Translate

четверг, 27 марта 2014 г.

                  ԱՂՈԹՔՆԵՐ
                   

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, զրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ,  հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները և լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում և աղաչում եմ ծունկի գալով ու հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը և պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը

Մի՛ բարկանա ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ շնորհն իմ մէջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաև իմ միտքը՝ չտանելով նրա ալիքների բազմությունը

Օրհնված Հորդ կերպարա՛նք և ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ եկող շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգևի՛ր ինձ այն և պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, և Հայտնության Օրն իմ օթևանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն



Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրո՛ւ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրո՛ւ ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրո՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տո՛ւր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թո՛ւյլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրո՛ւ ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են

Պահպանի՛ր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը:




Տէր Հայր կենաց իմոց և Աստուած իմ
մի՛ թողուր զիս ի խորհուրդս նոցա
Եւ ի վերայ խորհրդոց իմոց ո՞ կացուսցէ խրատ սաստից, և ի վերայ սրտի իմոյ հանճար իմաստութեան
զի մի՛ յաճախեսցեն տգիտութիւնք իմ
և մեղք իմ ի վերայ իմ մի՛ բազմասցին
և մի՛ ընդ ոտիւք գտայց անկեալ թշնամեաց իմոց:

Տէր Հայր և Աստուած կենաց իմոց, զբաղումն աչաց ինձ մի՛ տար, և զցանկութիւն աչաց և սրտի հեռացո յինէն: Պէտք մարմնոյ և ցանկութիւն գիջութեան ինձ մի յաղթեսցէ, և բանս անձին ժպրհութեան ինձ մի՛ պատրաստեր:


Ո՞վ ինձ կտար պահապան իմ բերանի վրա եւ խորագիտության կնիք՝ իմ շուրթերին, որպեսզի չխորտակվեմ, եւ իմ լեզուն չկործանի ինձ։ 
Տե՛ր, Հա՛յր եւ Իշխա՛ն իմ կյանքի
մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մեջ։ 
Ո՞վ կապանք կդներ իմ մտքերի վրա եւ իմաստության խրատ իմ սրտի վրա, որպեսզի դրանք չխնայեն իմ տգիտությանը եւ թույլ չտան, որ մեղք գործեմ
որպեսզի չծանրանան իմ զանցանքները, եւ չմեծանան իմ մեղքերը
որպեսզի չընկնեմ հակառակորդների առջեւ, եւ իմ թշնամին ինձ ոտնատակ չանի։ 
Տե՛ր, Հա՛յր եւ իմ կյանքի՛ Աստված
մի՛ տուր ինձ աչքերի ունայն խաղ եւ հեռացրու՛ ինձնից սրտի ցանկությունը։ 
Թող ինձ չհասնեն որովայնի ցանկությունն ու անառակությունը, եւ մի՛ մատնիր ինձ անամոթ մարդու ձեռքը։ 



                               Սուրբ Եղիշե վարդապետ

 «Աղոթքի ժամանակ հեռու չես հրեշտակներից, այլ նրանց հետ ես, որպեսզի նրանց հետ փառավորես Աստծուն. ինչպես որ դու նրանց հետ ես միաբանվում, նույնպես էլ նրանք քեզ հետ երգակից են լինում աղոթքների և օրհնությունների ժամանակ»:



Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր 
 Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր
բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանւթյուն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ամեն:


                               

Սբ. Հովհան Ոսկեբերան

Ամենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի
Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես
Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները
Եվ մարդկային ազգի նկատմամբ Քո անչափելի սիրո պատճառով ուղարկեցիր Քո Միածին Որդուն` փրկելու մեզ Ադամի անեծքից
Նա, որ երկնքից իջնելով, Սուրբ Հոգով մարմնացավ սուրբ և անարատ կույս Մարիամից, և մարդկային բոլոր կրքերը կրելով, բացի մեղքից, ազատեց մեզ մեղքի բեռից
Եվ մեզ համար խաչի ու մահվան համբերելով, մեզ փրկեց սատանայի ծառայությունից և կուռքերի երկրպագությունից
Եվ մեզ սովորեցրեց ամենասուրբ Երրորդությանդ գլուխ և ծունկ խոնարհել, աղոթք մատուցել և մեղքերի թողություն խնդրել
Եվ հարությունից հետո զանազան նշաններով քառասուն օր երևաց Իր աշակերտներին` նրանց հետ հացով հաղորդվելով` կենսաբեր տնօրենության հավատքի հաստատության համար
Եվ Իր հարության քառասուներորդ օրը երկինք վերանալիս, ձեռքը դրեց աշակերտների վրա և օրհնեց` նրանց տալով առաքինության կատարյալ շնորհները
Եվ նրանց միտքը բացեց` հասկանալու գրքերը. և նրանց պատվիրեց մնալ Երուսաղեմում. սպասել աստվածային խոստմանը և երկնավոր ու մարդասեր Հոր Ավետիսին:

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ


Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս

 Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց 
եւ ինձ բազմամեղիս

Որդի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ հայր. մեղայ յերկինս եւ առաջի քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ քով. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս


 Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.