Սուրբ Եփրեմ Ասորի

Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ, Դո՛ւ ես իմ պահապանը, ես Քո ձեռքում եմ։ Դո՛ւ գիտես իմ լավն ու վատը, օգնի՛ր ինձ, մի՛ թող, որ մեղանչեմ, որովհետեւ ես կմոլորվեմ չարի կողմից։ Մի՛ թող, որ իմ կամքով շարժվեմ, այլ Քո կամքով գթա ստեղծածիդ։ Մի՛ հեռացրու ինձ Քեզանից եւ Սուրբ Հոգին միշտ թող մնա իմ մեջ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։
Տե՛ր Հիսուս, երբ լուսավոր ամպերի վրա երեւաս Հոր փառքով, թող Քո խաչը մեզ ապավեն ու պահապան լինի։ Այն ժամանակ Քեզ փառաբանողներն ու հուսացողները ամոթով չեն մնա, այլ Քո մեծ զօրությամբ կուրախանան, որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ՝ բազմած Քո աջ կողմի վրա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։
Տե՛ր Հիսուս Քրիստոս աղաչում ենք Քեզ եւ խոնարհվում Քո սուրբ Խաչի առջեւ. ընդունի՛ր մեր խնդրանքները ու զորացրո՛ւ մեզ, մեր կոչման մեջ, որի համար հրավիրվեցինք։ Տո՛ւր խաչիդ ուժով մեզ զորություն, զգաստություն, առողջություն եւ պահպանություն օր ու գիշեր եւ ամեն ժամ՝ ննջելիս, թե՝ արթնանալիս, շարժվելուց, թե` կանգնած վիճակում, աշխատանքի՞, թե` հանգստյան պահին, պահքի մեջ, թե` ուտելու ընթացքին, ինչպես նաեւ աղօթքի ժամանակ Քո կամքը կատարելիս։ Այն ամուր բերդ թող լինի եւ հզոր աշտարակ մեր թշնամու դեմ։ Զարդարի՛ր մեզ խաչովդ` իբրեւ հոգեղեն եւ իմանալի լույս, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։
Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն նրանց հոգիներին։
Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես երկնքում եւ երկրի վրա։ Բարի, երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը, այլ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց։ Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու առաջնորդի՛ր մեզ պահելու բոլոր պատվիրաններդ։ Սրբի՛ր եւ մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավի՛ր մեր մեղքերն ու փրկի՛ր մեզ ամեն տեսակ չար գործերից, ճանապարհ ցույց տուր խորհուրդներդ եւ ցանկություններդ ճիշտ կատարելու ու բժշկիր մեր հիվանդությունները։ Շրջապատի՛ր մեզ Քո սուրբ հրեշտակներով, որպեսզի նրանց բանակի առաջնորդությամբ եւ պահպանությամբ հասնենք հավատի միությանը ու Քո անհասանելի եւ անսահման փառքի զորությանը։ Ամեն։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.