Translate

среда, 9 июля 2014 г.


Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում


Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է եւ Նեռ։
Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր հանդէպ, որպէսզի չկորցնէք ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։
Ամէն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետութեան մէջ, չի ճանաչում Աստծուն։ Ով մնում է վարդապետութեան մէջ, նա ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը։
Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։
Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին։

Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով։
Նրանց մասին մարգարէացել է նաեւ Ենոքը՝ եօթներորդը Ադամից սկսած, եւ ասել. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»։

Արդարեւ Աստծու բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում։
Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց.արդարեւ ի սկզբանէ աշխարհի Աստծու աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ. այնպէս որ, ամենեւին արդարանալ չեն կարող.որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին։
Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան։

Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ.նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս։ Ամէն։
Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ,նենգութեամբ, չարասրտութեամբ.բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց,անմիտ, ուխտադրուժ,անգութ, անողորմ:

Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան։
Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում։
Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծո՞ւմ ես, թէ ազատուելու ես Աստծու դատաստանից։
Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծու բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։

Եւ քո խստասրտութեամբ ու անզիղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծու արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար.
Աստծու, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի.
յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ, իրենց յարատեւ համբերութեամբ, փնտռում են փառք, պատիւ եւ անմահութիւն,
իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ,նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում, որովհետեւ Աստծու առաջ աչառութիւն չկայ։

Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կը կորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կը դատուեն(որովհետեւ օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրէնքը կատարողնե՛րը պիտի արդարացուեն։
Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես՝ չգողանալ, գողանում ես.ասում ես՝ չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում.օրէնքով պարծենում ես՝ օրէնքը խախտելով Աստծուն ես անարգում:

Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած է ,որովհետեւ Աստծու արդարութիւնը ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի միջոցով է բոլոր հաւատացողների համար. չկայ ոչ մի խտրութիւն.որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից,բայց նրա շնորհիւ ձրի արդարացան Քրիստոս Յիսուսի միջոցով եղած փրկութեամբ։

Որովհետեւ Աստուած, նրա արեամբ, հաւատի միջոցով, որպէս քաւութիւն էր նախասահմանել՝ յապացոյց իր արդարութեան, ի թողութիւն աւելի առաջ, Աստծու համբերութեան ժամանակ գործուած մեղքերի,յապացոյց իր արդարութեան ներկա՛յ ժամանակում, յապացոյց այն բանի, որ ինքն արդար է եւ կ՚արդարացնի նրան, ով Յիսուսին է հաւատում։
Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է.ինչպէս որ գրուած էլ է. «Քեզ կարգեցի հայր բազում ազգերի»։ Նա հայր է Աստծու առաջ, որին հաւատաց, թէ կենդանացնում է մեռելներին եւ չեղած բաները գոյութեան է կոչում։

Աբրահամը, որ անյուսութեան մէջ էր, յոյսով հաւատաց, որ ինքը կը լինի բազում ազգերի հայր, ինչպէս որ ասուել էր, թէ՝ այսպէ՛ս պիտի լինի քո սերունդը։
Եւ նա չերկմտեց իր հաւատի մէջ, թէպէտ նայեց իր մարմնին արդէն իբրեւ մեռած մարմնի, - քանի որ հարիւր տարեկանի մօտ էր, - եւ Սառայի մեռած արգանդին։
Բայց Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, փառք տուեց Աստծուն եւ հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է։

Արդ, միայն Աբրահամի համար չէ, որ գրուած է, թէ այս բանը նրա համար արդարութիւն համարուեց.այլ համարուելու է եւ մե՛զ համար, որ հաւատում ենք Նրան, որ մեռելներից յարութիւն տուեց Յիսուսին՝ մեր Տիրոջը,որ մահուան մատնուեց մեր յանցանքների համար եւ յարութիւն առաւ, որ մեզ արդարացնի։
Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով,որի միջոցով էլ կարողացանք, հաւատով, մերձենալ այն շնորհին, որի մէջ եւ կանք ու պարծենում ենք Աստծու փառքի յոյսով։
Եւ ոչ միայն այսքանը. այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում,համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։

Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ.արդարեւ, մինչդեռ տկար էինք, Քրիստոս, ճիշտ ժամանակին, մեզ՝ մեղաւորներիս համար մեռաւ. որովհետեւ արդար մարդու համար հազիւ թէ մէկը մեռնի, բայց բարի մարդու համար թերեւս մէկը համարձակուի մեռնել։
Աստուած իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ։
Ինչպէս որ մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին.քանզի մինչեւ օրէնքը մեղքը աշխարհում կար. բայց մեղքը մեղք չի համարւում, ուր չկայ օրէնք.սակայն մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէս նոյնիսկ նրանց վրայ, որոնք Ադամի յանցանքի նման յանցանք չգործեցին, Ադամի, որը օրինակն է նրա, որ գալու էր։

Բայց շնորհն այնպէս չէ, ինչպէս յանցանքը. որովհետեւ, եթէ մէկի յանցանքով շատեր մեռան, որչա՜փ եւս առաւել Աստծու շնորհները եւ պարգեւները մէ՛կ մարդու՝ Յիսուս Քրիստոսի շնորհով աւելացան շատերի մէջ։
Ապա ուրեմն, ինչպէս մէկ մարդու յանցանքով բոլոր մարդիկ դատապարտութեան մատնուեցին, նոյնպէս եւ մէկի արդարութեամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կեանքի արդարութեան շնորհին. որովհետեւ, ինչպէս մէկ մարդու անհնազանդութեամբ շատ մեղաւորներ եղան, նոյնպէս եւ մէկի հնազանդութեամբ շատ արդարներ պիտի լինեն։

Ինչպէս որ մեղքը թագաւորեց մահուան մէջ, նոյնպէս եւ շնորհը պիտի թագաւորի արդարութեամբ մինչեւ յաւիտենական կեանք մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։
Իսկ եթէ մեռանք Քրիստոսի հետ, հաւատում ենք, թէ նրա հետ էլ կ՚ապրենք։Գիտենք, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն առած լինելով՝ այսուհետեւ չի մեռնի, եւ մահը նրան այլեւս չի տիրի.որովհետեւ նա, որ մեռաւ, մեղքի համար մեռաւ մէկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։Նոյնպէս եւ դուք ձեզ մեռած համարեցէ՛ք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծու համար, մեր Տէր Քրիստոս Յիսուսով։

Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին։
Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ՝ ի ծառայութիւն Աստծու, որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծու:Բայց այժմ, ազատուած մեղքից եւ ծառայ դարձած Աստծուն՝ ձեր պտուղն էք տալիս սրբութեամբ, եւ նրա վախճանը կեանք է յաւիտենական.քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով։

Նրանք, որ մարմնի իշխանութեան տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն։Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծու Հոգին բնակուած է ձեր մէջ։ Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։Եթէ ձեր մէջ բնակւում է Նրա Հոգին, ով յարութիւն տուեց Յիսուսին մեռելներից, ապա եւ, ով յարութիւն տուեց Քրիստոսին մեռելներից,կը կենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մէջ բնակուող իր Հոգով։
Որովհետեւ, եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կ՚ապրէք.որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ.
Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք.եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին։

Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։
Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար։
Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով,եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց։

Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ։Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ։
Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է։Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար։Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը:
Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ.որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները,ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով։Ամէն։


Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մօտ է խօսքը քեզ, քո բերանում եւ քո սրտում»։ Այսինքն՝ հաւատի խօսքը, որը քարոզում ենք.որովհետեւ, եթէ քո բերանով Յիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հաւատաս, թէ Աստուած նրան յարութիւն տուեց մեռելներից, կը փրկուես.քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար խոստովանում բերանով.քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու». որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի։
Արդ, տե՛ս Աստծու բարութիւնը եւ խստութիւնը. խստութիւն՝ կործանուածների հանդէպ եւ Աստծու բարութիւն՝ քո հանդէպ, եթէ մնաս նոյն բարութեան մէջ. ապա թէ ոչ դու էլ կը կտրուես, կը նետուես։


Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան։ Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, եւ անզննելի՝ նրա ճանապարհները։
Քանի որ Նրանից, Նրանով եւ Նրա համար է ամէն բան։ Նրան փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։

Սէր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից.
եղբայրասիրութեան մէջ՝ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել.ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգո՛վ եռացէք. Տիրո՛ջը ծառայեցէք.
յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք.հաղորդակի՛ց եղէք սրբերի կարիքներին. հետամո՛ւտ եղէք հիւրասիրութեան։

Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք.
ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ.
համերա՛շխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնա՛րհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք.
մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէ՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ.ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք.ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», - ասում է Տէրը.այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին»։

Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին։
Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատուիրան էլ որ կայ, այս խօսքի մէջ է բովանդակւում, թէ՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս քո անձը.սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը։
Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը.շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ.զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար։


Արդարեւ, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում.եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք.քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին եւ կենդանիներին հաւասարապէս տիրի։
Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ:
Ուստի, միմիեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել։
Քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն իմ վրայ ընկան»։

Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսը ընդունենք։
Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի,
որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։
Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծու։

Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք։

Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ։ Ամէն։

Եւ թող զորությունների Աստուածը պահպանի եկեղեցին Հայոց, ազգն Հայոց և պետությունն Հայոց:Ամեն:




Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.