Translate

вторник, 13 мая 2014 г.

                       Ժողովող  (Գ)  



Թող քո բերանը չշտապի, եւ ոչ էլ սիրտդ հապճեպ խօսք ասի Աստծու առջեւ, որովհետեւ Աստուած երկնքում է, իսկ դու՝ երկրի վրայ. դրա համար էլ թող քո խօսքերը սակաւ լինեն։
Երազը հոգսերի շատութիւնից է առաջ գալիս, իսկ յիմարի ձայնը՝ շատախօսութիւնից։
Եւ ինչ ուխտ որ արել ես Աստծուն՝ մի՛ դանդաղիր այն կատարել, քանի որ անզգամները հաճելի չեն նրան։
Որքան որ ուխտ անես՝ կատարի՛ր, քանի որ լաւ է ուխտ չանել, քան թէ ուխտ անել եւ չկատարել։

Մի՛ թոյլ տուր, որ բերանդ մարմնիդ դրդի մեղքեր գործելու, եւ Աստծու առջեւ մի՛ ասա, թէ անգիտութիւնից էր, որպէսզի խօսքիդ համար Աստուած չբարկանայ եւ չաւերի ձեռքիդ գործերը,
որովհետեւ, ինչպէս երազների առատութեան, այնպէս էլ խօսքերի շատութեան մէջ եւս ունայնութիւն կայ. եւ դու վախեցի՛ր Աստծուց։
Եթէ դու երկրի վրայ աղքատի զրկանք տեսնես եւ իրաւունքի ու արդարութեան յափշտակութիւն, մի՛ զարմացիր այդ բաների վրայ, որովհետեւ բարձր դիրքի մի պաշտօնեայ պաշտպանուած է մէկ այլ բարձր դիրքի պաշտօնեայի կողմից, իսկ դրանցից էլ աւելի բարձր մի երրորդ պաշտօնեայ կայ։

Բայց հողի բարիքը բոլորի համար է, եւ բոլորի վրայ թագաւորն է, որը օգտւում է մշակուած հողից։ Եւ դու հաւատարի՛մ եղիր այն ամենին, ինչ ծանր աշխատանքով վերցնում են հողից։
Արծաթ սիրողը չի կշտանայ արծաթից, ոչ էլ հարստութիւն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա եւս ունայնութիւն է։
Արդար բարիքները բազմանալու հետ շատանում են նաեւ ուտողները. եւ ի՞նչ օգուտ ունի տէրն իր ունեցուածքից, եթէ ոչ այն, որ իր աչքով է տեսնում իր ունեցուածքն սկզբից։
Քաղցր է աշխատաւորի քունը, քիչ ուտի նա, թէ շատ։ Բայց կուշտ լինելը չի թողնում, որ հարուստը հանգիստ քնի։



Մի բան էլ տեսայ արեգակի ներքոյ. դա այն հարստութիւնն է, որ մարդ պահում է իր սեւ օրուայ համար,
բայց մի չար դիպուածով կորչում է նրա հարստութիւնը. որդի է ծնուել նրան, բայց նրա ձեռքին ոչինչ, ոչ մի բան չկայ։
Ինչպէս որ իր մօր որովայնից նա մերկ է ելել, մերկ էլ ետ կը դառնայ. ինչպէս եկել է, այնպէս էլ կը գնայ, եւ երբ գնայ՝ ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպէսզի տանի իր հետ։
Սա էլ մի ծանր ցաւ է, ինչպէս որ եկել է, այնպէս էլ կը գնայ. էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ ջանք է թափում... քամու համար։
Եւ յետոյ նրա բոլոր օրերը խաւար են ու սուգ եւ անցնում են շատ հոգսերի, հիւանդութիւնների եւ բարկութեան մէջ։

Ահաւասիկ եւ այն լաւը, որ ես տեսայ. դա ուտելն ու խմելը եւ բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքոյ՝ Աստծու կողմից նրան տրուած իր կեանքի բոլոր օրերին, որովհետեւ դա է նրա բաժինը։
Աստուած ամէն մարդու հարստութիւն եւ ունեցուածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու եւ իր աշխատանքից ուրախ լինելու իշխանութիւն է տուել։ Դա եւս Աստծու պարգեւն է։
Նա իր կեանքի շատ օրերը չի յիշելու, որովհետեւ Աստուած նրա սրտի ուրախութեան համար հաճոյք է տուել նրան։


Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ շատ յաճախ է պատահում մարդկանց։
Մարդ կայ, որին Աստուած թէ՛ հարստութիւն եւ թէ՛ ունեցուածք ու փառք է տուել, եւ ինչ ցանկանայ նրա հոգին՝ ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստուած դրանցից ուտելու իշխանութիւն չի տուել նրան, այլ օտար մարդ է վայելում դրանք. եւ սա եւս ունայնութիւն է եւ ծանր ցաւ։

Եթէ մի մարդ հարիւր զաւակ էլ ծնի եւ բազում տարիներ էլ ապրի, եւ կամ է՛լ առաւել շատանան նրա տարիների օրերը, բայց եթէ նրա հոգին չի կշտացել բարիքներից, եւ մի գերեզման իսկ չի գտնուել նրա համար, ապա ես կ՚ասեմ, որ վիժածն աւելի լաւ է նրանից,
որովհետեւ վիժածն ունայնութեամբ գալիս եւ գնում է խաւարով, եւ խաւարում էլ ծածկւում է նրա անունը,
որովհետեւ նա ոչ արեւ տեսաւ եւ ոչ էլ իմացաւ, թէ ինչ է հանգիստը իր կամ մէկ ուրիշի համար։
Իսկ եթէ մէկ ուրիշն էլ ապրել է հազար տարի, բայց ոչ մի բարիք չի վայելել, մի՞թէ բոլորի նման նա էլ նոյն տեղը չի գնալու։
Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար են, բայց նրա հոգին չի յագենում։

Ի՞նչ առաւելութիւն ունի իմաստունը յիմարից, քանի որ տնանկը գիտէ ընթանալ իր կեանքի առջեւից։
Լաւ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ. սակայն սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։
Ինչ որ գոյութիւն ունի, կանխաւ սահմանուած է եղել. եւ սկզբից արդէն յայտնի է, թէ ինչ է մարդը, եւ որ երբեք նա չի կարող չափուել իրենից Հզօրի հետ,
որովհետեւ շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնութիւնը։

Ի՞նչ է մարդու առաւելութիւնը, եւ ո՞վ գիտէ, թէ ինչն է լաւ նրա ունայն կեանքի սակաւաթիւ օրերին, որ անցնում են ստուերի նման, որովհետեւ ո՞վ պիտի պատմի մարդուն, թէ ինչ է լինելու նրանից յետոյ արեգակի ներքոյ։
Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից, եւ մահուան օրը՝ ծննդեան օրից։
Խնջոյքի տուն գնալուց լաւ է սգոյ տուն գնալը, որովհետեւ դա է ամէն մարդու վախճանը, եւ դա կենդանի մարդու սրտին բարութիւն է տալիս։
Տխրութիւնը լաւ է ծիծաղից, որովհետեւ դէմքի վշտալի տեսքից զուարթանում է սիրտը։
Իմաստունի սիրտը սգոյ տանն է, իսկ յիմարի սիրտը՝ ուրախութեան տանը։
Աւելի լաւ է մարդ լսի իմաստունի յանդիմանութիւնը, քան թէ յիմարի երգը։

Արդարեւ, յիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մէջ ճարճատող փշերի ձայնին։ Բայց սա եւս ունայնութիւն է։
Զրպարտութիւնը խռովում է իմաստունին եւ կործանում նրա ազնիւ սիրտը։
Գործի վախճանը լաւ է նրա սկզբից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։
Մի՛ շտապիր հոգուդ մէջ բարկանալ, որովհետեւ բարկութիւնը հանգչում է յիմարների ծոցում։
Մի՛ ասա, թէ ի՛նչ կատարուեց, թէ ինչո՛ւ առաջուայ օրերն այս օրերից լաւ էին, որովհետեւ իմաստութեամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։
Իմաստութիւնը ժառանգութեան պէս լաւ բան է եւ առաւելութիւն արեգակը տեսնողների համար։

Արեգակի հովանու ներքոյ իմաստութիւնը նման է արծաթի հովանու ներքոյ լինելուն, բայց գիտութեան օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստութիւն ստացողին։
Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստուած։
Քո լաւ օրը բարիքների մէ՛ջ ապրիր, բայց յիշի՛ր, որ վատ օր էլ կայ։ Եւ տե՛ս, որ Աստուած դրանք միահիւսեց իրար, որպէսզի մարդ այնուհետեւ խօսելու բան չունենայ։

Ես իմ ունայնութեան օրերին տեսայ ամէն ինչ. արդար կայ, որ իր արդարութեան մէջ կորչում է, ամբարիշտ էլ կայ, որ ապրում է իր չարութեամբ։
Չափազանց արդար մի՛ լինիր եւ ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թէ սխալուես։
Շատ ամբարիշտ մի՛ լինիր եւ մի՛ լինիր խստաբարոյ, որ չլինի, թէ տարաժամ մեռնես։
Լաւ է, որ մէկը բռնես եւ միւսից էլ ձեռքդ չքաշես, որովհետեւ ով երկնչում է Աստծուց, նա կ՚ազատուի ամէն բանից։

Իմաստութիւնն աւելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնուող տասը իշխան։
Երկրի վրայ չկայ արդար մի մարդ, որ բարի գործ անի եւ չմեղանչի։
Բայց դու ամբարիշտների ասած ամէն խօսք սրտիդ շատ մօտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անէծքը չլսես, երբ նա քեզ անիծի։
Ծառան շատ անգամ քեզ կարող է վատութիւն անել եւ շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։
Այս ամէնը փորձեցի իմաստութեամբ եւ ասացի. «Ահա իմաստուն դարձայ». բայց իմաստութիւնը հեռու էր ինձնից։
Եւ ո՞վ կարող է իմանալ նրա խորութեան չափը։

Ես սրտով շրջեցի ամէն տեղ, որ իմանամ, քննեմ եւ որոնեմ իմաստութիւնն ու հանճարը, հասկանամ ամբարիշտների ուրախութիւնը, նրանց խռովքներն ու յուզմունքները։
Եւ ես գտայ ու պիտի ասեմ, որ մահից աւելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կայ, իսկ ձեռքերի մէջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առջեւ, նա պիտի ազատուի այդ կնոջից, իսկ ով մեղաւոր է, պիտի նրանից բռնուած լինի։


Ահա այս բոլորը գտայ, - ասում է Ժողովողը, - մէկ առ մէկ հաշուելով՝ գտնելու համար խորհուրդները. հոգիս փնտռեց, բայց չգտայ. հազարի մէջ մի տղամարդ գտայ, բայց կին ամենեւին չգտայ։
Բայց ահա գտայ այն, որ Աստուած մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտռեցին։ Ո՞վ է ճանաչում իմաստուններին, եւ ո՞վ կարող է այս հարցերի մեկնութիւնը տալ։




Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.