Translate

четверг, 11 июня 2015 г.

Յիսուսն ասում է. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալներ, 

ժառանգեցէք ձեր համար պատրաստուած 

արքայութիւնը»:


Հավատում ենք մի Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն՝ Հոր էությունից։ Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, Ճշմարիտ Աստված՝ Ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած։





2 Օրինաց 24, 16-22
Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, ոչ էլ որդիները պէտք է մեռնեն հայրերի փոխարէն։ Ամէն մարդ պէտք է մեռնի իր գործած մեղքերի համար։ Եկուորի, որբի ու այրու իրաւունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրաւ մի՛ վերցրու, որովհետեւ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։ Երբ քո արտը հնձելուց յետոյ խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկուորին, այրուն ու որբին, որպէսզի քո Տէր Աստուածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես։ Երբ քաղես քո այգին, քաղից յետոյ ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։ Եթէ ձիթապտուղ ես քաղում, քաղից յետոյ մի՛ վերադարձիր պտղաքաղ անելու համար. դա թող պատկանի եկուորին, որբին ու այրուն։ Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, որի համար էլ պատուիրում եմ քեզ կատարել այս բաները։



Հմմտ. Եբրայեցիս 11, 13
Հաւատքի մէջ մահացան մեր հայրերը, դաւանելով, որ այս երկրի վրայ օտարական էին ու պանդուխտ:

Հմմտ. 1 Կորնթացիս 11, 32
Երբ Տիրոջ կողմից դատւում ենք, զգուշացւում ենք, որպէսզի չդատապարտուենք:

Յովհաննէս 18, 36
Յիսուսի մասին գրուած է. «Քանի դեռ ունէք լոյսը, հաւատացէք լոյսին, դառնալու համար լոյսի որդիներ»:




Յայտնութիւն 21, 6
Յիսուսն ասում է. «Նրան՝ ով ծարաւի է, ես ձրիօրէն կը տամ կեանքի աղբիւրի ջուրը»:

Հմմտ. Յովհաննէս 1, 4
Աստծոյ Որդու մէջ է կեանքը, իսկ կեանքը մարդկանց լոյսն է:

Ղեւտացւոց 19, 4-5
Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Ես եմ ձեր Տէր Աստուածը։ Եթէ ձեր փրկութեան համար Տիրոջը զոհ մատուցէք, ընդունելի՛ն մատուցէք»։




Սաղմոս 38, 2-23
Տէր, զայրոյթով մի՛ յանդիմանիր ինձ, մի՛ ուղղիր ինձ բարկութեամբդ. նետերդ հարուածեցին ինձ եւ ձեռքդ ծանրանում է իմ վրայ. բարկութեանդ պատճառով՝ մարմնումս առողջ անդամ չի մնացել, մեղքիս պատճառով՝ ոսկորներիցս ոչ մէկն անեղծ չէ: Յանցանքներս գլխիս են թափւում, ուժերիցս գերազանց ծանրութիւն են. բորբոքուած ու թարախակալուած են վէրքերս, ահա թէ ինչպէս եմ վճարում յիմարութիւնս: Ծայր աստիճան ճնշուած ու կքուած, մթագնած թափառում եմ ամբողջ օրը. մինչեւ ոսկրածուծս այրում է ջերմս, մարմնումս առողջ անդամ այլեւս չի մնացել: Ծայր աստիճան նուաղած ու տկարացած, սրտիս դողի պատճառով հառաչում եմ. իւրաքանչիւր իմ փափաք Քո առջեւ է, իմ հեծեծանքը Քեզ անյայտ չէ: Սիրտս բաբախում է եւ ուժերս լքում են ինձ, նուազում է աչքերիս լոյսը. մտերիմներս ու ընկերներս հեռու են մնում, մերձաւորներս՝ վէրքերիցս հեռու: Որոգայթներ են լարում եւ փորձում են վնաս հասցնել կեանքիս նրանք՝ ովքեր կամենում են իմ կործանումը. չարութեամբ լի խօսքեր են արտասանում եւ ամբողջ օրը խաբէութիւն մտածում: Բայց ես, ինչպէս մի խուլ, չեմ լսում, ինչպէս մի համր, չեմ բացում բերանս. այո՛, ինչպէս մի մարդ՝ որ չի լսում եւ նրա բերանը պատասխանելու անկարող է: Քեզ եմ ես յուսացել, Տէր, կը պատասխանես ինձ, Տէր Աստուած իմ. ասում եմ. «Թող չուրախանան իմ դէմ, թող չբարձրանան, եթէ ոտքս սասանուի»: Բայց այժմ ես ընկնելու վրայ եմ եւ իմ ցաւը ինձ միշտ ներկայ է. ահա, ես խոստովանում եմ իմ յանցանքը, սարսափում եմ մեղքիս պատճառով: Թշնամիներս հզօր են ու կորովի, բազմաթիւ են, որ հակառակւում են ինձ խաբէութիւններով. բարիքի փոխարէն՝ չարիք են հատուցում ինձ, մեղադրում են ինձ, եթէ փնտռում եմ բարին: Տէր, մի՛ լքիր ինձ, հեռու մի՛ մնա ինձնից, Աստուած իմ. շուտով օգնութեան հասիր ինձ, Դու, Տէր, փրկութիւն իմ:



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.