Translate

вторник, 11 февраля 2014 г.

Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի Տաճարն
  
     Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Տեառնընդառաջը, Հայ Եկեղեցւոյ անշարժ տօներից մէկն է եւ կատարւում է Յիսուս Քրիստոսի Սբ. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնից քառասուն օրեր յետոյ, Փետրուար 14-ին։ „Տեառնընդառաջ“ բառը գրաբարեան հայերէն բարդ բառն մըն է, որ կազմուած է „Տէր“ եւ „ընդառաջ“ բառերէն: Բառի ստուգաբանութիւնն է՝ Տիրոջն ընդառաջ ելնել“ կամ Տիրոջը դիմաւորել“: Ժողովրդի մէջ տօնը յայտնի է նաեւ Տէրընդեզ կամ Տէրնտես անուններով, որոնք մեծ հաւանականութեամբ աղաւաղուած տարբերականերն են Տէրն ընդ ձեզ“ եւ կամ Տէրը տես“ արտայայտութիւնների, որոնք երկուսն էլ որոշակի կապ ունեն օրուայ խորհրդի հետ:
Այս բարի ու գեղեցիկ սովորութեան արմատները գտնւում են Սուրբ Գրքի մէջ: Աստուածաշնչական սովորութեան համաձայն նորածին արու զաւակը իր ծննդեան 40-րդ օրը տաճար էր տարւում եւ ընծայւում Աստուծոյ:

Համաձայն այս սովորութեան Յիսուսի երկրաւոր ծնողները նոյնպէս մանուկ Յիսուսին ծննդեան 40-րդ օրը տանում են տաճար: Ահաւասիկ աւետարանական այս դէպքն է, որ նուիրագործուած է Հայ Եկեղեցու կողմից եւ կոչւում է Տեառնընդառաջ: Տօնը Յիսուսի մանկութեան շրջանից մեզ հասած եզակի եւ կարեւոր իրադարձութիւններից մէկն է, որի ընթացքում մէկ անգամ եւս բացայայտւում է Յիսուս Քրիստոսի մարդկութեան Փրկիչ լինելը:

Նոր Կտակարանը վկայում է, որ Երուսաղէմի տաճարում սպասաւորում էր մի արդար ու աստուածավախ մարդ Սիմէոն անունով, որն սպասում էր Տիրոջ Օծեալին՝ յուսալով արժանանալ Տիրոջ փրկութեան: Նա հանապազ աղօթում էր եւ սպասում Տիրոջ գալստեան՝ Փրկչին տեսնելու եւ յետոյ մեռնելու յոյսով: Աստուծոյ Սբ. Հոգին յայտնել էր իրեն, որ ինքը պիտի չմեռնի, մինչեւ արժանանայ այդ մեծագոյն շնորհին: Երբ մանուկ Յիսուսին տանում են Տաճար, Սիմէոն ծերունին տեսնելով մանկանը՝ գոչում է. „Այժմ, ո՛վ Տէր, համաձայն

խոստմանդ՝ թող որ ծառադ խաղաղութեամբ մեռնի, որովհետեւ աչքերովս տեսայ Փրկչին, որ ուղարկեցիր բոլոր ժողովուրդների համար, որպէս լոյս՝ հեթանոսներին լուսաւորելու եւ ժողովրդիդ՝ Իսրայէլի փառքը լինելու“ (Ղուկ. 2.29-32):

Յովհաննէս աւետարանիչը սքանչելի կերպով բացատրում է Յիսուսի կեանքի լոյսը լինելու ճշմարտութիւնը. Նա ճշմարիտ լոյսն էր, որ աշխարհ գալով՝ լուսաւորում է ամբողջ մարդկութեանը“ (Յովհ. 1, 9): Ուրիշ մի տեղ Յիսուս ինքն իր մասին մատնանշում է. Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ով որ ինձ հաւատայ՝ խաւարի մէջ չմնայ“ (Յովհ. 12, 46):
Փետրուարի 13-ի երեկոյեան հաւատացեալները հրաւիրւում են Եկեղեցի մասնակից լինելու Տեառնընդառաջի նախատօնակի արարողութեանը, փառաբանելու աշխարհի ճշմարիտ լոյսին եւ եկեղեցու խորանի վրայ վառուող մոմից կամ կանթեղից վառելու իրենց մոմերը, որոնցով էլ վառւում են տան բակերում պատրաստուած Տեառնընդառաջի խարոյկները: Իսկ վառուող մոմը որպէս Յիսուս Քրիստոսի կենդանի լոյսի խորհրդանիշ տարւում է տուն եւ մինչեւ լոյս վառւում տան մէջ, որպէսզի լոյսն ու իմաստութիւնը տիրական դառնան տան մէջ եւ փարատուեն խաւարն ու խռովութիւնները:

Այն տեղերում, ուր հնարաւոր է, խարոյկ է վառւում նաեւ եկեղեցիների բակերում: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մէջ Տեառնընդառաջի խարոյկը վառւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի
կողմից: Այնուհետեւ ճեմարանական ուսանողները բոլորուած կրակի շուրջ երգում են հայկական ազգագրական եւ ժողովրդական երգեր:
Այս գեղեցիկ տօնի առիթով մաղթում ենք, որ մեզանից իւրաքանչիւրը նոյնպէս հոգեւոր իմաստով ընդառաջ ելնի Տիրոջը, Յիսուս Քրիստոսին ընդունի որպէս լոյսն աշխարհի, բացի իր սիրտն ու հոգին այդ լոյսին եւ լուսաւորուի Տիրոջ յաւիտենական լոյս հաւատքով:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.