Translate

воскресенье, 15 июня 2014 г.

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ



ԲԱՆ ԼԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ այսպէս ահա սաստկացրի ես ինձ անսփոփելի ցաւ պատճառող կրքերս,
 Ողբալով երկար ե՛ւ հեծեծագին, ե՛ւ մեծահառաչ,
 Որ դու, ողորմա՜ծ, սկզբնահայրդ անյայտ ու ծածուկ մեղքերի խոստովանութեան,
 Որդիդ կենդանի Աստծոյ, Տէր Յիսուս Քրիստոս,
 Քաղցրությա՜մբ նայես քաւելու համար.
 Արդարեւ կարող ես դու եւ ձեռնհաս ես ճշմարտապէս,
 Եթէ կամենաս` հնարներ ունես դու.
 Ինչքան որ կամենում ես, այնքան էլ կարողանում ես,
 Հարստանում ես դու մեծապէս` տալով, քան թէ առնելով,
 Բազմանում են գանձերդ ցրուելով, քան թէ հաւաքելով,
 Շատանում է ստացուածքդ սփռելով, քան թէ խնայելով,
 Դիզւում են պաշարներդ տարածելով, քան թէ ամբարուելով,
 Հաւատալով այսպէս այս բոլորին` յոյս ունեմ ես,
 Թէ փրկութեան ե՜լք կգտնեմ քեզանով:
 Հաւատում եմ անարգս պատուականի հետ,
 Եւ յոյս ունեմ ես Աբրահամի հետ եւ Աննայի.
 Զի մէկը հաւատաց քո խօսքին, եւ միւսը քահանայապետի ձայնին անսաց:
 Ուստի եւ մէկը խոր ծերութեան մէջ դարձաւ անհամար որդիների հայր,
 Յուսալով, թէ պիտի կարողանար Սառայի արգանդն ամուլ ու զառամ`
 Բազում ժողովուրդների, մարգարէների եւ ընտիր թագաւորների
 Պտղածին եւ օրհնաբեր անդաստա՜ն տեսնել:
 Իսկ միւսն` անմշակ երկիր - սենեակը իր որովայնի
 Բարգաւաճեց եօթ զաւակներով,-
 Թի՜ւ անհաշուելի, որ աստուածային յաւիտենութիւն է նշանակում,
 Նրա յարակայութեան սահմանն անհետազօտելի,
 Եւ աւազանի նորածին որդոց առատութիւն անսպառ:
 Թիւն այս պանծալի, որ չունի իրեն զոյգը հաւասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,
 Կուսութիւն է մի ուրոյն ընտրութեամբ միշտ նուիրական`
 Որ անճառօրէն յաւիտենութեան դժուարմեկնելի խորհուրդն է խորին եւ մեր մտքից վեր:

Բ
 Արդ, համարի՛ր դու փրկութիւնից յուսահատ հոգուս համար որպէս արդարացում
 Ամենավարան ու կողկողագին ձայնն այս դառնապէս հեծեծող սրտիս,
 Իմ հաւատքի փոքր այս դաւանանքը խնդրագին
 Վերոգրեալ երջանիկների հաւատքին հաւասար դասելով,
 Որպէսզի ես էլ ապրեմ նրանց հետ բերկրալից կեանքով,
 Ամուր կառչելով քո շնորհներին, քան թէ գործերիս:
 Մանաւանդ որ քո շնորհները բարձր են եւ կրկնակի փառաւոր
 Եւ չեն կշռւում ու չափւում խօսքով,
 Ու հաւատում եմ ես անտարակոյս, թէ հզօրապէս կարող են քաւել
Մեղքերս բոլոր` խաղաղեցնելով խռովութիւնն իմ:
 Այդ շնորհներն են` քո ահաւոր արեան հետ միասին ե՛ւ մարմնաւոր ծնողդ խնկելի,
 Առաքեալների խմբերը, դասը մարգարէների,
 Եւ գնդերը ողջ` հեծեալ, հետեւակ եւ սպառազէն,
 Ու մերկամարտիկ քաջաբար մրցող մարտիրոսների, մենակեացների,
 Բոյլքը ընտրեալ եւ բարեկրօն վանականների,
 Հոյլքն երկրի վրայ ապրող երկնային հոգեղէնների,
 Զինուորութիւններն մեզ կցորդակից վերնականների,
 Տուրքը երախայրիքների, մատուցումը զվարակների,
 Ջահավառումներն ու բոյրը իւղով օծուած խունկերի,
 Յաղթանակը փրկութեան նշանների,
 Կառուցումներն աստուածաբնակ խորանների,
 Եւ շնորհի խորհուրդը կատարող ձեռքերը քահանաների:

Գ
 Այսպէս մեր ամէն մի շարժումի մէջ
 Աստծուն ենք յիշում,-
 Երբ քայլ ենք փոխում, ձեռք ենք կարկառում, բազուկ բարձրացնում,
 Բարի գործերի համար գոհութիւն եւ գայթումների համար աղաչանք ենք վերընծայում.
 Ընտանեկան զրոյցներում եւ հասարակաց խօսակցութեան միջոցին
 Մեր բնական ձայնի, գործերի յաջողութեան եւ առաքինական ջերմեռանդութեան պահերին,
 Գիշեր թէ ցերեկ, քնած ժամանակ եւ կամ արթմնի,
 Քեզնով առաջնորդուած հոգեւորների օգտակար ընթացքում,
 Ազգերի միջեւ պատերազմների եւ դեւերի հետ մղուող մարտերում,
 Հերձուածողների հետ վիճաբանելիս,
 Փոքրերի եւ մեծերի հետ վերաբերուելիս,
 Ըմպելիքներ խմելու եւ կերակուրներ ճաշակելու միջոցին,
 Մեզ համար հաճոյ եւ թէ վշտալից բոլոր դէպքերում,
 Որոնցից առաջինների համար աղօթում ենք մենք, որ մնան այնպէս,
 Եւ միւսները` որպէսզի դու զերծ պահես նրանցից`
 Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապէս,
 Քանզի ամէն ոք հաւատում է, թէ օգնելու պատրաստ` կարող ես դու միշտ,
 Տակաւին ծծկեր երեխաներին, դեռահաս պատանիներին,
 Վայրենաբարոյ մարդկանց եւ գոռոզ ստամբակներին:
 Եւ թատերական տեսարանների մէջ մինչեւ անգամ,
 Եւ խառնիճաղանջ բազմութիւնների խուռներամներում,
 Եւ կամ հզօրիդ կամքին անհաճո կաքաւումների ու կայթերի մէջ
 Դու չե՛ս մոռացուած:

Դ
 Դո՛ւ ստեղծեցիր, բոլորին, եւ քո՛նն են բոլորը,
 Եւ դու բոլորի՜ն պիտի ողորմես, միա՜յն բարեգութ.
 Զի թէ մեղանչեն իսկ` քոնն են, քանզի քո հաշուի մէջ են,
 Եւ գիտեն քո զօրութիւնը, ինչպէս առակողն է աղօթել,
 Որին ես ինքս էլ ձայնակից եմ իմ խղճուկ խօսքերով,
 Որպէս յանցաւոր հաստատելով այդ:
 Հանդգնում եմ ասել, թէ նա, ով գովեստով է տալիս անունդ, հաւատալով, թէ կաս,
 Եւ եթէ նոյնիսկ նա եօթնապատիկ անգամ յանցանքով վարակուած լինի,
 Ինչպէս բերուած է որպէս ապացոյց-օրինակ` արդեօք քոնը չէ՞ դարձեալ:
 Երբեմն արջնաթոյր ագռաւների մէջ
 Սպիտականիշ աղաւնիների երամներ ենք տեսնում,
 Եւ ձիերի մէջ խրոխտ, անմաքուր` որոջներ հանդարտաբարո,
 Եւ գազանակերպ շների թւում` օրհնուած գառներ,
 Խստութեան մէջ` հեզութիւն,
 Թերութեան մէջ` կատարելութիւն,
 Հանձնապաստանութեան մէջ` խոնարհութիւն,
 Ստութեան մէջ` ճշմարտութիւն,
 Խորամանկութեան մէջ` միամտութիւն,
 Նենգամտութեան մէջ` անբծութիւն,
 Չարագործութեան մէջ` բարութիւն,
 Լկտիութեան մէջ` պարկեշտութիւն,
 Անգթութեան մէջ` ողորմութիւն,
 Անյուսութեան մէջ` ապաշաւութիւն,
 Բարկութեան մէջ` քաղցրութիւն,
 Թշնամութեան մէջ` հաշտութիւն,
 Խածանողութեան մէջ` անոխակալութիւն,
 Չարչարանքի մէջ` քաջալերութիւն,
 Եւ նետաձգութեան մէջ` օրհնութիւն:
 Ուստի անկարող եղայ ես դատել ճշգրիտ կերպով,
 Թէ այն ո՞վ պիտի երկրածիններից կարենայ կանխել ժառանգելու քեզ,
 Որ կշտամբում ես անաչառօրէն եւ արդարութեամբ
 Այն ամբարիշտին, որը ինքն իրեն մաքուր է կարծում
 Եւ այն պոռնիկին, որ զղջացել է:
 Բոլորի համար բարեգործդ դո՛ւ, միա՜կ թագաւոր,
 Օրհնեալ ի բարձունս, յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԼԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, ես հետինս վերոյիշեալ արժանաւորներից,
 Պատժապարտների կարգը արդարեւ դասելով ինքս ինձ,
 Ողորմութիւն եմ խնդրում քեզանից բոլորի աղերս-աղօթքների հետ`
 Նկունների հետ եւ անհամարձակների,
 Տկարների հետ եւ փոքրիկների,
 Ընկածների հետ եւ արհամարհուածների,
 Տարագրուածների հետ եւ դէպի քեզ դարձածների,
 Երկմիտների հետ եւ աներկմիտների,
 Կործանուածների հետ եւ վերականգնածների,
 Ընկճուածների հետ եւ հաստատուածների,
 Գլորուածների հետ եւ կանգնածների,
 Մերժուածների հետ եւ ընդունուածների,
 Ատուածների հետ եւ կոչուածների,
 Ապշածների հետ եւ զգաստների,
 Անառակների հետ եւ զսպուածների,
 Հեռացածների հետ եւ մօտեցածների,
 Հերքուածների հետ եւ սիրուածների,
 Ամօթահարների հետ եւ զուարթացածների
 Եւ ամաչկոտների ու խնդամիտների հետ:
 Սակայն ես այստեղ կպատմեմ դարձեալ ոչ թէ մեղքերը Երուսաղէմի,
 Ըստ մարգարէի հրամանառութեան իր նախնի ժողովրդի վերաբերեալ,
 Կամ Յակոբի տան գործերն անօրէն -
 Այլ պիտի գամ յայտնելու իմ մեղքերը,
 Քանզի իմ մահուան աղէտի վրայ աւա՜ղ ասելով ըստ մարգարէի,
 Ես ինքս իմ ձայնով պիտի մեղադրեմ ինձ` սաղմոսողի խօսքի համաձայն,
 Որպէսզի իմ այս համայնապատում խոստովանութեամբ
 Պէտք չունենալով այլեւս աւաղ բացականչելու,
 Մէկ անգամ ընդմիշտ մաքրուեմ
 Էիդ օրհնեալ հրամանով:

Բ
 Եւ արդ, ահաւասիկ, ծունկի գալով բարերարիդ քաղցրութեան առջեւ,
 Փռւում եմ հողին ցոյց տալու համար, թէ ինչպէս եմ ես ի մահ գլորւում,
 Ես, որ սողունի նման սահելով եւ անասնական գետնաքարշութեամբ,
 Կամաւոր կերպով գամեցի ինքս ինձ այս կորստական անցաւոր կեանքին
 Եւ սակայն հիմա յենուած քեզ, ո՜վ Տէր,
 Ինչպէս մարմնով Դաւթի արմատից ընձիւղուած
 Եւ անճառօրէն անեղ աստուածութեանդ հետ շաղկապուած հաստատուն գաւազանի վրայ, որպէս կեանքի նեցուկի,
 Երախտիքներիցդ պատկառելով` կիսով չափ պիտի կանգնեմ դարձեալ,
 Կիսաբաց դէմքս հակած դէպի վար, եւ աչքս դէպի վեր,
 Խղճալի հայեացք յառելով քեզ,
 Տէ՜ր, որ մօտիկ ես մեր հեծութիւններին,
 Եւ ողորմութիւն ես բոլորովին, համակ քաղցրութիւն,-
 Եւ լիճը լոյսիս լցրած արցունքով`
 Յոյսով լեփ-լեցուն պաղատանքներս մեծութեա՜նդ պիտի ես վերընծայեմ:

Գ
 Լսի՛ր աննուազ եւ ամէնառատ երկայնամտութեամբ` քեզ դառնացնողիս,
 Դո՛ւ մեր փրկութեան պայմանըդ միակ:
 Աստուա՛ծ բոլորի, անճառ մեծութիւն,
 Անբովանդակելի բնութիւն, անքննելի իսկութիւն,
 Հզօր զօրութիւն, կարող բարերարութիւն, անպակաս լրութիւն,
 Անճառ ժառանգութիւն, վայելչական վիճակ,
 Առատ պատրաստութիւն, անստուեր իմաստութիւն,
 Տէնչալի տուրք, անձկալի շնորհ, բաղձալի բերկրութիւն,
 Անտխուր հանգիստ, անտարակոյս գիւտ, անկապտելի կեանք,
 Անծախելի ստացուածք, անփոխարինելի բարձրութիւն,
 Ամէնարուեստ բժիշկ, անսասան հաստատութիւն,
 Դարձուցիչ մոլորուածների, գտնող կորուսեալների,
 Յոյս` ապաւինածների, լոյս` խաւարածների,
 Քաւիչ մեղանչածների, ծածկարանդ փախչողների,
 Անդորրիչ խռովեալների, փրկութիւն մահացածների,
 Արձակիչ կապուածների, ազատիչ մատնուածների,
 Պատսպարան սահածների, վշտակիցդ սայթաքածների,
 Երկայնամտութիւն տարակուսեալների.
 Լուսեղէն տեսք, ցնծութեան ցոյց, օրհնութեան անձրեւ,
 Հոգի երեսաց, զօրութիւն դէմքի, հովանի գլխի,
 Շարժիչ շուրթերի, ազդումն խօսքի, կառավար անձի,
 Բարձրացնող բազկի, երկարող` ձեռքի, սանձակալ սրտի,
 Ընտանի անուն եւ մերձաւոր ձայն,
 Կցորդութիւն հարազատ, խնամածութիւն հայրական,
 Խոստովանուած անուն, պաշտելի պատկեր, անպարագիր տիպ,
 Երկրպագուած տէրութիւն, բարեբանուած յիշատակ,
 Խնդութեան մուտք, անվրէպ շաւիղ, փառքի դուռ,
 Ճշմարտութեան ճանապարհ, երկնաճեմ սանդուղք,
 Եւ այլ բազմաթիւ խօսքեր գովեստի` անհամար շարքով, անբաւ տողերով,
 Որոնք ո՛չ երկրածին բերանը կարող է արտաբերել,
 Ո՛չ կարող է տանել մարմնեղէն գործիքը,
 Եւ ոչ էլ հոգեղէն իղձերը կարող են կշռել:

Դ
 Ամէն տեսնող աչք քեզ է նայում,
 Տէ՛ր, Աստուա՜ծ բոլորի,
 Եւ դո՛ւ էլ նայիր քեզ հառաչաձայն պաղատող բոլոր քո ծառաներին,
 Աղախիններին, թէ նրանցից էլ աղաչող լինի:
 Ընդունի՛ր եւ իմ այս ողբ ու լացով ցանկասէր աչքիս ցողն արցունքների,
 Որով, Տէ՜ր Քրիստոս, թրջում եմ ահա ոտքը անարատ քո մարդեղութեան,
 Եւ օրինակով այն խորհրդաւոր` յանցաւոր կնոջ մազերի,
 Ընդունի՛ր նաեւ իմ դաւանութիւնն ու դարձը առ քեզ.
 Եւ համբոյրներով իմ շրթունքների` կեանքի փրկարար հաղորդութիւնը քո ճաշակելու`
 Համաշունչ կերպով կապիր ինձ քեզ հետ անլոյծ միութեամբ:
 Որպէս երաշխիք քո ողորմութեան եւ քո գթութեան նո՛յնպէս բարերար,
 Փոքր իմ հաւատքի փոխարէն թող որ քո մեծ պարգեւը ընդունեմ քեզնից:
 Գթառատ սիրով, ծառայիս հանդէպ, որ դաւանում է անունդ անձկալի,
 Թող որ խստաշունչ հողմերը ձմռան` փոխարկուեն հանդարտ մեղմաշունչ օդի,
 Սաստիկ մրրիկը` ախորժ զեփիւռի,
 Կասկածներն երկչոտ` մեծ վստահութեան,
 Եւ պատիժների պատուհասները` երանութեան,
 Թախծագին տագնապները` հոգեւոր խրախճանքի,
 Ալեկոծութիւնները ծփանուտ` խորին խաղաղութեան,
 Եւ ղեկի թիավարումները` ապահով նաւահանգստի՜ հասնեն թող,
 Մեղքերի բեռների բերքն իմ փոխարկուի՛ թող շնորհաց թոշակի:

Ե
 Քեզանից եկող այս բիւր եւ բոլոր բարութիւններով
 Թող որ բարձրանայ ամենահզօրիդ անունը խնկուած ու խոստովանուած.
 Թող ամաչի չար բանսարկուն` վռնդուած եւ հալածական.
 Թող ոչնչանան մուրհակները մեղքերիս.
 Կտրուեն կարթերը, եւ որոգայթները հեռացուեն,
 Կտրատուեն կապանքներն ու վիհը վանուի,
 Վնասները վերանան, ցնդեն պատրանքներն ու մեղքերը ջրուեն,
 Պարտաթղթերը պատռուեն, լուծը խորտակուի եւ քեղիքը քանդուեն:
 Թող որ փոխարէն չար յանցանքների մռայլ մթութեան
 Նաեւ դեւերի մեզ շրջապատող բանակների տեղ`
 Փառքիդ արեւը հասնի մեզ աջից, ձախից, դիմացից, թիկունքից նոյնպէս,
 Լուսաւորելու եւ ապրեցնելու, փրկելու համար:
 Իսկ նրանց վրայ, ովքեր լիայոյս սպասում են քո լոյսի երեւալուն`
 Թող գարնանային ջինջ առաւօտեան ճաճա՜նչը շողա:
 Զի կարող ես դու ամէն ինչի մէջ եւ բարերար ես բոլորի համար,
 Կամենում ես դու, որ ամէնքն ապրեն եւ փրկութիւնն ես ուզում բոլորի:

Զ
 Ո՜վ ամենապարգեւ ձեռք
 Յիսուս Քրիստոսի,
 Դարձի՛ր դէպի ինձ, քո շնորհատու աջը կարկառելով,
 Բնակուի՛ր իմ մէջ եւ միացիր ինձ,
 Չհեռանալով սիրոյ քո սենեակ` անձուկ իմ սրտից:
 Նկարագիրըդ անեղծանելի, որ նշխարն է քրիստոնէական փրկաւետ կոչման պանծալի լոյսի,
 Հանդիսանալով միջնորդ քո տեղակ`
 Թող ինձ հետ յաւէտ մնայ անկորուստ այս մատեանի մէջ
 Ա՛յն հոգով, որ մեզ յաւիտենական կեանքի կտակ էր խոստացել անճառ յօրինողդ երկնից:
 Եւ քեզ` պատճառիդ միակ, եւ միւսիդ` միակ պատճառից,
 Եւ քեզ` որ դարձեալ պատճառն ես մէկի,
 Երրեակ անձնաւորութեանդ եւ մի աստուածութեանդ
 Վայելում է փառք վեհ երկնաւորներից եւ սրբերի դասերից,
 Յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ԼԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Բանաստեղծութիւնս այս պաշտամունքի,
 Որ հոգուս բերքից նուիրում եմ քեզ, օրհնեա՜լ բարեգութ,
 Խառնի՛ր, կցելով հաւասարապէս խնկազգեստների նուիրումներին,
 Բարեպաշտ կնոջ` Մարիամի իւղի հետ անուշահոտ:
 Հաւասարելով նոյն այն երջանիկ պոռնիկների հետ,
 Որոնց յարգանքով յաւերժահրաշ ընդունեցիր դու,-
 Թող որ մեծապէս պարարուես եւ իմ նուաստ խօսքերով,
 Անհասանելի եւ բարեբանեալ բարձրեալիդ գլխին տեղ տալով նրանց,
 Զերծ սաղմոսողի բամբասանքներից, որ ասում է, թէ`
 "Մեղաւորի իւղը թող չօծի վարսագեղ գագաթը":

Բ
 Այլ արա՛ այնպէս, որ զօրեղացած կրկնակի չափով
 Բուրումն այս գրքիս խոստովանութեան ազդի շատերին,
 Նման համասփիւռ, ամենատարած տանն աշխարհալիր,
 Եւ լինի նրանց յիշատակի պէս անմոռանալի:
 Դու նոյն այն տէրն ես, որ զգաստացրիր կանանց մեղաւոր եւ չարախորհուրդ,
 Որոնց այլաբանական նմանութիւնն էր վարքը մարգարէի,
 Որ ճշմարտատիպ քո պատկերի պէս կերպաւորեցիր.
 Առաջ նրա՛նց մէջ այն անճառօրէն տպաւորելով`
 Ծայրագոյն շնորհիդ կատարումը դու ինձ ցոյց տուեեք էքցիր:
 Անասուններին որպէս կերակուր գարու փոխարէն`
 Քո կենաց հացի ցորենի բերքը դու բազմահամբար մեզ պարգեւեցիր:
 Ապականացու արծաթի տեղակ քո արքունական պատկերը տուիր.
 Հիմարաբար թմրեցնող գինու փոխարէն արարչիդ արեան բաժակը տուիր.
 Հին ժողովրդի հայրատ կնոջից առած իւղի տեղ` շնորհիդ օծումն ինձ դարձրիր դու.
 Վերցուած գլխաշուք կտաւի տեղակ` անբիծ վերարկուն.
 Պերճաշուք ապարանջանի փոխարէն`
 Օրէնքով, աւետարանով եւ գործնական առաքինութեամբ ձեռք բերուած թռիչքներ բարեմասնութեան.
 Ականջը վայելչօրէն զարդարող գինդի փոխարէն`
 Յիշատակն անստուեր տէրունի ձայնիդ.
 Եւ լանջքը պճնող մանեակի տեղակ`
 Քո դրած քաղցր եւ արդար լուծի օրէնքներն համակ:

Գ
 Բայց ինչո՞ւ սրանցով պարծենամ ես եւ չամաչեմ դարձեալ նրանց համար:
 Ուստի փոխելով եղանակն այս ողբերգական աղօթագրքի,
 Ինչ որ յարմար է ինձ եւ արժանի`
 Մեղապարտութեանս պատիժը պիտի հատուցեմ ես այս գլխում,
 Որպէս խստագոյն դատախազ` համառօտ մէջբերումներ անելով մարգարէական գրուածքներից,
 Ոչ թէ նրանց հետ պարելով ուրախ, այլ լծակցելով նրանց ողբերին,
 Ուր կան հառաչներ, հեծութեան ձայներ, ցասկոտ բողոքներ,
 Խորտակիչ նախատինքներ, սաստիկ լաց ու կոծ:
 Բայց մեծ Աստծուդ գութն ամենահաս յոյս ներշնչեց ինձ,
 Որով եւ վերեւ յիշուած բազմաթիւ աղէտների հետ տրուեցին նաեւ`
 Զղջումներ, խոստովանութիւններ, աւետիս, պարգեւ,
 Լոյսի երեւումներ, խրախոյսներ աստուածային, փառքի ժառանգութիւն,
 Հրաշքների յայտնութիւններ եւ տեսիլներ սքանչելի,
 Որոնցից ոմանք յոյս են ներշնչում, ոմանք պատճառում վհատութիւններ,
 Որոնց մէջ կամաւ, ինձ` կործանուածիս վիճակուեց կորուստ:

Դ
 Զի եթէ վարագոյրի ծածկոցը
 Եզեկիէլն Աստծոյ զգեստ անուանեց,
 Որով ժողովուրդը կարկատուն կուռքեր ստեղծեց, որը պոռնկանալ է համարում նրանց համար,
 Յապա ես ո՜րքան աւելի պատիժ պէտք է որ կրեմ,
 Անմաքուրս, որ Աստծուն եմ հագել ներսից ու դրսից:
 Զարմանում եմ ես, թէ ինչպէ՜ս չեմ կիզւում,
 Շշմում, թէ ինչպէ՜ս չեմ այրւում.
 Ապշում, թէ ինչպէ՜ս չեմ հափշտակւում,
 Տանջուելով, լքուելով, չարչարուելով ու ջախջախուելով,
 Մանրուելով, խորտակուելով, կտրուելով ու կտոր-կտոր լինելով
 Կորուսչի ժանիքներից, ինչպէս որ գրուած է Գրքում:
 Բայց պահուած է ինձ միայն սա՛, որպէս յիշեցուցիչ շող փրկարար յոյսի,
 Թէ Քրիստոսեան Աւետարանը կեանք է ճշմարիտ,
 Ինչպէս որ բառն էլ ա՛յդ է ծանուցում.
 Որով տրւում է` մեր մեղքերին դարձ,
 Պարտքերին` շնորհում, եղծումներին` նորոգութիւն,
 Քաւութիւն անօրէնութեան, բուժումն վէրքերի,
 Անդորրութիւն տագնապի, ներումն պատժի,
 Հանդարտումն պատերազմի, անձրեւ` կրակի վրայ,
 Պատուհասի փոխարէն` պարգեւ,
 Եւ սատակման տեղակ` շնորհի արժանացում,
 Եւ կեանքի ազատութիւն` մահուան գործիքի փոխարէն:

Ե
 Բայց ինչո՞ւ յիշեմ այսքանն ու մէկ-մէկ թուարկեմ այստեղ,
 Անճառելիներն ի բաց թողնելով:-
 Բարձրեալ Հօր յիշատակութեամբ մեր կցորդութիւնը Որդու հետ,
 Յանուն Միածին Որդու` ընտանութիւնը
 Հօր հետ,
 Եւ հաղորդումն Հոգու հետ` սրանց ակնարկութեամբ.
 Խաչի փրկանքը եւ սփոփանքը խօսքի,
 Ամենագէտի կշռով յօժարակամ վարձատրումն բարվոք,
 Աւազանը կենդանարար, որպէս միջնորդ հաշտութեան,
 Եւ այլ բարիքներ անթիւ, անհամար` բարերարիդ կողմից կուտակուած,
 Որ զերծ են լծից եւ հարկից ազատ,
 Իշխող են եւ ո՛չ իշխանութեան տակ:
 Սրանք են ահա, որ մահուան դառնութեան մէջ ինձ անտարակոյս կեանք են աւետում.
 Զի եթէ սրանք ես չունենայի, դեռեւս վաղո՜ւց կորած էի ես,
 Իսկ եւ իսկ, ինչպէս երգողն է ասել:
 Որդուն փոքրացնելով չէ, որ ես փառաւորում եմ Հօրը,
 Եւ ոչ էլ Հոգին նուաստացնելով`
 Որդուն եմ տալիս նախապատուութիւն,
 Այլ դաւանում եմ երեքն համափառ` նոյն արարչութեամբ:

Զ
 Ամենակալ, բարերար եւ մարդասէր
 Աստուածըդ ամէնքի,
 Երեւացողների, աներեւոյթների արարիչ,
 Փրկող եւ զօրացնող, խնամող եւ խաղաղարար,
 Հոգի հզօր Հօր,
 Արդ` աղերսում ենք քեզ բազկատարած
 Մենք ահաւորիդ առջեւ, գոչելով,
 Մաղթանքով հեծութեան,
 Սաստիկ դողալով եւ երկիւղով մեծ
 Մօտենում ենք անզննելի զօրութեանըդ մատուցելու
 Նախ` պատարագը մեր այս բանական,
 Իբրեւ հայրական անսասան պատուին
 Աթոռակցի եւ փառակցի, արարչակցի,
 Եւ քննողի` գաղտնիքները խորածածուկ,
 Կատարեալ կամքի Էմմանուել Հօր`
 Քեզ առաքողի, բոլորի փրկչի,
 Կենդանացնողի եւ ստեղծողի:
 Քո միջոցով մեզ ծանուցուեց միասնական աստուածութեանդ
 Անձնութիւնը միասնական Երրորդութեան:
 Քեզանով եւ քո միջոցով շառաւիղները առաջին
 Նահապետաց, որ տեսանող անուանուեցին,
 Անցեալներն ու գալիքները,
 Եղածներին ու չգոյացածներին
 Անպաճոյճ խօսքով վերապատմեցին:
 Քեզ Մովսէսը Աստծոյ Ոգի ճանաչեց,
 Որ ջրի վրայ քո ընթանալով,
 Զօրութիւն անսահման,
 Հոգածու հզօր հովանաւորմամբ
 Պաշտպանելով թեւատարած,
 Գթասիրելով նոր ծնունդներիս`
 Պարզեցիր խորհուրդը գաւազանի,
 Որի օրինակով վերջին վարագոյրի
 Հոսուն մանուածը ստեղծելուց առաջ,
 Տիրապէս կարող,
 Անէութիւնից` բոլոր գոյերի ու էակների
 Բնութիւնն ամբողջ ստեղծագործեցիր:
 Քեզանով բոլոր արարածները
 Պատրաստւում են նորոգուելու Յարութեան ժամին,
 Որ մեր այս կեանքի օրն է յուսկ վերջին
 Եւ օրն առաջին` ողջերի երկրի:
 Քո ազգակիցը յօժար միութեամբ
 Հնազանդուեց քեզ` իբրեւ իր Հօրը:
 Հօր էակիցը, անդրանիկ Որդին`
 Մեր կերպարանքով, քո գալն աւետեց,
 Ճշմարիտ Աստուած`
 Հաւասար ու համագոյ Հօրը հզօր,
 Քեզ հայհոյելն անքաւելի համարեց,
 Քեզ հաստելով` ըմբերանեց չարախօսներին,
 Եւ ներեց արդար ու անարատ գտիչն ամէն ինչի,
 Որ մեր մեղքերի համար մատնուեց
 Եւ յարութիւն առաւ` արդարացնելու մեզ:
 Փառք նրան քո միջոցով,
 Բարեբանութիւն քեզ` ամենակալ Հօր հետ
 Յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Է
 Վերստին կրկնեմ խօսքի նոյն կարգով, մինչեւ որ ազդմամբ հաւատի լոյսը յայտնուի հրաշապէս վերաւետելու նոր խաղաղութիւն:
 Արտասուալից հառաչելով`
 Աղաչում եւ աղերսում ենք
 Արարչութեանդ` փառաւորուած բոլորի կողմից,
 Անեղծ, անստեղծ եւ անժամանակ գթած Հոգուդ,
 Որ մեր անմռունչ հեծութիւնների
 Բարեխօսն ես ողորմած Հօրդ առջեւ,
 Որ պահում ես սրբերին
 Եւ մաքրագործում յանցաւորներին,
 Եւ տաճարներ ես կանգնեցնում
 Բարձրեալ Հօրդ կենդանի ու ապրեցնող կամքին:
 Արդ` ազատիր մեզ անմաքուր բոլոր գործերից,
 Որ հաճելի չեն քո բնութեանը,
 Թող չմարի փայլը լոյսիդ շնորհների
 Մեր աչքերի հայեցումից,
 Որովհետեւ իմացանք` կմիանաս մեզ,
 Թէ յար աղօթենք եւ ապրենք ընտիր, խնկելի վարքով:
 Եւ քանզի մէկըդ Երրորդութիւնից պատարագւում է,
 Միւսն ընդունում`
 Իր անդրանիկի հաշտարար արեամբ
 Դառնալով դէպ մեզ,
 Դու կընդունես մեր պաղատանքները
 Եւ կյարդարես մեզ օթեւաններ`
 Պատուական, բոլոր յարմարանքներով,
 Երկնաւոր գառանդ ճաշակումը վայելելու,
 Որպէսզի առանց դատապարտող պատիժների ընդունենք
 Նոր կեանքի փրկութեան անմահարար այս մանանան:
 Եւ թող հալչի մեր գայթակղութիւնն այս հրից,
 Ինչպէս մարգարէն կենդանախարոյկ կայծակմամբ
 Ունելիով մատուցեց,
 Որ ամէնուր քարոզուի քո գթութիւնը,
 Ինչպէս Աստծոյ Որդւով` Հօր քաղցրութիւնը,
 Որ անառակ որդուն մօտեցրեց հօր ժառանգութեանը
 Եւ պոռնիկներին առաջնորդեց
 Արդարների երանութեան երկնային արքայութիւնը:

Ը
 Այո, այո, մէկն եմ ես նրանցից,
 Ինձ եւս ընդունիր նրանց հետ
 Որպէս մեծ մարդասիրութեան կարօտածի,
 Քո շնորհներով փրկուածի,
 Քրիստոսի արիւնով գնուածի,
 Որ այս ամէնի մէջ եւ ամէն ինչում
 Երեւայ քո աստուածութիւնը:
 Հօր հետ փառաւորուած համապատուօրէն,
 Մի կամք եւ մէկ իշխանութիւն գովական,
 Որովհետեւ քոնն է գթութիւնը,
 Ե՛ւ կարողութիւնը, ե՛ւ մարդասիրութիւնը,
 Զօրութիւնն ու փառքը`
 Յաւիտեանս յաւիտենից:
 Ամէն:

ԲԱՆ ԼԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Սրանք են ահա իմ թշուառացած շնչի իղձերը եւ դաւանանքներս քեզ յարմարական,
 Քեզ, որ ամէն ինչ բովանդակում ես խօսքով,
 Տէ՛ր Աստուած,
 Ինչ որ ճառել եմ նախորդում` այստեղ պարզեմ պիտի ես երկրորդ անգամ:
 Իսկ խուռն բազմութեան առջեւ գրաւոր բեմախօսութիւն
 Կամ ժողովրդին մեկնաբանումներ անելու համար
 Այս աղերսական աղօթքները ես նուէր բերեցի,
 Որոնք հետեւեալ գոհաբանական տողերի մէջ եմ շարադրել ահա.-

Բ
 Աղաչում եմ անփոփոխելի եւ ամենազօր տէրութեանը հզօր հոգուդ,
 Ուղարկիր ցողը քո քաղցրութեան եւ բարեգործի՛ր,
 Դրոշմելով հոգուս եւ զգայութիւններիս իշխող իմ մտքում
 Ամենալից շնորհը քո բազմապարգեւ ողորմութեան:
 Հերկի՛ր մարմնեղէն կարծրացած սրտիս բանական անդաստանը,
 Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգեւոր:
 Խոստովանում ենք` քո ամէնիմաստ էութեամբ է, որ
 Ծաղկում են մեր մէջ, աճում-ուռճանում պարգեւներն ամէն:
 Դո՛ւ ես ձեռնադրում առաքեալներին ու մարգարէներին ներշնչում,
 Ուսուցանում ես վարդապետներին ու համրերին խօսեցնում,
 Բացում խուլերի ականջները փակ:
 Ազգակիցը քո, էակիցը Հօր անդրանիկ որդին
 Քո գործակցութեամբ իրագործելով այս բոլորն ահա,
 Քեզ Հօր իսկութեան հաւասարակից
 Աստուած հռչակեց:
 Շնորհ արա՛ նաեւ ինձ` մեղաւորիս, որ ես էլ խօսեմ համարձակութեամբ
 Կենդանարար խորհուրդն աւետեաց Աւետարանիդ,
 Արագաթռիչ մտքի ընթացքով անցնելով անհուն ասպարեզներով
 Քեզնից ներշնչուած կտակարանների:
 Եւ երբ ձեռնարկեմ ես հանդիսաւոր մեկնաբանութեան`
 Հասնի՜ թող որ քո գթութիւնը նախ, իր ժամանակին ներշնչելով ինձ`
 Քեզ արժանին, պիտանին եւ հաճելին`
 Քո աստուածութեան փառքի եւ գովեստի,
 Ինչպէս նաեւ կաթուղիկէ Եկեղեցու կատարեալ շինութեան համար:
 Երկարի՛ր ինձ վրայ աջդ ամենամերձ
 Եւ զօրացրո՛ւ ինձ գթութեանդ շնորհներով.
 Փարատի՛ր իմ մտքից մոռացութեան մէգը մթին,
 Ցրելով նրա հետ ե՛ւ խաւարը մեղքի,
 Որպէսզի մտքով եւ խոհերով այս երկրաւոր կեանքից ի վեր բարձրանամ:
 Լուսաւորի՜ր դու վերստին իմ մէջ, ո՜վ գերահզօր,
 Աստուածային հրաշալի գիտութեան ծագումն անստուեր,
 Որպէսզի արժանի լինեմ ուսանելու եւ ուսուցանելու,
 Որպէս բարի օրինակ` աստուածասէր լսողներին:
* * *

Գ
 Խոստովանում, դաւանում ենք,
 Պաշտում ենք ու երկրպագում
 Ամենասուրբ Երրորդութեան
 Միասնութիւնը զուգափառ.
 Անճառելի աստուածութիւն,
 Մշտաբարի եւ նոյնագոյ համապատիւ,
 Մտքի սլացքին անհասանելի
 Վեր` ամէն մի օրինակից եւ բարձր` նմանութիւնից,
 Որ գերազանց է անպարագիր բացարձակութեամբ,
 Առաջ` քան հիմքը յաւիտենութեան,
 Դեռ չստեղծուած, չտարրացած էակներից,
 Անթարգմանելի օրհնաբանութեամբ
 Ամենահարուստ մեծութեամբ յաւէտ պսակուած,
 Ժամանակները սահմանող,
 Ժամանակի մէջ կերպ առածների
 Հօրինող-պատճառ,
 Տեսանելիներն ու անտեսները ստեղծող
 Ո՛չ անուամբ է չափւում,
 Ո՛չ հորջորջմամբ է նշանակելի,
 Ո՛չ որակով նմանուած
 Եւ ոչ կշռած քանակով:
 Չի ձեւանում օրինակով,
 Չի ճանաչւում որպիսութեամբ,
 Տարածուած չէ թերութեամբ,
 Ամփոփուած չէ լրութեամբ,
 Երբեւէ չէ գրաւուած
 Եւ կամ մի տեղ ամփոփուած:

Դ
 Հայր գթութեան, ամէն ինչի տէր,
 Աստուած բոլորի, որ երկնքում են եւ երկրում,
 Բացի Բանից միակ, որով իրենն է ամէն ինչ,
 Բոլոր շնչերի տուող ու ստեղծիչ,
 Բացի իսկակից հոգուց,
 Որով համայնը կազմեց:

Ե
 Մէկը երեք անձնաւորութիւնից`
 Երջանկափառ համազօր ահաւորութիւնից,
 Այն վերեւներից խոնարհուեց ներքեւ,
 Որ ի սկզբանէ անբաժան էր ներքեւիններից,
 Մնալով անբաժան փառքի աթոռից
 Եւ անկարօտ իր ծնողի տեսութեան,
 Պարզաբար մտաւ կոյսի արգանդը,
 Այնտեղից ելաւ` մարմին առնելով անբաժանելի,
 Լիակատար մարդ եւ անպակաս աստուածութիւն:
 Միակ Որդին միակ Հօր
 Եւ Միածին անդրանիկը
 Աստուածամայր տիրածին կոյսի:
 Իրական երկրածին մարդ եղաւ` լինելով արարիչ,
 Բայց նման չէր նա երկրածիններին,
 Այլ նոր ու չքնաղ
 Թագաւորներին հրաշափառ,
 Չտեսնուեց նա դարերում
 Եւ չպատահեց ժամանակներում,
 Ըստ Սաղմոսողի եղաւ անդրանիկ
 Թագաւորների ամբողջ աշխարհի:
 Մարմնում մեր բնութեամբ կերպ առաւ անապակ խառնմամբ,
 Հոգու եւ մարմնի յարաբերութեամբ,
 Ոսկու եւ հրի,
 Կամ աւելի պարզ`
 Լոյսը օդի հետ,
 Անփոփոխ եւ անանջատ:

Զ
 Նա եկաւ կամաւ խաչին մեռնելու,
 Յանց անարատ գառ զոհուելու գնաց,
 Եւ մի զօրաւոր ինքնիշխանութեամբ
 Փրկագործեց իր արարածներին:
 Երբ կենդանի էր` չարչարուեց իրօք
 Եւ գերեզմանուեց` աստուածութիւնից անբաժանելի:
 Եռօրեայ թաղմամբ
 Այն դժոխական սանդարամետում վհատ բանտուածներին
 Քարոզեց նորոգում եւ լոյս:
 Եւ աւարտելով փրկագործ ամբողջ
 Խորհուրդը իր մարդեղութեան`
 Վերակենցաղեց նա աստուածաբար:
 Հողմերի թեւով քերովբէների վրայ բարձրացաւ:
 Ծածկուեց ամպով անքննելի:
 Եւ ամբողջ երկնից վեր բարձրանալով
 Ճոխութեամբ բազմեց սկզբնաժառանգ
 Հօր աթոռին հաւասար,
 Որից բնաւ չբաժանուեց,
 Ձեռքբերովին չկորցնելով,
 Չնուազեցնելով սեփականը:
 Որով եւ գալու է դատաստանին յատուցման
 Արդար իրաւանց չափով կշռելու գաղտնիները,
 Որին սպասում ենք,
 Որին` աղօթում,
 Հաւատալով`
 Ամէն ինչում, ամէն ինչով
 Ամենակալ տէրութեանն իր,
 Որ իսկապէս մէկն է միայն այն միակից
 Եւ միակի փառակցութեամբ`
 Յաւիտեանս երկրպագուած:

Է
 Մշտապէս օրհնում, բարեբանում ենք
 Հօր եւ Որդու հետ
 Նրանց էակից Հոգուն:
 Նա ամենազօր,
 Կատարեալ եւ սուրբ եւ ճշմարիտ է,
 Որ արարածներ ստեղծեց անէից,
 Ինքնագործ է եւ իշխանակից միւս երկուսին`
 Անեղծ, անսահման թագաւորութեամբ,
 Պատճառն առաջին, ահաւոր Բանը
 Նոյն այդ ինքնութեան,
 Նոյնն է նաեւ բարձրացած Հոգին:
Բարի ինքնակալ,
 Հօր պարգեւները ամէնքին բաշխող`
 Յանուն Միածնի փառքի պանծացման,
 Որ սահմանեց օրէնքները,
 Ներշնչող եղաւ մարգարէներին,
 Առաքեալների մէջ տպաւորուեց ազգակցի փչմամբ:
 Աղաւնակերպ Յորդանանում յայտնուեց,
 Եկողի փառքի մեծութեան համար,
 Եւ աւանդական գրքերում փայլեց,
 Հանճարեղացրեց եւ զօրեղացրեց իմաստուններին,
 Վարդապետներին կատարեալ դարձրեց,
 Օծեց արքաների, օժանդակեց թագաւորների,
 Վերակացուներ տուեց, փրկութիւններ կարգադրեց,
 Ձիրք շնորհեց, քաւութիւններ հանդերձեց,
 Քրիստոսի մահուամբ մկրտուածներիս
 Իր բնակութիւնը մաքրագործեց,
 Որին Հօր եւ Որդու հետ
 Նաեւ սուրբ Հոգին ներգործեց
 Եւ ինքն Աստուած է`
 Խնկուած տիրապէս
 Ամենայնը եւ ամենայնի մէջ:

Ը
 Երրորդութեան մէջ նախորդ յիշուողը
 Մեծ չէ միւսից,
 Նուաստ չի լինում իր նմանակցից յետոյ յիշուելով,
 Կամ մէկին ակնարկելիս դէմքի շփոթում չի լինում
 Եւ երեքի տրոհմամբ առանձին դէմք չի դառնում:
 Եւ չէր մեծարուի Հայրն ամէն ինչով`
 Իր մէջ չունենար Բանի զօրութիւն,
 Եւ կամ չունենար թէ Հոգին իր հետ`
 Անշունչ, անկենդան մէկը կլինէր
 Եւ կնուազէր ամէն յորդորից:
 Բանը եթէ չճանաչուի Հօր անուամբ`
 Մի որբ կլինի, [կլինի] լքեալ
 Սերած ինչ-որ մի մահկանացուից:
 Նոյնպէս եւ Հոգին
 Նշանակալից պատճառ թէ չունի`
 Անշուք ինչ-որ բան կլինի միայն,
 Թափառիկ իբրեւ անդասելի շունչ:

Թ
 Բայց եթէ մէկը փորձի բաժանել
 Հօրը իր Որդուց,
 Հակաճառելով, թէ նախ նա չկար,
 Կամ բամբասանքով մի անբանական
 Պատուել ցանկանայ վեհ մեծութիւնը,
 Եւ կամ բխողին նսեմ համարի
 Իբրեւ էապէս ոչ հոգեւորի`
 Այդպէս այլ, օտար մի բան է մուծւում
 Կամ այլայլական ինչ-որ շփոթում
 Սուրբ Երրորդութեան անարատ պատուին,
 Այդպիսիներին հաւատոյ բանի պարսաքարերով
 Հերքում ենք, դուրս ենք վտարում
 Իբրեւ գազանի կամ դժնի դեւի,
 Նզովում նրանց, նրանց դէմ փակում
 [Սուրբ] եկեղեցու գաւիթը, որ եւ
 Դուռըն է կեանքի:
 Ուստի փառք տալով Երրորդութեանը`
 Որպէս մէկ եւ նոյն տէրութիւն,
 Ամբողջական ու հաւասարազօր,
 Զուգաձայն սրբասացութեամբ, համարժէք հարթութեամբ,
 Օրհնեալ, փառաբանեալ երկնքում ու երկրում,
 Անդրանիկների խմբից եւ երկրածին բանականներից
 Յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Ժ
 Արդ, այս մատեանում պատկերուած ծածուկ խորհուրդների բարձրաձայն խոստովանութիւնը
 Մեծ Աստծուդ ամենալուր ականջներին ընծայեցի ես,
 Եւ ահա նրանով սպառազինուած` մտայ ասպարեզ:
 Բայց ոչ թէ նրա համար, որ կարօտ լինելով ձայնիս` նրանով մեծանաս,-
 Զի երբ տակաւին չէիր ստեղծել դու ամենայն ինչ,
 Երկինքը անմահ փառաբանելով
 Եւ երկիրը` հողաստեղծ բանականներով,
 Դու փառաւորուած էիր արդէն քո լրութեան մէջ,-
 Այլ, որպէսզի ինձ` մերժուածիս նոյնպէս, անճա՛ռ քաղցրութիւն,
 Արժանի անես քեզ ճաշակելու` խօսքիս հաղորդութեամբ:
 Սակայն ի՞նչ պէտք է, որ կեանքի կանոն- արքունի հրամանիդ համաձայն ասեմ`
 Ադոնա` տէր,
 Եւ հրամայուած պատուէրդ չկատարեմ,
 Ես, որ իմ ձեռքով իսկ ջնջեցի ինձ,-
 Պատգամիդ նուիրուած ոսկեղէն տախտակս խօսուն,
 Աստուածային մատներովդ գրուած, եւ որը խորտակելն է իրաւացի.
 Եւ ես այժմ նրա նմանութիւնն երկրորդ` տխրատեսիլ մուրով եմ պատկերում:
 Բայց, քանզի բազում խանդաղատանքով պաղատեցի քեզ,-
 Որոնք չեն գրուած թէեւ այս գլխի տողերի շարքում,-
 Լսիր, բարեգութ, այս խօսքերի հետ նաեւ բոլորը:
 Թող աղերսագին այս աղօթքներս էլ յօդուեն նրանց հետ,
 Թերեւս մաքուրների եւ քո կամքը կատարողների կողմից
 Իւղով շաղախուած եւ մէջը խորիսխ բաղարջի նման
 Հացն այս նուիրուած` դրուի քո փառքի սեղանի վրայ:

ԺԱ
 Բայց դու, բարերար, համակ մարդասէր,
 Քրիստոսդ մի` միակ Աստծոյ, հզօր եւ ամենակալ,
 Որ գերազանցում ես քաղցր ու խնամածու քո գթութեամբ
 Ոչ միայն ինձ գոյակից մարդկանց առհասարակ,
 Որք ենթակայ են խռովումների եւ բազմապիսի հակառակութեանց`
 Այլեւ անարատ հրեշտակներին,
 Եւ սրանցից էլ նոյնիսկ աւելի` սրբասուններիդ անբիծ, անբասիր,
 Որոնցից մէկն էր նաեւ Եղիան, որի խստութեան նշանները
 Երեք ձեւով երեւան եկան Քորեբ լեռան վրայ`
 Շարժով ահագին, կրակով կիզիչ, եւ ուժգին հողմով:
 Իսկ քո հեզութիւնը երկայնամիտ յայտնուեց մեղմիկ օդի քաղցրութեամբ, հանդարտաբարո.
 Զի ողորմութիւն ես կամենում դու միայն ու միայն, ինչպէս գրուած է:
 Թէեւ մարդկային սերնդից ոմանք գեղեցիկ վարքով
 Առաքինաբար այլ նմանութիւն առան երկնային,
 Սակայն երկրածին են նրանք նոյնպէս` մարդկանցից ընտրուած:
 Իսկ դու չես կարող չարանալ, զի բարի ես իսկութեամբ,
 Համօրէն օրհնեալդ, համա՜կ փրկութիւն,
 Լիովին հանգիստ եւ անդորրութիւն ընդհանրական,
 Դեռ առողջարար` ախտաւորների համար համօրէն,
 Կենդանի ջրի աղբյո՛ւր դու վճիտ, ըստ Երեմիայի:

ԺԲ
 Դարձի՛ր դէպի ինձ եւ ողորմիր, անկարո՜տ Աստուած,
 Դու, որ այնքա՜ն ծարաւի ես ու պապակ իմ փրկութեանը,
 Որ մինչեւ անգամ երկնային անմահ եւ օրհնաբանող զուարթուններին պաշտօն յանձնեցիր
 Յանուն մարդկութեան փրկութեան կարգուած
 Քահանաներ եւ քաւչապետներ յաւիտենական ի դիմաց մեր երկնաւորների,
 Թշվառ լքեալիս հաշտութեան համար պաղատելու քեզ մշտնջենապէս,-
 "Ողորմիր Երուսաղէմին". որը լուսաւոր մի խորհուրդ ունի,
 Թէ այս երկրաւոր Երուսաղէմի սոյն օրինակով խնդրում են նրանք
 Քո մեծ յայտնութեամբ ողորմել վերին Երուսաղէմին,
 Եւ քեզ կցորդուած մարդկանցով` ընկած հրեշտակների դատարկը լցնել:

ԺԳ
 Արդարեւ լսեցիր դու, բարեգո՛ւթ, անսացիր, թագաւո՛ր,
 Ունկնդրեցիր, կյա՜նք եւ յոյս, ի միտ առար, երկնաւո՛ր,
 Յարգեցիր, հզօ՛ր, նկատեցիր, ծածկագե՛տ,
 Տեսար, խնամակա՛լ, կարեկցեցիր, անպատո՛ւմ,
 Խոնարհեցիր, մի՜շտ բարձրեալ, նուաստացար, ահաւո՛ր,
 Յայտնուեցիր, անճա՛ռ, ամփոփուեցիր, անսահմա՛ն,
 Չափուեցիր, անքնի՛ն, թանձրացար, ճառագա՛յթ,
 Մարդացար, անմարմի՛ն, շոշափուեցիր, անքանա՛կ,
 Կերպաւորուեցիր, անորա՛կ,
 Կատարեցիր իսկապէս բաղձանքն աղաչողների:
 Զուարթունների բերանով եղար թշուառիս`
 Բարի, բարեխօս, միջնորդ կենդանի,
 Պատարագ անմահ, սպանդ անվախճան,
 Նվեր մաքրունակ, ողջակեզ անծախ, բաժակ անսպառ:
 Ուստի, ողորմած, մարդասէր, օրհնեալ,
 Քո կենդանատու կամքով թող որ միշտ բարեբախտ լինի հոգիս մեղաւոր,
 Գովեա՜լ երկայնամիտ, քեզ վայել է փառք յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԼԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Արդ, Տէ՜ր զօրութեանց, մեծութիւն ահեղ,
 Անտարակոյս տեսողութիւն, կամք ամենաընդարձակ, առատությո՛ւն անպակաս.
 Ո՞վ կկարողանայ պարերգութեան հանդէսով պատուել ցողի մէկ կաթիլը քո բարութեան,
 Դո՛ւ, որ հետամուտ ես միշտ միջոցներ գտնել իմ փրկութեան համար:
 Եւ դեռ աւելին պիտի գրեմ, որպէսզի պատմուի գալոց:
 Հրեշտակասէր չանուանուեցիր դու, որ հիմնեցիր պետութիւնները նրանց:
 Ոչ էլ ասացիր երբեւիցէ, թէ սիրում ես երկինքն իր ջահերով,
 Որոնք քո մատներով յօրինեցիր դու.
 Այլ ի պատիւ քեզ` մեծագոյն գովութեան արժանի` մարդասիրութիւնը գերադասեցիր,
 Որով կրկնակի՛ մեծացրիր դու քո անունը անճառ սոսկալի խորհուրդներով:
 Լուսակերպարան երկրայիններին այն` սպասաւորներ կոչեցիր
 Եւ յատուկ մատակարարումների վերակացուներ.
 Իսկ երկրածիններիս մահկանացու`
 Պերճացրիր դու տիրական եւ աստուածային քո պաշտելի անուամբ.
 Ամէն սահմանից, կշռից ու չափից վեր քո ծայրագոյն բարութեան մաքուր ծորումի համար
 Կտակներ անթիւ եւ անբաւ ճառեր յօրինուեցին քեզ:
 Դու եւս, մէկն աստուածային էութիւնից, մարդանալով,
 Ոմանց` իրենց համար, եւ ոմանց` այլոց,
 Զեղեցիր կեանքի պարգեւներ առատ, պէս-պէս հրաշքներ,
 Սքանչելիքներ աստուածագործ եւ նշաններ ճշմարտատեսիլ:
 Եթէ գթալով դու ողորմեցիր թերահաւատ անդամալոյծին,
 Տեսնելով, որ նրան խնամողները յոյսով են դիմում քեզ,
 Ո՜րքան աւելի զօրաւոր պիտի լինի քո խօսքը ամենակարող
 Մաքրելու համար մարմինն ախտալից քեզ հառաչագին աղաղակողիս:
 Քանզի արդարեւ շատ աւելի մեծ հրաշք է սրբել անմաքուր հոգին,
 Քան թէ լուացուած պատկերը աղտին դարձնել անենթակա.
 Մանաւանդ որ աւազանի շնորհն աւելանալով երկրորդի վրայ`
 Է՛լ աւելի է բարձրացնում հայրենի փառքն անճառ:

Բ
 Դո՛ւ ես, Տէր, որ մաքրում ես մեզ,
 Ինչպէս առաջուց ցոյց տուեցիր դու
 Մովսէսի վրայ` քո ընտրեալի:
 Դու վերակացու եղար Յակոբի տոհմին,
 Նրա մեղքերի եւ անօրէնութիւնների մէջ,
 Երբ Եգիպտոսում` հեթանոսական խաւարում նրանք խարխափում էին:
 Դո՛ւ ես լուսաւորում մեղաւորներին իրենց ընթացքի մէջ, ըստ երգող Դաւթի:
 Դո՛ւ ես, որ սրտի քարեղէն կարծրութիւնը փոխարկում ես մարմնի կակղութեան,
 Որպէսզի կարող լինի քո խօսքն իր մէջ ընդունելու:
 Դո՛ւ ես, որ կարող ես ընձեռել ա՛յլ սիրտ եւ մէկ ճանապարհ`
 Երկնչել քեզնից կեանքի բովանդակ տեւողութեան մէջ:
 Դո՛ւ ես, որ խստամիտների մէջ դնում ես քո երկիւղը միշտ,
 Որպէսզի հաւատքով ուշք դարձնեն քեզ, մարգարէների խօսքի համաձայն:

Գ
 Քո աշխարհաստեղծ բերանի օրհնեալ շրթունքների աստուածեղէն անձրեւների կաթիլը կենարար,
 Որպէս բանալի` լսելիքներիս դռա՜նը մօտեցրու,
 Որով խորամանկ բանսարկու օձի թոյնը վերցնես ու բժշկե՜ս դու:
 Քո ամենակալ ձեռքով բռնիր շարժուող գործիքն իմ խօսողութեան,
 Եւ ազդի՛ր նրան ձայնի զօրութիւն,
 Դո՛ւ, որ տալիս ես լեզու բոլորին` ընտիր խօսելու.
 Որպէսզի ես էլ, դաստիարակուելով պատշաճապէս,
 Չլինի, որ մեր նախահօր նման հանդուգն խօսելով` զրկուեմ քո լոյսից,
 Եւ անբանութեան դատապարտուեմ` որսողից քշուած:
 Քո կենդանաբաշխ աջը երկարելով`
 Լուսաւորի՛ր վերստին խաւարած աչքերն իմ հոգու,
 Որ չլինի թէ վիշապի շնչով մարելով լապտերն համարձակութեան`
 Գրվանի ներքոյ մնամ ծածկուած:
 Վերցրո՛ւ անօրէնութիւններն իմ,
 Տէ՛ր, եւ նետիր նրանք խորքերը ծովի,
 Որ փոքր է անչափ քո անսահման մեծութեան համեմատութեամբ,
 Ուր իմ մեղքերը կարող են սուզուել, ըստ մարգարէի:
 Կործանուած հոգուս համար կանգնիր նշան վստահութեան,
 Որ չլինի թէ կառուցուելով վհատութեան կոթող`
 Ծածկուածները հրապարակ հանի բարձրաձայն:
 Բա՛ց բժշկարանիդ կենաց վարդապետարանը, հզօ՜ր եւ գթած,
 Որպէսզի մեր մէջ կորուսչի ցանած, մշակած բոլոր որոմները չար`
 Կամքիդ մանգաղով ընդհուպ արմատից հնձես ու թափես:

Դ
 Երբ Պետրոսի պէս քայլերս ուզեցի ուղղել դէպի քեզ, Աստուած բոլորի,
 Սուզուեցի եւ ես այս աշխարհային մեղսածուփ ծովի ալիքների մէջ,
 Մօտեցրու աջը քո ազատարար, օգնելու համար ինձ` սասանեալիս,
 Քանանուհու հետ ձայնակից` ե՛ս էլ սրտիս խորքերից
 Պաղատում եմ քեզ, ահա, սովահար որսորդական շան նման կաղկանձող.
 Քո բազմազեղուն ու ճոխ սեղանից բաժին հան եւ ինձ` թշուառ սովեալիս,
 Որպէս ապրուստի կերակուր տալով փշրանքներն հացի:
 Փրկի՛ր նիւթեղէն խորանն իմ, ո՛վ դու,
 Որ աշխարհ եկար փնտրելու կորածին եւ ապրեցնելու:
 Զի քո է մեծութիւն, յաղթութիւն եւ զօրութիւն.
 Դո՛ւ ես քաւութիւն եւ բժշկութիւն, նորոգութիւն եւ երանութիւն.
 Եւ քեզ է վայելում փա՜ռք, երկրպագութիւն յաւիտեանս. ամէն: ...
... վայելում փա՜ռք, երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԼԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Որքան էլ շատ լինեն մեղքերս,
 Շնորհիդ փրկարար արդիւնքներն անթիւ
 Եւ հանդիսադրումն այն չարչարանքների, որոնք յանձն առար`
 Գերազանցում են նրանց միշտ իրենց առաւելութեամբ:
 Հոգիներն համայն իր մէջ ամփոփող աջդ արարչագործ
 Մահուան գործիքի` Խաչի նշանի վրայ գամեցիր,
 Որպէսզի կամքիդ դէմ երկարող ձեռքս թուլացնես:
 Համընթաց քո զոյգ ոտքերդ ազատարար
 Իմ անսանձութեան պատճառով պատժարանի փայտին կպցրիր,
 Որպէսզի զսպէս դու գթածաբար վայրագութիւնը փախչող թշուառիս:

Բ
 Չհրամայեցիր, որ քո օրհնեալ գագաթը կռփողների ձեռքը գոսանար,
 Դու, որ քարերի կարծրութիւնը ճեղքեցիր,-
 Որպէսզի այդ օրինակով` եւ ի՛նձ ներելդ կանխաւ աւետես:
 Քեզ` խոստովանուած Աստծուդ գանող անպիտաններին չսպառնացիր,
 Դու, որ արուսեակը մթնացրիր-
 Որ մահացածիս բարութեամբ հանդերձ հանգիստ շնորհես:
 Հայհոյիչների չարախօս բերանը չչորացրիր,
 Դու, որ լուսնի պատկերը արեան երանգով գունաւորեցիր,-
 Որպէսզի քեզ գովելու համար անհամարձակ լեզուս զօրացնես:
 Չսաստեցիր քեզ նախատողների մոլեգնութիւնը,
 Դու, որ տարերքն անգամ սասանեցիր,-
 Որպէսզի թշուառ գլուխս գթութեանդ օծումով իւղես:
 Քեզ մոլորեցուցիչ անուանող աստուածասպանների ծնոտների յօդուածներն իրարից բաժանելով չխախտեցիր,
 Դո՛ւ, որ քարերի կարծրութիւնը ճեղքեցիր,-
 Որպէսզի բարուց դատարկ իմ հոգին ընդունայնութեան յօժարութիւնից հանդարտեցնես:
 Պահապանների սրերը իրենց ընդերքը չմխեցիր,
 Դո՛ւ, որ օձի որովայնը հողի վրայ սողալուն մատնեցիր,-
 Որպէսզի ոսկորներն իմ տառապեալ մարմնի, իբր գանձարանում պահուած`
 Հարութեան կենացն արժանացնես:
 Երբ կենդանակիր քո գերեզմանի տապանաքարը կնքում էին,
 Նրանց տեղնուտեղը թիկունքի վրայ պառկեցնելով` երկրի անդունդները չսուզեցիր,
 Որպէսզի հոգուս տապանակի մէջ լոյսիդ նշխարը հանգչեցնես:
 Երբ քեզ կորած եւ իբրեւ երկրաւոր մարմին գողացուած էին համբաւում,
 Դու` համայնաջինջ եւ սպառսպուռ չկրճատեցիր նրանց սերունդները,
 Որպէսզի եւ ինձ, բարուն հետեւող յիշատակուելու անարժանիս իսկ
 Անկորուստ կերպով, անվնասելի` փրկուածներին մասնակից դարձնես:
 Երբ ուրացողները մոլեգնաբար, որպէս մատնութեան անարգ գրաւական`
 Քո հօր տաճարի գանձարանից մաս էին հանում, կաշառք տալով արծաթ կրկնակապեն`
 Չդարձրիր նրանց դու քարէ արձան,
 Նման` Մովաբի տատին պատահած այն հին հարուածի,-
 Որպէսզի եւ ինձ` հաստատութեանս մէջ վրիպեալիս
 Եւ մահուան իշխանութեանը վաճառուածիս թշուառ`
 Արեամբ քո փրկելով` հաստատուն վէմիդ վրայ կառուցես:
 Օրհնեա՜լ ես կրկին, օրհնեա՜լ վերստին,
 Ամէն ինչի մէջ միշտ օրհնաբանուած` յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ԼԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, թէպէտեւ իմ բարու համար քո ինձ շնորհած վերոյիշեալ պարգեւներից
 Շատ քչերն այստեղ ես գրի առա,
 Ո՜վ ամենագութ բարերար, գովեալ եւ ամենազօր,
 Բայց եւ այնպէս` նրանք արքայազուններ են եւ ինքնակալ իշխաններ,
 Զօրութեան որդիներ են նրանք եւ վեհածիններ մեծափառ, լուսանորոգ եւ հրաշապատիւ,
 Որոնք հռչակուած են բարձր բռնած յաղթական դրոշներով` պսակապաճոյճ գեղազարդուած,
 Բերելով իրենց հետ անթիւ օրհնաբան, քաղցրահամբոյր եւ հեզ,
 Երջանիկ խաղաղասէր եւ աստուածահաճո պետութիւնները այն վերին նահանգների,
 Որոնց վերաբերմամբ աղօթեց մարգարէն` ասելով.
 "Տէ՜ր, զօրութիւններդ արթնացրու եւ մեզ փրկելու փութա՛",
 Դրանք աւելի զօրաւոր են հալածելու մեր մեղքերը
 Եւ հալելու ու հեռացնելու կարկուտն անյուսութեան,
 Քան թէ զօրապետը նախամարտիկ` երկնային պարի -
 Գիշերավարը այն խաւարասէր, որը առաջին հակառակորդն էր բարի Աստծուն:
 Անհնար է թուել այն բոլոր շնորհները, որոնք բարձրեալի կողմից
 Անձրեւեցին տկարիս, թշնամուս եւ ապերախտ ծառայիս վրայ:
 Իսկ եթէ ոք համարձակուի խօսել կարողանալ, ամբողջը թողած`
 Շատ քիչը պիտի կարենայ յիշել այդ շնորհներից:
 Դրանց հետ նաեւ մտաբերելով առաջին նիւթը, որից ստեղծուեց,
 Իբրեւ մի տկար եւ նկուն` հերքուած մեծ զօրութիւնից պիտի պարտուի:

Բ
 Սակայն, թէպէտեւ այսպէս գրեցի,
 Եւ դարձեալ նոյնը պիտի վկայեմ հողիս թերահաս խակութեան
 Եւ ստեղծողիդ կատարելութեան ու բարիքների եւ իմ անարժանութեան մասին,-
 Բայց ամենալոյս եւ բազմազեղուն, աննախանձ, գովեալ քո արարչութեան զօրութեան հանդէպ
 Կփշրուի բանսարկուի պատճառած սրտի կարծրութիւնը:
 Նա է, որ փորձում է յուսահատ վհատութեամբ քարացնել սիրտս,
 Սպառել եւ խոպանացնել երկու աղբիւրներս,
 Որոնք իմ զգայական եդեմի մէջ բխեցրեց տնկողը,
 Որպէսզի նրանցով ոռոգուի առատ ու ծաղկի իմ մէջ բարեգործութեան դրախտը կենսատունկ:
 Ուստի թող չլինի, որ արտասուքներս ցամաքեցնելով,
 Աղանդահնար պատրանքներով եւ չարաչար խորամանկութեամբ
 Դուրս հանի դարձեալ ինձ իմ նախկին փափուկ վիճակից:
 Իսկ երբ երեւայ հրաշափառօրէն համբարձուած Աստուածն
 Իր խաղաղութեամբ միջնորդն հաշտութեան աստուածների մէջ,
 Շնորհաց կտակը բերելով իր հետ,-
Բախուելով նրան, ինչպէս վիմեղէն ամրապինդ լեռան,
 Կցնդեն բոլոր վնասակար խարդախութիւններն ու կարճամիտ սրտնեղութիւնները,
 Հազիւ թէ հոսող փոքրիկ ջրի պէս, կամ հողի նման, որ փշրուելով կփոշիանա:

Գ
 Արդ, ոչ թէ մարդկանցից են գալիս կշտամբանքներս, ինչպէս Յոբն է ասում,
 Այլ ամենատես աչքերից վերին հրամայողիդ,
 Որի երկիւղից խիղճս տագնապած` սոսկում եմ, սարսում կասկածանքներով:
 Եւ սակայն դարձեալ սրտաբեկ`
 Ապաստանում եմ յոյսիդ հաստատուն, կենդանի, անեղծ.
 Որպէսզի ողորմութեամբ նայես դու ինձ,
 Իբրեւ կորստեան պատժին արժանու,
 Երբ ես երկնայնիդ բարերարութեանը ներկայանամ ձեռնունայն եւ ապշահար,
 Երախտիքները անպատում փառքիդ բերեմ ես ինձ հետ ու քեզ յիշեցնեմ.
 Քեզ, որ ո՛չ մոռացութեամբ տարուած ես նիրհում,
 Ոչ էլ մինչեւ իսկ ակնթարթի չափ ընդմիջումներով` հեծեծանքներն ես անտեսում վշտի:
 Վերցրո՛ւ ինձանից, աղաչում եմ քեզ, լուսաւոր խաչովդ` խեղդը յանցանքիս,
 Հոգատարութեամբ տարակուսական տխրութիւնը իմ,
 Փշանիւթ պսակով` բողբոջն իմ մեղքերի,
 Գանակոծութեամբ` հարուածը մահիս,
 Ապտակի յուշով` տանջանքն ամօթիս,
 Թքի թշնամանքով` գարշութիւնս անգոսնելի,
 Լեղու ճաշակմամբ` դառնութիւնը հոգուս:

Դ
 Քոնն են այս բոլոր բարութիւնները անբովանդակելի,
 Միակ Աստծոյ միածի՛ն Որդի,
 Որոնց հետ եւ իմ չարութիւնները յիշատակելով,
 Քո ամէնօրհնեալ անունն եմ կանչում բարձրաղաղակ` հոգեղէնների պաղատանքներով:
 Մեղապարտութեամբ ամօթահարիս զղջման խոստովանութեան նայիր
 Եւ սատակելու արժանի որդուս ողորմիր` անմահ մահով մեռնելու.
 Որպէսզի բազում մեղքերիս չափով
 Կրկնապատկուելով առաւելապէս` քո ողորմութի՜ւնդ աւետարանուի
 Եւ հռչակուի վեհ ահաւոր հնչմամբ երկնքի մէջ միշտ եւ երկրի վրայ:
 Եւ քեզ` Հօր եւ սուրբ Հոգու հետ` փա՜ռք յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԼԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Ինչպէս որ նախորդ գլուխներից մէկում գրութեան առայ
 Մարմնական անդամների օրէնքի արգասիք համարուող
 Մեղանչանքների այն խաւարային գլխաւոր ծնունդները,
 Որոնք տիրեցին մահուան ժառանգորդիս,-
 Այդպէս էլ եւ այժըմ, այստեղ, հետեւեալ խօսքերիս կարգին
 Պիտի յիշատակեմ ես փոքր ի շատե,
 Ինչպէս անսահման ծովի ջրերից մի կաթիլ առած`
 Հոգեւոր կեանքի այն օրէնքները,
 Որոնք լուսածնունդներին ազատագրում են
 Յիսուս Քրիստոսով:

Բ
 Կայսերական են ոմանք արդարեւ, բազմած բարձր գահի վրայ,
 Եւ շնորհների պաշարով լցուած ու հարստացած:-
 Թագաւորն իր սիրելիներով,
 Արքան իր պատուաւորներով,
 Պսակաւորն իր իշխաններով,
 Բարեհռչակուածն իր համբաւներով,
 Յաղթողն իր փողերով,
 Զօրավարն իր մարտիկներով,
 Գովեալն իր փառքով,
 Փեսան իր պարաւորներով,
 Դշխոն իր օրիորդներով,
 Փեսաւերն իր հանդերձանքներով,
 Ազատութիւնն իր շնորհներով,
 Խոստովանութիւնն իր քաւութիւնով,
 Օգնութիւնն իր ձեռքով,
 Պահպանութիւնն իր աջով,
 Պարգեւն իր զարդով,
 Կենաց նշանն իր ամրութիւնով,
 Կնիքն իր նկարագրով,
Ամպն իր հովանիով,
 Արուեստն իր հրաշքներով,
 Հոգին իր անեղծութիւնով,
 Խօսքն իր կատարումով,
 Ուխտադրութիւնն իր լրումով,
 Զօրութիւնն իր հրամաններով,
 Աւազանն իր սքանչելիքներով,
 Մանանան իր ապականութիւնով,
 Կենդանի վէմն իր վտակներով,
 Հրեղէն սիւնն իր ճառագայթներով,
 Որոտումն իր ազդումներով,
 Վերին յոյսն իր փրկութիւնով,
 Օրհնութեան ծառն իր պտուղներով,
 Եւ բարունակն իր բարիքներով:
 Եւ որպէսզի, չլինի թէ բոլորն ասելով` ամբողջն աչքաթող անեմ,
 Ինչպէս արեւին նայելիս կայլայլուի աչքն ու կտկարանայ,
 Պէտք է որ լռեմ ես շատն ասելուց եւ քչին հասնեմ,
 Բաւականանալով ամէն ապիկար իմ կարողութեամբ:

Գ
 Բայց աւա՜ղ յաւէտ այստեղ իմ թշուառ, եղկելի հոգուն,
 Քանզի խօսքիս կարգն ստիպում է ինձ
 Աւետաւոր ձայնի հետ խառնել ե՛ւ գուժկան բողոք.
 Քանի որ սրանց հետ եւ սրանց առընթեր
 Կան` արդարութիւնն իր կշիռներով,
 Վճիռն իր հատուցումներով,
 Քննութիւնն իր լոյսով,
 Հանդիմանութիւնն իր լապտերներով,
 Մերկութիւնն իր պատկառանքներով,
 Յայտնութիւնն իր ամօթով,
 Անբիծն իր վաստակներով
 Եւ սխալուածն իր պատիժներով:

Դ
 Դարձեա՛լ եւ դարձեալ ողբ ինձ կրկնապէս, թշուառ եղկելուս,
 Քանզի անհնար բարկութեամբ, ահա,
 Գալիս է, հասնում հասակիս հասկին մանգաղը նրան հնձելու համար.
 Դատաւորն` ատեանի, եւ հզօրը բեմի համար,
 Սպառնացողը կորուստի մատնելու, բազուկը` դատաստան տեսնելու,
 Պատժիչ գաւազանն` հարուածելու, սպառազինումը` վրէժխնդրութեան,
 Եւ հովիւն ընտրութիւն անելու համար:
 Եւ քանզի վերջին օրը հատուցման դատի պիտի ինձ դատապարտեալիս
 Քո այն խօսքը, որ դու ինձ ասացիր,
 Կանխի՛ր այն, բարեգութ, նախընծաքո քաղցրութեամբ,
 Եւ ինձ, որ վարանական երկիւղով հեծում եմ նուաղաձայն,
 Զօրացրո՛ւ վերջին տագնապման ժամիս քո օրհնեալ ձեռքով,
 Առաջին օգնութեամբ մխիթարելով, բժշկելով, քաւելով, եւ կենդանի պահելով:
 Եւ քեզ փա՜ռք ամէն ինչի մէջ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ԼԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ քանզի թողի կերպըս առաջին դեւի թելադրանքով
 Եւ կորցրի իսպառ իմ ծուլութեամբ,-
 Ուստի այժմ իմ մէջ ցոյց պիտի տամես կերպարանքը հին.
 Դառն ու թախծալից հոգու հեծութեամբ
 Անաչառ խայտառակումով, հրապարակօրէն,
 Հաւաքուած անթիւ եւ ամէն ազգի բազմութիւնների
 Վերապատմեմ ես պիտի բարձրաձայն եւ մեծաբարբառ աղաղակելով:

Բ
 Շնչաւոր մի մատեան եմ ես, որն ունի իր մէջ
 Ներսից ու դրսից ողբեր ու վայերեւ ձայներ տխուր,
 Իսկ եւ իսկ նման Եզեկիէլի տեսլի տոմարին:-
 Քաղաք անպատուար եւ անմահարձան,
 Տուն` դռան ամուր փականքներից զուրկ,
 Աղ` միայն տեսքով, այլ ոչ թէ համով,
 Ջուր աղի, անախորժ` ծարաւների համար,
 Գետին` անօգուտ` հողագործութեան,
 Դաշտ լքուած` հեղեղավայր կնիւնի,
 Անդաստան` խոպանացած եւ տատասկաբեր,
 Աստուածախնամ հողս հոգեւոր, որ բանսարկուի պատրանքներո՜վ մշակուեցի,
 Իւղընձիւղ փայտ եմ պտղակորոյս,
 Հատանելի մի ծառ ունայնաբոյս,
 Կրկնամեռ խօսուն մի տունկ եմ անյոյս,
 Ամբողջովին շիջած ճրագարան անլոյս:

Գ
 Այժմ վերստին սոյն նմանութեամբ
 Այլ աւաղական բազում պատկերներ պիտի կրկնեմ ես:-
 Ամօթի դառն պատուհասն է պահուած հեգիս,
 Կրճտումն ատամների եւ աչքերի լաց անվերջ` եղկելիիս,
 Հայրական անսպասելի ցասում` ստահակիս,
 Ապականութիւն աննորոգելի` մեղանչած մարմնիս,
 Նոր կշտամբութիւն` ախտալից հոգով, չարիք գտնողիս,
 Տարակուսանքի տարտամ տագնապներ` մահով գերուածիս,
 Որոնք երկնային զօրքերը կտան թշուառիս,
 Վկայելով, թէ որոմի խրձի պէս վառուելու է վշտակիր հոգիս,
 Ահարկու ձայնով ազդարարելով անբժշկութիւնը յուսալքուածիս:

Դ
 Արդարեւ, սրանք կատակերգական նուագներն են ահա
 Այն քնարահար շրջիկ պոռնիկի, որ ծեծելով իր կուրծքը, լալագին
 Հնչեցնում է յոյժ կսկծեցուցիչ, խղճալի ողբեր,
 Ինչպէս Եսային է ասում առակով`
 Տիւրոսի մասին գրած պատգամում:
 Եթէ ապառնի դիպուածն այն փոքրիկ, իբրեւ մօտալուտ պատկերացնելով,
 Բողոքում էր նա պէս-պէս, բազմակերպ աւաղումներով,
 Լացով ու կոծով պարողների պէս,-
 Յապա ինձ համար, որ սպասելով Տիրոջ գալստեանն անպայման մնացի անպատրաստ բոլորովին,
 Ո՜րքան եւ ո՜րպիսի վհատեցուցիչ երգեր պիտի մրմնջեմ ես:

Ե
 Արդ, եթէ դատաստանի ահաւորութիւնը յիշեմ վերստին,
 Բազմացնեմ պիտի աշխատանքս ես,
 Իսկ եթէ տանջանքներս իսկութեամբ աչքիս առաջ բերեմ` երկիւղս կաճի,
 Եւ եթէ ճշգրիտ պատկերացնեմ ես տեսարանները նրանց`
 Ինձ համար նախատեսուած հատուցումները կաւելանան,
 Քանզի առաջուց նախատեսելով այդ բոլորը ես, չապաշխարեցի, թեկուզ անագան:
 Բայց դու խնայեցիր ինձ, գթած, մարդասէր, հզօր, բարերար,
 Ամենապարգեւ Քրիստոս թագաւոր, օրհնեալ յաւիտեան. ամէն:

ԲԱՆ Խ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

 Ամենակալ Աստուած բարերար, ստեղծո՛ղ բոլորի,
 Ունկնդրի՛ր հառաչանքներիս ձայնին տագնապայոյզ.
 Եւ ինձ ապագայ կասկածանքների երկիւղից փրկի՛ր,
 Կարող զօրութեամբդ ինձ ազատելով մեղքի պարտքերից,
 Քանզի քո անբաւ մեծութեամբ եւ իմաստութեամբ անհուն`
 Հնարաւոր է քեզ մօտ ամէն ինչ:

Բ
 Եւ քանզի հեռուից տեսնելով հոգուս աչքերով ահա
 Ահաւորափայլ հանդէսը քո հանդերձեալ դատաստանի,
 Նկատում եմ ես արդէն կանխապէս
 Ցերեկը լուսաւոր ու յուսալից` սրբերի համար,
 Եւ օրը խաւար` պատժապարտիս պատուհասի համար
 Ուստի եւ չկայ ոչինչ, որ լինի փախուստիս համար ապաստանարան.
 Ո՛չ անդունդները խորունկ եւ ո՛չ վիհերն անտակ,
 Ո՛չ լեռները բարձրաբերձ եւ ո՛չ քարանձաւները,
 Ո՛չ ժայռերը կարծրակուռ, ո՛չ էլ ծործոր ու ծերպ,
 Ո՛չ փապարները փոսաւոր եւ ո՛չ հոսանքը հեղեղների,
 Ո՛չ բաւիղները խորշերի, ո՛չ շտեմարանները յարկերի,
 Ո՛չ թաքստոցները սենեակների, ո՛չ էլ ծմակները հովիտների,
 Ո՛չ ծործորները դժվարանց, ո՛չ բլուրները բազմակուտակ.
 Ո՛չ քամիները մեծաշունչ, եւ ո՛չ ծովերն անծայր,
 Ո՛չ հորձանքները սահանքների, եւ ո՛չ ափերը հեռաւոր,
 Ո՛չ ողբերի ձայները եւ ո՛չ հեղեղներն արցունքի,
 Ո՛չ շարժումը մատների, ո՛չ ձեռքերը վերամբարձ
 Եւ ոչ էլ պաղատանքը շրթունքների:
 Այս բոլորից` սաստկագոյն եւ անճողոպրելի`
 Դո՛ւ միայն, Քրիստոս, կարող ես փրկել բազմամեղ հոգիս
 Քո անդորրութեամբ եւ քո դիւրութեամբ ամենահնար:

Գ
 Ուստի եւ նայի՛ր ինձ շրջապատող վտանգներին անզերծանելի,
 Դո՛ւ միայն քաղցրդ բոլորի հանդէպ.
 Կենազէն խաչիդ յաղթական սրով կտրատի՛ր բոլոր ցանցերը վարմիս,
 Որոնք ամէնուստ պաշարել են ինձ մահու գերեալիս,
 Տո՛ւր հանգստութիւն սասանեալ ոտքին թիւր ընթացողիս.
 Բուժի՛ր հրատապ ջերմին տոչորումն մղձկեալ սրտիս,
 Մերժի՛ր դիւային եւ չարահնար շշուկները իմ` քեզ պարտաւորիս.
 Հալածի՛ր անյոյս մթութիւնն հոգու` չարին կենակցիս.
 Ցրի՛ր ծխամած թանձրութիւնները բռնաւոր մեղքերիս.
 Կորցրո՛ւ ապական ցանկութիւնները զազիր կրքերիս.
 Նորոգի՛ր մեծիդ անուան պաշտելի փառքի լուսեղէն պատկերն ի հոգիս.
 Զօրացրո՛ւ շնորհիդ փայլը շողշողուն որպէս շուք դէմքիս,
 Մտատեսութեան ընդունակութիւն տուր հողեղէնիս,
 Հարմար յօրինմամբ վերայարդարիր, որ տեսնի քեզ պարզ`
 Լուսազարդ մաքրութեամբ զտելով մռայլը մեղաւորիս,
 Աստուածային կենդանի, անեղծ, երկնաւոր լոյսովդ ծածկելով երեք պատկերներն անձիս:
 Զի դու ես միայն օրհնեալ հօրդ հետ ի գովեստ սուրբ Հոգուդ
 Յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ԽԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Որդի՛ կենդանի Աստծոյ, ամէնօրհնեա՛լ,
 Անքնին ծնունդ դու ահաւոր հօր,
 Քեզ համար չկայ ոչինչ անհնար ու անկարելի:
 Երբ ողորմութեանդ փառքի անստուեր ճաճանչները ծագեն,
 Կհալուեն մեղքերը, կհալածուեն դեւերն ու կջնջուեն յանցանքները,
 Կխզուեն կապանքները, կխորտակուեն շղթաները,
 Կկենդանանան մեռեալները, կբուժուեն զարկուածները,
 Եւ վէրքերը կառողջանան.
 Կվերանան ապականութիւնները, տեղի կտան տխրութիւնները,
 Կնահանջեն հեծութիւնները, կփախչի խաւարն, ու մէգը կմեկնի,
 Կցրուի մառախուղն, ու մռայլը կփարատուի.
 Կսպառուի աղջամուղջը, կվերանայ մութն, ու գիշերը կանցնի,
 Տագնապը կտարագրուի, կչքանան չարիքները,
 Յուսահատութիւնները կհալածուեն,
 Եւ կթագաւորի քո ձեռքն ամենակարող, քաւի՛չդ բոլորի:

Բ
 Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու.
 Ների՛ր ինձ անթիւ չարիքներս` քո բազում ողորմութեամբ,
 Զի դու միայն ես երկնքում անճառ եւ երկրում` անզնին,
 Գոյութեան տարրերի մէջ եւ աշխարհի բոլոր ծագերում,
 Սկիզբն ամէն ինչի, եւ ամէն ինչի մէջ` ամբողջ լրումով,
 Օրհնեա՜լ ի բարձունս.
 Եւ քեզ` Հօր ու սուրբ Հոգուդ հետ` փա՜ռք յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԽԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Տէ՜ր Աստուած գթութեան, փրկութեան եւ ողորմութեան,
 Քաւութեան եւ նորոգութեան, բժշկութեան եւ առողջութեան,
 Լուսաւորութեան եւ կենդանութեան, յարութեան եւ անմահութեան,
 Յիշի՛ր ինձ, երբ գաս քո արքայութեամբ,
 Ահաւոր, հզօր, բարերար եւ ամենաստեղծ,
 Կենդանի, գովեալ, ամենակատար
 Եւ մերձ համօրէն արարածների հեծութիւններին:
 Ես էլ եմ ահա պաղատում քեզ խաչակցիդ հետ,
 Որը քեզ համար ո՛չ բռնուած էր եւ ո՛չ էլ կապուած,
 Ո՛չ կախուած եւ ո՛չ բեւեռուած,
 Ո՛չ խոշտանգուած էր մեծիդ անունով եւ ո՛չ անարգուած,
 Ո՛չ լլկուած եւ ո՛չ արհամարհուած,
 Ո՛չ խորտակուած եւ ո՛չ մահացած,
 Այլ արքայութեանը` արդարների համար պահուած լոյսին արժանի համարուած:
 Եւ դու հաստատուն ուխտի խոստումով
 "Ամէն"-ի երդմամբ,
 Յայտնելով տրուած բարիքների անփոփոխութիւնը,
 Փառաւորեցիր նրան եւ փրկութեան յոյս ներշնչեցիր ինձ` իսպառ լքուածիս:

Բ
 Օրհնեա՜լ, օրհնեա՜լ եւ դարձեալ օրհնեալ,
 Ընդունելով եւ ինձ նոյն հաւատքով`
 Փրկի՛ր կործանումից եւ բարձրացրո՛ւ, ո՜վ բարերար.
 Բժշկիր հիւանդութիւնների ախտերից, ողորմա՜ծ.
 Մահուան եզերքից ինձ կեանքին դարձրու, ո՜վ կենդանութիւն.
 Քոնն եմ նաեւ ես, ուստի նրա հետ ապրեցրո՛ւ եւ ինձ ապաւինութի՜ւն.
 Կենդանութեան շունչ ընծայիր դու ինձ` հոգով մեռածիս,
 Յարութի՜ւն, դու կեանք եւ անմահութիւն,
 Անպակաս բարութիւն, անսպառ շնորհ, անփոփոխ ներողութիւն,
 Աջ ամենազօր, ձեռք ամէնիշխան, մատ ամենամերձ:
 Կամեցիր դու, Տէր, եւ պիտի փրկուեմ.
 Ակնարկիր միայն գթութեամբ, եւ պիտի արդարանամ.
 Ասա՛ դու խօսքով, եւ իսկոյն պիտի դառնամ անարատ:
 Մոռացի՛ր թիւը իմ չարիքների`
 Եւ անմիջապէս համարձակութիւն պիտի առնեմ ես.
 Առատաձեռնի՛ր, եւ շուտով պիտի պատուաստուեմ քո մէջ,
 Փառաւորեալդ ամէն ինչի մէջ յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԽԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Բժշկական հմտութեան ամենափորձուած հնարաւորութեամբ
 Անախտական կեանքի դու պատճառ, երկնային զօրեղ թագաւոր` Տէ՜ր Յիսուս Քրիստոս,
 Աստուած` իմանալիների բոլոր եւ տեսանելիների:
 Ահա՛ իմ մէջ ես դու, ինչպէս մարգարէն է ասում, նոր կցորդութեամբ,
 Ուստի եւ ես միացած քեզ հետ խօսքի դաշինքով այս բարեզարդ`
 Թո՛ղ լուսաւորուեմ կրկին ողջացած` շնչով ու մարմնով,
 Ըստ ամենայնի կարող եւ անդրդուելի:

Բ
 Սպեղանիների կարիք չես զգում դու
 Հոգուս վէրքերին փաթաթաններ պատրաստելու համար,
 Ո՛չ ժամանակի, ո՛չ միջնորդի եւ ո՛չ էլ երկարաձիգ օրերի,
 Ո՛չ փոփոխական դեղեր տալու եւ ո՛չ անդամահատման,
 Ո՛չ էլ խարելու, վիրահատութեան.
 Եւ այլ երկրաւոր դարմանումների,
 Որոնք ենթակայ են յաճախ վրիպանքի եւ ամենասխալ տարակուսութեան:
 Բայց քեզ` հոգիների եւ մարմինների արարչիդ
 Ամենայն ինչ լուսաւոր է, ամենայն ինչ ակներեւ,
 Ամէն ինչ գրուած, ամէն ինչ դիւրին եւ հնարաւոր,
 Խորհուրդը գլխաւորուած է, խոստումը լցուած, կամքը կատարուած,
 Քո կտակն աւետարան է, քո վճիռն` ազատութիւն, մատեանդ` շնորհ:
 Չես կաշկանդուած դու օրէնքներով, ոչ էլ կանոններով շրջափակուած.
 Արգելակուած չես նուաստութեամբ, ոչ էլ հպատակութեամբ խոնարհուած.
 Չես պարփակուած փոքրկութեամբ, ոչ էլ սահմաններով չափուած.
 Չես վրիպած բարութիւնից, ոչ էլ ցասումից այլայլուած.
 Չես սխալուած խստութիւնից, ոչ էլ խռովութիւնից վրդովուած.
 Չես դղրդուած անգիտութիւնից, ոչ էլ ողորմութիւնից` փոփոխուած.
 Չես իջել բարձրութիւնից, ոչ էլ օգնութիւնից ընկրկած,
 Ոչ էլ փրկութիւնից տկարացած:
 Սկիզբն ու լրումն ես դու ամէն ինչի, եւ ամենայն ինչ քեզանից է.
 Փա՜ռք քեզ եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԽԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Աստուա՜ծ անսահման, անբացատրելի հարազատ ծնունդ միակ Աստծոյ,
 Արարիչ բոլոր արարածների, Քրիստոս թագաւոր,
 Լոյս` խաւարի մէջ` մթնած սրտերի.
 Մեզ հետ` մարդ կատարեալ եւ առաքչիդ հետ` իսկական Աստուած,
 Որ մեր բնութեամբ քոնն ես ծանուցում հրաշապէս:
 Օրհնեա՜լ է Հայրդ երկնաւոր եւ անճառ,
 Որ առաքեց քեզ երկնից եւ որին փառակից ես դու արարչութեամբ.
 Տարագիր գերուս փրկութեան համար նա այնքա՛ն հոգաց,
 Որ մինչեւ անգամ քեզ մատնեց մարդկանց:
 Իսկ դու, որ կարող էիր առանց վշտի աւարտել խորհուրդը տնօրինութեան,
 Հաճեցար մահուան բաժակը ըմպել մեղապարտիս հետ`
 Անթերի մարդկութեամբ եւ անպակաս աստուածութեամբ:
 Եւ սուրբ Հոգին քո կենդանարար, ինչպէս որ քո, այնպէս եւ իսկակից է Հօրդ,
 Եւ էութեամբ համապատիւ` ծնողիդ հետ ե՛ւ ծնուածիդ:
 Մի Երրորդութիւն կատարեալ` անբաժանելի եւ անանջատ երեք դէմքով.
 Անսկիզբ եւ անժամանակ, բացարձակ բարերար,
 Համակ կենդանարար, ամբողջապէս խաղաղարար,
 Ստեղծիչ գոյութեանց եւ յօրինող ամենայնի,
 Անքակտելիօրէն եւ մի բնութեամբ փառաւորուած:

Բ
 Իսկ եթէ գթած երկնաւոր Հայրը հզօր` մէկն է էութիւնից`
 Մահապարտիս յանցանքների համար զոհաբերեց իր անքնին ծոցի ծնունդը միակ,
 Չխնայելով իրեն համապատիւ սիրելի որդուն,
 Այլ կամովին նուիրեց նրան մահուան զէնքերով չարչարողներին,
 Ըստ Զաքարիայի մարգարէութեան,
 Թէ` "Պիտի զարթնի սուրը հովուի վրայ,
 Եւ պիտի զարկուի հօտապետն ինքը,
 Ու ոչխարների հօտը ցրուի",
 Ինչպէս նախագրողի օրինակը նուրբ եւ ուխտը խորանի,
 Եւ նուիրումն արեան սպանդի,
 Եւ խորհուրդն աբրահամեան պատարագի,
 Որոնք կանխապէս նկարագրեցին փրկութիւնն հեգիս` կեցուցչիդ կամքով,-
 Ուրեմն էլ ինչո՞ւ ես տխրում, ա՛նձն իմ,
 Որ քո իսկ գործով եւ յօժարութեամբ ես կործանուել դու
 Եւ ո՛չ Աստծոյ կամեցողութեամբ.
 Կամ ինչո՞ւ ես դու խռովում, սիրտս`
 Մտատանջուելով սատանայական յուսահատութեամբ:
 Յուսայ՛ Աստծուն եւ խոստովանիր,
 Եւ նա քեզ համար կհոգայ անշուշտ`
 Դաւթեան սաղմոսի եւ մարգարէի կենսախրախոյս խօսքի համաձայն:

Գ
 Իսկ ստեղծողի խնամակալութեան չափն ու եղանակը աւելի վեր է,
 Քան հրեշտակների եւ մարդկանց մտքի կշռութեան սահմանն,
 Ու թէ բիւր անգամ կրկնուի` դարձեալ չափել չի լինի,
 Զի բարձրեալ տիրոջ ե՛ւ բաւարարելն է անճառելի:
 Մանաւանդ որ նա` մէկը օրհնուած համագոյական Երրորդութիւնից`
 Ուղարկեց միւսին այն օրհնաբանուած,
 Որը եւ մեռաւ ի հաճութիւն իր առաքչի կամքին:
 Միւս երրորդն ահեղ երկուսի հաւանութեամբ
 Բարեմաղթում է մեծաջան բաղձանքով:
 Իսկ միեւնոյն բարի իրագործումների մէջ
 Նրանց համամիտ միակամութեան ապացոյցներն են`
 Հոգին` կենդանու եւ բանը` բանականի,
 Պայծառութիւնը` փառքի եւ կերպարանքն` էութեանը:
 Փոյթ` ապրեցնելու, սթափ` ողորմելու,
 Օգնութեան ձեռք կարկառելու եւ փրկելու` պատրաստ,
 Առատատրութեամբ` յորդ, շատութեամբ` զեղուն,
 Անբաւութեամբ` լի, աննուազութեամբ` փարթամ,
 Երկայնամտութեամբ` ճոխ եւ անհասութեամբ` բարձր,-
 Մի Երրորդութիւն կատարեալ եռանձնեայ,
 Օրհնեալ յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԽԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, ով կործանուած իմ անձ, բարի յոյսը տնկած սրտիդ մէջ
 Եւ հաւատքի գոտիով պնդած երիկամներիդ մասերն երկու`
 Ցանկական գործարանները քո կրկնապղտոր խորհուրդների,
 Խոստովանի՛ր բարերար Աստծուն մտածածներդ` որպէս թէ արդէն գործուած մեղքեր,
 Խոհածներդ` իբրեւ կատարուածներ,
 Անտեսներն` իբրեւ արդէն յայտնի,
 Սրտիդ մէջ թաքուն պահածներն` իբրեւ բարձրաձայն ասուած.
 Ակնարկումներդ` իբրեւ իրագործած մեղանչումներ,
 Շուրթերիդ շարժումն` իբրեւ չարութեան գործադրութիւն,
 Ոտքերիդ հետքերն` իբրեւ վազք ընդդէմ
 Աստծոյ պատուիրանների,
 Ձեռքերիդ ցասկոտ երկարումն` իբրեւ արիւնահեղութիւն,
 Անվերջ ծիծաղելն` իբրեւ կամաւոր լքումն շնորհի,
 Երդումն ի դէպ թէ տարադէպ` իբրեւ գործակցութիւն խաբողին,
 Ամբարտաւանութիւնն` իբրեւ հին կործանիչ նախաստեղծին իր բարձրութիւնից,
 Սրտնեղութիւնն` իբրեւ թերահաւատութիւն,
 Մեղկութիւնն` իբրեւ պարտութիւն զօրաւոր ամրութեան,
 Վշտակրութեան համար տրտնջալն` իբրեւ ուրացութիւն` Տիրոջ հետ արած ուխտի,
 Անսանձութիւնը` իբրեւ մի թոռը անգթութեան,
Անբարհաւաճութիւնն` իբրեւ վեհերի դէմ գոռոզացում չնչին բաներով,
 Պարծենկոտութիւնն` իբրեւ կամակոր հարազատութիւն չարագործի հետ:
 Ակամայ մեղքերն էլ խոստովանիր կամովին գործած յանցանքների հետ,
 Բռնիները` հաւանութեամբ կատարուածի հետ,
 Նորամոյծները` բնածինների հետ,
 Անօրէնութիւնը` ապաստուածութեան հետ,
 Փոքրերը սաստկագոյնների եւ քչերը` շատերի հետ,
 Անասելիներն ասա` արդէն իսկ ասուած իմացողին,
 Անգրելի մեղքերը` իբրեւ տեսնողի աչքի առջեւ մագնիսաքարի վրայ արձանագրուած,
 Մեղքի համար թեթեւագոյն համարուածներն` իբրեւ ստուար ու ծանր բեռներ,
 Ծածկուածների չափի որոնումը` իբրեւ ճշտիւ պահանջումն
 Կետի կորիւնի բերանից առած սատերի տուրքի` չորեքդրամեան ծանրութեամբ.
 Անդնդային գործերը` իբրեւ Աստծոյ ականջին արագ հասածներ:
 Շարունակի՛ր սրանք եւ կուտակի՛ր կրկնապէս`
 Հանձնառու լինելով պատմելու այստեղ վերստին
 Սաստիկ հեծութեամբ չեղածներն իբրեւ արդէն եղածներ
 Ցոյց տուր Աստծուն պարտութիւնը քո հալածեալ անձի,
 Որպէսզի ընդունես դու փոխատուից պարտքերիդ թողութիւն,
 Այն մեղաւորի նման, որին արդարացրեց
 Տէրը եւ հռչակեց հրաշափառապէս,
 Եւ բազմապատիկ ներբողով կրկնեց գովեստը զղջման,
 Քան թէ պարսաւեց մեղքերը նրա:

Բ
 Բարդիր եւ դիզի՛ր, ա՛նձն իմ, մեղապարտ հոգուդ յանցանքները,
 Կշտամբելով յոյժ` խօսքերով սաստիկ եւ նախատական
 Քո բազմամասնեայ խոհերը բոլոր եւ գործերը ժանտ`
 Չարութիւն, անօրէնութիւն եւ սխալանք,
 Մարտահանդէսից փախուստ եւ պարտութիւն,
 Մոլեգնութիւն, ամբարշտութիւն եւ ապշութիւն,
 Թմրութիւն եւ քուն` արթմնի եւ նիրհումն` ընթանալիս,
 Օտարոտի խորհուրդ եւ նանիր խօսքեր,
 Սէր` զազիր գործերի եւ դանդաղում նրանց մէջ,
 Տենչեր` Աստծոյ համար ատելի,
 Աներկիւղութիւն, անսաստութիւն, անշիտակութիւն,
 Թերութիւն, թիւրութիւն, թուլութիւն, ժլատութիւն,
 Սանձարձակութիւն, ծաղրածութիւն, խեղկատակութիւն,
 Եւ շարժուձեւեր գայթակղեցուցիչ ու պատրողական,
 Անտեղի քաջութիւններ, անյարմար մարտնչումներ, արիութիւններ անօրինական,
 Հոգու խեղդումներ, տատանողական երկչոտութիւններ,
 Բազմոստայն ճիւղեր թափուր, անպտուղ,
 Անպատկառ լկտիութիւններ, գժդմնութիւններ եւ գժտութիւններ,
 Անմիտ ատելութիւններ եւ մարմաջումներ դիւրին որսացուող,
Անկշռելի փոքրութիւններ, խոստմնադրժութիւններ,
 Ուխտազանցութիւններ, այլակերպութիւն նմաններից,
 Կեղծիքների քողարկումներ, փառամոլութեան յիմարութիւններ,
 Հաւակնութիւն բարձրահոն, ապիրատութիւն, եսասիրութիւն,
 Նախագահական տենչանք, չարով հատուցում չարագործներին,
 Եւ դրանց հանդէպ բարբաջանք եւ ի զուր ու փուչ կրքեր,
 Գործակցութիւն բանսարկուի խորամանկութեանը,
 Խօսքերի շաղ տալն ու կենաց վաճառք սատակման գնով,
 Աւանդների կորուստ, ժառանգութեան վատնում, կապանք ձգողական,
 Երինջների լծափոկով անխզելի` բռնուած անօրէնութիւններ,
 Մշտաթաթաւ տղմաբնակութիւններ,
 Լքումն լաւերի եւ ենթարկումն վատերի,
 Դարձի գալուց ետ վերադարձ դէպի նոյն դժնութիւններ`
 Նորամուտ մտքեր, օտար խորհուրդներ եւ անկայուն կամք,
 Հագագային հեւքեր, անասնական կրքեր,
 Իշխանականի ամենասփիւռ ընդարձակութիւն:
 Եւ կան դեռ, որոնք անգրելի են եւ անասելի,
 Կամ անպատմելի, անպատկերելի:

Գ
 Եւ հիմա, ինչպէ՞ս պիտի բժշկուես, ա՛նձն իմ եղկելի,
 Դու, որ խոցուած ես այսքան տեգերով,
 Երեսից ընկած անողջանալի այր մի տարագիր, ըստ մարգարէի,
 Զի միայն մէկն էլ վերոգրեալներից բաւական է քեզ սատակեցնելու,
 Դեռ թողնենք, որ դու ժանտ դահիճների այսքան խմբերով ես շրջապատուած:
 Մանաւանդ` սոսկ ա՛յս օրինակներով չի տրւում պատկերը տառապեալիս,
 Այլ, ինչպէս վխտացող բազմութիւնն անթիւ կարիճների,
 Որոնք օրհասական թոյնը կրում են իրենց պոչի ծայրին,
 Ինչպէս մաշկեղէն մի ամանի մէջ ամփոփուած, որտեղ խայթոցն է նրանց,
 Որոնք արտաքուստ թւում են թէեւ բարի, անվնաս,
 Բայց ներքուստ ունեն չարի ամբարներ, կորստեան պահեստ,
 Կսկծանքի կոյտ, սատակման գործոններ, մշակներ մահուան:

Դ
 Այդպէս են նաեւ ամբարուած դաժան անօրէնութեամբ
 Թշվառաքրտինք թոշակները քո, ա՛նձն իմ պարտական կրկին սատակման:
 Կամաւորաբար ընդունեցիր դու քո մէջ այն, ինչ որ
 Ցանեց թշնամին աշխարհի ագարակում` ցորենի վրայ,
 Ո՜վ այր անմաքուր, ամբարիշտ եւ ծոյլ, իսպառ ատելի,
 Որին սիրելի եւ դուրեկան են անառակութեամբ լցուած ամէն ինչ,
 Որոնք թւում է առաքեալն ինքը խիստ կշտամբական իր այն խօսքերով` վերջացրած այսպէս`
 "Եւ նրանք, ովքեր գիտնալով հանդերձ օրէնքն Աստծոյ գործում են այսպէս
 Կամ գործողներին լինում կամակից` արժանի են մահուան":
 Արդ, ես ինքս ինձ արժան դատեցի կրկնակի պատժի -
 Կորչելու իսպառ եւ սատակելու որպէս մահապարտ.
 Բայց դու խնայիր ինձ ողորմութեամբ, բարեգո՜ւթ, հզօր, կենդանի,
 Կամարար, կարող եւ հնարաւոր, օրհնեա՜լ յաւիտեանս, ամէն:

ԲԱՆ ԽԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Վրիպեալս ես ամենայն անգամ, ամենապատիժ,
 Միշտ դժնեայ վայրենաբարո, մահով եմ անձամբ կշտամբում ինքս ինձ.
 Ինչպէս արոտական խոզերի զազիր եւ վայրագասուն երամակներ`
 Գարշելի մեղքեր արածացնող եմ ես նախատելի վարձով.
 Ամայաբնակ ուլերի հորանը խնամող հովիւ եմ ես մի
 Տաւարածների վրանների մօտ,
 Ըստ Երգ-երգոցի առակի, որ ինձ է վերաբերում,
 Ինձ, որ չեմ ճանաչում նոյնիսկ ու չգիտեմ երբէք,
 Թէ որի՞ ձեռքով եւ ո՞ւմ պատկերով, ինչո՛ւ գոյացայ:

Բ
 Ահա՛ մարմինդ կրող երկու միակցորդ ու խորհրդակից ոտքերիդ վրայ
 Հրեշտակի ձեւով ես կառուցուել դու,
 Որպէսզի երկու վերեւ բարձրացած քո բազուկներով վերասլացիկ,
 Իբրեւ թռչելու համար թեւ առած` դիտես հայրենի աշխարհը բարձրից:
 Ո՜վ յիմար, ինչո՞ւ ինքդ քո կամքով կորացար գետնին,
 Եւ միշտ աշխարհի չնչին ու ճղճիմ հոգսերով տարուած`
 Անապատական ցիռերի կարգը դասեցիր դու քեզ:
 Մարմնիդ աշտանակի վրայ իբրեւ ճրագ բազմականթեղեան`
 Գլխիդ կլորութիւնը հաստատուեց,
 Որպէսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լոյսի շնորհից,
 Տեսնես Աստծուն եւ անանցանելիքն իմաստասիրես:
 Բանականութեան պատուով կրկնապէս ճոխացար,
 Որպէսզի վերուստ քեզ տրուած բոլոր բարեմասնութեանց
 Յաղթանակը դու պատմես անարգել անկաշկանդ լեզվով:
 Մատնելով յարմարապէս ճիւղաւորուած ճարտար քո ձեռքերով
 Գործելուդ համար եւ կառուցելու`
 Աստուած կոչուեցիր`
 Համացեղութեամբ իբրեւ գործակից ամենապարգեւ աջին Աստծոյ:
 Երեք հարիւր վաթսուն յօդերով դու շաղկապուեցիր,
 Միացնելով նրանց քո մէջ պատշաճող թիւը հինգ զգայարանքների,
 Որպէսզի արտաքին առերեւոյթ նիւթեղէն շինուածքդ
 Չմնայ մտքիդ տեսութեան կողմից անքննադատելի.
 Զի ոմանք դրանցից ստուար են եւ զօրաւոր,
 Եւ ուրիշներ` փոքր են ու պիտանի,
 Կան, որ կարծրակերտ են եւ` զգայուն,
 Եւ դարձեալ, որ գողտրիկ են ու պատուականագոյն,
 Ինչպէս նաեւ կան, որ կարեւոր են եւ ամօթալի:
 Իսկ բացատրութիւններն այդ բոլորի քո մէջ են նկարուած,
 Իբր անջնջելի արձանի վրայ, ա՜նձն իմ եղկելի.
 Որի միտքն այն է, թէ ժամանակի մասն ամենափոքր ու տարին կազմող բոլոր օրերի կարգն յաջորդական
 Սահմանուած` մարմնի մասերի թուով
 Անսխալ կերպով անայլայլելի` պահուած են այնտեղ:

Գ
 Կա եւ հոգեւոր մի այլ օրինակ,-
 Սիրոյ յօդերով շաղկապուած ի մի սուրբ
 Եկեղեցու միութիւնն է այդ,
 Որի խորհուրդը դարձեալ քեզանով է մեկնաբանւում.
 Այնպէս որ առանց բոլոր մասերի իրար հետ ամուր սերտ կապակցութեան`
 Մեծը փոքրի հետ համաձայնուած մի ընդհանուր լծի ներքոյ
 Քրիստոսի անուամբ հալածանքների շենքի կատարելութիւնը վնասուած կլինի:
 Ինչպէս որ մարմնին պատուաստուած աննշան անդամներից մէկն եթէ կտրուի եւ կամ պակասի`
 Կրճատուած կլինի մարմնի կազմուածքը, որ զգայական սենեակն է մարդու,
 Որով եւ ահա՜, պատկերն ընտանի կենթարկուի անարգ մի փոփոխութեան:
 Ուրեմն այսպիսով, ինչպէս եւ բազում այլ անզուգական հրաշակերտութեամբ ստեղծուած`
 Աստծոյ հարազատ պատկերն ես դու, հոգի՛դ իմ գերի, իսպառ կշտամբուած:
 Թէեւ առաջին նմանութիւնիցդ կողոպտուեցիր,
 Կենաց դրախտում մեղանչելով պատուիրանի դէմ,
 Բայց աւազանի լուսազարդ շնորհով,
 Հոգու փչումն ընդունելով,
 Նախկին նոյն պատկերն ստացար դարձեալ:

Դ
 Եւ այժմ ինչո՞ւ կորցրիր դու այդ փառքը երկնաւոր,
 Ինչպէս կորցրեց նախաստեղծն երբեմն վիճակն երկնաւոր` Ադեն դրախտում:
 Ինչո՞ւ ինքդ քո ձեռքով փակեցիր երկինքը քեզ համար,
 Եւ վերելքի դուռը կողպեցիր քո առաջ.
 Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ աղտն արցունքներիդ.
 Ինչո՞ւ լուացուած ձորձը` գարշելի գործերով զազրելի դարձրիր,
 Ինչո՞ւ մեղքերի պատմուճանդ հանած` նորից հագար այն անառակ վարքով.
 Ինչո՞ւ ժանտերի ճամփով գնալով ոտքերիդ մաքրութիւնն աղտեղեցիր.
 Ինչո՞ւ կրկնեցիր իրաւադատին ուխտազանցութիւնն հին պատուիրանի.
 Ինչո՞ւ զրկուեցիր շնորհաց պտղից, ինչպէս Ադամը` կենաց ծառից.
 Ինչո՞ւ նենգեցիր ինքդ կամովին յաւերժութիւնը անստուեր յոյսի.
 Ինչո՞ւ թոյլ տուիր, որ անհամարձակ` ծածկուի դէմքդ սաստիկ ամօթից.
 Ինչո՞ւ զինուեցիր դու ինքդ քո դէմ հակառակուելով, ո՜վ ընդունարան խելագարութեան.
 Ինչո՞ւ որս եղար մահուան ծուղակին, թողած արահետը վստահելի.
 Ինչո՞ւ պատրանքների կարթով բռնուեցիր, կենդանարարի մարմնին հաղորդակի՛ցդ դու:
 Բայց դու վերստին յուսալով նրան` պաղատի՛ր առ նա,
 Որ ապաւէն է, քաւիչ, նորոգիչ, փրկիչ, կեցուցիչ եւ կենդանարար,
 Ողորմած, խնամող, մարդասէր եւ անոխակալ,
 Բազմագութ, օրհնեալ յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԽԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, ամաչելով մեծիդ ահաւորութիւնից, ի՞նչ կարող եմ ասել,
 Եթէ ոչ համրանալ եւ բերանս հողին` լռել սրտիս մէջ,
 Աչքերս յառած բարի յոյսին, ըստ մարգարէական խօսքի.
 Իսկ եթէ բանամ փականքը` շարժուող իմ շրթունքների
 Եւ կամենամ բռնադատել նրանց, որ խօսեն,
 Խղճմտանքիս ձայնը դարձեալ կթելադրէ ինձ
 Հիւսել լալագին ու կրկնակական եղերերգութիւն:

Բ
 Ուստի ողբակից մեծ մեղաւորին,
 Որը կամովին մահացու կերպով անօրինացաւ,
 Նրա գոչն իր հետ կրկնում եմ եւ ե՛ս:
 "Մեղա՜յ, Տէր, մեղա՜յ, անօրէնութիւններիս մասին ես ինքս եմ վկայում":
 Դրա հետ մէկտեղ հիւսելով նաեւ յիսուներորդ սաղմոսի խօսքերը,
 Մեղաւոր հոգուս պարտքերի հաշիւը ես համարում եմ անթուելի,
 Աւելի քան հողմից քշուած հիւլեները փոշու` օդում համատարած:
 Մեղա՜յ երկնքի եւ քո առջեւ.
 Անառակ որդու հետ ամօթապարտ եւ ես
 Հայրենի գութիդ վերադառնալով` թախանձում եմ քեզ:
 Եւ տխրադէմ, ահա, քեզ մօտենալով,
 Ձայնը ողորմելի աղերսանքներիս, արտոսրածին ողբերի գոչիւնով`
 Քո առջեւն եմ տարածում, Հա՜յր գթութեանց,
 Աստուա՜ծ բոլորի:
 Ես արժանի չեմ ոչ միայն որդի կոչուելու,
 Այլեւ անուանուելու անպիտան եւ անօգուտ վարձկան:
 Ընդունիր սովեալ տարագրականիս եւ յանցապարտիս,
 Եւ նեղուածիս ու նուաղածիս տանջող ցաւը քաղցի`
 Կենաց քո հացով դարմանի՛ր դու:
 Ընդառաջի՛ր ինձ քո ողորմութեամբ, քանզի ես նախ քեզ եմ ապաւինել.
 Հագցրո՛ւ, գթա՜ծ եւ անոխակալ, անօրինեալ մեղապարտիս
 Զգեստն այն, որից ես դեռ նախապէս կողոպտուած էի.
 Մեղքերով աղտեղուած աւանդակորոյս ձեռքիս
 Մատուցիր կամքով քո ամէնառատ` մատանին կնքով համարձակութեան.
 Ոտքերիս գարշապարների մերկութիւնը թշուառ
 Աւետարանի ամրածածուկ կոշիկներով պատսպարելով`
 Ապահովի՛ր դու օձի թոյնի դէմ:
 Զվարակդ պարարեալ, երկնային, որ քո Միածին Որդին է օրհնեալ
 Ճշմարիտ մարդասիրութեամբ` իմ բարեկարօտ հոգուն նուիրիր:
 Մատուցւում է նա միշտ ու չի սպառւում երբէք.
 Մորթուելով անթիւ սեղանների վրայ` անսպառ է նա միշտ,
 Մնալով ամբողջ` բոլորի մէջ եւ բովանդակ` իւրաքանչիւր մասում,
 Իր էութեամբ երկնքում է նա եւ իսկութեամբ` երկրում,
 Աննուազ մարդկութեամբ եւ անթերի աստուածութեամբ,
 Որ փշրուելով բաշխւում է միշտ անհատնում մասերով,
 Որպէսզի բոլորին հաւաքի մի մարմնի մէջ` ինքը լինելով գլուխ:
 Քեզ փա՜ռք ընդնմին, Հա՜յր ողորմութեան, յաւիտեանս. ամէն:

ԲԱՆ ԽԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Բարձրեա՜լ, հզօր, անսկիզբ, ահեղ, անբովանդակելի,
 Ա՜չք աննիրհելի եւ ամենատես, ծնող անքնին փառքով միածնիդ.
 Երկնաւորների եւ երկրաւորների առջեւ ճշմարտի՛ր քո ողորմութիւնն իմ նկատմամբ.
 Տօնի՛ր վերապրումը կորուսեալիս` վերնականների պարերգութեամբ.
 Օրհնաբեր խօսքովդ աւետարանի՛ր կենդանութիւնը մահացեալիս.
 Յայտնի՛ր քո կամքի բարեբաստութիւնը, գովեա՜լդ բոլոր արարածներից.
 Ստացի՛ր անճառ անուն քեզ համար, իսկ ինձ թշուառիս` նորոգ փրկութիւն.
 Կորցրո՛ւ մեղաւորիս ամբաստանութեան մուրհակի գիրը.
 Մահավճիռը հոգուս ջնջի՛ր դու սիրելի որդուդ արեան կայլակով.
 Վստահութիւնը բարի փրկութեան`
 Քրիստոսի արեամբ նկարի՛ր իմ մէջ.
 Բարեգթութեանդ հրաշքները ցոյց տուր հարսանեաց ճաշկերոյթում քո հարազատին:
 Մի՛ փակիր քեզ դիմողիս դէմ սրահի առագաստը քո կենաց տան.
 Մի՛ բաժանիր ինձ բազմականներից եւ քո բարիքներից մի՛ զրկիր.
 Մի՛ պահիր գանձարանիդ մէջ մեղքերն իմ նիւթած անօրէնութեան.
 Մի՛ կնքիր բարեմասնութիւններիդ քսակում գարշութիւնն իմ զազրութիւնների.
 Մի՛ ծածկիր երկար` վէրքերն իմ մեղքերի` ախտալից մարմնիս մէջ.
 Մի՛ դարձնի ինձ տնկակից մահամնա նեխուածքն ու փտութիւնն իմ ցաւերի,
 Այլ քո ողորմած խօսքով վերացրո՛ւ ժանտութիւնն ապականիչ,
 Որպէսզի ազատ հիւծող ախտերից` առողջութեա՜նը պատրաստուեմ.
 Խորապէս խոցուածիս համար ճարի՜ր զօրաւոր սպեղանի, ո՜վ գթութեանց հայր.
 Տո՛ւր բարի այցելութիւն կարեվեր կործանուածիս, քանզի քոնն եմ ես, ո՜վ ոգեսէր Տէր:
 Եթէ մինչեւ իսկ բիւր հեղ մեղանչեմ, դարձեալ մեղաւոր չեմ համարուի,
 Ապաւինելով քո կենսապարգեւ շնորհին, ո՜վ բարերար իմ եւ կեանքի տուիչ.
 Զի քեզ ճանաչելը կատարեալ արդարութիւն է,
 Եւ զօրութիւնդ գիտենալը` անմահութեան արմատ.
 Ինչպէս որ առաջուց իմաստունն է գրել.
 Եւ դարձեալ այսպէս է ասում նա.-
 "Տիրում ես բոլորին, դրա համար էլ խնայում ես սրանց".
 Եւ նմանապէս` "Կարող ես դու միշտ, երբ էլ կամենաս":

Բ
 Յուսատու աղերսն այս` Սողոմոնի` օրինակ եմ ես առնում ինձ համար,
 Զի ոչ ոք, քան նա, ինձ զուգաշաւիղ` չեղաւ բազմամեղ.
 Երբեմն որդի` յետոյ ատելի.
 Երբեմն միջնորդ խաղաղութեան
 Աստծոյ ժողովրդին,
 Եւ յետոյ խտրոց պառակտիչ` բազում խռովութիւնների.
 Երբեմն կեանքի օրէնքը եղած եւ ապա փոխուած մահուան մուրհակի.
 Երկնաւորի պաշտումն ընդոտնած, եւ օտարի անունը ճանաչած:
 Անտեղի ցրող, անկարօտ զրկող, անսովելի գող,
 Շոյուած տրտնջող, փափկացած փախստական, խրտնած սեղանանենգ,
 Պապանձեալ վնասապարտ, քաղցրասնոյց հայհոյիչ, հայրատեաց զաւակ,
 Կտակարանների մատնիչ, Մովսէսի դէմ չարախօս,
 Երախտիքներ մոռացող, սխալական իմաստուն, ամենագէտ յանցաւոր,
 Ամօթապարտ զղջացած, տարակուսեալ աշխատող, աղօթաւոր կռապաշտ,
 Դարձի գալու մէջ դանդաղկոտ եւ ընդունուելու` երկմիտ,
 Կասկածաւոր հաշտութիւն, ապառնի յուշարար, երկբայելի փրկութիւն,
 Անհաւատալի գիւտ, մեծութեան մնացորդ,
 Խարդաւանուած գերի, կիսակտուր պրծած, կամաւոր անձնամատնիչ,
 Տմարդի յղփացած, բազմավրէպ հանճարեղ:
 Նա ինքն իր մասին ասածների մէջ դրել է երկու տարբեր զգացում` իրար հակադիր
 Ինքնակամօրէն կորստեան համար.
 Արգահատանքի եւ երգիծախառն լացի խօսքերով`
 Ամէն տեսակի բարելաւութեան թելադիր է նա,
 Այն ինչ իր կեանքի խոտորումներով
 Բոլոր շուրթերին պատճառել է խոր թախծալի թառանչ:

Գ
 Զարմանում եմ ես եւ յուսահատւում տարակուսեալ ապշութեամբ,
 Զի եթէ նա այնքան գայթեց, յապա ի՞նչ պիտի պատահի ինձ:
 Ինչպէ՞ս ընկաւ բարձրացածը,
 Ինչպէ՞ս սասանուեց հաստատուածը,
 Ինչպէ՞ս կործանուեց կառուցուածը,
 Ինչպէ՞ս օտարացաւ ճանաչուածը,
 Ինչպէ՞ս կատաղեց զաւակն ընտրեալ,
 Ինչպէ՞ս հեռացաւ մերձաւորը,
 Ինչպէ՞ս աղօտացաւ փայլողը,
 Ինչպէ՞ս պատանդուեց ազատուածը,
 Ինչպէ՞ս անօրինացաւ ուսուցիչը,
 Ինչպէ՞ս անշքացաւ հռչակուածը,
 Ինչպէ՞ս անարգուեց փառաւորուածը,
 Ինչպէ՞ս փոքրացաւ մեծատունը,
 Ինչպէ՞ս ամբարշտացաւ բարեպաշտը,
 Ինչպէ՞ս գոռոզացաւ ընտրեալը,
 Ինչպէ՞ս ունայնացաւ պատարունը,
 Ինչպէ՞ս խզեց նա իր ուխտը բարձրեալի հետ:
 Ամաչում եմ ասել, թէ նաեւ սանդարմետականի հետ կապուեց:
 Ի՞նչ ուներ նա կուռքերի հետ եւ ուսկի՞ց նրա սէրը պատկերներին.
 Ինչո՞ւ կամակցեց խտրականութեանը,
 Ինչպէ՞ս չյիշեց Սամուելի յանդիմանութիւնը Սաւուղին,
 Թէ` "Հմայութիւնները մեղք են, եւ մարդակերպ կուռքը պատճառում է ցաւ ու նեղութիւն":
 Ինչպէ՞ս չյիշեց նա յանդիմանութիւնը հայրենի,
 Թէ` "Հեթանոսների կուռքերն անշունչ դեւեր են,
 Եւ նրանց նման են լինելու պաշտողները նրանց":
 Մովսէսն ինքն է առաջինը ծաղրում եւ ամբաստանում սաստիկ, ասելով -
 "Տէրն էր միայն առաջնորդում նրան,
 Չկային նրանց հետ օտար աստուածներ, որոնց չէին ճանաչում նրանց հայրերը":

Դ
 Ո՞ւր է մահատու այլանդակ արձանը Փագովրի,
 Ո՞ւր սիդոնացոց տխեղծ, անպարկեշտ եւ ամենանզովեալ իգական ձուլածոն,
 Ո՞ւր անգրելի խայտառակութիւնը զազրակերպարան կանացի սեռի,
 Որին անխտիր եւ անասնօրէն անձնատուր բոլոր մարգարէները պիղծ պաշտամունքի`
 Նուիրւում էին մոլի անաստուածութեամբ յանուն չարութեան անժուժկալ դեւի:
 Կինը, որ նախահօրն ի կորուստ որսաց,
 Տարաւ ե՛ւ նրա բարեբաստութեան ստացուածքը ողջ.
 Մեծութիւնն յաղթեց մտքի առաւելութեանը,
 Գոռոզութիւնը գերեց նրան, եւ փափկութիւնն յիմարացրեց,
 Ստրկացնող արծաթը նրան կառավարեց,
 Կործանարարի հինաւուրց զէնքը խոցեց խորապէս մարդուն տօնելի,
 Աստծոյ գրկից հանելով նրան` ստամբակի ոտքերի տակ գլորեց.
 Մեղկութիւնը մեռցրեց նրան, ծուլութիւնը թմրեցրեց,
 Շվայտութիւնը հարբեցրեց նրան:
 Ո՜վ դիւրապատիր մարմին երկրածին, ի՞նչ ողբ ու կոծով աւաղեմ ես քեզ.
 Քանզի ոչ միայն նրան են վերաբերում բանադրանքներն այս,
 Այլեւ կամովին սխալուողներին եւ մոլորուողներին բոլոր:
 Ուստի եւ ահա պէտք է իմանաք այս օրինակով,
 Թէ անօգուտ է պարծենալ մարմնական իմաստութեամբ,
 Եթէ Աստծոյ դատելով ընտիր չհամարուի ոք:
 Այնպէս որ, եթէ մէկը մինչեւ իսկ յիմար էլ լինի, բայց յոյս դնի ստեղծողի վրայ`
 Նա զերծ կմնայ այն չարիքներից, որոնց Սողոմոնն եղաւ ենթակայ:

Ե
 Բայց Սողոմոնն ունի ինքնապարսաւ կշտամբանքով լի
 Եւ սաստիկ քստմնելի` դարձի մի յիշատակարան,
 Իբրեւ մէկը, որ մեռցրել է իր մէջ անձնասիրութեան աշխարհը համայն,
 Որն, եթէ ուզենք ճիշտը նկատել,
 "ունայնութիւններով" է իմանալի.
 Այլեւ մատեանով քահանաների եւ սիլոնացի Աքիայի Գրքով,
 Որի մէջ նա իր անցած ողջ կեանքի դառնութիւններն է երգում արցունքով.-
 Զուր ջանք, անօգուտ վաստակ, անմիտ հետեւանք, անշահ արշաւանք,
 Անկայուն գործեր, օտար խորհուրդներ, սին հոլովումներ,
 Բամբասելի բերք, անճիշտ կարծիքներ, սնոտի սերմեր,
 Աւազափուլ շինուածքներ, ապականացու ստացուածքներ,
 Քամահրելի տաժանքներ, ինքնամարտ կռիւ, իր ոգու դէմ դատ,
 Ընդունայն քրտինք, վնասակար փափագ,
 Կորստեան շաւիղ, վրիպակ ճանապարհ,
 Կործանարար կրթութիւն, մոլորոպատիր վարժութիւն,
 Մշտասխալ տեսողութիւն, ակնահայրատ պչրանք,
 Պոռնկատիպ կերպարանք, ախտաբորբոք նիւթ,
 Դժնատեսիլ գոյն, հոգնատխուր գեղ,
 Սաստիկ մրոտ ծուխ, ցնդելի շոգի,
 Աւարի վաճառք, քանդելի տաղաւար,
 Ի զուր աղաղակ, անառիթ ծաղրանք,
 Արհամարհելի ասպարեզ, անձնավաճառ գիր, սատակչական ելք,
 Անաստուած մտածմունք, ստայօդ ճառ,
 Զայրացուցիչ զրոյցներ, եպերելի խծբծանք,
 Խելագար խոյզեր, ամօթանքի ցոյցեր, խայտառակ յայտնութիւններ,
 Ապառնի անառակութիւններ, ապաշաւելի արարքներ,
 Ըմբոստների պատմութիւն, ծոյլերի օրինակ, խորխորատ ծածուկ,
 Որս խաւարային, մահագուշակ վիհ, անյատակ անդունդ,
 Ուղեկցութիւն սպանողներին, յիմարական բարբաջանք,
 Դարանակալների վայր, խարխուլ յարկ,
 Սասանած շինուածք, խախտուած կամուրջ,
 Խուսափուկ երեւոյթ, խաբող շողոքորթ, անոպայ մատնիչ,
 Հակառակութիւն ընդդէմ բարձրեալի:-
 Խոստովանական խօսքերի բոլոր մասերն այս որպէս կանոնադրութիւն
 Ժողովողն ինքը նախասերմանեց բոլոր,
 Զղջումով դարձի եկողների սրտում,
 Որպէսզի մարդկանցից ոչ ոք չպարծենայ` բամբասանքների նետերով զինուած`
 Իր անձը եւ իր ընկերոջը խոցոտելով.
 Զի կռապաշտ է նա, ով քողով է ծածկուած կեղեւի տակ
 Եւ ստեղծողին անախորժ գործեր է կատարում:

Զ
 Եւ արդ, նա, որ այնքան չմեղանչեց, որքան զղջաց,
 Թող չպախարակուի իսպառ, այլ այդպիսին ի բարին յիշուի,
 Իբրեւ հիմք յուսադրութեան բոլոր նրանց, ովքեր տէրունական ոտքին դիմեցին,
 Երբ աստուածութեամբ անբաժանելի նա դժոխքն այցի իջաւ իր հոգով`
 Կենսագործելու այնտեղ խոստովանողներին,
 Որով մեռեալները կենդանիներիս բերին աւետիս անտարակոյս:
 Եւ ես յանցապարտս, որ հասու չեմ նրա իմաստութեանը,
 Բայց մասնակից եմ եղել նրա մեղքերին,
 Աղոթում եմ արդ նրա հետ ահա եւ բարեբանուած մեծիդ պաղատում:
 Լցրո՛ւ դու համեստ շարադրանքն այս իմ այն երջանիկի հանճարեղութեամբ,
 Թախանձանքներս թող որ խառնուեն այն յոյժ աշխատող արքայի աղերս-աղաչանքներին
 Եւ դառնան թող որ մեծարանք առ քեզ:
 Խնդրանքներն այս իմ մի՛ թողնի անտես,
 Ինչպէս խնդրանքներն վեհ արքայորդու, որ իբր օրինակ տուիր միածնիդ:
 Եւ մենք արենակցին նրա` փառակցիդ ճաշակեցինք:
 Տո՛ւր փրկութիւն քո ծառային, ամենահնար, զօրեղ, ահաւոր,
 Եւ աւելացրու փառքն ստեղծողիդ`
 Ջնջելով նրա մեղքերն անքաւելի:
 Յիշելով բարի խորհուրդները նրա, ողորմեալների հետ նորոգիր նրան,
 Որ ամենահամեղ, ախորժաճաշակ եւ բազմապաճոյճ առակագրութեամբ
 Աստուածութիւնդ քարոզեց եկեղեցուն ընծայուած լուսազարդ իր մատեանում,
 Ցոյց տալով բարի ճամփան բոլորին,
 Դէպի քեզ գալու խոստովանութեամբ,
 Հա՜յր ամենեցուն:
 Նրա այս խօսքերն ապացուցում են, թէ հեռու չէր նա ողորմութիւնից,
 Եթէ եռանդուն նրա սրտի մէջ յուսահատութիւն կաթած չլիներ,
 Որ եւ զղջումի աճապարանքը փոքր-ինչ կասեցրեց:

Է
 Արդ, ի յուշ բերելով բարեմասնութիւններդ անճառելի,
 Ողջունի՜ր գթութեամբ եւ քո երանութեանն արժանացրու դարձեալ
 Դարերից ի վեր մեղադրանքների քարաձգութեամբ խոշտանգուածին,
 Որ առատահոս արտասուքների վտակներով
 Իր խրախճանքների ապարանքի յատակը հեղեղեց սաստկակսկիծ ապաշաւութեամբ
 Եւ ողորմելի հոգու հեծութեամբ հօր հուզումներին գերազանցեց:
 Արցունքներն այդ քո դու երկայնամիտ ներողութեամբ
 Միացրո՛ւ ու խառնիր, գթա՜ծ, միածնիդ արցունքներին,
 Որ մեր մարմինն առնելով կրեց բովանդակ մեր վշտերն իր մէջ:
 Անվաւեր կերպով նրանը կարծուած սաղմոսի բարեբանութիւնը ի փառս էակից որդուդ վճռելով,
 Նրանով նրա՛ն եւս փրկիր քաղցրութեամբ աղքատների հետ,
 Պուետիկոս մի բարեշնորհ,
 Լիովին վարձք էր համարում իրեն
 Սողոմոնի հետ միաբան ձայնակցութեամբ`
 Նրա համար իսկ աղերսել առ քեզ,
 Որը եւ լրիւ` յաւելուածաբար յիշատակուած է յաջորդ տողերով:
 Քանզի նրա յօրինած օստացու բազմահրաշ, մարգարէաճառ պատմագրութիւնը,
 Որ աստուածութեանն է արդարացնում,
 Հաստատում է, թէ Սողոմոնն արժանացաւ ողորմութեան:
 Ապա ուրեմն նրա համար աղօթելն աւելի անպարսաւելի է, քան չարախօսելը:

Ը
 Ուստի եւ ես եմ աղօթում ահա մեծ վստահութեամբ,
 Նրա հետ մէկտեղ գոչիւնս ողբի քեզ ընծայելով.
 Զի եթէ ըստ մեր գործերի դատես ու կորցնես մեզ`
 Չի պակասի քո փառքը, քանի որ իրաւունք ունես դու,
 Իսկ եթէ գտնես մեզ` կբարձրանաս այնքան, որքան վայել է քո մեծութեանը:
 Զի դու յաւիտեան օրհնաբանելի ես
 Ողորմածութեամբ, քան թէ սաստկութեամբ նախահրաման:
 Դարձի՛ր, Տէ՜ր, դարձի՛ր քո խնամարկու գթութեան քաղցրութեամբ
 Եւ սիրոյդ ձրի եւ ամէնառատ պարգեւներով սփոփիր մեզ,
 Որ համանման անբժշկելի տագնապի տապով տոչորուած` տրտում-տխուր ենք յաւէտ:
 Փրկարար ձեռքդ դնելով կրկին` նորոգի՛ր դու մեզ,
 Քաւելով եւ պաշտպանելով մեզ մեղսակործան խորտակումներից:
 Եւ քեզ` սկզբիդ միակ եւ անսկզբիդ,
 Եւ սկիզբների սկզբնաւորողիդ`
 Սուրբ Երրորդութեանդ եւ մի աստուածութեանդ
 Փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԲԱՆ ԽԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա

Եւ արդ, անօրէնութիւնները թող չտիրապետեն
 Քո երկնային թագաւորութեան կայսերական իմ պատկերին,
 Դու լո՜յս բոլորի, Աստուա՛ծ:
 Թող որ չկապտի գոռոզն ապստամբ` շնորհիդ զարդը իմ կերպարանքից, որ դու ես ստեղծել:
 Չթագաւորի մահացու մարմնիս` մեղքը խափանուած գրաւելով ինձ:
 Քեզանից բացի չունեմ ես, Քրիստո՛ս, իմ շնչին իշխող մի այլ թագաւոր,
 Որ անբռնադատ հնազանդեցնում ես ինձ քաղցր լծիդ.
 Որ ջնջում ես իմ բազում մեղապարտ կրքերը խօսքովդ ամենակարող.
 Որ քո արեամբ ստացար ինձ եւ քո մարմնով կերակրեցիր.
 Որ սահմանեցիր կեանքի ուխտ անդարձ, անփոփոխելի.
 Որ կնքելով ինձ քո հոգով` կցորդեցիր ինձ քեզ եւ տուիր Հօրդ ժառանգաւորապէս.
 Որ յիշատակով չարչարանքներիդ` զոհիդ անունով
 Համարձակութիւն տուիր աղօթել նոյն բարերարին,
 Ո՛վ դու բոլորի ստեղծիչ ու կեանք:
 Դու ես բոլոր հոգիների Աստուած.
 Քո շնորհների պարգեւատրումն այս դու համարեցիր շատ աւելի մեծ, քան հրաշալի գործերդ բոլոր:
 Ո՛չ երկինքն իր զարդերով համակ եւ պայծառագեղ հրեշտակներով,
 Ո՛չ երկիրն ու մարդկութիւնը եւ զարմանասքանչ գործերը նրանց,
 Ո՛չ լայնատարած ծովն իր մէջ եղող արարածներով,
 Ո՛չ անդունդները իրենց ողջ անբաւ գոյաւորներով,-
 Ո՛չ այնքան այս վեհ արարչութեամբ էր, որ բարձրացար դու,
 Որքան դէպի ինձ կարեկցանք ու գութ ցուցաբերելով,
 Երբ մարգարէի բերնով ասացիր, ո՛վ քաղցր յոյսի բարեշնորհ Տէր.-
 "Ո՞վ կայ ինձ պէս Աստուած, որ կարող է միշտ ներել մեղքերը եւ ջնջել անօրէնութիւնները":
 Եւ ահա խնկուած են խօսքերդ, ողորմա՜ծ, եւ խոստովանուած են բարերարութիւններդ,
 Փառաւորուած են խորհուրդներդ խորին եւ երկրպագուած` շնորհներիդ առատութիւնը:

Բ
 Արդարեւ, ո՛չ ոք արարածներիդ նիւթեղէն լեզուով կարող է մեկնել
 Գթութիւններիդ մի մասնիկն անգամ, որ ցոյց տուիր ինձ, յօրինո՜ղ.
 Զի ճշմարտապէս մեծ է աւելի այն զօրութիւնը,
 Որ հնացածը նորոգում է դարձեալ իր առաջին պայծառութեամբ,
 Քան թէ այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում:
 Զի չունես երբէք անկարողութիւն, զօրաւորդ դու ամէն ինչի մէջ,
 Եւ քո մէկ խօսքը բաւական է լոկ, որ հասնեն գործերն իրենց լրումին,
 Ելի՛ր ուրեմն, փառաւորուելու, բարեգործ,
 Կրկին ստեղծելով ինձ, որ յոյսս կտրել եմ փրկութիւնից,
 Որ այս ճշմարիտ եւ հաստատական ուխտի համաձայն`
 Մեծապէս բարձրանայ ձայնդ օրհնաբան եւ աւետաբեր,
 Առաւել` յայտնի քաւութեանդ շնորհով եւ ողորմութեանդ լոյսով առինքնող,
 Քան թէ գործերով ստեղծողական:
 Զի մէկով որպէս արարիչ ես դու ճանաչւում միայն,
 Իսկ միւսով` ոչ թէ միայն արարիչ, այլեւ երախտաւոր.
 Ոչ միայն ստեղծող, այլ նաեւ քաւիչ,
 Ոչ միայն նորոգող, այլեւ բարերար,
 Ոչ միայն հաստող, այլեւ ողորմած,
 Ոչ միայն կամեցող, այլեւ հնարաւոր,
 Ոչ միայն յօրինող, այլեւ հեզ, համեստ,
 Ոչ միայն նկարող, այլեւ ամենազօր,
 Ոչ միայն առաջնորդ, այլեւ լոյս,
 Ոչ միայն խնամող, այլ նաեւ հովիւ,
 Ոչ միայն դարմանող, այլեւ հոգածու,
 Ոչ միայն ողջացնող, այլ նաեւ բժիշկ,
 Ոչ միայն պաշտպան, այլեւ զօրավար,
 Ոչ միայն անյաղթ, այլեւ թագաւոր,
 Ոչ միայն արարիչ, այլ նաեւ քաղցր,
 Ոչ միայն պարգեւատու, այլեւ առատաձեռն,
 Ոչ միայն համբերող, այլ նաեւ ներող,
 Ոչ միայն չբարկացող, այլեւ անոխակալ,
 Ոչ միայն կարեկից ու վշտակից, այլեւ ծածկագէտ,
 Ոչ միայն գթոտ եւ հոգատար, այլեւ ապաւէն,
 Ոչ միայն գերազանցապէս գորովող, այլ նաեւ Աստուած,
 Եւ քո անսպառ բարութեամբ` օրհնուած ըստ ամենայնի:

Գ
 Արդ, ինչպէս որ ստեղծեցիր ինձ, մինչ ոչ իսկ էի, եւ գոյացնողս հանդիսացար,
 Այժմ էլ վերստին յարդարիր ահա հոգին մաղթողիս` նրա տաղաւարն եղող մարմնիս հետ,
 Մաքրութեամբ նախկին եւ ամենասուրբ անարատութեամբ, ինչպէս որ դեռ նոր աշխարհ էր եկել,
 Որ է՜լ աւելի աճեն, զարգանան եւ բազմապատկուեն
 Նորոգ ներկայիս` անսահմանելի քո սքանչելեաց շնորհներն առատ,
 Քան ստուերական հներն անցեալի:
 Եւ երբ պատմելով թուեմ ես մէկ-մէկ մեղքերս բոլոր,
 Յիշատակելով անտանելիներն, որքան որ մտքիս թեւերը զօրեն,
 Անունովդ, հզօ՜ր, թո՛ղ արդարանամ:
 Եւ երբ ես ինքս պատմեմ բերանովս բծերն իմ հոգու,
 Ների՜ր ամբարիշտ մեղքերը բազում խոստովանողիս, հզօ՛ր ծածկատես, ամենափրկիչ,
 Որ չլինի թէ աւետումների ամենալրիւ առատութեան մէջ,
 Նախկին վիճակին կարօտեմ դարձեալ`
 Երանի տալով մկրտութեան շնորհներով փրկուածներին, ըստ սաղմոսի,
 Եւ թող չլինի, որ ես մեղքերի փշերով արդէն սաստիկ խոցոտուած,
 Այժմ էլ վերստին քո ձեռքը մխուի մէջս առաւել մեծ ուժգնութեամբ,
 Ծանրացնելով պարտքերիս բեռը, քան պարգեւների քաղցրութիւնը քո:
 Այլ ազատիր ինձ, աղաչում եմ քեզ,
 Տէ՜ր ամենայնի,
 Եւ փրկիր մահուան ու մեղքերի խիստ օրէնքներից քո սուրբ հոգով օրհնաբանուած:
 Քա՜վ լիցի, թէ տկարանայ նուազելով ճշմարտութեանդ լոյսն, ինչպէս
 Գիրքն է ասում.
 Զի այնտեղից, ուր քաւութիւնն է թագաւորում` վտարուած է մեղքը,
 Եւ ուր կենդանի խօսքդ է խրախուսում` չկայ յուսահատութիւն,
 Եւ երբ շնորհներդ աւելանան, յանցանքները կհալածուեն,
 Երբ մօտ է ձեռքդ աստուածային` չկայ անհնարութիւն,
 Այլ կայ համօրէն լուսաւորութիւն, բովանդակապէս զօրութիւն եւ անպարտելի կարողութիւն:
 Քոնն են` փրկութիւն, կենդանութիւն, նորոգութիւն, ողորմութիւն,
 Միանգամայն եւ քաղցրութիւն, արքայութիւն, անկեղծութիւն
 Եւ փա՜ռք յաւիտեանս. ամէն:




Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.