ՍԲ. ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ
ԱՂՕԹՔ
(Մենախօսութիւններ, Ա 2-6)
Աստուած, Արարիչ աշխարհի, որպէս առաջին
բան պարգեւիր ինձ, որ Քեզ լաւ աղօթեմ. ապա, որ ինձ արժանի դարձնեմ, որ Դու ազատես
ինձ. եւ ի վերջոյ, որ Դու ազատես ինձ:
Աստուած, որի միջոցով բոլոր բաները, որոնք
ինքնըստինքեան գոյութիւն չէին ունենայ, շարժւում են դէպի գոյութիւնը:
Աստուած, որ չես թոյլատրում, որ կորսուեն
եւ ոչ իսկ այն բաները, որոնք միմեանց համար փոխադարձաբար կորսւում են:
Աստուած, որ ոչնչից ստեղծեցիր այս աշխարհը.
այս աշխարհը, որը բոլորի աչքերն ընկալում են որպէս մեծապէս գեղեցիկ:
Աստուած, որ չես գործում չարը եւ նրա
գոյութիւնը թոյլատրում ես միմիայն որպէսզի մի առաւել մեծ չարիք տեղի չունենայ:
Աստուած, որ սակաւաթիւ հոգիների,նրանց՝ ովքեր իրենց հայեացքներն ուղղում են այն բանին, որն իրօք գոյութիւն ունի,յայտնում ես, որ չարը գոյութիւն չէ:
Աստուած, որի զօրութեամբ աշխարհն ամբողջ,
նաեւ իր նուազ յարմար մասով, հասնում է կատարելութեան:
Աստուած, որի հետ աններդաշնակ լինելը չի
առաջացնում ծայրագոյն բաժանում եւ քայքայում, քանի որ վատթար իրականութիւնները
ներդաշնակւում են լաւագոյնների հետ:
Աստուած, որ սիրուած ես սիրելու
կարողութիւնն ունեցող իւրաքանչիւր էակի կողմից, ինքը գիտակից լինի դրան թէ ոչ:
Աստուած, որի մէջ են բոլոր էակները, բայց
որին աշխարհում գոյութիւն ունեցող տգեղութիւնը տգեղ չի դարձնում, ո՛չ էլ չարը՝
նուազ կատարեալ, ո՛չ էլ սխալը՝ նուազ ճշմարիտ:
Աստուած, որ կամեցար, որ միմիայն մաքուր
հոգիները ճանաչեն ճշմարտութիւնը:
Աստուած, հայր ճշմարտութեան, հայր
իմաստութեան, հայր ճշմարիտ եւ գերագոյն կեանքի, հայր երանութեան, հայր բարու եւ
գեղեցիկի, հայր իմացական լոյսի, հայր մեր զարթօնքի եւ մեր լուսաւորութեան, հայր
գրաւականի, որի միջոցով յորդորւում ու խրատւում ենք վերադառնալու Քո մօտ:
Աղերսում եմ Քեզ, ո՜վ
Աստուած-Ճշմարտութիւն, որի մէջ, որից եւ որի շնորհիւ են ճշմարիտ այն բոլոր
իրականութիւնները, որ ճշմարիտ են:
Աստուած-Իմաստութիւն, որի մէջ, որից եւ
որի շնորհիւ են իմաստուն այն բոլոր էակները, որոնք օժտուած են իմաստութեամբ:
Աստուած-Ճշմարիտ եւ Գերագոյն Կեանք, որի
մէջ, որից եւ որի շնորհիւ են ապրում այն բոլոր էակները, որոնք ճշմարիտ եւ գերագոյն
կեանքն ունեն:
Աստուած-Երանութիւն, որի մէջ, որից եւ որի
շնորհիւ են երանելի այն բոլոր էակները, որ երանելի են:
Աստուած-Բարիք եւ Գեղեցկութիւն, որի մէջ,
որից եւ որի շնորհիւ են բարի եւ գեղեցիկ այն բոլոր իրականութիւնները, որոնք
օժտուած են բարութեամբ ու գեղեցկութեամբ:
Աստուած-Լոյս Իմացական, որի մէջ, որից եւ
որի շնորհիւ են իմացական լոյսով փայլում այն բոլոր էակները, որոնք փայլում են
իմացական լոյսով:
Աստուած, որի թագաւորութիւնն է այն ամբողջ
աշխարհը, որ ծածկուած է զգայարաններից:
Աստուած, որի թագաւորութիւնից է սկիզբ
առնում օրէնքը մեր բնական թագաւորութիւնների համար:
Աստուած, որից հեռանալ՝ նշանակում է
ընկնել, դէպի որը դառնալ՝ նշանակում է յարութիւն առնել, որի մէջ մնալ՝ նշանակում է
հիմք եւ հաստատութիւն ունենալ:
Աստուած, որից դուրս ելնել՝ նշանակում է
մահանալ, դէպի որն ընթանալ՝ նշանակում է վերադառնալ ապրելու, որի մէջ բնակուել՝
նշանակում է ապրել:
Աստուած, որին ոչ ոք չի թողնում՝ եթէ
խաբուած չէ, որին ոչ ոք չի փնտռում՝ եթէ կանչուած չէ, որին ոչ ոք չի գտնում՝ եթէ
մաքրուած չէ:
Աստուած, որին լքել՝ նշանակում է կորստեան
մատնուել, որին ձգտել՝ նշանակում է սիրել, որին տեսնել՝ նշանակում է ունենալ:
Աստուած, դէպի որն է մեզ մղում հաւատքը,
վերամբարձում՝ յոյսը, միաւորում՝ սէրը:
Աստուած, որի զօրութեամբ յաղթում ենք
հակառակորդին:
Աղերսում եմ Քեզ:
Աստուած, որի շնորհն ընդունել ենք՝
չենթարկուելու համար ամբողջական մահուանը:
Աստուած, որի կողմից զգուշացւում ենք,
որպէսզի արթնութեամբ հսկենք:
Աստուած, որի ուժով առանձնացնում ենք բարի
իրողութիւնները չարերից:
Աստուած, որի շնորհիւ խուսափում ենք չարից
եւ գործում ենք բարին:
Աստուած, որի շնորհիւ ետ չենք ընկրկում
հակառակութիւնների դիմաց:
Աստուած, որի օգնութեամբ ուղղամտութեամբ
ենթարկւում ենք իշխանութիւններին եւ ուղղամտութեամբ կիրարկում ենք իշխանութիւնը:
Աստուած, որի զօրութեամբ սովորում ենք, որ
նաեւ ուրիշներինն են բաները, որոնք մի ժամանակ համարում էինք մերը, եւ նաեւ մերն
են բաները, որոնք մի ժամանակ համարում էինք ուրիշներինը:
Աստուած, որի օգնութեամբ չենք կապւում
կրքերի հրապոյրներին ու խաբկանքներին:
Աստուած, որի զօրակցութիւնը մենք
ունենալով՝ չնչին ոչնչութիւնները մեզ չեն նուազեցնում:
Աստուած, որի միջոցով մեր էութեան
լաւագոյն մասը ենթակայ չէ վատթար մասին:
Աստուած, որի օգնութեամբ մահը ջնջուած է
յաղթանակով:
Աստուած, որ մեզ ուղղում ես դէպի Քեզ:
Աստուած, որ մեզ մերկացնում ես այն
բաներից, որոնք անգոյ են, եւ զգեստաւորում ես այն բաներով, որոնք գոյութիւն ունեն:
Աստուած, որ մեզ դարձնում ես ընդունելի:
Աստուած, որ մեզ միացնում ես Քեզ:
Աստուած, որ մեզ մտցնում ես ամբողջական
ճշմարտութեան մէջ:
Աստուած, որ մեզ պատմում ես բոլոր
բարիքների մասին, եւ մեզ անընդունակ չես դարձնում հասնելու դրանց, եւ չես
թոյլատրում, որ դա կատարուի ինչ որ մէկի կողմից:
Աստուած, որ մեզ ետ ես դարձնում ճանապարհի
վրայ:
Աստուած, որ առաջնորդում ես մեզ մինչեւ
նաւահանգիստ:
Աստուած, որ գործում ես, որպէսզի ով
բախում է, նրա առջեւ բացուի:
Աստուած, որ մեզ տալիս ես կեանքի հացը:
Աստուած, որ մեր մէջ փափաք ես արթնացնում
այն ընպելիքի նկատմամբ, որից խմելով՝ այլեւս երբեք չենք ծարաւելու:
Աստուած, որ յանցանք ես վերագրում
աշխարհին՝ մեղքի, արդարութեան, դատաստանի վերաբերեալ:
Աստուած, որի զօրութեամբ մեզ չեն սասանում
նրանք՝ ովքեր չեն հաւատում:
Աստուած, որի շնորհիւ մերժում ենք սխալը
նրանց՝ ովքեր հաստատում են, թէ հոգիները Քո առաջ չեն կարող արժանիքներ շահել:
Աստուած, որի օգնութեամբ չենք ստրկանում
այն տարրերին, որոնք տկարութիւն ու կարիք են առաջացնում:
Աստուած, որ մաքրում ես մեզ եւ նախապէս
պատրաստում ու տրամադրում ես աստուածային պարգեւներին:
Ընդառաջ ելիր ինձ, ո՜վ Բարեխնամ:
Այն ամէնն՝ ինչ ասացի, Դու ես, ո՜վ միակդ
Աստուած:
Դու օգնութեան ես հասնում ինձ, ո՜վ միակ
յաւիտենական ճշմարիտ Էութիւն, որի մէջ գոյութիւն չունի ոչ մի աններդաշնակութիւն,
ոչ մի խառնում ու շփոթութիւն, ոչ մի փոփոխութիւն, ոչ մի պակաս ու անբաւարարութիւն,
ոչ մի մահ. որի մէջ է գերագոյն ներդաշնակութիւնը, գերագոյն ակնյայտութիւնը,
գերագոյն յարատեւ անփոփոխութիւնը, գերագոյն լիութիւնը, գերագոյն կեանքը. որի մէջ
ոչինչ չի պակասում, ոչինչ աւելորդ չէ. որի մէջ ծնողն ու ծնուածը միեւնոյն բանն են:
Աստուած, որին ենթակայ է ամէն բան, որ
ենթակայ է. որին հնազանդւում է իւրաքանչիւր բարի հոգի:
Աստուած, որի օրէնքների շնորհիւ պտտւում
են երկինքները, իրենց ընթացքն են կատարում աստղերը, արեւը նորոգում է ցերեկը,
լուսինն իշխում է գիշերուան եւ ամբողջ աշխարհին, լոյսի ու խաւարի հերթափոխմամբ
սահմանելով օրերը, լուսնի աճմամբ ու նուազմամբ՝ ամիսները, գարնան, ամռան, աշնան ու
ձմեռուայ հերթափոխմամբ՝ տարիները, արեւային պտոյտի կատարմամբ՝ հնգամեակները,
աստղերի պարբերական վերադարձով՝ մեծ ժամանակաշրջանները, ապահովում է մեծ
կանոնաւորութիւն, որքանով որ յարմար ու հնարաւոր է մարմնեղէն նիւթին, ժամանակի
կարգի ու պարբերաշրջանների միջոցով:
Աստուած, որի յաւիտենապէս հաստատուն
օրէնքները թոյլ չեն տալիս, որ խանգարուի փոփոխական արարածների անհաստատուն
ընթացքը, կարծես մի արգելակի միջոցով, շնորհիւ դարերի թաւալուն ընթացքի, նրանց
մշտապէս վերադարձնելով Քո հաստատութեան նմանութեանը:
Աստուած, որի օրէնքների որոշմամբ՝ հոգու
կամքն ազատ է, բարիներին ու չարերին բաժանուած վարձատրութիւններով ու պատիժներով,
համընդհանուր կերպով սահմանուած հարկաւորութեան համաձայն:
Աստուած, որից ծագում եւ մինչեւ մեզ են
հասնում բոլոր բարիքները. Աստուած, որ հեռացնում ես մեզնից բոլոր չարիքները:
Աստուած, որից վեր ոչինչ չկայ, որից դուրս
ոչինչ չկայ, առանց որի ոչինչ չկայ:
Աստուած, որին ամէն բան ենթակայ է. որի
մէջ ամէն բան բովանդակուած է. որի մէջ ամէն բան գոյութիւն ունի:
Աստուած, որ մարդուն ստեղծեցիր Քո
պատկերով ու նմանութեամբ, ինչպէս դա ճանաչում է իւրաքանչիւր ոք՝ ով ճանաչում է
ինքն իրեն:
Ունկն դիր, ունկն դիր, ունկն դիր ինձ, իմ
Աստուած, իմ Տէր, իմ թագաւոր, հայր իմ, պատճառ իմ, իմ յոյս, իմ ինչք, պատիւ իմ,
օթեւան իմ, հայրենիք իմ, փրկութիւն իմ, իմ լոյս, կեանք իմ:
Ունկն դիր, ունկն դիր, ունկն դիր ինձ,
ամբողջովին Քո ձեւով, որը միայն քչերին է քաջ յայտնի:
Ես այլեւս միայն Քեզ եմ սիրում, միայն Քեզ
եմ հետեւում, միայն Քեզ եմ փնտռում եւ պատրաստուած եմ ծառայելու միայն Քեզ, քանի
որ միայն Դու ես հրամայում արդարութեամբ եւ ես եռանդագին կամենում եմ Քո
իշխանութեան ներքոյ լինել:
Հրամայիր, խնդրում եմ Քեզ, եւ պատուիրիր
ի՛նչ կամենում ես, բայց բժշկիր եւ բացիր իմ ականջները, որպէսզի կարողանամ լսել Քո
ձայնը: Բժշկիր եւ բացիր իմ աչքերը, որոնցով կարողանամ տեսնել Քո նշանները: Ինձնից
հեռու վանիր անբանական շարժումները, որպէսզի կարողանամ ճանաչել Քեզ:
Ասա ինձ, թէ ո՛ր կողմ պէտք է նայեմ,
որպէսզի կարողանամ տեսնել Քեզ, եւ յուսով եմ, որ կը կատարեմ այն ամէնը՝ որ Դու ինձ
կը պատուիրես:
Ընդունիր, խնդրում եմ Քեզ, Քո փախստական
ստրուկին, ո՜վ ամենաբարեգութ Տէր: Կարծում եմ, թէ արդէն բաւականին վճարել եմ
պատիժս. կարծում եմ, թէ արդէն բաւական շատ ժամանակ ստրուկ եմ եղել Քո թշնամիներին,
որոնց Դու տրորում ես Քո ոտքերի ներքոյ. կարծում եմ, թէ արդէն բաւական շատ
անգամներ ենթարկուեցի խաբէական իրողութիւնների անգութ ծաղրանքին:
Ընդունիր ինձ, Քո ծառային, որ փախչում եմ
այդ իրողութիւններից, որոնք, մինչ փախչում էի Քեզնից, ընդունեցին ինձ որպէս ոչ
իրենցը:
Զգում եմ, որ պէտք է վերադառնամ Քո մօտ:
Իմ առաջ, որ բախում եմ, թող բացուի Քո դուռը. սովորեցրու ինձ, թէ ինչպէս կարող եմ
հասնել Քեզ:
Ուրիշ բան չունեմ, քան միայն՝ կամքը:
Ուրիշ բան չգիտեմ, քան միայն այն՝ որ մահկանացու ու վաղանցուկ իրողութիւններն
հարկաւոր է արհամարհել, անփոփոխ ու յաւիտենական իրողութիւններին հետամուտ լինել:
Սա եմ անում, ո՜վ Հայր, որովհետեւ միայն
սա գիտեմ: Անգիտանում եմ, սակայն, թէ որտեղից է հարկաւոր մեկնել՝ Քեզ հասնելու
համար: Դու Ինքդ յուշիր ինձ դա. Դու Ինքդ ցոյց տուր ինձ ճանապարհը. ապահովիր ինձ
այն ամէնով, որ հարկաւոր է ուղեւորութեան ընթացքում:
Եթէ հաւատքի միջոցով են վերագտնում Քեզ
նրանք, ովքեր վերադառնում են Քո մօտ, տո՛ւր ինձ հաւատքը. եթէ առաքինութեան
միջոցով, տո՛ւր ինձ առաքինութիւնը. եթէ գիտելիքի միջոցով, տո՛ւր ինձ գիտելիքը:
Աւելացրո՛ւ ինձնում հաւատքը, աւելացրո՛ւ
ինձնում յոյսը, աւելացրո՛ւ ինձնում սէրը: Ո՜վ Բարութիւնդ Քո, եզակի ու զմայլելի:
Դէպի Քեզ եմ ես կամենում ընթանալ եւ ի՛նչ
միջոցներով որ մղւում ենք դէպի Քեզ, դրանք Քեզնից կրկին անգամ խնդրում եմ:
Յիրաւի, եթէ Դու լքում ես մեզ, մահանում
ենք: Դու, սակայն, երբեք չես լքում, քանի որ գերագոյն Բարիքն ես, որին ոչ ոք երբեք
չի փնտռել առանց գտնելու, եթէ ուղղամտութեամբ է փնտռել: Իսկ ուղղամտութեամբ են
փնտռել բոլոր նրանք, որոնց Դու ընդունակ ես դարձրել ուղղամտութեամբ փնտռելու:
Այնպէս արա, ո՜վ Հայր, որ ես էլ Քեզ
փնտռեմ, պոկի՛ր ինձ սխալից: Մինչ ես փնտռում եմ Քեզ, այնպէս չպատահի, որ հանդիպեմ
ուրիշ մէկի, Քո փոխարէն: Եթէ ուրիշ բան չեմ փափաքում, քան միայն՝ Քեզ, թող որ ես
կարողանամ այլեւս գտնել Քեզ, ո՜վ Հայր, աղերսում եմ Քեզ:
Իսկ եթէ տակաւին գոյատեւում է ինձնում
աւելորդ ինչ որ մի բանի փափաք, Դու Ինքդ սրբիր ինձ եւ ընդունակ դարձրու ինձ Քեզ
տեսնելու:
Իսկ մնացածը, ինչ վերաբերւում է իմ այս
մահկանացու մարմնի առողջութեանը, քանի որ չգիտեմ՝ թէ դրանից ինչ օգտակարութիւն
կարող է ծագել իմ կամ իմ սիրելիների համար, այն ամբողջովին Քեզ եմ յանձնում ու
վստահում, ո՜վ իմաստնագոյն եւ լաւագոյն Հայր, եւ նրա համար Քեզնից կը խնդրեմ այն՝ ինչ
կը յուշես ինձ պատշաճ ժամանակին:
Այժմ Քո գերագոյն գթութիւնն եմ միայն
աղերսում, որպէսզի ամբողջովին դառնամ դէպի Քեզ եւ որպէսզի դէպի Քեզ ձգտելուս
ընթացքում խոչընդոտների չհանդիպեմ. որպէսզի թոյլ տաս ինձ, նաեւ քանի դեռ
իշխանութեան գլուխ եմ եւ կրում եմ այս մարմինը, լինելու մաքուր, ուժեղ, արդար,
խոհեմ, կատարեալ սիրող եւ մասնակից Քո իմաստութեանը, արժանի քաղաքացիութեան եւ
քաղաքացի բոլոր երանութիւնների Քո Արքայութեան: Ամէն, ամէն:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.