամիտ բարերարութիւն,
 Գթառատ ողորմածութիւն եւ Տէ՜ր բոլորի,
 Որ ինձ` ապերախտ եւ անօրէն ծառայիս համար
 Այդ ամէնը կամաւորապէս եւ սիրայօժար հաճութեամբ
 Հանձն առար ա՛յն մարմնովդ, որ միացրիր քեզ` քո աստուածային էութեանը,
 Եւ մինչեւ քնարանը շիրմի` անպակաս լրութեամբ,
 Ամբողջական նոյնութեամբ մնալով Աստուած անքնին`
 Կրեցիր դու նոյն նախատինքները` անճառելի համբերութեամբ,
 Եւ ապա դարձեալ յարութիւն առար`
 Ինքնիշխան բարձրութեամբ ու պսակուած լոյսով,
 Աննուազ մարմնով եւ անթերի աստուածութեամբ:
 Օրհնեա՜լ ես փառքով, գովուած գթութեամբ
 Եւ բարեբանուած միշտ ողորմութեամբ
 Յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ՀԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, հողանիւթ կերպարանքովս ընկնելով երեսն ի վայր,
 Եւ ծնրադրական երկրպագութեամբ գլուխս խոնարհած`
 Ողորմած բարեգործիդ կենդանարար ոտքն եմ համբուրում
 Եւ այս աղօթքն եմ ընծայում մեծիդ:

Բ
 Աղաչում եմ քեզ, միա՜կ խնամակալ, մարդասէր, գթած,
 Կեցուցիչ, հզօր, այցելու, պաշտպան,
 Թող ի զուր չանցնեն ինձ համար մարդացած Աստծուդ փրկարար չարչարանքները,
 Ոչ էլ ընդունայն` մատնութեան գիշերը թափած քրտինքիդ կաթիլն արիւնախառն.
 Թող չստուերանայ երախտիքը լոյսիդ,
 Որ ձրիաբար, առանց փրկանքի պարգեւեցիր ինձ` թշուառացածիս.
 Թող չջնջուի շնորհներիդ աւետիսը,
 Որ քո կողքից բխած կայլակները նորոգեցին.
 Թող անօգուտ չլինեն չարչարանքներիդ պտուղները,
 Որ մատուցեցիր ինձ` կարօտեալիս.
 Թող չպարծենայ արտաքսուած բանսարկուն,
 Ինձ` ստեղծածիդ սեփականելով.
 Յաղթիր քո կամքով չարի իղձերին,
 Թող դարձեալ ապշի մի անգամ արդէն զարհուրածը,
 Թող կրկին դատապարտուի իսպառ դատապարտուածը,
 Մի՛ խնայիր խօսքդ ազատարար,
 Որ ինձ` ստեղծածիդ ընծայելով քեզ, նորից քեզ դարձնի:
 Ցոյց տուիր անճառ բարերարութիւնդ` յուսահատութեան չսպասուած ժամին,
 Երբ բոլորովին կտրուած արդէն եւ օտարացած էր շարժումը կենդանութեան:
 Մեռար անմահդ եւ նորոգեցիր մահացածներին.
 Համաձեւութեան օրէնքի կարգը եթէ փոխեցիր,
 Ուրեմն դիւրինն ու հեշտագոյնը, առաւել եւս հնարաւորը մի՛ արգելիր դու,
 Ո՜վ սկզբնաձիրդ ողորմածութեան,
 Բարեմիտ, օրհնեալ եւ երկայնամիտ թագաւոր:
 Ներգործի՛ր խօսքով քո ամենազօր,
 Որով առաջին օրը դու լոյսն ստեղծեցիր,
 Եւ ես անմիջապէս դէպի լա՜ւը պիտի փոխուեմ.
 Եւ եթէ ինքս ջանադիր չեղա հետեւել լոյսիդ`
 Դո՛ւ ել ինձ այցի, հայրական լոյսից ծագած ճառագայթ:
 Թող կանչուեմ քեզ մօտ վնասապարտ ծառաս`
 Քեզանից շնորհ եւ ողորմութիւն գտնելու համար.
 Պարտքերս հատուցելու համար ժամանակի երկարաձգման կարիք չկա,
 Շնորհ արա ինձ` տառապեալիս տեսնելու երեսդ-
 Լոյսդ` խաւարում վհատ սրտերի:
 Արգելի՛ր, փակիր այն ճանապարհը, որտեղից զեղուն բարիքները քո
 Խոյս են տալիս միշտ իմ յիշողութեան տեսողութիւնից.
 Քո միշտ մնայուն գանձերի շնորհն ամենապայծառ պահիր ինձ համար,
 Որ ես դառնալով ընտիր, պատուական` քո՛նը անուանուեմ`
 Պաշտպանուած քեզնով, անսահմա՜ն բարի:

Գ
 Փութայ՛ ինձ շուտով ողորմել, գթած, աղաչում եմ քեզ,
 Ողորմի՛ր հզօր, կրկի՛ն ողորմիր:
 Մի՛ փոխարկիր դու չարիքներս երկունքի ցաւերի, ո՜վ համակ բարի,
 Մի՛ վերցնիր վտանգուածիս քո կողմից պարգեւուած շնորհը.
 Մի՛ խլիր փչումն ամէնօրհնեալ հոգուդ.
 Մի՛ լուծիր խնկելի կնիքն արքունական քո պատկերի:
 Սրբուած սրտիս մէջ թող չյայտնուեն մեղքերի փշեր:
 Մի՛ խզիր քեզ հետ սիրոյս ամրապինդ կապը միութեան.
 Մի՛ զլանար ինձ լեզուի ճարտարութիւն` վայելուչ ու ճոխ ճառելու համար.
 Մի՛ պակասեցնի արժանիքն աջիս, որպէսզի լոյսիդ մասունքը բաշխեմ:
 Մի՛ գրիր ծանր մահացու մեղքերս կեանքի դպրութեան քո մատեանի մէջ.
 Մի՛ պահիր, մի՛ համարիր իմը,
 Մի՛ յիշեցնի, մի՛ ամաչեցնի,
 Մի՛ նախատիր, մի՛ ոտնահարիր,
 Մի՛ արձանագրիր մեղկութիւններս,
 Մի՛ կորստաբեր գործերս ամբարիր,
 Մի՛ որպէս մեղադրեալ ամբաստանիր ինձ,
 Մի՛ աճեցնի ինձ հետ ծառն անէծքների,
 Մի՛ արձակիր իմ մէջ վնասակար սաղարթ.
 Մի՛ ընձիւղիր մեղքերի ծաղիկ եւ մի՛ թողնի, որ պտուղ բերի նա.
 Մի՛ դնիր իմ առաջ պարտքերիս թուղթը:
 Մի՛ թուիր երկնաստեղծ մատներիդ ճիւղերի վրայ` գործած մեղքերս.
 Մի՛ ահեղօրէն ընդդիմախօսիր` անօրէնութիւնս յիշատակելով.
 Մի՛ յանձնիր կամքիս հոգուս աւանդը` գերեվարելու.
 Մի՛ փառաւորիր ինձ այստեղ, որպէսզի այնտեղ չդատապարտես.
 Անցաւոր կեանքի այս նուազագոյն, սին հաճոյքներով`
 Մի՛ տուժել տայ ինձ` յաւիտենական բարիքներն անբաւ.
 Մի՛ չափիր փառքը անվերջանալի` այս ժամանակի կարճատեւութեամբ.
 Մի՛ գրաւ դնի կեանքըդ անարատ` իմ վշտահառաչ հովտի փոխարէն.
 Մի՛ փոխանակի քո անճառելի լոյսը` մթամած այս ստուերի հետ.
 Մի՛ թողնի մտքիս երասանը դու, որպէսզի չերթա՜մ զարտուղի ճամփով.
 Մի՛ համարիր բաւ հանգստիս համար` կամուրջն աշխարհի.
 Մի՛ պահիր հովիտն իմ խոհեմութեան ստուերի ներքո, որ հանդերձեալում չհրապարակուեմ:
 Եթէ ամբարես չար գործերս անթիւ, կմեռնեմ ողջ-ողջ.
 Եթէ սրտիս մէջ շտեմարանես` այժմուանից անբոց պիտի այրուեմ.
 Եթէ անօրէն արարքներս դու քննութեան առնես`
 Առանց քո առջեւ ելնելու` պիտի հալուեմ ես իսպառ.
 Եթէ մեղքերս թողնես, որ ինձ հետ տնկակից աճեն` նրանցով պիտի մաշուեմ, սպառուեմ:

Դ
 Ի՜նձ նայիր, զօրե՛ղ ամենակարող,
 Որ չարութիւններս փախուստ տան ինձնից, եւ գա քո բարին փոխարինելու:
 Հրամայիր, գթա՛ծ, խնամակալ, գովեալ, լո՜յս անշիջելի,
 Որ զօրութեամբդ անհուն նորոգուի հաստատապէս
 Բնական կառուցուածքն անդամների` մարմնեղէն իմ տան,
 Որպէսզի այնտեղ անհեռանալի բնակուես բազմած
 Եւ հանգստանաս հաճոյ տենչանքով` քեզ հետ իմ հոգու ամուր միութեամբ:
 Ապականութիւնն իմ մեղքերի իսպառ հեռացնելով,
 Անարատությա՜մբ վերակազմես ինձ,
 Ամենակեցոյց թագաւոր անմահ,
 Տէ՜ր Յիսուս Քրիստոս,
 Օրհնեալ յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ՀԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Յիշի՛ր, Տէ՛ր գթած եւ արդարասէր,
 Աստուա՛ծ ճշմարիտ.
 Նայի՛ր վերստին քո ստեղծածին, որ սխալական է իր բնութեամբ.
 Զննիր ինձ դարձեալ` շրջանառութիւնն իմ արեան, ահա,
 Որ տարածւում է ամէն ուղղութեամբ:
 Մօտեցիր դու ինձ բժշկի նման
 Եւ տե՛ս, որ մարդ եմ խակամիտ, թերի իմ խորհուրդներով,
 Ինչպէս որ ինքդ վկայեցիր, չեղածներն անգամ տեսնող սրտագէտ,
 Դո՛ւ միայն անմաս` ստութեան մութին:
 Ապա ուրեմն իրաւացի է, որ դասուեմ կարգն այն մեղաւորների,
 Որոնք իբրեւ երկրածին մարմին մահկանացու
 Վրիպել են մարդկօրէն սխալուելով եւ դատապարտուած են կրկնապէս,
 Քան թէ ուզենամ` խօսքդ սուտ դուրս գա:
 Քանզի արդարեւ դու ինքդ էլ գիտես,
 Թէ չար է ի բնէ մեր ծնունդն արդէն եւ ընդաբոյս է չարութիւնը մեր,
 Եւ մեր խորհուրդներն անփոփոխ են միշտ,
 Ըստ հոգեհանճար իմաստունի կանխազեկոյց առակի:

Բ
 Թեթեւացրո՛ւ սաստկութիւնն այն տանջանքների,
 Որոնք պատրաստուած` սպասում են ինձ`
 Գեհենի որդուս յաւիտենական մահուան համար զարդ դարձնելու ընդմիշտ.
 Վերացրո՛ւ մէջտեղից մեղքերս ամօթալի,
 Որոնք պահուած են` վերջին ատեանին յայտնի դառնալու թշուառականիս:
 Ընծայի՛ր խրատդ խաղաղարար նախապարգեւ քո ողորմութեամբ,
 Որպէսզի ահեղ անտանելիներն իմ մտքի առաջ չպատկերանան,
 Կենարար զղջման փոխարէն` անյոյս ապշութեան առաջ կանգնեցնելով ինձ,-
 Դատաստանն ահաւոր եւ դատաւորն անկաշառ ու անխաբելի,
 Սոսկալի ամօթն ու կշտամբանքը սարսափելի,
 Հանդիմանութիւնն անխուսափելի,
 Տագնապն անճողոպրելի,
 Պակուցումն անխրախուսելի,
 Դողումն անվերջանալի,
 Լացն անսփոփելի,
 Ատամնակրճտումն անբժշկելի,
 Ապականութիւնն անողջանալի,
 Սարսափելի անէծքն աստուածային խօսքիդ,
 Փակումն գթութեան եւ արգելումն ողորմութեան:
 Կգալարուի երկինքն այն ժամանակ,
 Եւ կդղրդուի երկիրն իր յատակով
 Խռովայոյզ ծովի բազմակուտակ կոհակների պէս,
 Որոնք փախչում են նախ խուճապահար,
 Ապա դառնալով մէկ-միւսի վրայ`
 Խափանում են խոլ ընթացքն երկուստեք ու կանգ են առնում:
 Եւ լայնատարած գետինը այնժամ տարուբերուելով ու տատանուելով`
 Թնդագին բախմամբ կցնցի ուժգին իրենց հիմունքից
 Լեռները բոլոր ու փուլ բերելով` կհարթի նրանց:
 Կհալուեն համակ ու կհրդեհուեն քարեղէն նիւթերն ու տարրերն ամէն.
 Կայլայլուի երկինքն անեղծանելի մի փոփոխութեամբ,
 Եւ արարածներն իրենց տարերքով կառնեն մի նոր ձեւ ու նոր կերպարանք:
 Ծածուկ գործերը կհրապարակուեն, ու կյայտնուեն մեր կրքերն անտես.
 Մեր վարքն ու կենցաղն ու ներքինը ողջ`
 Պարզ կնկարուեն մեր մարմնի վրայ:
 Երկնի թագաւորն ատեան կնստի` հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ:

Գ
 Ուստի եւ ահա, վա՜յ ինձ եօթն անգամ` կրկին եղկութեամբ,
 Չափով ու կշռով այս նոյն համրանքի,
 Որը թուերի անբաւութիւն է պարփակում իր մէջ:
 Ի՞նչ պիտի անեմ ողբալի հոգիս` այդ մեծ օրուայ մէջ ամենաահեղ.
 Քանզի առաջուց յիշելն աւելի սաստիկ է, քան թէ հանդիպել նրան:
 Ոմն մարգարէ այդ տագնապալից փախուստի խուճապն անզերծանելի
 Պատկերացնում է մեզ առակաւոր այս օրինակով,
 Թէ` մի մարդ փախչում է առիւծի ձեռքից,
 Եւ պատահում է նրան արջը.
 Եւ երբ արջից էլ խոյս տալով հասնում եւ մտնում է տուն,
 Եւ ձեռքը յենում է պատին` օձն է խայթում նրան:
 Եւ ապա, աւելի սաստկացնելով տեսիլն այդ քստմնելի,
 Աւելացնում է դարձեալ ասելով.-
 "Ո՞չ ապաքեն խաւար է Տիրոջ օրը",
"Օր խաւարի եւ մութի, օր ամպի եւ մառախուղի":

Դ
 Երբ կենակից պահապան հրեշտակը` հզօր ոստիկանն իրաւամբ կամբաստանի,
 Եւ ահաւոր հատուցողը կյանդիմանի արդարութեամբ,
 Թագաւորի սպասաւորները կաճապարեն առանց խնայելու`
 Ոմանց կեանքի հրաւիրելով եւ ոմանց դատապարտելով ամօթի,
 Ոմանց ծիծաղկոտ եւ ինձ ահարկու ու քստմնելի երես ցոյց տալով,
 Ոմանց լուսապաճոյճ պսակներ մատուցելով
 Եւ այլոց` վճիռ մահվամբ կորստեան.
 Արդարներին աւետաւոր լուր եւ ինձ` գոյժ տխուր` անվերջ վշտերի:
 Մինչդեռ բարիների համար կմեռնի իսպառ մահուան յաղթանակը,
 Ինձ` չարագործիս համար կմնա ընդմիշտ տեւական.
 Դուռ բախելն այլեւս ի զուր կդառնա,
 Ու կդադարի գութն իմ նկատմամբ:
 Զարմանահրաշ գրքերն երբ բացուեն,
 Ուր գրուած են մեր մինչեւ այժմ ծածուկ մնացած բոլոր
 Գործերը պէս-պէս այս կեանքում վարած մարդկային բնութեան,
 Որի համար եւ գոյութիւն առան էակներն ամէն,
 Այնժամ իւրաքանչիւր մարմնի վրայ իսկոյն երեւան կգան լրիւ դրոշմուած
 Եւ երկրաւորներիս հասկացողութեան հանդէպ կնքուած ու փակուած բոլոր
 Անպատմելի խորութիւնները, եւ մեր աչքի առաջ կպատկերանան:
 Այստեղ է, որ ողբ ու արտասուքով գնւում է երկինքը,
 Իսկ այնտեղ նրանք իբրեւ ուշ մնացած ունայնութիւններ` կարհամարհուեն ու կմերժուեն.
 Այստեղից նախօրօք չառաքուած հեծեծագին հառաչանքները
 Այնտեղ լսելի չեն լինի երբէք.
 Կշեռքով ցանուած ողորմութիւնները պայծառ ճրագով ճամփա չեն բանա.
 Այնտեղ տապանը նախայանցաւորների եւ կտակարանը տիրանարգների
 Եւ ահաւոր նշանն հիմակուաններիս`
 Հանդէս գալով` մեծաձայն պիտի դատախազէն:
 Այդ նոյն սոսկալի վայրում`
 Մէկը հայրենի հաղորդութեան ուխտը,
 Մէկն էլ անտեսների վկայութեան խորանը,
 Միւսը` մեծագործ արիւնն Աստծոյ
 Իբրեւ իրաւացի ամբաստանողներ` իմ առջեւ պիտի տարածեն:
 Բազմապիսի տանջարաններ ես ինքս անձամբ այստեղի՛ց իսկ պատրաստեցի ինձ համար,
 Այլեւս ինչպէ՞ս յուսակտուրս մխիթարուեմ:
 Զի եթէ նոյնիսկ լուսեղէն զօրքերն արդարների հետ,
 Որոնք փառաւորուած են երանութեամբ, սարսում են ու դողում
 Եւ սիրտ չեն անում նայել ահաւոր դատաստանին,-
 Ես եղկելիս, աւանդակորոյս սատակման որդիս ո՞րտեղ կմնամ,
 Ես, որ ոչ միայն չպիտի լինեմ պսակի արժան,
 Այլեւ պատուհասն իմ անտանելի եւ կորուստս պիտի լինի անսպառ:

Ե
 Բայց դու շտապիր, ամենապարգեւ, անճա՜ռ զօրութիւն,
 Փրկարար ձեռքդ երկարելու ինձ` կորստեան մատնուած գերուս,
 Որպէսզի քեզնով օգնութիւն գտած` կրկին ետ դառնամ դժոխքի դռնից
 Եւ բոլորովին ամենապատրաստ` պատիժներից զերծ մնամ, անվտանգ:
 Գալիքներն այստեղ մտքի աչքերով նախատեսելով,
 Բաւ համարելով լսել տագնապած` տանջանքների ձայնն ահեղահամբաւ,
 Քո բարի կամքով ազատուեմ իսպառ եւ չմատնուեմ առիւծների կորիւններին,
 Որոնք խնդրում են քեզանից` տալու ինձ իրենց որպէս կերակուր,
 Խժռելու գազանային ատամներով,
 Որպէսզի լցնելով որովայնը մահուան`
 Այստեղ պարարուածիս քաշեն ու հալեն այնտեղ,
 Ուր պահւում են անսպառ մնացորդ մթերքները`
 Յաւիտենապէս լափուելու համար:
 Քանզի դո՛ւ միայն կարող ես կորզել այդ սպառիչ ժանիքներից
 Եւ տանել դէպ կեանք ու երանութիւն,
 Ապաւէ՜ն բոլորի` լոյսի թագաւոր
 Տէր Յիսուս Քրիստոս,
 Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:


ԲԱՆ Ձ
Ա

 Եւ արդ, այսքան յուսահատութիւնների եւ ահարկու սրտաբեկութեան,
 Ահաբեկիչ սաստկութեամբ աստուածային բարկութեան ենթարկուելուց յետոյ,
 Թախծալից ոգով, իսպառ տագնապած`
 Քեզ եմ աղաչում, սուրբ Աստուածածին,
 Հրեշտակ մարդկանց մէջ, մարմնատեսիլ քերովբե,
 Երկնաւոր արքայուհի,
 Անխառն, ինչպէս օդ, մաքուր, ինչպէս լոյս,
 Անշաղախ` նման բարձր արուսեակի պատկերին պայծառ,
 Գերազանց, քան սրբութիւնների բնակարան անկոխելի,
 Խոստացուած դու վայր երանաւետ, Եդեմ շնչաւոր,
 Անմահ կենաց ծառ` բոցեղէն սրով պարունակուած,
 Բարձրեալ Հօրից զօրացած եւ հովանաւորուած,
 Հանգստութեամբ Հոգու պատրաստուած եւ մաքրագործուած,
 Բնակութեամբ Որդու յարդարուած եւ տաղաւարուած,
 Հօր համար միածին եւ քեզ` անդրանիկ,
 Որդիդ` ծնունդով եւ տէրդ` արարչութեամբ,
 Անաղտ մաքրութեանդ հետ ե՛ւ անբիծ բարի,
 Անարատ սրբութեանդ հետ ե՛ւ բարեխօս խնամակալ,
 Ընդունի՛ր աղօթքն այս աղերսալից քեզ դաւանողիս,
 Եւ այն ընծայիր Աստծուն իբրեւ պաղատանքը քո,
 Խառնելով նրան` մեծիդ մատուցուած իմ պաղատալից ներբողն առաջին.
 Հիւսիր, միացրու դառն հեծութիւնն իմ մեղաւորի
 Քո երանելի եւ նուիրական խնդրուածքի հետ,
 Կեանքի տունկդ դու օրհնուած պտղի,
 Որպէսզի քեզնից միշտ բարերարուած
 Եւ ապաւինած մաքուր մայրութեանդ ու լուսաւորուած`
 Ապրեմ ես Քրիստոս Որդուդ Միածին եւ Տիրոջդ համար:

Բ
 Օգնի՛ր թեւաւոր քո աղօթքներով, ո՜վ խոստովանուած մայրդ ողջերի,
 Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
 Առանց տանջալից չարչարանքների գնամ դէպի կեանք,
 Դէպի պատրաստուած օթեւաններդ:
 Թող թեթեւ լինի վախճանն իմ, զի ես ծանրացել եմ խիստ անօրէնութեամբ,
 Օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տօն ուրախութեան,
 Դու, որ բուժեցիր երկունքն Եւայի:
 Խնդրի՛ր, աղաչիր ու բարեխօսիր,
 Զի անճառելի մաքրութեանդ համար հաւատում եմ ես` խօսքդ կընդունուի:
 Արցունքով օգնիր դու վտանգուածիս, գովեա՜լդ կանանց մէջ.
 Ծնկաչոք խնդրիր հաշտութեանս համար, ծնո՜ղդ Աստծոյ.
 Հոգատար եղիր թշուառիս հանդէպ, խորա՜ն բարձրեալի.
 Ձեռք տուր ընկածիս, տաճա՜ր երկնային.
 Եւ փառաւորիր որդուդ քեզանով,
 Որ աստուածօրէն հրաշագործէ ինձ ի քաւութիւն եւ ողորմութիւն,
 Ո՜վ դու Աստծոյ աղախին եւ մայր:

Գ
 Բարձրանայ պիտի պատիւդ ինձանով
 Եւ փրկութիւնն իմ` ցոյց տրուի քեզնով:
 Եթէ ինձ գտնես, տիրամա՜յր,
 Թէ ինձ ողորմես, սրբուհի՛,
 Թէ կորուսեալիս շահես, անարա՛տ,
 Եթէ խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
 Եթէ ամօթահարիս առաջ տանես, բարեշնո՛րհ,
 Եթէ միջնորդես յուսահատուածիս համար, մի՜շտ սուրբ կոյս,
 Եթէ մերժուածիս ընտանեցնես,
 Աստծո՛ւց մեծարուած,
 Եթէ ցոյց տաս ինձ գթութիւնդ, լուծի՛չդ անէծքների,
 Եթէ տատանեալիս ամրապնդես, հանգի՛ստ,
 Եթէ հուզումներս ու խռովքներս հանդարտեցնես, խաղաղարա՛ր,
 Եթէ մոլորեալիս մի ճար գտնես, գովեա՜լ,
 Եթէ ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՛ն նահանջիչ,
 Եթէ դառնութիւնս անուշացնես, քաղցրութի՜ւն,
 Եթէ բաժանման արգելքը քանդես, հաշտությո՛ւն,
 Եթէ անմաքրութիւնս վերացնես, եղծմա՛ն ընդոտնիչ,
 Եթէ փրկես ինձ` մահուան մատնուածիս, կենդանի՜ լոյս,
 Եթէ իմ լացի ձայնը կտրես, բերկրությո՛ւն,
 Եթէ խորտակուածիս կազդուրես, կեանքի՛ դարման,
 Եթէ կործանուածիս մի ակնարկ գցես, հոգելի՛ց,
 Եթէ ողորմութեամբ ինձ պատահես, նուիրակա՛ն կտակ,
 Օրհնեա՛լդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից,
 Ահա՛ կաթիլ մի կուսութեանդ կաթից
 Մեջս անձրեւելով` կեանք է տալիս ինձ,
 Ո՜վ դու մայր բարձրեալ Տիրոջդ-Յիսուսի,
 Երկնի եւ համայն երկրի արարչի, որին ծնեցիր դու անճառօրէն,
 Բովանդակ մարմնով եւ ամբողջովին իր աստուածութեամբ,
 Որ փառաւորուած է Հօր եւ սուրբ Հոգու հետ
 Էութեամբ համակ եւ անքննութեամբ մեր բնութեան հետ միացած,
 Ամենայն է նա եւ ամէն ինչում,
 Երրորդութիւնից մէկը,
 Նրան փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:






Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.