Translate

суббота, 10 мая 2014 г.


                                 Ժողովող  (Բ)  



Ամէն բանի ժամանակը կայ, եւ 
աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը.
ծնուելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը եւ տնկածը հանելու ժամանակը,
սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը եւ շինելու ժամանակը,
լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ պարելու ժամանակը,
քարեր կտրելու ժամանակը եւ քարերը հաւաքելու ժամանակը, գրկելու ժամանակը եւ գրկից հեռանալու ժամանակը,
փնտռելու ժամանակը եւ կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը,
պատռելու ժամանակը եւ կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը եւ խօսելու ժամանակը,
սիրելու ժամանակը եւ ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը եւ խաղաղութեան ժամանակը։

Արդ, ի՞նչ օգուտ կայ մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։
Ես տեսայ այն բոլոր զբաղմունքները, որ Աստուած տուել է մարդու որդիներին, որ զբաղուեն։
Նա ամէն ինչ լաւ է արել իր ժամանակի համար, մինչեւ իսկ յաւիտենութիւնը ճանաչելու իղձ տուեց նրանց սրտերին, բայց եւ այնպէս մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը՝ սկզբից մինչեւ վերջ։

Ես հասկացայ, որ մարդկանց համար չկայ ուրիշ լաւ բան, քան ուրախ լինել եւ բարիք գործել իրենց կեանքում,
քանի որ ով որ ուտում, խմում եւ իր աշխատանքի բարիքն է վայելում, Աստծու պարգեւն է դա։
Ես իմացայ, որ այն ամէնը, ինչ Աստուած է արել, պիտի մնայ յաւիտեան, որ ոչինչ չի կարելի աւելացնել դրանց վրայ եւ ոչինչ չի կարելի պակասեցնել դրանցից։ Եւ Աստուած այդպէս է արել, որ իրենից երկիւղ ունենան։
Ինչ որ եղել է, հիմա էլ կայ, եւ ինչ որ պիտի լինէր, եղել է արդէն, եւ Աստուած կը փնտռի հալածուածին։
Արեգակի ներքոյ, ես տեսայ դարձեալ, որ, ուր դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, եւ ուր արդարութիւն կար, այնտեղ էր բարեպաշտը։
Եւ սրտիս մէջ ասացի, թէ՝ «Աստուած պիտի դատի արդարին եւ ամբարշտին, քանի որ ամէն բանի ժամանակը կայ, եւ ժամ ու ժամանակ կայ բոլոր գործերի համար»։
Եւ սրտիս մէջ մարդու որդիների խօսքերի համար ասացի, որ Աստուած պիտի դատի նրանց, որպէսզի ցոյց տայ, թէ իրենք էլ անասուններ են։
Արդարեւ, նոյն դիպուածն է պահուած թէ՛ մարդու որդիների եւ թէ՛ անասունների համար, նոյն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպէս որ մէկի մահն է, նույնպէս եւ՝ միւսի մահը, եւ բոլորի մէջ նոյն շունչը կայ. էլ ի՞նչ առաւելութիւն ունի մարդն անասունից. ո՛չ մի, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է։

Ամէն բան մի տեղ է գնում, ամէն ինչ հողից է եղել, եւ ամէն ինչ հող է դառնում։
Եւ ո՞վ գիտէ, թէ մարդու որդիների հոգին ելնում է վեր, իսկ անասունների շունչը իջնում է ցած՝ հողի մէջ։
Տեսայ նաեւ, որ մարդուս համար չկայ ուրիշ աւելի լաւ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետեւ դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թէ ինչ է լինելու իրենից յետոյ։

Ես դարձայ ու տեսայ այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքոյ. եւ ահա զրկուածներն արցունքների մէջ են, եւ ոչ ոք չկար, որ մխիթարէր նրանց, եւ ուժը նրանց զրկողների ձեռքին էր։
Եւ ես երանի տուի բոլոր նրանց, որ արդէն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչեւ այժմ։
Բայց այդ երկուսից էլ աւելի լաւ է նա, որ բնաւ չի եղել եւ չի տեսել այն բոլոր չար գործերը, որ կատարւում են արեգակի ներքոյ։
Ես տեսայ նաեւ, որ ամէն վաստակի եւ յաջողութեան համար մարդուս նախանձում է իր մերձաւորը. սակայն սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։

Յիմարը ձեռնածալ նստում եւ ինքն իրեն է ուտում։
Լաւ է հանգիստ վաստակել մի բուռ, քան չարչարանքով ու տանջանքով՝ երկու բուռ։
Դարձայ եւ ես մի ունայնութիւն էլ տեսայ արեգակի ներքոյ.
մարդ կայ, որ մենակ է եւ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի եւ ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքն էլ վերջ չունի, եւ աչքն էլ չի կշտանում հարստութեամբ. նա չի ասում, թէ՝ «Ո՞ւմ համար եմ ջանք թափում եւ ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից». սա եւս ունայնութիւն է եւ դաժան զբաղմունք։

Երկու հոգով աւելի լաւ է, քան մենակ, որովհետեւ աւելի վարձ կայ նրանց վաստակի համար,
քանի որ եթէ մէկն ընկնի, նրա ընկերը կը կանգնեցնի նրան, բայց վա՜յ մենակին, որ ընկնի, երբ ուրիշ մէկը չկայ, որ բարձրացնի նրան։
Եւ եթէ երկուսը միասին քնեն, կը տաքացնեն միմեանց, բայց միայնակ մարդն ինչպէ՞ս պիտի տաքանայ։
Եւ եթէ մէկի վրայ բռնանան, երկուսը դէմ կը կանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրւում։


Լաւ է աղքատ եւ իմաստուն տղան, քան թէ ծեր եւ անմիտ թագաւորը, որ էլ չի կարող խորհուրդներ ընկալել,
որովհետեւ տղան կարող է կալանատնից դուրս գալ եւ թագաւորել, հակառակ որ իր թագաւորութեան մէջ ծնուել էր աղքատ։
Ես տեսայ, որ արեգակի ներքոյ բոլոր ապրողները գնում են այն տղայի՝ այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։
Վերջ չկար ամբողջ ժողովրդին, բոլորին, որ եղել էին նրանցից առաջ, բայց յետոյ եկողներն էլ պիտի չուրախանան նոր թագաւորով. բայց դա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։

Զգո՛յշ եղիր քայլիդ համար, երբ Աստծու տուն ես գնում,
եւ մօտեցի՛ր լսելու համար. որովհետեւ քո զոհն աւելի յարգի է, քան ընծաներն անզգամների, որոնք չգիտեն բարիք գործել։



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.