Translate

воскресенье, 28 июня 2015 г.

Պաշտի՛ր քո Տէր Աստծուն, եւ ես կ'օրհնեմ քո հացն ու ջուրը






2 Օրինաց 24, 10-15
Եթէ քո մերձաւորը որեւէ բան է պարտք քեզ, ապա գրաւ վերցնելու համար նրա տունը չմտնես. կանգնի՛ր դրսում, եւ պարտք ունեցող մարդը ինքը թող գրաւը հանի դուրս։ Եթէ աղքատ է այդ մարդը, ապա երբ դու գիշերը պառկում ես, նրա գրաւ տուած զգեստը թող քեզ մօտ չլինի, այլ արեւը մայր մտնելու ժամանակ նրա գրաւը կը վերադարձնես. նա թող պառկի իր զգեստով, օրհնի քեզ, եւ դա քո Տէր Աստծու առջեւ կատարուած բարութիւն թող համարուի։ Մի՛ զլացիր վարձ տալ քո աղքատ ու կարիքաւոր եղբայրներին կամ քո քաղաքներում գտնուող եկուորներին. նոյն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արեւը մայր չի մտել, որովհետեւ նա տնանկ է, եւ դա է նրա յոյսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, եւ քեզ վրայ դա որպէս մեղք թող չբարդուի։

Ղեւտացւոց 6, 1-7
Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Ով մեղք գործի, ով արհամարհելով խախտի Տիրոջ պատուիրանները, ով իր մերձաւորին խաբի նրա տուած աւանդի, իրեն ի պահ տրուած կամ իր յափշտակած որեւէ իրի համար, կամ որեւէ վնաս հասցնի իր մերձաւորին եւ կամ կորած մի բան գտնի, բայց ուրանայ, որ գտել է, եւ դրա համար սուտ երդում տայ, այսինքն՝ անի այն ամէնը, որոնցով նա մեղք է գործած լինում, բայց գիտակցի, որ մեղանչել, յանցանք է գործել, նա պէտք է հատուցի իր կատարած յափշտակութեան համար, իր հասցրած վնասի համար, իրեն ի պահ տրուած աւանդը կորցնելու համար, կորած բանը գտնելը ուրանալու եւ սուտ երդում տալու համար։ Իր հասցրած ամէն մի վնաս նա պէտք է հատուցի ամբողջութեամբ, դրան աւելացրած նաեւ վնասուած իրի արժէքի մէկ հինգերորդը։ Նա տիրոջը թող հատուցի հէնց իր մեղքը գիտակցած օրը։ Իր գործած մեղքի համար նա Տիրոջը զոհ պէտք է մատուցի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, քանի որ մեղք գործեց։ Քահանան Տիրոջ առաջ քաւութիւն եւ թողութիւն թող տայ նրան այն մեղքերի համար, որ նա գործել է»։

Ղեւտացւոց 19, 9-10
Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Դուք՝ ձեր դաշտերի հնձուորներդ, հունձ անելիս ձեր դաշտերը մինչեւ վերջ մի՛ հնձէք եւ հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հաւաքէք։ Ձեր այգում ճռաքաղ մի՛ արէք, եւ ոչ էլ այգեկութից յետոյ ձեր այգում մնացած խաղողի ողկոյզները հաւաքէք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդխտին։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։

Առակաց 2, 13-15
Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով. ովքեր կ'ուրախանան չարիքներ գործելով եւ կը խնդան դէպի չարը խոտորուելով։ Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, իսկ շաւիղները՝ խոտորնակ։

Առակաց 2, 10-12
Երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնն ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից ու նենգախօս մարդուց։

Առակաց 2, 6-9
Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ Նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը. Նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին. Նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում Իրենից երկիւղ կրողների ուղին։ Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կ'ուղղես դէպի բարին։


2 Օրինաց 25, 13-16
Տոպրակիդ մէջ նոյն չափի՝ ծանր ու թեթեւ կշռաքարեր թող չլինեն։ Քո տանը նոյն չափսը երկար ու կարճ թող չլինի։ Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պէտք է ունենաս, ճշգրիտ ու արդար չափ ունենաս, որպէսզի երկար ապրես այն երկրում, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու քեզ, որովհետեւ քո Տէր Աստծու համար պիղծ է նա, ով վարւում է այդ կերպ, ով անարդարութիւն է գործում։

Առակաց 1, 28-33
Ասում է Աստծոյ Իմաստութիւնը. «Չարերը փնտրելու են ինձ, բայց չեն գտնելու, քանի որ ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին, չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։ Այսուհետեւ նրանք կ'ուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կը յագենան իրենց ամբարշտութեամբ։ Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։ Իսկ նա, ով ինձ լսի, կ'ապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից»։

Առակաց 1, 20-22
Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առաջ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։ Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։

2 Օրինաց 27, 15-25
Անիծեալ լինի այն մարդը, որը կոփածոյ ու ձուլածոյ կուռք կը պատրաստի։  Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚անարգի իր հօրը կամ իր մօրը։ Անիծեալ լինի այն մարդը, որը կ՚ոտնահարի եկուորի, որբի ու այրու իրաւունքները։  Անիծեալ լինի այն մարդը, որը կը խախտի իր հարեւանի սահմանները։ Անիծեալ լինի այն մարդը, որը կը մոլորեցնի կոյրին ճանապարհի վրայ։  Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հօր կնոջ հետ։ Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ։ Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր հայրական կամ մայրական կողմից իր քրոջ հետ։ Անիծեալ լինի այն մարդը, որն իր մերձաւորին կը սպանի նենգութեամբ։  Անիծեալ լինի այն մարդը, որը կաշառք կը վերցնի անմեղ մարդ սպանելու համար։ Անիծեալ լինի այն մարդը, որը չի պահում այս օրէնքները եւ դրանք չի կատարում։

Ղեւտացւոց 19, 1-3
Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. ''Սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Թող իւրաքանչիւրդ ակնածի իր հօրից ու իր մօրից''»։

Առակաց 1, 7
Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։

2 Օրինաց 28, 2-14
Բոլոր օրհնութիւնները կ՚իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը։ Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում։ Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը։ Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես։ [...] Տէրը օրհնութիւն կ՚առաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնց կը ձեռնարկես այն երկրում, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ։ Եթէ լսես մեր Տէր Աստծու ասածը եւ ընթանաս նրա ճանապարհով, ապա քո Տէր Աստուածը քեզ իր սուրբ ժողովուրդը կը դարձնի, ինչպէս երդուել է քո հայրերին։ Եւ երկրի բոլոր ազգերը կը տեսնեն, որ քո վրայ է դրուած Տիրոջ անունը, ու քեզանից կը վախենան։ Քո Տէր Աստուածը քեզ կը բազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո ոչխարների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տէրը երդուել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծուելու օրից ի վեր։ Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ՚օրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կը տաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։ Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կ՚իշխես, բայց քեզ վրայ չեն իշխի։ Քո Տէր Աստուածը քեզ կը դարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կը լինես եւ ոչ թէ՝ ցած։ Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստուածների յետեւից եւ չպաշտես դրանք։

Ելից 23, 25-26
Պաշտի՛ր քո Տէր Աստծուն, եւ ես կ'օրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կը վանեմ հիւանդութիւնները։ Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու։ Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները։

Ելից 14, 13-14

Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կը տեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ այսօր  ։ Տէ՛րը պիտի պատերազմի ձեր փոխարէն, դուք լո՛ւռ մնացէք»։