Սաղմոս
Սաղմոս 40, 13-18

Սաղմոս 40, 2-12
Ես յուսացի, յուսացի Տիրոջը եւ Նա խոնարհուեց իմ վրայ, լսեց իմ աղաղակը: Դուրս հանեց ինձ մահուան փոսից, ցեխոտ ճահճուտից. ոտքերս ժայռի վրայ բարձրացրեց, հաստատուն դարձրեց իմ քայլերը: Բերանումս մի նոր երգ դրեց, գովասանք՝ մեր Աստծուն. շատերն են տեսնելու եւ երկիւղ զգալու եւ վստահելու են Տիրոջը: Երանելի է
այն մարդը, որ Տիրոջ մէջ է հաստատել իր յոյսը. նա՝ ով հպարտների կողմը չէ, ով չի դիմում կեղծիքին հետեւողներին: Քանի՜ հրաշագործութիւններ կատարեցիր մեր համար, Տէր Աստուած իմ. քանի՜ ծրագրեր՝ ի նպաստ մեր, ոչ ոք է Քեզ նման. ուզում եմ աւետարանել դրանք եւ հռչակել, չափազանց շատ են՝ պատմելու համար: Ո՛չ զոհ կամեցար, ո՛չ ընծայ, իմ ականջները բացեցիր. ո՛չ ողջակէզ պահանջեցիր, ո՛չ էլ քաւութեան զոհ, յայնժամ ես ասացի. «Ահա գալիս եմ»: Գրքում իմ մասին գրուած է այն՝ ինչ կամենում ես, որ անեմ. Աստուած իմ, սա՛ է այն՝ ինչ սիրում եմ, Քո օրէնքը իմ սրտի խորքում է: Ես աւետարանում եմ Քո արդարութիւնը մեծ հաւաքոյթում. տեսնում ես, շրթունքներս փակ չեմ պահում, Տէր, Դու գիտես դա: Ծածուկ չեմ պահում Քո արդարութիւնը սրտիս խորքում. այո՛, ես հռչակում եմ Քո հաւատարմութիւնը եւ Քո պարգեւած փրկութիւնը. չեմ թաքցնում Քո սէրն ու Քո ճշմարտութիւնը մեծ հաւաքոյթի առաջ: Ինձնից մի՛ հեռացրու ողորմութիւններդ, Տէր, Քո սէրը եւ Քո ճշմարտութիւնը թող միշտ պահպանեն ինձ:
Սաղմոս 39, 2-14
Ասացի. «Կը հսկեմ ճանապարհներիս վրայ, որպէսզի լեզուովս չմեղանչեմ. պահապան կը դնեմ բերանիս վրայ, մինչ չարագործը կանգնած է
իմ առջեւ»: Ահա, համր մնացի, լռութեան մէջ, լռում էի, բայց ոչնչի չէր ծառայում, աւելի էր սաստկանում տառապանքս. կրծքիս ներսում սիրտս այրւում էր, կրկին մտածելիս՝ այրւում էր է՛լ աւելի, մինչեւ որ լեզուիս թոյլատրեցի խօսել. «Յայտնիր ինձ, Տէր, իմ վախճանը եւ թէ ի՛նչ է թիւն իմ օրերի, որպէսզի հասկանամ՝ թէ որքա՜ն դիւրաբեկ եմ: Մի ափի չափով օրեր տուեցիր ինձ, տեւողութիւնս ոչինչ է Քո առաջ. մարդու տեւողութիւնը մի շունչ է, գնում ու գալիս է ստուերի նման. խռովւում է ոչնչի համար, քամու նման, գանձում է, բայց չգիտէ՝ թէ ով է հաւաքելու»: Ուրեմն, Տէր, ինչի՞ եմ սպասում, իմ յոյսը միմիայն Քեզնում է. ազատիր ինձ իմ բոլոր մեղքերից, յիմարի նախատինքների տակ մի՛ թող ինձ: Վերադառնում եմ լռութեան մէջ եւ չեմ բացում բերանս, որովհետեւ Դու Ինքդ ես գործում. հեռացրու ինձնից Քո հարուածները, կքւում եմ փշրող ձեռքիդ ներքոյ: Դու կրկին ոտքի ես կանգնեցնում մարդուն, ուղղելով նրա մեղքը, սարդոստայնի նման մաքրում ես նրա կրքերը. մարդն ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ մի շունչ: Լսիր իմ աղօթքը, Տէր, ականջ դիր իմ աղաղակին, խուլ մի՛ եղիր լացիս ձայնին: Քո առաջ օտարական եմ ես, թափառական՝ ինչպէս իմ բոլոր հայրերը. հեռացրու հայեացքդ, որպէսզի շունչ քաշեմ, նախքան կը գնամ այստեղից եւ չեմ լինի այլեւս:
Սաղմոս 37, 27-40
Հեռացիր չարից եւ գործիր բարին, բնակութեան օթեւան կ'ունենաս միշտ. որովհետեւ Տէրը սիրում է արդարութիւնը, երբեք չի լքում Իր մտերիմներին: Նրանք պաշտպանութիւն են ունենալու յաւիտեան, մինչ չարագործների սերունդը անհետանալու է. արդարները ժառանգելու են երկիրը եւ նրանում բնակուելու են ընդմիշտ: Արդարի բերանը խօսում է իմաստութիւն, նրա լեզուն հռչակում է արդարութիւնը. սրտում ունի իր Աստծոյ օրէնքը, իր քայլերը երբեք չեն սասանուելու: Չարագործը դարանակալում է արդարին եւ ցանկանում է նրան մահ հասցնել. բայց Տէրն արդարին չի թողնում նրա ձեռքում, ատեանում չի թոյլատրում արդարի դատապարտութիւնը: Յոյսդ Տիրոջ վրայ հաստատիր եւ պահպանիր Նրա ճանապարհը. կը հասցնի քեզ երկրին տիրելուն եւ դու կը տեսնես չարագործների արմատախիլ լինելը: Տեսայ՝ թէ ինչպէս էր ամբարիշտը յաղթանակում, ինչպէս էր բարձրանում փարթամ ծառի նման. կրկին անցայ մօտով եւ ահա՝ այլեւս չկար, փնտռեցի եւ այլեւս չգտայ նրան: Դիտիր ամբիծին, զննիր արդարին, խաղաղութեան մարդուն է պատկանում ապագան. բայց մեղաւորները բոլորն էլ ոչնչացուելու են, չարագործներին ապագան մերժուած է: Տիրոջից է գալիս արդարների փրկութիւնը, նրանց պաշտպանութիւնը՝ տրտմութեան ժամանակ. Տէրն օգնում է նրանց, ազատում չարագործներից եւ փրկում նրանց, որովհետեւ Նրանում են փնտռում իրենց պաշտպանութիւնը:
Սաղմոս 37, 12-26
Չարագործը դաւեր է
նիւթում արդարի դէմ, նրա դէմ կրճտացնում է ատամները. բայց Տէրը ծիծաղում է նրա վրայ, արդէն տեսնում է նրա օրուայ հասնելը: Չարագործները պատեանից հանում են սուրը եւ լարում աղեղը, գետին տապալելու համար աղքատին ու խեղճին, հարուածելու համար նրան՝ ով հետեւում է ուղիղ ճանապարհին. բայց նրանց սուրը մտնելու է իրենց իսկ սիրտը, նրանց աղեղները փշրուելու են: Աւելի լաւ է արդարի ունեցած քիչը, քան ամբարիշտների մեծ հարստութիւնը. որովհետեւ կոտրուելու են չարագործների բազուկները, բայց Տէրը թիկունք է կանգնում հաւատացեալներին: Տէրը ճանաչում է բարիների օրերը, որպէս պարգեւ ունենալու են յաւիտենական ժառանգութիւն. նեղութեան ժամանակ չեն ամաչի, կը յագենան քաղցի օրերին: Չարագործները, մինչդեռ, մահանալու են, որովհետեւ Տիրոջ թշնամիներն են. վերջանալու են դաշտերի խոտի նման, ծխի նման բոլորը մէկ անհետանալու են: Չարագործը պարտք է վերցնում ու չի վերադարձնում, բայց արդարը ողորմում է եւ բաժին հանում. օրհնեալները ժառանգելու են երկիրը, անիծեալները բնաջինջ են լինելու: Տէրն առաջնորդում է մարդու քայլերը, դարձնում է հաստատուն եւ սիրով հետեւում է նրա ընթացքին. եթէ ընկնում է, ընկած չի մնում, Տէրն Իր ձեռքով բարձրացնում է նրան: Երիտասարդ էի ես, իսկ այժմ՝ տարեց, արդարներից մէկին երբեք չեմ տեսել լքուած, ո՛չ էլ նրա որդիներին՝ հաց մուրալիս. իր ունեցածից ամէն օր սիրով բաժին է հանում, այս իսկ պատճառով՝ նրա սերունդը օրհնուած է:
Մի՛ զայրացիր ամբարիշտներին տեսնելով, չարագործներին մի՛ նախանձիր. խոտի նման շուտով թառամում են, չորանում են դաշտի խոտի նման: Հաւատք ունեցիր Տիրոջ հանդէպ եւ բարիք գործիր, բնակուիր երկրում եւ հաւատարմութիւնը թող լինի քո սնունդը. Տիրոջ մէջ փնտռիր ուրախութիւնդ, կը կատարի սրտիդ փափաքները: Ընթացքդ կողմնորոշիր դէպի Տէրը, վստահիր Նրան եւ Նա կը գործի. արշալոյսի նման ծագել կը տայ արդարութիւնդ, կէսօրուայ նման փայլել կը տայ արդարութիւնդ: Լռութիւն պահպանիր Տիրոջ ներկայութեանը, եւ Նրանում հաստատիր քո յոյսը. մի՛ զայրացիր նրանց համար՝ ովքեր հասնում են յաջողութեան, մարդու համար, որ դիմում է
խաբէութիւնների: Հրաժարուիր զայրոյթից, լքիր կատաղութիւնը, մի՛ բարկացիր. չարիք կը գործես. արմատախիլ է արուելու՝ ով գործում է չարիք, ժառանգելու է երկիրը նա՝ ով յուսացել է Տիրոջը: Եւս մի քիչ եւ չարագործն անհետանալու է, փնտռելու ես նրան եւ ահա՝ այլեւս չկայ. հեզերը ժառանգելու են երկիրը եւ վայելելու են անսահմանափակ խաղաղութիւն:
Սաղմոս 35, 22-28
Տէր, Դու տեսար, մի՛ լռիր, Տէր իմ, հեռու մի՛ մնայ. արթնացիր, ոտքի կանգնիր դատիս համար, դատավարութեանս համար, Տէր Աստուած իմ: Տէր, դատիր ինձ ըստ Քո արդարութեան, Աստուած իմ, թող չուրախանան իմ դէմ. թող չկարողանան մտածել. «Գոհ ենք», թող չկարողանան ասել. «Յօշոտեցինք նրան»: Թող ամօթահար լինեն եւ շփոթութեան մատնուեն, նրանք՝ ովքեր վայելում են իմ տառապանքը. ամօթով ու արհամարհանքով ծածկուեն, նրանք՝ ովքեր պարծենում են իմ դէմ: Բոլոր նրանք՝ ովքեր արդարութիւն բաղձացին իմ համար, թող ցնծան ու երգեն ուրախութեամբ. միշտ կրկնեն. «Տէրը մեծ է,
Նա կամենում է Իր ծառայի խաղաղութիւնը». լեզուս Քո արդարութիւնն է պատմելու, ամէն օր երգելու եմ Քո գովքը:
Սաղմոս 35, 11-21
Ներկայանում են ամբարիշտ վկաներ, հարցնում են ինձ բաներ, որոնք անգիտանում եմ. բարութեան փոխարէն չարիք են հատուցում ինձ, կսկիծով են լցնում իմ կեանքը: Ես, մինչդեռ, երբ նրանք հիւանդ էին, քուրձ հագած՝ ծոմապահութեան մէջ ուժասպառ էի լինում. ներսումս կրկնում էի աղօթքը ինչպէս մտերիմի ու եղբօր համար. տխուր ու վշտահար թափառում էի ինչպէս մէկը, որն ողբալով լալիս է
իր մօր համար: Բայց անկմանս համար ուրախանում են եւ համախմբւում, յանկարծակի հարուածում են ինձ ու չարչարում. արհամարհում են ինձ ու հեգնանքով ծաղրում, ատամները կրճտացնում են իմ դէմ: Մինչեւ ե՞րբ ես հեռուից դիտելու, Տէր. կեանքս ազատիր նրանց յարձակումներից, միակ կեանքս՝ մռնչացող առիւծներից: Երախտագիտութիւն կը մատուցեմ Քեզ մեծ հաւաքոյթում, կը գովեմ Քեզ մի բազմաթիւ ժողովրդի մէջ. թող չկարողանան իմ վրայ ծիծաղել թշնամիներն ու դաւաճանները, եւ թող դադարեն աչքով անել նրանք՝ ովքեր ինձ ատում են առանց պատճառի: Երբեք չունեն խաղաղութեան մի խօսք, զրպարտում են երկրի խաղաղասէրներին. նրանց բերանը բաց է իմ դէմ, ասելու համար. «Մենք ինքներս տեսանք»:
Սաղմոս 35, 1-10
Դատիր, Տէր, նրան՝ ով դատում է
ինձ, մարտնչիր նրա դէմ՝ ով իմ դէմ մարտնչում է. վերցրու վահանդ ու զրահներդ եւ շուտով հասիր ինձ օգնութեան: Ձեռքդ առ նիզակն ու սուրը՝ ընդդէմ իմ հալածիչների. խօսի՛ր եւ ասա՛ իմ սրտին. «Ես եմ քո փրկութիւնը»: Թող շփոթութեան մատնուեն եւ ամօթահար լինեն նրանք՝ ովքեր դաւադրում են կեանքիս դէմ. ետ նահանջեն ու խոնարհեցուեն նրանք՝ ովքեր չարիք են նիւթում իմ դէմ: Թող լինեն նրանք ինչպէս փոշին քամու առջեւ, Տիրոջ հրեշտակը թող ցիրուցան անի նրանց. նրանց ճանապարհը թող խաւար եւ սահուն լինի, Տիրոջ հրեշտակը թող հետապնդի նրանց: Առանց պատճառի ցանց նետեցին իմ դէմ, առանց պատճառի փոս փորեցին իմ համար. չսպասուած մի ձախորդութիւն թող անակնկալի մատնի նրանց, թող բռնուեն այն ցանցի մէջ, որ լարել են, եւ ընկնեն այն փոսի մէջ, որ փորել են: Իսկ ես ցնծալու եմ Տիրոջ մէջ, ուրախանալու եմ Նրա պարգեւած փրկութեան համար. բոլոր ոսկորներս հռչակելու են. «Տէր, ո՞վ է Քո նման, Դու ազատում ես աղքատին առաւել հզօրից, աղքատին ու խեղճին՝ բռնաւորից»:
Սաղմոս 34, 12-23
Եկէք, որդիներ, լսեցէք ինձ, ձեզ կ'ուսուցանեմ Տիրոջ երկիւղը. կա՞յ մէկը, որ փափաքում է կեանքը եւ կամենում է օրեր՝ ճաշակելու համար բարիքը: Լեզուդ հեռու պահիր չարից, շրթունքներդ՝ ստախօսութիւնից. հեռու մնայ չարից եւ գործիր բարին, փնտռիր խաղաղութիւնը եւ նրան հետեւիր: Տիրոջ աչքերը արդարների վրայ են, Նրա ականջներն ուշադիր են նրանց աղաղակին. Տիրոջ դէմքը չարագործների դէմ է, նրանց յիշատակը ջնջելու համար երկրից: Տէրը լսում է Իրեն կանչողներին, նրանց դուրս է հանում իրենց բոլոր նեղութիւններից. Տէրը մօտ է վշտահար սիրտ ունեցողներին եւ փրկում է ճնշուած հոգիներին: Բազմաթիւ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն ամէն անգամ ազատում է նրան. հսկում է նրա բոլոր ոսկորների վրայ, նրանցից մէկն անգամ չի փշրուելու: Չարութիւնը սպանում է ամբարիշտին, պատժուելու է նա՝ ով ատում է արդարին. Տէրն ազատում է Իր ծառաների կեանքը, չի պատժւում նա՝ ով ապաւինում է Նրան:
Սաղմոս 34, 2-11
Օրհնում եմ Տիրոջն ամէն ժամ, ամէն ժամ Նրա օրհնութիւնը բերանումս է.
ես փառքս գտնում եմ Տիրոջ մէջ, թող լսեն խոնարհները եւ ուրախ լինեն: Իմ հետ մեծարեցէք Տիրոջը, միասին պանծացնենք Նրա Անունը. փնտռեցի Տիրոջը եւ Նա ինձ պատասխանեց, իմ բոլոր նեղութիւններից ազատեց ինձ: Մօտեցէք Տիրոջը եւ վերցրէք լոյս, անստուեր կը փայլեն ձեր երեսները. աղքատն աղաղակում է, Տէրը լսում է Նրան, իր բոլոր նեղութիւններից ազատում է նրան: Տիրոջ հրեշտակը զինուած պատրաստ է, ազատելու համար նրանց՝ ովքեր Նրանից երկնչում են. ճաշակեցէք եւ տեսէք, որ քաղցր է Տէրը, երանելի է այն մարդը, որ Նրան է ապաւինում: Երկնչէք Տիրոջից, Նրա սրբեր, Նրանից երկնչողին ոչինչ չի պակասում. հարուստներն աղքատանում են ու քաղցում, ոչ մի բարիք չի պակասում նրան՝ ով Տիրոջն է փնտռում:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.